Մայիս 03, 2024
702 դիտում

Կայզերի հագեցած կյանքն ու կարիերան. Հրաժեշտ Ֆրանց Բեկենբաուերին


Լուսանկարը` New York Cosmos

Լուսանկարը` FC Bayern Munich

Լուսանկարը` FC Bayern Munich

Լուսանկարը` FC Bayern Munich

Լուսանկարը` FC Bayern Munich

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` FC Bayern Munich

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` The Sun

Լուսանկարը` FC Bayern Munich

Լուսանկարը` FC Bayern Munich

Լուսանկարը` FC Bayern Munich

Լուսանկարը` FC Bayern Munich

Լուսանկարը` FC Bayern Munich

Լուսանկարը` FC Bayern Munich

Լուսանկարը` New York Cosmos

Լուսանկարը` naked football.tumblr

Լուսանկարը` FC Bayern Munich

Լուսանկարը` FC Bayern Munich

Լուսանկարը` FC Ararat

Լուսանկարը` FC Bayern Munich


Երեկ հայտնի դարձավ, որ 78 տարեկանում կյանքից հեռացել է Ֆրանց Բեկենբաուերը: Ավելի ուշ ֆուտբոլիստի ընտանիքը տեղեկացրեց, որ մահը վրա է հասել հունվարի 7-ին, երբ նա քնած է եղել:

Բեկենբաուերը անհավանական սպորտային կարիերա է ունեցել ու բուռն կյանքով ապրել, Mediamax Sport-ը ծանոթացել է նրա կենսագրությանն ու ներկայացնում է ձեզ:

Երջանիկ մանկությունը

Բեկենբաուերը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 11-ին Մյունխենի Գիզինգ թաղամասում՝ փոստային աշխատակցի ընտանիքում: Մանկությունն անցել է հետպատերազմական շրջանում ու, բնականաբար, բոլորի պես նրա ընտանիքն էլ ֆինանսական դժվարություններ է ունեցել: Ծնողները փորձում էին իրենց 2 որդիներին  ճիշտ արժեքներ փոխանցել եւ ցույց տալ, որ կյանքում կարեւորը հոգատարությունն ու բարությունն են:

Փոքր տարիքում Ֆրանցը կարճահասակ էր՝ հայրն անգամ նրան Գաճաճ մականունն էր տվել, սակայն հետագայում 1,81 մ հասակ ունեցավ: Փողոցում խնդիրներ ունենալու դեպքում միանգամից փախուստի էր դիմում, որպեսզի ավելի բարձրահասակ տղաների հետ ծեծկռտուքի մեջ չընկնի, ինչն էլ հետագայում ֆուտբոլիստին օգնեց շատ արագաշարժ լինել:

Լուսանկարը` FC Bayern Munich


Հարցազրույցներից մեկում Բեկենբաուերը պատմել է, որ իր բախտը բերել է այն առումով, որ «1906 Մյունխեն» ակումբն իրենց տան մոտակայքում էր: Թեեւ այն ժամանակ ֆուտբոլն այդքան էլ տարածված չէր, սակայն մարզումները տղաներին օգնում էին զգալ կյանքի համը, քանի որ այլ զբաղմունք չկար: Դրա համար էլ ծնողները հաճույքով էին երեխաներին ուղարկում ֆուտբոլի: «Մենք լավագույն մանկությունն ունեինք»,- խոստովանել է նա:

Ֆրանցը սկսեց մարզվել 9 տարեկանում ու երազում էր հայտնվել «Մյունխեն 1860»-ում, «Բավարիա»-ի մասին անգամ չէր էլ երազում, քանի որ այն բավական հեռու էր գտնվում՝ Շվաբինգ շրջանում:

Սակայն մի տհաճ միջադեպ փոխեց Բեկենբաուերի մտադրությունն ու նա հրաժարվեց ակումբից: Նրա թիմը հանդիպել էր «Մյունխեն 1860»-ին, Ֆրանցն ընդհարվեց մրցակցի կիսապաշտպանի հետ ու վերջինս հարվածեց նրա դեմքին: Ֆուտբոլիստը որոշեց որեւէ առնչություն չունենալ մարդկանց հետ, որոնք վիճելի դրվագներում ձեռքերին են ազատություն տալիս: Դրա համար էլ երբ եկավ ակումբ ընտրելու ժամանակը, նախապատվությունը տվեց «Մյունխեն»-ի մրցակից «Բավարիա»-ին:

Լուսանկարը` FC Bayern Munich


Ֆուտբոլիստ դառնալու ուղին

Իր անհավանական խաղի շնորհիվ, որը Գերմանիային մեծ փառք ու նվաճումներ բերեց, Բեկենբաուերին սկսեցին Կայզեր անվանել, ինչը թարգմանաբար նշանակում է կայսր: Սակայն մինչ այդ ամենին հասնելը, դեռ երկար ճանապարհ ուներ անցնելու:

Երիտասարդ Ֆրանցը «Բավարիա»-ում նորամուտը նշեց որպես ձախ պաշտպան, թեեւ պատանի տարիքում ավելի շատ հանդես էր եկել որպես եզրային հարձակվող: Ակումբում նրա խաղը մարզիչներին միանգամից տպավորեց ու բացառիկ որակների համար նրան սկսեցին «երեխայի դեմքով ֆուտբոլային արքա» անվանել:

«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Հելմուտ Շենը նոր խաղային դիրք էր ներմուծել՝ լիբերո (ազատ պաշտպան), որն էլ զբաղեցրեց Ֆրանցը: Այդ դիրքը թույլ էր տալիս ղեկավարել ողջ թիմի խաղը՝ խափանել մրցակցի գրոհներն ու վերահսկել պաշտպանությունը: Այդ դիրքում հանդես եկող ֆուտբոլիստի համար խաղադաշտը շախմատի տախտակի է նմանվում, որտեղ նա կարողանում էր հաշվարկել բոլոր հնարավոր քայլերն ու մրցակցի համար անսպասելի որոշումներ կայացնել:

Լուսանկարը` FC Bayern Munich


Արդյունավետ խաղի շնորհիվ 20 տարեկանում Բեկենբաուերին հրավիրեցին ազգային հավաքական, որը ծանր ժամանակներ էր ապրում ու պայքարում էր ԱԱ-1966-ում հանդես գալու համար: Թիմը կարողացավ ուղեգիր նվաճել, իսկ Բեկենբաուերն իր առաջին Մունդիալում մասնակցեց բոլոր խաղերին: Նրանք թիմակիցների հետ հեշտությամբ հաղթեցին Ուրուգվային ու Շվեյցարիային, կիսաեզրափակչում հանդիպեցին ԽՍՀՄ-ին ու Բեկենբաուերն ԱԱ-ներում լավագույն գոլերից մեկը խփեց Լեւ Յաշինի դարպասին, որի հետ հետագայում ընկերացան:

Սակայն հաջորդ խաղում գերմանացիները զիջեցին Անգլիային ու դուրս մնացին պայքարից, Ֆրանցը լավագույն ռմբարկուների ցուցակում 3-րդն էր, թեեւ նա թիմում բնավ էլ հարձակման գծում չէր խաղում:

Դրանից հետո նա ոչ մի խոշոր միջազգային մրցաշար բաց չթողեց: 1970-ի Մունդիալին 0:2 հաշվի ժամանակ կարողացավ փոխել խաղի ընթացքն ու 69-րդ րոպեին գրավեց Անգլիայի դարպասը: Արդյունքում Գերմանիան գերազանցեց մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Իտալիայի դեմ խաղում պաշտպանը վնասեց ձեռքը, սակայն չհեռացավ խաղադաշտից, միայն թույլ տվեց ձեռքին վիրակապ դնել: Այդ մրցաշարում Գերմանիան բրոնզե մեդալակիր դարձավ:

Լուսանկարը` FC Bayern Munich


Չեմպիոնական տիտղոսները

1972 թվականին Բեկենբաուերը Գերմանիայի հավաքականի ավագը դարձավ ու Եվրոպայի չեմպիոն հռչակվեց: Եզրափակչում նրա թիմը 3:0 հաշվով գերազանցեց ԽՍՀՄ-ին: Երկու տարի անց էլ թիմակիցների հետ տիրացան Աշխարհի գավաթին: Հավաքականում նա 100-ից ավել հանդիպում անցկացրեց ու ռեկորդ սահմանեց, որը հետագայում գերազանցեց Լոթար Մաթեուսը:

Ակումբային ֆուտբոլում էլ Բեկենբաուերը տիտղոսների ու կոչումների պակաս չուներ: Չորս անգամ նա «Բավարիա»-ի կազմում հռչակվեց Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության չեմպիոն, 3-ական անգամ դարձավ գավաթակիր ու Եվրոպական Լիգայի գավաթի հաղթող, երկու անգամ՝ ՈւԵՖԱ-ի Գավաթը նվաճեց: 1972 եւ 1976 թվականներին արժանացավ Ոսկե Գնդակի: Այն ժամանակ ողջ աշխարհը հետեւում էր նրա ու Յոհան Կրոյֆի մրցակցությանը, թե նրանից ով ավելի շատ գնդակներ կունենա, արդյունքում հոլանդացին նրան մեկով գերազանցեց:

Լուսանկարը` UEFA


Բեկենբաուերը հանդես եկավ նաեւ ամերիկյան «Կոսմոս»-ում՝ «Բավարիա»-ում 19 տարի անցկացնելուց հետո որոշեց ուժերը փորձել նաեւ ԱՄՆ-ում: 3 անգամ էլ այնտեղ չեմպիոն հռչակվեց ու նորից վերադարձավ Գերմանիա՝ ներկայացնելով «Համբուրգ»-ը, որի կազմում 1981-82 մրցաշրջանում չեմպիոն դարձավ: Բայց դրանով ԱՄՆ-ում ելույթները չէին ավարտվել՝ եւս մեկ անգամ էլ միացավ իր թիմին ու 1984-ին ավարտեց կարիերան:

Նա ակումբային ֆուտբոլում 560 հանդիպում է անցկացրել ու 79 գոլի հեղինակ դարձել, ինչը պաշտպանի համար այնքան էլ վատ ցուցանիշ չէ:

Մարզչական աշխատանքը

Ֆուտբոլը թողնելուց հետո Բեկենբաուերը մարզչական աշխատանքի անցավ ու գլխավորեց Գերմանիայի հավաքականը: Քանի որ դեռ չէր հասցրել մարզչական արտոնագիր ձեռք բերել, հանդես էր գալիս որպես տեխնիկական հարցերով մասնագետ, թեեւ ինքն էր զբաղվում մարտավարության ընտրությամբ ու թիմի կազմը համալրելով:

Լուսանկարը` FC Bayern Munich


1986-ին նրա սաները հասան Մունդիալի եզրափակիչ, սակայն 2:3 հաշվով զիջեցին Արգենտինային, որի կազմում խաղում էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Դիեգո Մարադոնան: Սակայն հաջորդ առաջնության ժամանակ նրա հավաքականը կարողացավ 1:0 հաշվով ռեւանշի հասնել, իսկ Մարադոնան նորից խաղում էր:

1990-ին Բեքենբաուերին հաջողվեց Գերմանիայի հավաքականին Աշխարհի չեմպիոն դարձնել: Նա աշխարհում 3 ֆուտբոլիստներից մեկն է, որը Աշխարհի Գավաթին տիրացել է որպես խաղացող ու մարզիչ:

Այդ հաջողությունից հետո թողեց մարզչի պաշտոնն ու մեկ մրցաշրջանով գլխավորեց Մարսելի «Օլիմպիկ»-ը, 1993-ին վերադարձավ «Բավարիա», Գերմանիայի չեմպիոն հռչակվեց ու տիրացավ ՈւԵՖԱ-ի գավաթին:

1994-2009 թվականներին «Բավարիա»-ի նախագահն էր, 1998-2010-ին՝ Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի փոխնախագահը, նաեւ նրա շնորհիվ երկիրը 2006 թվականին իրավունք ստացավ կազմակերպել ԱԱ-ն: 2007-2011 թվականներին ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ էր:

2020 թվականին France Football-ը Բեկենբաուերին ներառեց աշխարհի խորհրդանշանական հավաքականում:

Լուսանկարը` UEFA


Կայզերի կանայք

Բեկենբաուերը ոչ միայն հագեցած կարիերա, այլ նաեւ անձնական կյանք է ունեցել: Դեռ 16 տարեկանում սիրավեպ է ունեցել իր հասակակից Ինգրիդի հետ, արդյունքում ծնվել է նրանց որդին: Չնայած երիտասարդ տարիքում է հայր դարձել, բայց շատ պատասխանատու է եղել ու հոգ տարել որդու՝ Թոմասի մասին:   

Բեկենբաուերի առաջին կինը եղել է հեռախոսավարուհի Բրիգիտան, նրանք երկու որդի են ունեցել, սակայն համատեղ կյանքի ընթացում Բեկենբաուերը սիրավեպ է սկսել լուսանկարիչ Դիանա Զանդմանի հետ ու 4-րդ անգամ հայր դարձել: Երկրորդ անգամ ֆուտբոլիստը պաշտոնապես ամուսնացել է Գերմանիայի ֆուտբոլային միության քարտուղար Սեբիլի հետ, սակայն այդ ամուսնությունն էլ վերջինը չի եղել:  

Երրորդ անգամ Կայզերը կյանքը կապել է Հայդի Բուրմեստերի հետ, որի հետ 2001-ին ծանոթացել են «Բավարիա»-ի աշխատակիցների երեկույթի ժամանակ: Բեկենբաուերն ակումբի նախագահն էր, իսկ Հայդին զբաղվում էր ակումբի խորհրդանիշների վաճառքով: Հայդին Բեկենբաուերին եւս մեկ որդի է պարգեւել՝ Ջոել Մաքսիմիալիանին, իսկ 2003-ին նա վերջապես դուստր է ունեցել, որին Ֆրանչեսկա Անտոնիա են անվանել:

Լուսանկարը` The Sun


Մտքերը

Ֆուտբոլն աշխարհում շփման լավագույն միջոցներից մեկն է: Այն անաչառ է, ապաքաղաքական եւ ունիվերսալ: Ամեն օր ֆուտբոլը միավորում է մարդկանց աշխարհով մեկ՝ ծեր, թե երիտասարդ, հարուստ, թե աղքատ, երկրպագու, թե խաղացող: Այս խաղը բոլորին հավասար է դարձնում, ստիպում արտասվել կամ ուրախանալ:

Գնդակին տիրելը ոչինչ է, եթե մրցակիցն օգտագործում է իր պահը:

Երբեմն հանդերձարանում ինձ թվում է, որ Հոլիվուդում եմ:

Աշխարհի առաջնություններում շատ բան կախված է թիմի ներսում եղած մթնոլորտից: Լարվածությունը մեծանում է ինչպես արտաքուստ, այնպես էլ ներքուստ:

Ֆուտբոլային աշխարհը, միանշանակ, փոխվել է, բայց նորից ամեն ինչ կախված է անհատներից:

Չի կարելի մարդկանց համեմատել Աստծո հետ, բայց Մեսսին ֆուտբոլային աստված է:

Մի քիչ անհարմար էի զգում, որ իմ անհատական որակներն այդքան բարձր էին գնահատում, քանի որ թիմային մարզաձեւում էի հանդես գալիս:

Լուսանկարը` FC Bayern Munich


Հաջողությունն ամենակարեւոր բանն է ֆուտբոլում: Միշտ կգտնվեն թիմեր, որոնք ավելի վառ ու գեղեցիկ խաղ ցույց կտան: Բայց եթե հաջողություն կա, ամեն ինչի էլ կհասնեք: Գեղեցիկ խաղը ոչինչ է, բոլորն ուզում են արդյունք տեսնել: Իսկ որպեսզի հաջողության հասնեք, 3 կարեւոր բաղադրիչների համադրություն է պետք՝ լուսնի, քամու ու աստղերի:

Ննջասենյակի պատուհանից գիշերային երկնքին նայելիս գլխումս բազմաթիվ մտքեր են առաջանում այն մասին, թե որքան զարմանահրաշ մոլորակի վրա ենք ապրում: Պատկերացնում եմ, թե այն որքան փոքր է մյուս բազմաթիվ մոլորակների կողքին: Ու այդքանից հետո դեռ ուզում եք հարցնե՞լ, թե ես որքան կարեւոր մարդ եմ համարվում:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին