Մայիս 03, 2024
exclusive
1574 դիտում

Հավաքականում մեծ հետք թողած Վարդան Մինասյանի 50-ամյակը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Armenpress

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` FC Ararat Armenia

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Armenian Weekly


Այսօր Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշում է 50-ամյակը։ Կարծես ընդամենը երեկ լիներ, երբ նա 35 տարեկանում ստանձնեց գլխավոր մարզչի պարտականությունները՝ իրարանցում առաջացնելով ոչ միայն խաղադաշտում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս։

Սկզբում շատերը թերահավատորեն վերաբերվեցին այդ նշանակմանը, «Փյունիկ»-ում ու հավաքականի գլխավոր մարզչի օգնական աշխատած Մինասյանի հետ մեծ հույսերն չէին կապում։ Նրանից առաջ հավաքականը հայ գլխավոր մարզիչ ունեցել էր 6 տարի առաջ՝ Անդրանիկ Ադամյանից հետո թիմի ղեկին եղել էին ռումինացի Միխայ Ստոյկիցան, ֆրանսիացի Բեռնար Կազոնին, հոլանդացի Հենկ Վիսմանը, շոտլանդացի Իան Պորտելֆիլդը եւ դանիացի Յան Պոուլսենը։

«Քանի որ հավաքականում մի քանի մարզիչների հետ աշխատել էի, ինձ վստահ էի զգում, բայց առաջինն անհանգստություն ունեի: Ժամանակի ընթացքում զգացի, որ ազգային հավաքական գլխավորելը շատ մեծ պատիվ է: Կարծում եմ՝ մարզիչն ավելի հասուն տարքում պետք է ստանձնի հավաքականի ղեկը, երբ շատ գիտելիքներ եւ մեծ փորձ ունի: Իմ դեպքում հակառակը ստացվեց, երեւի, դա էլ իր դրական կողմերն ունի»։

Լուսանկարը` Photolure


Մինասյանին մարզիչ նշանակելը մշտապես քննադատությունների թիրախում հայտնվող Ռուբեն Հայրապետյանի լավագույն որոշումներից մեկն էր։ Մինասյանն աշխատում էր «Փյունիկ»-ում ու հիանալի ծանոթ էր հավաքականի թեկնածուներին, Պորտելֆիլդի մահից հետո Թոմ Ջոնսի հետ նրանք ավարտին հասցրին ԵՎՐՈ-2008-ի ընտրական մրցաշարը։ Մարզիչը տեղյակ էր ֆուտբոլիստների հետ ճիշտ փոխհարաբերություններ կառուցելու ու թիմը ղեկավարելու նրբություններին։

«Այս սերունդն առանձնահատկություն ունի ու տարբերվում է իմ սերունդից: Միշտ ասում եմ, որ նրանք «կապիտալիստ» են բառի դրական իմաստով՝  ապրում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքով ու երբեք չեն խախտի այդ կենսակերպը: Շատ եմ կարեւորում նաեւ մարդկային փոխհարաբերությունները, ու այն մթնոլորտը, որ կա հավաքականում, լրիվ բավարարում է ինձ: Իսկապես, մեր ֆուտբոլիստները հրաշալի մարդիկ են։ Այս թիմը շատ պրոֆեսիոնալ է, ու ֆուտբոլիստները գիտեն իրենց գործը»:


Մինասյանը մարզչի պարտականությունները կատարել էր դեռ 2007-ի օգոստոսին, երբ հայերը հյուրընկալվեցին Պորտուգալիային ու զիջեցին նվազագույն հաշվով։ Ընտրական մրցաշարի վերջին խաղում էլ հավաքականը նույն հաշվով պարտվեց Ղազախստանին։ Մինասյանի գլխավորությամբ առաջին պաշտոնական հանդիպումը 2009 թվականի ապրիլին էր Էստոնիայի դեմ (0:1), իսկ ահա առաջին հաղթանակն եղավ նույն տարվա սեպտեմբերին ԱԱ-2010-ի ընտրական մրցաշարում՝ Բելգիայի դեմ (2:1):

Լուսանկարը` Photolure


Հավաքական գլխավորելն անչափ պատասխանատու է, մարզիչը բոլորի աչքի առաջ է ու «հարձակումների» թիրախում։ Եթե անկեղծ՝ 1,5 տասնամյակ առաջ ցանկացած անհաջողության համար շատ ավելի խիստ ու հասցեական քննադատություններ էին հնչում, քան հիմա՝ պետք էր կարողանալ դիմանալ շատ մեծ ճնշմանը։ Մինասյանի աշխատանքն էլ զուգադիպեց այդ շրջանին, եւ նա այդ ամենը վատ չհաղթահարեց։ Փորձում էր սառնասիրտ լինել, էմոցիաներին շատ չտրվել՝ նրան միայն մեկ անգամ շատ հուզված տեսանք, երբ պատասխան խաղում հաղթեցինք Սլովակիային, ասուլիսների ժամանակ քչախոս էր ու միշտ նշում էր, որ իրենց առաջնային նպատակն ամեն հաջորդ խաղում հաղթելն է։

«Խառնվածքով եմ հանգիստ, միշտ սպասում եմ մրցավարի սուլիչը լինի, նոր ուրախանամ: Օրինակ` Անդորրային 4:0 հաղթում էինք, բայց չէի մտածում, որ արդեն 3 միավոր ենք վաստակել: Բայց սլովակների հետ զգացի, որ եւ մրցակիցն է ճնշվել, եւ մեր տղաներն այնպիսի ֆուտբոլ էին ցուցադրում, որ հաղթանակ կլիներ: Չնայած, մինչև հիմա էլ իմ ուրախության կադրերը տեսնելով` ամաչում եմ (ծիծաղում է,խմբ)»:

Խաղադաշտից դուրս առաջացրած ոգեւորությանը շատ հպանցիկ անդրադարձանք, սակայն այն առանձին ուշադրության կարիք ունի։ Կիրթ, ներկայանալի ու գեղեցիկ մարզիչ ունենալու փաստը հատկապես կանանց շրջանում էր մեծ իրարանցում առաջացրել։ Նրբաճաշակ կոստյումները, գեղեցիկ սանրվածքն ու խնամված տեսքն ավելի համակրելի էին դարձնում մարզչին։ Կարեւոր էր ոչ միայն թե ինչ է նա ասում հանդիպումից առաջ, այլ թե ինչ է կրում այդ ժամանակ։ Մինասյանը երկրի գեղեցիկ սեռի սրտերը շահեց առանց մեծ դժվարության, խաղադաշտում էլ նրա սաներն էին ապահովում անհրաժեշտ ապրումները։

Լուսանկարը` Getty Images


«Հետեւում եմ նորաձեւությանը եւ գտնում, որ մարդու համար կարեւոր է կոկիկ ու գեղեցիկ տեսքը: Կարծում եմ՝ արտաքինն էլ է շատ բան ասում մարդու մասին ու միշտ պետք է հավուր պատշաճի ներկայանալ: Նկատել եմ, որ մարդիկ սկսել են ինձ ավելի մեծ ուշադրություն դարձնել, բայց ճիշտն ասած, չեմ սիրում աչքի ընկնել։ Ես բնավ էլ չեմ փոխվել՝ ունեմ սկզբունքներ ու փորձում եմ դրանց չդավաճանել»:

2010-ի ընտրական մրցաշարը միջնամասից ստանձնած Մինասյանն արդյունքի հասնել չկարողացավ՝ հավաքականը խմբում վերջին տեղը զբաղեցրեց, փոխարենը ԵՎՐՈ-2012-ում հայ ֆուտբոլիստները մինչեւ հիմա գրանցած լավագույն ցուցանիշն ունեցան։

«Հայաստանում ֆուտբոլի վերածնունդ է: Երկրպագուները տեսան, որ մենք ֆուտբոլ ունենք ու միշտ գնալու են մարզադաշտ ոգեւորելու ազգային հավաքականին: Կապ չունի, որ ֆուտբոլիստն է խաղալու կամ ով է լինելու մարզիչը, պարզապես պետք է հավատանք մեր հավաքականին, որը խաղադաշտում ցույց է տալու այն ամենն, ինչի ընդունակ է: Միշտ հստակ խնդիրներ եմ դնում հավաքականի առջեւ»։

Լուսանկարը` Photolure


Այդ ընտրական մրցաշարը հիշարժան դարձավ տպավորիչ հաղթանակներով, գեղեցիկ գոլերով, թիմային խաղով ու որ ամենակարեւորն է՝ ստադիոնում ու Երեւանի փողոցներում եղած անհավանական մթնոլորտով։ Դրանից հետո քիչ դեպքեր եղան, որ երկրպագուները գիշերով կշրջեին քաղաքով մեկ ու կտոնեին հավաքականի հաղթանակները։

«Երբ տեսագրություններով տեսա, թե հավաքականի հաղթանակներից հետո ինչպես են ուրախացել ու ցնծացել մարդիկ, իսկապես զարմացա: Ֆուտբոլը սոցիալական մեծ ազդեցություն ունի, ու հաղթանակը շատ բան կարող է անել մարդկանց հետ: Դրա համար ֆուտբոլային վերածննդի դերը շատ կարեւոր է»:

Երբ Մինասյանը գլխավոր մարզիչ դարձավ, ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում 125-րդն էր, 2014-ի փետրվարին թիմն իր լավագույն հորզիոնականը գրանցեց՝ բարձրանալով 30-րդ տեղը։

Մարզչի ֆենոմենը պայմանավորված էր մի քանի հանգամանքով, նախ Մինասյանն ու իր ֆուտբոլիստները միասնականության եւ թիմային ջանքերով արդյունքի հասնելու հույս ներշնչեցին։ Սկսեցինք հավատալ, որ բոլորով մեկ նպատակի շուրջ աշխատելու շնորհիվ հնարավոր է առաջընթաց գրանցել։ Անսպասելի պարտություններից, չստացված հանդիպումներից ու սխալներից հետո էլ Մինասյանն ու տղաները չէին հուսահատվում եւ շարունակում էին առաջ գնալ։ Նրանք հաջողվեց անմիաբան ու մշտապես իրարարամերժ կարծիքների բաժանված Հայաստանը համախմբել իրենց շուրջ։ Գուցե, այդ ժամանակ ֆուտբոլը մեզ համար ավելին էր, քան պարզապես խաղ, ու ֆուտբոլիստների մեջ ինքներս մեզ էինք տեսնում՝ մեր զարկերը համաչափ էին խփում եւ դրանում էլ մեր ամենամեծ հաղթանակն էր։

Լուսանկարը` Getty Images


Մարզիչը խոսում էր հայրենասիրությունից ու բարձրաձայնում ֆուտբոլիստներին այն ներարկելու մասին։ Նա չէր խուսափում անդրադառնալ հայկական արժեքներին ու գրողներին։

«Ամենակարևորն այն է, որ մեր խաղացողները հայրենասեր լինեն, դա է իմ առաջին պահանջը։ Հովհաննես Թումանյանի քառյակները նույնիսկ չգիտեմ էլ քանի անգամ եմ վերընթերցել ու ամեն անգամ նրանցից նոր բան եմ սովորում: Կյանքի տարբեր իրավիճակներում, երբ ընկճվածություն կամ էլ նեղվածություն է լինում մոտս, անպայման Թումանյան եմ կարդում: Քառյակների շնորհիվ կյանքին ավելի ռեալ եմ սկսում նայել, զգում, որ շատ ավելի կարեւոր բաներ կան: Այսօր կյանքի ռիթմն այնքան արագ է, որ ընկնում ես հոսանքի մեջ ու շատ բաներ մոռանում կամ չես նկատում, իսկ Թումանյանն ինձ վերադարձնում է կյանք։ Նա հանճար է ու աշխարհահռչակ մտածող»:

Բնավ էլ տպավորություն չստեղծվի, որ Միանասյան մարզիչն անթերի էր ու նրա գլխավորությամբ ֆուտբոլիստները չէին պարտվում կամ անհաջողություններ ունենում, բավական է թեկուզ հիշել Մալթային զիջելը։ Անհասկանալի է նաեւ, թե ինչու նա երկրորդ անգամ որոշեց վերադառնալ հավաքական, քանի որ նախ եւ առաջ ստիպված էր պայքարել իր իսկ ստվերի դեմ։ Բոլորը նրան համեմամտում էին հին Վարդան Մինասյանի հետ ու նրանից նույնն ակնկալում, բայց ամեն ինչ արդեն փոխվել էր։

Լուսանկարը` Մեդիամաքս


Սա մարզիչ Մինասյանի կարիերայի դրվագներից մեկն էր միայն, ակումբային ֆուտբոլում էլ նա ունեցել է ձեռքբերումներ ու հիասթափության պահեր, հաջողության հասել եւ ձեռքից բաց թողել ցանկալի արդյունքը։ Սպորտի հետ կյանքը կապող ցանկացած մարդ ունենում է անկումների ու վերելքների այս շրջափուլը, բայց կարեւորը թողած հետքն ու հեղինակությունն են, իսկ Վարդան Մինասյանին հաջողվել է իր ուրույն տեղն ամրագրել հավաքականի պատմության մեջ։  

«Ինձ երջանիկ մարդ եմ համարում: Հաճախ երջանկությունը մեր կողքին է լինում, բայց մենք դա չենք տեսնում, ուղղակի հարկավոր է գնահատել այն: Միշտ մարդկանց թվում է, որ մի այլ տեղ ավելի լավ է, բայց կարծում եմ դա այդպես չէ: Պարզապես պետք է կարողանաս գնահատել այն, ինչ ունես ու այդ ժամանակ էլ կզգաս, որ երջանիկ ես»։


Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին