Մայիս 03, 2024
exclusive
2064 դիտում

Հայկ Մարտիրոսյան. Եթե շարունակեմ ճիշտ աշխատել, ոչ մի շախմատիստ ինձ չի կարողանա կանգնեցնել


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաջողված տարի է ունեցել, կարողացել անհատական ու թիմային մեծ նվաճումներ գրանցել, բայց ամենակարեւորը՝ ՖԻԴԵ-ի աղյուսակում անցնել 2700 միավորի շեմը:

Mediamax Sport-ի հետ զրույցում շախմատիստն ամփոփել է 2023-ը, խոսել հաջողությունների հասնելու բարդ ճանապարհի, Աշխարհի չեմպիոն դառնալու երազանքի ու մեկ տարում 14 երկրում մասնակցած մրցաշարերի մասին:

Ստացված ԵԱ-ն

Առաջին անգամ էի մասնակցում արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության ու նպատակս էր առավելագույն հաճույք ստանալ այդ մրցաշարերից:

Նախ անցկացվեց արագ շախմատի առաջնությունը, շատ լավ էի հանդես գալիս ու գոհ էի իմ անցկացրած պարտիաներից: Մինչեւ նախավերջին տուրն առաջատարն էի, վերջին պարտիայում ուժեղ մրցակցի հանդիպեցի՝ ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին, եւ սեւ խաղաքարերով ոչ-ոքի գրանցեցի: Ալեքսեյ Սարանային (Սերբիան) հաջողվեց կես միավորով շրջանցել ինձ ու առաջինը դառնալ: Բայց ընդհանուր առմամբ իմ ելույթից դժգոհ չեմ, արագ եւ կայծակնային շախմատում իմ շանսերը մեծ եմ գնահատում, Զագրեբում էլ դա երեւաց:

Իմ առաջին Եվրոպայի առաջնությունը կարող եմ ստացված համարել՝ մանավանդ այնտեղ էի մեկնել Արգենտինայից, փոխել էի ժամային գոտին ու կլիման՝ ամառային շոգից հայտնելով ցրտաշունչ ձմռանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արգենտինան ու հայ համայնքը

Հայկական բարեգործական ընդհանուր միության հրավերով էի մեկնել Արգենտինա, որտեղ ջերմ ընդունելության արժանացա ու հետաքրքիր միջոցառումների մասնակցեցի, ինչի կամար ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին:

Զարմացած էի, թե որքան մեծ ու հայրենասեր է այնտեղի համայնքը, այլ երկրներում նման բանի ականատես չէի եղել: Երեք քաղաքում եղա՝ Բուենոս Այրեսում, Կորդովայում եւ Մար դել Պլատայում, որտեղ հայկական եկեղեցիներ ու դպրոցներ կան: Մասնակցեցի Արգենտինայի ֆեդերացիայի կազմակերպած արագ ու կայծակնային շախմատի մրցաշարերին ու եղա շախմատի գրեթե բոլոր պատմական ակումբներում:  

Բաց ամենահաճելին հայկական մշակույթային օջախներին ծանոթանալն էր: Ամենաշատը հավանեցի այն, որ երեխաները հայերեն են սովորում ու պարտադիր պետք է այցելեն Հայաստան, նույն սկզբունքը գործում է նաեւ հայկական դպրոցներում սովորող այլազգիների դեպքում:  

Հայ համայնքը պահում է ավանդույթներն ու տեղեկացված է Հայաստանի մասին: Հետեւում են նաեւ իմ հաջողություններին եւ դրա համար էլ հրավիրել էին: Չէի ակնկալում այնտեղ այդքան տաղանդավոր երեխաների հանդիպել, միաժամանակյա սեանս անցկացրի լավագույն երիտասարդների հետ ու 5 տախտակի վրա էլ հաղթեցի: Խաղացի նաեւ 10-ամյա Ֆաուստինո Օրոյի հետ, որն իր տարիքի համեմատ շատ բարձր վարկանիշ ունի՝ 2357, տաղանդավոր եւ ուժեղ շախմատիստ է, կարծում եմ՝ նրան մեծ ապագա է սպասվում: Զարմանալի է, որ Արգենտինայում շախմատն ակտիվորեն զարգանում է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թիմային մեդալը

Միանշանակ մեծ պատասխանատվություն էր Բուդվայում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ընտրանու առաջատարը լինել, քանի որ առաջին խաղատախտակի վրա հանդես են գալիս բոլոր երկրների ամենաուժեղ շախմատիստները:  Քայլ առ քայլ եմ մոտեցել այդ խաղատախտակին, երկար ժամանակ Լեւոն Արոնյանն է լավագույնը եղել, ապա նրան հաջորդել է Գաբրիել Սարգսյանը, որը հիմա էլ բարձր վարկանիշ ունի:

Սակայն ԵԱ-ն անհարմար ժամանակահատվածում եղավ, գրեթե ամբողջ տարին լավ էի ելույթ ունեցել, դրանից առաջ էլ թոփ-100 շախմատիստների հետ մասնակցել էի «Գրանդ Սվիս»-ին, որտեղ ամենաերկար խաղաժամանակով էինք մրցում: Ու երբ ավարտից անմիջապես հետո սկսվեց Եվրոպայի առաջնությունը, բոլորս էլ հոգնած էինք, բայց ես՝ հատկապես, քանի որ տարին չափազանց հագեցած էր եղել ինձ համար:

Մրցաշարի շնորհիվ մեծ փորձ ձեռք բերեցի, այնպես չէ, որ նման ուժեղ շախմատիստների դեմ նախկինում չէի մրցել, պարզապես հասկացա, որ առաջին խաղատախտակի վրա հանդես գալուց առաջ պետք է ավելի լուրջ ու լավ պատրաստվել: Թեեւ բոլորս ոչ այդքան լավ մարզավիճակով էինք մոտեցել մրցաշարին, բայց առավելագույնս քաղեցինք ու բրոնզե մեդալակիր դարձանք:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հաջողության գրավականը

Թիմային արդյունքի հասնելն ավելի ուրախալի է, քան անհատական մեդալ նվաճելը: Հուսով եմ՝ Հայաստանի հավաքականն այս միտումը կպահի ու ամեն տարի կկարողանա մեդալ ապահովել: 2022-ին էլ Օլիմպիադայի փոխչեմպիոն էինք հռչակվել, այն ժամանակ ես թիմում չէի, շատ հաճելի է 2 տարի անընդմեջ մեդալակիր դառնալ, ինչը շատ բարդ է:

Եվրոպայի առաջնությանն ու Օլիմպիադային ուժեղ հավաքականներ են մասնակցում, որոշ երկրներ թեեւ շատ բարձրակարգ խաղացողներ չունեն, սակայն կարողանում են 4 խաղատախտակների վրա մրցունակ կազմ հավաքել, ինչն ավելի է բարդացնում պայքարը:

Սակայն թիմային մրցումներն իրենց հետաքրքրությունն ունեն՝ տեսնում ես, որ խաղընկերդ այդքան էլ լավ դրություն չունի, ու թեեւ քո դիրքն էլ նպաստավոր չէ, բայց առաջին հերթին նրա մասին ես մտածում ու հաղթանակի ձգտում: Դրա համար էլ կարող են խոշոր հաշիվներ գրանցվել, քանի որ նաեւ հանուն իրար եք մինչեւ վերջ խաղում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Արտերկրում էլ մեզ հաճախ են հարցնում, թե ինչի շնորհիվ ենք մեդալներ նվաճում, երբ նույնիսկ ավելի ուժեղ հավաքականները չեն կարողանում: Մեր թիմում բոլորս իրար լավ ենք ճանաչում ու նույնիսկ քայլվածքից կամ հայացքից հասկանում միմյանց, հենց դա էլ հաջողության գրավականն է ու մեր գլխավոր հաղթաթուղթը:

Բաղձալի 2700-ը

2700-ին հասնելու ճանապարհը շատ-շատ բարդ է եղել, բայց նպատակ ունեի հենց այս տարի այդ սահմանն անցել: 2022-ի տարեսկզբին 2620 վարկանիշ ունեի ու այն բարձրացրի մինչեւ 2670, դրա շնորհիվ էլ իմ առաջ նման խնդիր դրեցի: Երկու շատ լավ տարի անցկացրի, բայց հատկապես 2023-ը բավական հաջող էր ու սպասում էի այդ հաջողությանը:

Բոլոր շախմատիստների համար 2700-ը փոքր տարիքից երազանք է: Երբ ՖԻԴԵ-ի աղյուսակում վարկանիշս ամրագրվեց, ողջ կարիերաս՝ 4-5 տարեկանից սկսած վերհիշեցի, եթե այդ տարիքից չձգտեի, նման արդյունքի չէի հասնի:

Ծանր աշխատանք եմ կատարել ու շատ պատրաստվել՝ օգնականներ չունեմ եւ ամեն ինչն ինքնուրույն եմ արել: Այս տարի Հայաստանում ընդամենը 10 օր եմ եղել ու ամբողջ տարին մրցաշարերի մասնակցել: Այդ ընթացքում բազմաթիվ թռիչքներ են եղել, տարբեր ժամային գոտիներ, կլիմաներ, ինձ համար ռեկորդային 14 երկրում եմ հանդես եկել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մրցաշարերի հետ փոխվել են նաեւ մրցակիցների խաղաոճերը․ Անգլիայում իմ կարիերայի ամենաերկար պարտիան եմ անցկացրել՝ 8,5 ժամ, ոչ-ոքի գրանցեցի, թեեւ կարող էի հաղթել: Ինձ վրա չափից մեծ պատասխանատվություն էի վերցրել ու շատ դժվար օրեր ունեցել, բայց չեմ դժգոհում, քանի որ բոլոր մրցաշարերն էլ հետաքրքիր են անցել, անգամ պարտություններից սովորել եմ ու ապագայում այդ փորձն օգտակար կլինի ինձ համար: Վերջին մրցաշարերին մի քիչ հոգնած էի, վարկանիշս նորից իջել է, բայց վստահ եմ, որ նորից կվերադարձնեմ:

Օգնականների բացակայությունն ու համակարգիչները

Իմ մրցակիցները հովանավորներ ու մի քանի օգնականներ ունեն, թեեւ նրանց համար ավելի հեշտ է, բայց նպատակիս հասնելու համար ամեն ինչ կներդնեմ ու անպայման արդյունքի կհասնեմ: Առաջիկայում մի փոքր այլ կերպ կաշխատեմ ու ավելի կուժեղանամ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի շախմատի ֆեդերացիան մեզ աջակցում է ու մարզիչ է տրամադրել՝ իմ, Շանթ Սարգսյանի ու Մամիկոն Ղարիբյանի հետ աշխատում է Գաբրիել Սարգսյանը: Քանի որ Գաբրիելն էլ պրոֆեսիոնալ շախմատիստ է, մարզվելու շատ ժամանակ չենք ունենում, բացի այդ էլ այս տարի Երեւանում համարյա չեմ եղել: Ինձ խաղացողներ էին պետք, որոնք անդադար կողքիս կլինեին ու կօգնեին մրցաշարերի ժամանակ: Դրա համար ֆինանսներ են պետք, որպեսզի կարողանամ նրանց վճարել, այս մակարդակում միայնակ արդյունքի հասնելը շատ դժվար է, արդեն սկսել եմ մտածել իմ թիմն ունենալու մասին:

Որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմեք, ասեմ, որ մինչ ես պարտիայից 5-6 ժամ առաջ ինքնուրույն պատրաստվում եմ, մրցակիցներս պարզապես զբոսնում են կամ էլ ավելի երկար քնում, նրանց փոխարեն բոլոր առաջադրանքները օգնականներն են կատարում:

Շախմատում ամեն ինչ արագ է զարգանում, նոր գերհզոր համակարգիչներ են կիրառվում, ես էլ պետք է ժամանակին համահունչ քայլեմ ու օգտվեմ դրանցից: Այդ ծրագրերը վճարովի են, այդ հարցում հավաքականի անդամներին մեր ֆեդերացիան է օգնում:

Համակարգիչը շատ մեծ առավելություն է տալիս, բայց պետք է կարողանալ այն ճիշտ օգտագործել, ոչ թե պարզապես նայել, այլ խորապես հասկանալ առաջարկած տարբերակների իմաստը: Ինքս փորձում եմ համակարգչի գտած ուժեղ սկզբնախաղերից բացի մի քանիսն էլ ստուգել, ինչն առավելություն է տալիս: Ամեն ինչ անում եմ, որ համակարգչից շատ կախում չունենամ եւ խաղային կողմերս չտուժեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզավիճակն ու ֆուտբոլը

Այդքան շատ մրցաշարերի մասնակցելու արդյունքում ակնկալում էի ավելի շուտ հոգնել, բայց ֆիզիկապես լավ էի պատրաստված, ինչն էլ օգնեց ինձ: Հիմնականում շատ ֆուտբոլ խաղալու շնորհիվ եմ պահում մարզավիճակս:

Շախմատից հանգստանալու համար հիմնականում այլ մարզաձեւերի ելույթներ եմ նայում: Արդեն երկար տարիներ երկրպագում եմ Մադրիդի «Ռեալ»-ին, հետեւում եմ նաեւ «Ինտեր»-ին ու Հենրիխ Մխիթարյանին, նրա մակարդակի խաղացող էլ չունենք, դրա համար աշխատում եմ խաղերը բաց չթողնել:

Իսպանիայում մի քանի անգամ եղել եմ, բայց դեռ չեմ հասցրել «Ռեալ»-ի խաղին ներկա գտնվել, շախմատը շատ ժամանակ եւ ուշադրություն է խլում, առաջիկայում կաշխատեմ այդ բացը լրացնել:

Նաեւ Հայաստանի հավաքականի մեծ երկրպագու եմ ու Երեւանում լինելու դեպքում փորձում եմ տնային հանդիպումներին ստադիոնում երկրպագել: Թիմային ԵԱ-ի ժամանակ իմ ազատ օրը համընկավ Ուելսի հետ հանդիպման հետ, այդ խաղում մեր ֆուտբոլիստերը բավական լավ տեսք ունեին: Կարդում եմ լուրերն ու տեղյակ եմ հայկական ֆուտբոլում կատարվող անցուդարձին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Օրինակներն ու Աշխարհի չեմպիոն դառնալու երազանքը

Բոլոր Աշխարհի չեմպիոնների պարտիաներն ուսումնասիրել եմ, բայց ինձ համար միշտ առանձնացել է Աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը: Ֆենոմենալ է եղել նաեւ մեր Տիգրան Պետրոսյանը, նա շատ շախմատիստների համար բարդ խաղաոճ է ունեցել՝ պաշտպանվել է եւ ճիշտ պահին հարձակվել, ինչն իրականում բավական դժվար է: Նման կերպ խաղալ միայն նրան էր հաջողվում, ինչի համար էլ «Երկաթե Տիգրան» էին անվանում:

Իսկ Մագնուս Կարլսենը բոլոր ուժեղ չեմպիոնների խառնուրդն է եւ անհավանական որակներ ունի, իմ կարծիքով՝ բոլոր ժամանակների լավագույն Աշխարհի չեմպիոնն է: Ինչ-որ առումով հասկանում եմ, թե ինչու որոշեց հրաժարվել չեմպիոնական թագից, այն 5 անգամ պաշտպանել է, գերազանցել բոլոր մրցակիցներին եւ ժամանակն էր, որ մի քիչ էլ կյանքը վայելի: Միայն Աշխարհի Գավաթակիր չէր դարձել, այս տարի այն էլ նվաճեց:

Փոքր տարիքից Աշխարհի չեմպիոն դառնալու երազանք ունեցել եմ նաեւ ես, դրա համար շատ-շատ է անհրաժեշտ աշխատել, միայն տաղանդի հաշվին չես կարողանա լավագույնների թվում լինել:

Միշտ իմ կարիերայում փորձել եմ քայլ առ քայլ առաջ գնալ, ոչ թե միանգամից հասնել արդյունքի: Մինչ այս պահն իրագործել եմ բոլոր նպատակներս՝ հանդես եմ եկել հավաքականում, առաջին համարը դարձել, թիմային մեդալ նվաճել ու 2700 վարկանիշ գրանցել: Հաջորդը պետք է լինի լավագույն 10-յակում հայտնվելը, ինչին էլ կհաջորդի չեմպիոնության ձգտելը: Հիմա էլ չեմ շտապելու ու աստիճանաբար եմ առաջ գնալու, շախմատիստի կարիերան երկար է ու ժամանակ դեռ շատ ունեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին քայլերն ու նվաճումները

Շախմատային խաղաքարերին ինձ 3 տարեկանում մարզիչ հայրս է ծանոթացրել, հենց սկզբից էլ փիղը, թագուհին, նավակը, զինվորներն ու թագավորն ինձ շատ գրավեցին: 9 տարեկանում Հայաստանի 10 տ. առաջին համարն էի ու դեռ հայրիկիս մոտ էի պարապում: Բայց ավելի ուժեղ մարզիչների հետ աշխատելու նպատակով տեղափոխվեցի շախմատի ակադեմիա:

Այդ ժամանակ էլ ընտրության առաջ կանգնեցի՝ շախմատի՞ստ դառնալ, թե՞ դասերին ուշադրություն դարձնել, մրցաշարերի պատճառով դպրոցում բացակայություններս շատ էին: Հասկացա, որ ցանկանում եմ կյանքս շախմատի հետ կապել ու մեծ նվաճումների հասնել:  

Պատանեկան տարիքից ցանկացած մրցաշարի մասնակցում եմ լավագույն եռյակում տեղ գտնելու նպատակով՝ կապ չունի Կարլսենն է մասնակցում, թե մեկ այլ ուժեղ խաղացող: Այդպես նախորդ տարի կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունում բոլոր ուժեղագույնների հետ պայքարում բրոնզե մեդալ նվաճեցի: Իսկ երբ 11 տարեկաններում Բուլղարիայում Եվրոպայի չեմպիոն դարձա, 40-րդ համարն էի ու ֆավորիտների թվում չկայի էլ:

Փոքր տարիքում հայրիկիս հետ օրական մինչեւ 8-10 ժամ պարապել եմ, բայց վերջերս հնարավոր չէ այդքան երկար աշխատել, քանի որ համակարգիչների պատճառով ավելի շուտ ես հոգնում: Փորձում եմ համակարգչային շախմատում քիչ լինել՝ նախընտրելով շատ մրցաշարերի մասնակցել ու կենդանի պայքարը զգալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Շախմատն աշխատասիրություն է ուզում, նաեւ տաղանդ ու համակարգիչներով լավ պատրաստվածություն: Եթե այդ ամենը ճիշտ անեմ, ոչ մի շախմատիստից չեմ վախենա ու ինձ ոչ ոք չի կարողանա կանգնեցնել:

Այս մարզաձեւն ինձ համար շատ գեղեցիկ ու հետաքրքիր է, անթիվ-անհամար տարբերակներ ու սկզբնախաղեր կան: Բայց հատկապես գրավում է շախմատի հանգստությունն ու լրջությունը:

Շախմատն ամբողջ առօրյաս է լցնում, եթե չեմ պարապում, օնլայն պարտիաներ եմ դիտում, սպորտային նորություններին հետեւում եւ գրքեր կարդում: Շախմատից չեմ հոգնում, քանի որ ամեն ինչ արագ է զարգանում, թուլանալու կամ դադար վերցնելու իրավունք չունեմ, այլապես շատ հետ կմնամ:

Հիշարժան պարտիաները

Առաջինը մտքիս գալիս է Աշխարհի Գավաթում Շահրիար Մամեդյարովին հաղթելը: Այդ ժամանակ աշխարհի 120-րդ համարն էի, իսկ նա՝ 6-րդ ու Ադրբեջանի առաջատարն էր, բացի այդ էլ պարտվողը լքում էր պայքարը: Մեր հանդիպումը պատերազմից հետո էր, դրա համար ճնշումն ու պատասխանատվությունն էլ գումարվել էին, բոլորը հետեւում էին պայքարին: Իմ առաջին Աշխարհի գավաթն էր, շատ էի ուզում լավ հանդես գալ եւ կարողացա կարեւոր հաղթանակ տանել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցավալի պարտությունն էլ նույն մրցաշարում կրեցի իրանցի Ամին Տաբատաբեից, համարյա հաղթահարել էի նրա արգելքը՝ առաջին պարտիայում սեւերով հաղթել էի ու բավական էր սպիտակներով ոչ-ոքիի հասնել, բայց վերջում մոտս հոգնածություն նկատվեց՝ լավ դիրքում խաղաքարը չտեսա ու սխալվեցի:

Սովորաբար հոգեբանորեն լավ պատրաստված եմ լինում, հանգիստ եմ եւ պոռթկումներ չեմ ունենում: Երբեմն պարտությունները ծանր եմ տանում, բայց աշխատում եմ այնպես անել, որ մրցակիցներն այդ մասին գլխի չընկնեն:

Կամ եղել են դեպքեր, երբ գիշերն ընդամենը մի քանի ժամ եմ քնել, բայց այնպես եմ արել, որ դա չազդի խաղիս ու իմ վստահության վրա: Կարողանում եմ սխալներն ու պարտությունները պրոֆեսիոնալի պես ընդունել եւ դրանցից օգուտ քաղել:

Մրցաշարային իմ ռեժիմն ունեմ ու գրեթե ամեն տեղ պահում եմ՝ գիշերը երկար եմ պատրաստվում ու շատ ուշ քնում՝ անգամ ժամը 4-5-ին, փոխարենը հանդիպման օրն եմ ուշ արթնանում, նախաճաշում եմ ու թարմ ուժերով գնում պայքարի:

Լուսանկարը` Մեդիամաքս


Անելիքները

Մի քանի օրից Ուզբեկստանում մասնակցելու եմ արագ ու կայծակնային Աշխարհի առաջնությանը:

2024-ին իմ առաջին մրցաշարը Շվեդիայում կլինի՝ 2 պարտիա կանցկացնեմ ակումբային առաջնությունում, ապա կշարունակեմ մյուս ելույթներս: Հույս ունեմ՝ մյուս տարի քիչ կխաղամ, բայց փոխարենը մրցաշարերն ավելի ուժեղ կլինեն:

Այս տարին բավական հագեցած ու հաջող էր ինձ համար, կշարունակեմ նույն կերպ հանդես գալ: Քանի որ Ամանորին շատ քիչ է մնացել, ուզում եմ մեր ժողովրդին ամենալավ մաղթանքներս հղել եւ խաղաղություն ցանկանալ: Հուսամ՝ հետագայում կկարողանանք սպորտում ավելի մեծ հաղթանակներ եւ ձեռքբերումներ գրանցել:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին