Մայիս 19, 2024
exclusive
10594 դիտում

Վազգեն Բադալյան. Արվեստագետ մարզիչը


Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից


Վազգեն Բադալյանին մարզասերներն ավելի շատ ճանաչում են որպես Վիկ Դարչինյանի մարզիչ: Բադալյանն այսօր էլ հարազատ Վանաձորում շարունակում է աշխատել բռնցքամարտիկների հետ ու սաներ է պատրաստում մեր հավաքականների համար: Սակայն քչերը գիտեն, որ նա նաեւ աշխատում է ոստիկանությունում ու սիրում է նկարել:

Այս բազմաշնորհ մարդու հետ զրույցները միշտ էլ հետաքրքիր են անցնում, ու Mediamax Sport-ը որոշեց Վազգեն Բադալյանի հետ այս անգամ խոսել ոչ թե սպորտի, այլ արվեստի, նրա ստեղծած գործերի, անհատական ցուցահանդեսների մասին:

Նկարչությունն Աստծո տված շնորհ է, ինչքան էլ աշխատես մարդու վրա, եթե նա բնատուր նկարել չի կարող, ապա չի էլ կարող ժամանակի ընթացքում սովորել:

«Մի անգամ երգիծաբան Սամվել Խալաթյանի հետ զրուցում էի ու ձեռքի հետ էլ թղթի վրա նկարում: Անցավ ահագին ժամանակ, մի օր հրավիրեց մեր ընդհանուր ընկերոջ՝ խաչքարագործ Բոգդան Հովհաննիսյանի մոտ: Տեսնեմ տանը ինձ  հոգեհարազատ նկարներ կան դրված: Նայեցի ու ընկերոջս ասացի, որ շատ լավ նկարներ են: Ինչին ի պատասխան իմացա, որ դրանք Սամվելի տանը նկարած իմ նկարներն էին, որոնք նա հավաքել ու պահել էր»,- նկարչության մասին մեր զրույցն այսպես է սկսում Վազգեն Բադալյանը:

Մինասին եմ նկարել, որտեղ փորձել եմ ցույց տալ նրա ոգին, ողբերգությունը, նկարել եմ այնպես, ինչպես ընկալել եմ այդ մեծությանը: Անչափ զգացված էի, երբ նրա տղան եկավ ցուցահանդեսին ու հավանեց:

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից


Ընկերներն անընդհատ ոգեւորեցին Բադալյանին՝ կոչ անելով նրան ավելի լուրջ վերաբերվել նկարչությանը: Նա սկսեց գծանկարչությամբ զբաղվել, արդեն 2000 թվականին կրկին ընկերների խորհրդով Վանաձորում ունեցավ առաջին ցուցահանդեսը: Այս հաջողությունից հետո էլ սկսեց ավելի շատ նկարել:

«Հիմա արդեն տարբեր նյութերով եմ աշխատում՝ կենցաղային լաք, յուղաներկ, խառը տեխնիկա, սիրում եմ փայտի վրա աշխատել: Ես սա անում եմ, որովհետեւ հաճույք եմ ստանում, ոչ թե մրցակցում եմ որեւէ մեկի հետ: Երբ Կարեն Աղամյանը տեսավ գործերս, շատ ոգեւորվեց, ու ես, չնայած կրթություն չունեմ, դարձա նկարիչների Միության անդամ, ինչի համար շատ ուրախ եմ»,- շարունակում է մարզիչ-արվեստագետը:

Այս մեկը ընկույզ է, որի մեջ ընտանիք է: Ընկույզի մեջ փորձել եմ ցույց տալ ընտանիքի, միասնության ու համերաշխության գաղափարը:

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից


Վազգեն Բադալյանի կարծիքով բոլոր նկարիչների գործերում առկա է կինը, իսկ հայ նկարիչների՝ կինն ու Մասիս սարը: Ինքն էլ է այդ ճանապարհով անցել, բայց նրա նկարներում ավելի շատ աչքի են ընկում բազմազանությունն ու ազատությունը, սյուռեալիստական ու աբստրակտ ոճը:

«Հիմնականում զգալով եմ նկարում, օրինակ ասում են, որ եթե կրթություն չունես, չես կարող մարդ նկարել: Բայց ինձ մոտ դա ստացվում է, քանի որ ֆիզկուլտուրայի ինստիտուտում մենք բժշկությունն ենք անցել, ու ես տիրապետում եմ մարդու մարմնի կառուցվածին»,- նշեց նա:

Ես մտածում եմ ու միանգամից սկսում եմ արագ նկարել: Օրինակ՝ Վիկին եմ նկարել ու շեշտը դրել եմ ոչ թե կերպարի, այլ ասելիքի վրա:

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից


Նա սիրում է նկարել կենցաղային լաքով ու ծիծաղով հիշում, թե ինչպես էր կատակով ասել, թե իբր շոկոլադով է նկարում. «Երեւանում ցուցահանդեսի ժամանակ շատերն էին հարցնում, թե ինչով եմ նկարել, ասացի շոկոլադով: Հաջորդ օրը կարդացի մամուլում, թե Վիկ Դարչինյանի մարզիչը կարողանում է շոկոլադով նկարել: Իրականում կենցաղային լաք էր, որը շատ շուտ է չորանում: Դրա համար պատրաստում եմ ու երեք րոպեում պետք է հասցնեմ նկարն ավարտել»:

Բոլոր վանաձորցիներն են ճանաչում շուկայի Նանարին, հիվանդ կին է: Դեմքը չի երեւում, բայց կա շարժումը, գործողությունը, ինչն ավելի կենդանի է դարձնում նկարը:

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից


Բադալյանի սիրած նկարիչը Պիկասոն է, որի գործերում ազատությունն է գնահատում: Ինքն էլ սիրում է ասելիքի վրա ուշադրություն դարձնել, ու երբեք նկարը մի քանի անգամ չի կարող վերարտադրել: Նրա գծանկարներով 6 բանաստեղծական գրքեր են լույս տեսել:

Տատիկիս եմ նկարել, ձեռքերն ու ոտքերը հոգնած, շատ աշխատած…

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից


Վազգեն Բադալյանն անհատական 5 ցուցահանդես է ունեցել՝ Ալավերդի, Ստեփանավան, Երեւան քաղաքներում ու երկու անգամ էլ հարազատ Վանաձորում:

«Ես բռնցքամարտի մարզիչ եմ, տարբեր չեմպիոններ եմ պատրաստել, Օլիմպիական խաղերի երկու մասնակից եմ տվել՝ Լեռնիկ Պապյան ու Վիկ Դարչինյան: 23 տարի աշխատում եմ ոստիկանությունում, անցել եմ պատերազմական շրջանը, շարժման մասնակից եմ եղել: Բայց այս ամենին գումարած ես մշակույթի մարդ եմ, որն ամեն մի ազատ րոպե սիրում է ստեղծագործել ու նոր նկարներ ստեղծել»,- ահա այսպես եզրափակեց մեզ հետ զրույցը Վազգեն Բադալյանը:

Ուշացած թռիչք նկարում մարդու կերպարով թռչուն եմ ներկայացրել, որն արդեն ծերացել է, բայց մեկ է՝ ուզում է թռչել: Ու չնայած միտքն աշխատում է, սակայն ֆիզիկապես այլեւս անհնար է որեւէ բան անել:

Լուսանկարը` Վ.Բադալյանի անձնական արխիվից


Վազգեն Բադալյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին