Մայիս 04, 2024
exclusive
7372 դիտում

«Ֆալշկլասիկոներում» հաղթողներ չկան, հնչում են միայն պայթյուններ



Եվրոպական ֆուտբոլային շաբաթն անցյալում թողեց ֆրանսիական ու խորվաթական ֆուտբոլի ամենատաքարյուն առճակատումները:

«90+»ի «ֆալշկլասիկոներում» այդպես էլ հաղթողներ չհայտվեցին: Mediamax Sport-ը բացը լրացրեց ՄԼՍ-ում, որտեղ դրամատիզմի պակաս չկար:

«Հայդուկ»-«Դինամո Զագրեբ»

Խորվաթիայի առաջնության 13-րդ տուրում Եվրոպայի ամենատաքարյուն  մարզադաշտերից մեկը՝ Սպլիտի «Պոլյուդն»  ընդունեց մրցաշրջանի առաջին խորվաթական կլասիկոն: «Հայդուկը»  փորձեց խնդիրներ ստեղծել առաջատար Զագրեբի «Դինամոյի» համար եւ կարողացավ: Հիմնական ժամանակում թիմերը չթեժացրին  կրքերը ՝օրվա ամենահամեղ պատառը պահելով «90+»-ի համար:

Մրցավարի կողմից ավելացրած «90+1»-րդ րոպեին դինամոյականները Ֆիլիպ Բենկովիչի գլխի անկասելի հարվածի  շնորհիվ առաջ պոկվեցին հաշվի մեջ՝2-1: Առաջատարը սկսեց տոնել  օդում կախված հաղթանակը՝ մոռանալով «Հայդուկի» հակագրոհների մասին: Դաշտի տերերը երկար սպասել չտվեցին եւ անմիջապես փակեցին մայրաքաղաքայինների բերանը: «90+4»-րդ րոպեին տանտերերի վաստակած 11-մետրանոցն անթերի իրացրեց Անտե Էրցագն ու դրամատիկ  վերջաբանով խաղում արձանագրեց խաղաղ ելք`2-2: Իսկ այն, ինչ կատարվում էր տրիբունաներում բառերով նկարագրել պարզապես անհնար է: Տեսնել է պետք:






«Սան Խոսե»-«Մինեսոտա»

Օվկիանոսից այն կողմ ավարտվեց ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը եւ հայտնի դարձան 1/8 եզրափակչի բոլոր մասնակցիները: Հատկապես թեժ էր պայքարը արեւմտյան կոնֆերենցիայում, որտեղ վերջին ուղեգրի համար պայքարում էին «Դալլասն» ու «Սան Խոսեն»: «Դալլասի» համար «Լոս Անգելես Գալաքսին» խնդիրներ չստեղծեց: Լուկաս Բարիոսի թիմն առավելության հասավ 5-1 հաշվով եւ 46 միավորով սպասում էր «Սան Խոսե»-«Մինեսոտա» դիմակայության ելքին: «Սան Խոսեին» տնային խաղում բավարարում էր  միայն հաղթական արդյունքը, որի  շնորհիվ թիմը  միավորներով կհավասարվեր անմիջական մրցակցին ու կկարողանար  միմյանց միջեւ անցկացրած հանդիպումներում ունեցած առավելության հաշվին անցնել առաջ:

«Սան Խոսե»-«Մինեսոտա» մրցավեճի 90 րոպեից հետո «Դալլասն» աղոթում էր, որ հանդիպումը վայրկյան առաջ  ավարտվեր, բայց այդ երեկո բախտը «Սան Խոսեի» կողմն էր: 90 րոպեից հետո 2-2, իսկ «90+3»-րդ րոպեին Քրիս Ուրենան «Սան Խոսեի» համար խփեց երազանքի գոլն ու թիմը հայտնվեց փլեյ-օֆֆում: «Դալլասը» հավաքեց ճամպրուկներն ու հեռացավ ձեռնունայն: Քառորդ եզրափակչի ուղեգիրը «Սան Խոսեն» կվիճարկի «Վանկուվերի» հետ, իսկ հաղթողին սպասում է արեւմտյան կոնֆերենցիայի առաջատար «Պորտլենդը»:



«Վոլֆսբուրգ»-«Հոֆենհայմ»

Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Հոֆենհայմին» րոպեներ չբավարարեց  լավագույն քառյակում միանձնյա հաստատվելու համար: «Վոլֆսբուրգի» հարկի տակ Յուլիան Նագելսմանի թիմը հաղթում էր Քերիմ Դեմիրբայի 11-մետրանոց հարվածի շնորհիվ, մինչդեռ դաշտի տերերն իրենց նմանատիպ շանսը չէին կարողացել օգտագործել: Նշակետից վրիպել էր Մաքիմիլիան Արնոլդը: Ամբողջ խաղի ընթացքում «Վոլֆսբորգը» չդադարեց հավատալ հաջողոթյանն ու անընդհատ գրոհում էր:

Չարչարանքն իր պտուղները տվեց մրցավարի կողմից գումարված «90+1»-րդ րոպեին: Գայլերի խաղարկած անկյունայինը գլխի հարվածով եզրափակեց  կենտրոնական պաշտպան Ֆելիքս Ուդուկայը՝ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝1-1: «Հոֆենհայմը» կորցրած հաղթանակից հետո 16 միավորով 4-րդ հորիզոնականը կիսում է «Շալկե 04»-ի հետ:

Լուսանկարը` rsport.ru


«Օլիմպիկ Մարսել» -ՊՍԺ

Լիգա 1-ի 10-րդ տուրը եզրափակվեց  ֆրանսիական կլասիկոյով: «Օլիմպիկն» իր համար մրցաշրջանի առաջին սկզբունքային մրցավեճն անցկացրեց սեփական հարկի տակ: ՊՍԺ-ին սպասում էր նոկդաուն, որից հնարավոր եղավ դուրս գալ մրցավարի կողմից ավելացրած «90+3»-րդ րոպեին: Մինչ այդ մարսելցիները հաղթում էին 2-1 հաշվով ու կարողացել էին կարմիր քարտի շնորհիվ խաղից հանել Փարիզի նոր արքային՝ Նեյմարին: Չկար Նեյը, բայց դաշտում էր մատադորը: Էդինսոն Կավանին տուգանայինից գնդակարահեց Մարսելի դարպասաձողը, որից հետո գնդակը հայտնվեց դարպասում: ՊՍԺ-ն փրկվեց խայտառակ պարտությունից:



Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին