Անցած ֆուտբոլային շաբաթն աչքի ընկավ մի շարք հետաքրքիր դերբիներով: Լարվածությունը հատկապես գագաթնակետին հասավ ավստրիական բունդեսլիգայում եւ թուրքական սուպերլիգայում, որտեղ գլխավոր իրադարձությունները զարգացան «90+»-ում: Mediamax Sport-ը ներկայացնում է շաբաթվա թոփ-5 դրամատիկ խաղերը:
«Ֆեներբահչե»-«Իստանբուլ Բաշաքշեհիր». Խելահեղ կրքեր ստամբուլյան դերբիում: Վերջին տարիների ընթացքում, թուրքական ֆուտբոլում աղմկարահույց փոփոխություններ է կատարում Ստամբուլը ներկայացնող «Բաշաքշեհիր» ակումբը: Թիմը համալրված է համաշխահային ֆուտբոլի նախկին աստղերով եւ լուրջ պայքար է մղում սուպերլիգայում:
«Ֆեներբահչեն» սեփական հարկի տակ խաղում որոշել էր հաշվեհարդար տեսնել «Բաշաքշեհիրի» դարպասապահ Վոլկան Բաբաջանի, ինչպես հետո պարզվեց՝ գլխավոր մրցավարի նկատմամբ: Այլ կերպ բնորոշել Ռիկարդու Կուարեժմայի ոչ ֆուտբոլային պահվածքը մրցավարի հանդեպ, անհնար է: Դրվագից հետո, որքան էլ տարօրինակ թվա, մրցավարը պորտուգալացուն չհեռացրեց խաղադաշտից: Բայց սա դեռ ամենը չէր:
«Ֆեների» երկրպագուները խաղի ընթացքում շշեր էին նետում դարպասպահ Վոլկան Բաբաջանի վրա, որոնցից մեկն էլ դիպավ նրա գլխին, դեռ լավ է, որ Բաբաջանը խուսափեց ծանր վնասվածքից: Բուն խաղը եւս դրամատիկ էր: Հիմնական ժամանակից հետո լուսատախտակին վառվում էր 2-2 հաշիվը: «Բաշաքշեհիրից» ինքանգոլ էր հեղինակել Գաել Կլիշին:
Բայց խաղի ամենահամեղ պատառը «90+3»-րդ րոպեին էր: «Բաշաքշեհիրը» նոկաուտի ենթարկեց «Ֆենեբրահչեին» ու կարողացավ 3 միավոր տանել իր հետ: Վճռական դարձավ Քերիմ Ֆրայի հեռահար կրակոցը, որից հետո «Ֆեներին» չփրկեց նույնիսկ Վոլկան Դեմիրելը: «Իստանբուլ Բաշաքշեհիրը»՝ «Ֆեներբահչեի» անվայել պահվածքին պատասխանեց արժանի հաղթանակով:
«Մարիտիմու»-«Ռիու Ավե». Քանի դեռ Գեւորգ Ղազարյանն ապաքինվում է վնացվածքից, հարազատ «Մարիտիմուն» շարունակում է վստահ ելույթները Պորտուգալիայի առաջնությունում: Թիմը 5 խաղից հետո տարել է 4 հաղթանակ եւ 12 միավորով եզրափակում է լավագույն քառյակը: «Մարիտիմուին» գերազանցում է միայն պորտուգալական ֆուտբոլի հրաշալի եռյակը:
Առաջնության 5-րդ տուրի՝ «Ռիու Ավեի» հետ խաղն անցավ հավասար պայքարում: Մրցավեճից առաջ թիմերը չէին ճաշակել պարտության դառնությունը: Թվում էր, այս անգամ եւս միավորները կկիսվեն, եւ ակումբները կբաժանվեն գոլազուրկ հաշտությամբ: Երեւի խաղն այդպես էլ ավարտվեր, եթե չլիներ մրցավարի կողմից ավելացրած «90+2»-րդ րոպեին Էդգար Կոստայի կրունկով ֆանտաստիկ փոխանցումը:
Գլխապտույտ իրավիճակում ամենաարագը կողմնորոշվեց «Մարիտիմուի» հարձակվող Իբսոնը եւ, կասեցնելով գնդակը, անվրեպ հարվածով հաղթանակ պարգեւեց իր թիմին: Ահա ինչ արժեք ունեցավ ֆուտբոլիստի մեկ ոչ ստանդարտ գործողությունը: «Ռիու Ավեն» այս ձախողումից հետո կրեց առաջնությունում անդրանիկ պարտությունը եւ 10 միավորով մնաց «Մարիտիմուի» թիկունքում:
«Բենեվենտո»-«Տորինո». Թուրինյան կարեւորագույն դերբիից առաջ «Տորինոյին» լրացուցիչ թթվածին էր պետք: Անհրաժեշտ չափաբաժինը լրացնելու լավագույն տարբերակներից մեկը «Բենեվենտոյի» հետ արտագնա խաղն էր: Առաջնության նորեկը ձախողել էր Ա սերիայի մեկնարկը՝պարտվելով առաջին 2 խաղում:
Սինիշա Միխայլովիչի թիմն ամբողջ մրցավեճի ընթացքում պայքարում էր 3 միավորի համար, բայց գործը վճռական հարվածի չէր հասնում: «Բենեվենտոն» աստճանաբար հավատաց Ա սերիայում առաջին միավորը վաստակելու գայթակղությանն ու պատժվեց:
«90+3»-րդ րոպեին Ադեմ Լյաիչի կտրող փախանցումից հետո գնդակը հայտնվեց Յագո Ֆալկեի մոտ: Վերջինս այն ուղարկեց դարպասն ու նվազագույն հաշվով հաղթանակ պարգեւեց «Տորինոյին»: «Բենավենտոն» կրեց 3-րդ անընդմեջ պարտությունը եւ կամաց-կամաց սկսում է վերադառնալ այնտեղ, որտեղից եկել էր:
«Զալցբուրգ»-«Ռապիդ». Ավստրիայի առաջնության 7-րդ տուրում կայացավ մրցաշարջանի ամենասկզբունքային դիմակայություններից մեկը: Բունդեսլիգայի վերջին տարիների ֆուտբոլային դրոշակակիր «Զալցբուրգը» սեփական հարկի տակ խաղաց Ավստրիայի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ակումբի՝ Վիեննայի «Ռապիդի» հետ:
Թիմերի պայքարը մշտապես անցնում է շիկացած մթնոլորտում: Բացառություն չեղավ նաեւ այս խաղը: «Ռապիդը» ստիպված էր մրցավեճի 16-րդ րոպեից խաղալ 10-ը ֆուտբոլիստով: Կոպտագույն խաղի համար դաշտից հեռացվել էր Մարիո Պավելիչը:
Թվաց՝ «Ռապիդը» կոտրվելու է եւ վայր է դնելու զենքերը, բայց իրավիճակն այլ զարգացումներ էր կանխորոշել: Հյուրերը 2 անգամ հայտնվեցին հաղթողի դերում պահպանում էին 2-1 հաշիվը: Իրավիճակը «Ռապիդի» համար գլխիվայր շրջվեց «90+2»-րդ րոպեին: «Զալցբուրգի» կազմակերպած գարգետ կոմբինացիան շրջադարձ հարվածով եզրափակեց Մանաս Դաբուրը: «Զալզբուրգը» փրկվեց խայտառակ պարտությունից ու շարունակում է բունդեսլիգայում հետապնդել առաջատար «Շտուրմին»:
«Ֆեյրենսի»- «Սպորտինգ Լիսաբոն». Պորտուգալիայի առաջնության 5-րդ տուրում, սեփական սխալների պատճառով 100-տոկոսանոց արդյունքից կարող էր զրկվել Լիսաբոնի «Սպորտինգը»:
«Ֆեյրենսեի» հետ արտագնա խաղի 2-րդ կեսում վիշապներն իրենց համար ստեղծել էին 2 անպատասխան գոլի առավելություն, կար տպավորություն, որ հանգիստ 3 միավոր կվաստակեն: Ժորժե Ժեզուսի թիմն աչք փակեց, իսկ մրցակցի պատասխանը չուշացավ:
«Ֆեյրենսին» կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը եւ բավական վստահ պաշպանվում էր մինչեւ «90+8»-րդ րոպեն, քանի դեռ սեփական դարպասին չէին բերել 11 մետրանոց հարվածը: Սեբաստիան Կոատեսի վաստակած հարվածն անվրեպ իրացրեց Բաս Դաստն ու 5-րդ անընմեջ հաղթանակը շնորհեց «Սպորտինգին»: Լիսաբոնցիները «Պորտուի» հետ միասին ունեն 15-ական միավոր եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Արմեն Մանուկյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: