Մայիս 04, 2024
exclusive
20307 դիտում

Գվարդիոլայի գաղտնի զենքն ու «Տոտենհեմի» անվճար ուսուցիչը


Լուսանկարը` cdn.com


Համաշխարհային ֆուտբոլը թիկունքում թողեց եւս մեկ շաբաթ: Mediamax Sport-ը սկսում է նոր նախագիծ, որտեղ յուրաքանչյուր տուրի կտրվածքով ամփոփվելու են միայն այն հանդիպումները, որոնց ելքը վճռվել է  բացառապես «90+» ժամանակում: «90+»-ի հետ ստացիր ֆուտբոլային դրամատիզմի քո չափաբաժինը:):

«Բրագա» - «Հաֆնարֆյորդուր»

Դեռ Եվրոպայի առաջնությունից սկիզբ առած իսլանդական ֆուտբոլային հեքիաթը հունից հանեց «Բրագա»-ին, եւ պորտուգալական ակումբը դաժան վերջաբանով հաշվեհարդար տեսավ «Հաֆնարֆյորդուրի» նկատմամբ: Այն, որ Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆում ֆավորիտ էր «Բրագան», ապացուցեց Իսլանդիայում կայացած խաղը, որտեղ հյուրերը հաղթեցին 2:1 հաշվով: Թվում էր` սեփական հարկի տակ ամեն ինչ ավելի հեշտ է ստացվելու: Բայց դա միայն թվում էր: «Հաֆնարֆյորդուրը», 2 անգամ հայտնվելով հաղթողի դերում, մինչեւ 80-րդ րոպեն խաղը տեղափոխում էր լրացուցիչ ժամանակ՝  հաղթելով նույն` 2:1 հաշվով: Անհրաժեշտ էր պահել հաշիվը: Եթե նույնիսկ գոլ բաց թողնեին խմբային փուլ դուրս գալու համար, պետք էր եւս մեկ գոլ խփել: «Բրագան», համաձայն չլինելով լրացուցիչ ժամանակի տարբերակին, առաջ նետվեց: 80-րդ րոպեին տանտերերից հաշիվը հավասարեցրեց Պաուլինյոն: «Հաֆնարֆյորդուր»-ը ամբողջ թիմով գնաց գոլ խփելու, սակայն «աչքի տեղը ունքն էլ հանեց»: Մրցավարի կողմից փոխհատուցած ժամանակի 90+3-րդ րոպեին իսլանդական թիմը գրոհ կազմակերպելիս սխալվեց, «Բրագայի» պաշտպանն ուժեղ հարվածով կլորն ուղարկեց մրցակցի կիսադաշտ, որտեղ «Հաֆնարֆյորդուրի» դարասապահի անհաշվենկատ գլխով հարվածից հետո գնդակը հայտնվեց Դիեգո Սոուզայի մոտ: Նա չվրիպեց եւ հաղթանակ նվիրեց իր թիմին: «Բրագա»-ն անցավ խմբային փուլ:




«Ֆեներբախչե» - «Վարդար»

Ինչպե՞ս կարող է 11 միլիոն եվրո բյուջե ունեցող «Վարդարը» հաղթահարել 92 մլն ունեցող «Ֆեներբախչեի» արգելքը: Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Ֆեներբախչեի» պարտությունից հետո թուրքական մամուլն ուներ հենց այս գլխագիրը: Պատասխանն ավելի քան ակնհայտ է: Մակեդոնիայի չեմպիոնը խաղաց ռացիոնալ ֆուտբոլ եւ ֆանտաստիկ կերպով օգտագործեց իր խաղացողների արագությունը: «Վարդարը» տնային խաղում հաղթել էր 2:0 հաշվով, բայց նույնիսկ այս պարագայում դիմակայության ֆավորիտ մնում էր աստղերով համալրված «Ֆեներբախչեն»: Թուրքական թիմն ամբողջ խաղի ընթացքում տասնյակի հասնող գոլային հնարավորություններ ստեղծեց, բայց իրացրեց ընդամենը մեկը: «Վարդարն» էլ հավասարեցրել էր խաղի հաշիվը: Մրցավեճի ամենահամեղ պատառը 90+1-րդ րոպեին էր: Մաթյո Վալբուենան մրցակցի տուգանային հրապարակում կորցեց գնդակը, որին հետեւեց «Վարդարի» կայծակնային հակագրոհը: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կտրեց «Ֆեներբախչեի» պաշտպանությունը եւ հարվածի դուրս բերեց «Վարդարի» ավագ Նիկոլա Գլիգորովին: Վերջինս դիպուկ էր:  «Վարդարը» հաղթեց 2-1 հաշվով եւ դուրս եկավ Եվրոպա լիգայի խմբային փուլ:



«Սանկտ Գալլեն» - «Յանգ Բոյզ»

«Յանգ Բոյզի» անհաջողությունները շարունակվում են: «Չեմպիոնների լիգայում» ձախողումից հետո Շվեյցարիայի նախորդ առաջնության փոխչեմպիոնը հրաշքով փրկվեց պարտությունից «Սանկտ Գալլենի» հետ խաղում: Չնայած  խաղի ընթացքում առաջինը հաջողության էին հասել «երիտասարդ տղաները», այնուամենայնիվ, 90 րոպեից հետո հենց նրանք էին պարտվում 1-2 հաշվով: «Սանկտ Գալլենին» րոպեներ չբավարարեց Շվեյցարիայի առաջնությունում 6-րդ տուրից հետո «Յանգ Բոյզին» հավասարվելու համար: 90+1-րդ րոպեին դեղինների կազմում հաշիվը հավասարեցրեց Քասիմ Նուհուն: «Սանկտ Գալլենը» ստիված եղավ կիսել միավորն ու մնալ մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում: Նույնիսկ այսպիսի վերջաբանը «Յանգ Բոյզին» ոչ մի կերպ չի սփոփում: Թիմը պայքարում է միայն չեմպիոնության համար:



«Տոտենհեմ» - «Բարնլի»

Քրիս Վուդը լոնդոնցիների համար անվճար դասընթաց է կազմակերպում գոլային պահերն օգտագործելու թեմայով: Այլ կերպ բնորոշել «Տոտենհեմ» - «Բարնլի» հանդիպումը հնարավոր չէ: Անգլիայի առաջնության 3-րդ տուրում «Տոտենհեմը» ցույց տվեց, որ դեռ ունակ չէ դասեր քաղել սեփական սխալներից: Նախորդ տուրում Պոչետինոն ու ընկերները վերջին րոպեներին պարտվել էին «Չելսիին»: Այս անգամ էլ 90+2 րոպեին պատկերը գրեթե կրկնվեց: Մի շարք չօգտագործված գոլային պահերին հաջորդեց «Բարնլիի» արագ հակագրոհը, որից հետո եղավ գոլը՝ 1:1: Ռոբի Բրեդին 4 պաշտպանների արանքով գնդակը հասցրեց Քրիս Վուդին, ում հարվածը հաղթանակից զրկեց «Տոտենհեմին» ու ուղարկեց նրան մրցաշարային աղյուսակի միջնամաս:

Լուսանկարը` cdn.com

«ՍՊԱԼ» - «Ուդինեզե» 

Իտալիայի Ֆերարա քաղաքը ներկայացնող Ա սերիայի նորեկ գաճաճ «ՍՊԱԼ»-ը կարող է հօդս ցնդեցնել իտալացի հայտնի մասնագետ Լուիջի Դել Ներիի հետագա մարզչական գործունեությունը «Ուդինեզեում»: «Ուդինե»-ի հետ խաղում «ՍՊԱԼ»-ը ֆանտաստիկ տեմպ էր հաղորդել իր գրոհներին եւ կարողացել 2 անգամ հասնել հաջողության: Զեբրերն ուշքի եկան 70-րդ րոպեին ու ստեղծեցին տպավորություն, որ քամբեքը կատարված է: Դել Ներիի թիմը ժամանակից շուտ հավատաց 2:2 հաշվին եւ արժանի պատիժ ստացավ 90+4-րդ րոպեին: Հաղթական դարձավ Լուկա Ռիցոյի հեռահար պտտեցրած հարվածը: «Ուդինեզեն» կրեց 2-րդ անընդմեջ պարտությունը:

Լուսանկարը` Twitter


«Բորնմուտ» - «Մանչեսթեր Սիթի»

«Սիթի»-ի գաղտնի զենքը հերթական անգամ կրակում է ճիշտ ժամանակին: Պեպ Գվարդիոլայի թիմում բարի ավանդույթ է ձեւավորվել ձախողված խաղի վերջում գնդակը հասցնել Ռահիմ Սթերլինգին եւ ապահովել ցանկալի արդյունք: Այսպես եղավ նաեւ Անգլիայի առաջնության 3-րդ տուրի «Բորնմուտի» հետ խաղում: Մրցավեճի հիմնական ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: 90+7-րդ րոպեին` Դանիլո-Սթերլինգ կոմբինացիայից հետո անգլիացին կաթվածահար արեց «Բորնմուտին»` 3 միավոր պարգեւելով «Սիթիին»: Հատկանշական է, որ գոլից վայրկյաններ առաջ գրոհում էր «Բորնմուտը» եւ անչափ մոտ էր հաջողությանը: «Չես խփում դու, խփում են քեզ»... «Մանչեսթեր Սիթին», վաստակելով 7 միավոր, տեղակայվեց  առաջատարների քառյակում:

Լուսանկարը` https://mancitysquare.com

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին