Հայկական Կարմիր. 1945



Հաղթանակի տոնը Երեւանում


1945թ. մայիսի 8-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով մայիսի 9-ը հայտարարվում է Հաղթանակի տոն։

Հարյուրհազարավոր հայեր տարբեր երկրների զորքերի կազմում մասնակցում են մարդկության պատմության ամենադաժան ու արյունալի պատերազմին եւ իրենց անուրանալի ներդրումն ունեցան ֆաշիզմի դեմ հաղթանակում։

Պատերազմի ավարտի լուրը մեծ ցնծությամբ են ընդունում Հայաստանում։ Ռադիոյի հաղորդագրությունից անմիջապես հետո հազարավոր մարդիկ հեղեղում են Երեւանի փողոցները։

 

 

«Երեւա՜ն։ Այգաբացի անդորրը ճեղքում են հազարավոր բարձրախոսները, որոնք քաղաքի հրապարակներից, դարպասներից ու տներից ավետում են հաղթանա՜կ, հաղթանա՜կ։ ...Երեւանը ոտքի վրա է, մարդիկ լցվել են փողոցները, հրապարակներն ու պուրակները։ Տարերային մի ուժ նրանց դուրս է բերել տներից, հրդեհել նրանց սրտերը խելահեղ ցնծության կրակով։ Մարդիկ ցնծության արբեցումով ողջագուրվում են, գրկախառնվում, ցնծագին աղաղակում, ուրախությունից լալիս»,- գրում էր «Գրական թերթը»։

Մայիսյան հաղթանակից հետո հայրենիք են սկսում վերադառնալ հազարավոր հայ զինվորներն ու սպաները։ Մամուլը հատուկ ուշադրությամբ ու հետեւողականորեն պատմում է հայ սպաների ու գեներալների սխրագործությունների ու կատարած մարտական առաջադրանքների մասին։

Կարդացեք նաեւ՝ Հայերը Երկրորդ աշխարհամարտում

Կարդացեք նաեւ՝ Մեծ Հաղթանակը՝ սփյուռքի թերթերի առաջին էջերում


«Հաղթանակ» կամուրջը


1945թ. նոյեմբերին բացվում է Հրազդան գետի «Հաղթանակ» կամուրջը, որի աջ կողմում Երեւանի կոնյակի գործարանն է, իսկ ձախում՝ «Արարատ» գինու կոմբինատը։

 

 

Կամուրջն ունի 200 մետր երկարություն եւ կառուցված է 7 կամարի վրա, լայնությունը 25 մետր է, բարձրությունը՝ 34։ «Հաղթանակ» կամրջի ճարտարապետը Արտաշես Մամիջանյանն է, ճարտարագետը՝ Սիմոն Հովհաննիսյանը։


Թումանյանի կիսանդրու բացումը Դսեղում


1945թ. հուլիսին Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում, տեղադրվում է բանաստեղծի կիսանդրին։ Հեղինակը քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուն է (Այծեմնիկ Տեր-Խաչատրյան)։

Կիսանդրու բացմանը մասնակցում էին ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահ Սիմակ Սահակյանը, Ստեփան Զորյանը, Նաիրի Զարյանը, Արազին, Սարմենը եւ բազմաթիվ այլ հյուրեր։

 

 

«Բուռն ծափահարությունների եւ կեցցեների տարափի տակ ընկ. Սիմակ Սահակյանը պոետի պապի՝ սպա Թումանյանի սրով կտրում է ժապավենը եւ սպիտակ սավանը դանդաղորեն իջնում է ցած՝ բանալով ժպտացող պոետի կիսանդրին»,- գրում էր «Ավանգարդը»։


Լենինի շքանշան Ավետիք Իսահակյանին


1945թ. հուլիսին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանաստեղծ Ավետիք Իսահակյանը պարգեւատրվում է Լենինի շքանշանով՝
«գեղարվեստական գրականության բնագավառում աչքի ընկնող ծառայությունների համար, ծննդյան 70-ամյակի կապակցությամբ»։

Հուլիսի 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնում տեղի է ունենում հանդիսավոր երեկո՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 70-ամյակին։ Ելույթ են ունենում գրողներ, կուսակցական եւ պետական պաշտոնյաներ, մեծարում սիրված բանաստեղծին։

 

 

«Շարունակ դժգոհ, շարունակ թափառիկ, շարունակ որոնելով իր բախտը, հրաժարվելով «գյուղից», ընկնելով «սար ու ձոր», հրաժարվելով «մարդկությունից», գնալով «դեպի արեւը», լքելով «երկրագունդը» եւ կորչելով «տիեզերական անհուն տարածությունները»՝ թափելով աշխարհի գլխին ամենապեսիմիստական անեծքները, տածելով ամենադաժան ատելությունը դեպի իր դժբախտությունը, «վերքի» վայրերն ու մարդիկ,- երկու սրբություն ունեցավ նա սակայն, երկու բանի մնաց հավատարիմ, գուրգուրեց եւ նվիրեց իր սրտի ամենաքնքուշ խոսքերը. դա մարդն էր եւ մայրենի երկիրը - հայ ժողովուրդը»,- Իսահակյանի մասին գրել էր Դերենիկ Դեմիրճյանը։

Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահությունը Ավետիք Իսահակյանի ծննդյան 70-ամյակի առթիվ բանաստեղծի ծննդավայրը՝ Ղազարապատ գյուղը վերանվանում է Իսահակյան։


Կարմիր բլուրի պեղումները


1945թ. հունիսին վերսկսվում են Կարմիր բլուրի պեղումները, որոնք իրականացնում էր ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի եւ Լենինգրադի Էրմիտաժի համատեղ խումբը։ Հնագետների աշխատանքը ղեկավարում էր Բորիս Պիոտրովսկին։

 

 

Պեղումների արդյունքում Կարմիր բլուրում բացվում է արքայական պալատի արեւելյան հատվածը եւ պարիսպը։ Գիտնականները հայտնաբերում են բազմաթիվ կավե ամաններ, կարասներ եւ կենցաղային այլ առարկաներ։ Կարասներից մի քանիսում պահպանվել էին ցորեն, գարի եւ կորեկ։ «Մոտ 2600 տարվա հնություն ունեցող այդ հացահատիկից արշավախումբը վերցրել է երկու դույլ մաքուր ցորեն ու գարի»,- գրում էր «Ավանգարդը»։


Խորհրդային Հայաստանի օրհներգը


1945թ. օգոստոսին ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահությունը հաստատում է Խորհրդային Հայաստանի օրհներգը։ Խոսքերի հեղինակը բանաստեղծ Սարմենն է (Արմենակ Սարգսյան), իսկ երաժշտությունը գրել է Արամ Խաչատրյանը։ Օրհներգի երկու քառատողում օգտագործված էր Ստալինի անունը, որոնք հետագայում փոխվում են.


Լենինն անմահ մեզ հուրն անշեջ պարգեւեց,
Մեր դեմ շողաց երջանկաբեր այգաբաց,
Ստալինը մեծ՝ կործանումից մեզ փրկեց
Եվ տվեց մեզ նոր, ազատ կյանք փառապանծ։

 

 

Փառք քեզ, միշտ փառք, Սովետական Հայաստան,
Հանճարեղ դու ճարտարագործ-շինարար,
Ժողովրդոց սուրբ դաշինքով ստալինյան
Դու ծաղկում ես եւ կերտում լույս ապագադ։


Գեւորգ Զ-ի ընտրությունը


1945թ. հունիսի 16-22-ը Էջմիածնում գումարվում է համազգային եկեղեցական ժողովը, որի գլխավոր նպատակը Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն էր։ Հունիսի 22-ի նիստում, ժամը 4։45-ին ս. Էջմիածնի Մայր տաճարում միաձայն Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվում Գեւորգ սրբազան արքեպիսկոպոսը։

 

 

Հունիսի 24-ին Մայր տաճարում տեղի է ունենում Ամենայն հայոց կաթողիկոս Տ.Տ. Գեւորգ Զ-ի օծման արարողությունը։


Կաթողիկոսի դիմումը ԱՄՆ, ԽՍՀՄ եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարներին


1945թ. նոյեմբերի 11-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանը դիմում է երեք մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Տրումենին, Ստալինին եւ Էտլիին՝ խնդրելով «ազատագրել եւ Սովետական Հայաստանին կցել» Թուրքիայի հայկական վիլայեթները։


«Այս արդար եւ վսեմ գործի հաջողության համար աղերսանոք դիմում եմ Ամենակարող Աստծո օգնությանը. թող Բարձրյալն օրհնե Ձեզ եւ առաջնորդե Ձեր միտքն ու կամքը բարին կատարելու, այլեւ շարժե ներկա Թյուրքիայի ղեկավարների խիղճը, քավելու իրենց եւ նախորդների ծանր հանցանքները»,- ասված էր կաթողիկոսի դիմումում։

 

 

Կաթողիկոսի դիմումից մի քանի ամիս առաջ՝ 1945թ. հուլիսի 19-ին, «Ամերիկայի հայ ազգային խորհուրդ» կազմակերպությունը դիմել էր Տրումենին, Ստալինին եւ Չերչիլին՝ կոչ անելով Թուրքիայի կազմի մեջ մտած հայկական նահանգները վերադարձնել «նրանց միակ օրինական ներկայացուցչին՝ Սովետական Հայաստանին»։

Հայտարարությունը ոչ միայն անդրադառնում էր 20-րդ դարի սկզբի իրադարձություններին, այլեւ մատնանշում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի չեզոքությունը ձեւական էր։ «Թուրքերը վարում էին իրենց տրադիցիոն երկերեսանի քաղաքականությունը։ Չեզոքության քողի տակ նրանք օգնում էին նացիստներին եւ հիանում Գերմանիայի սկզբնական հաջողություններով։ Թուրքիան պատրաստ էր բացե ի բաց պատերազմի մեջ մտնելու Գերմանիայի կողմում, եթե նացիստները գրավեին Ստալինգրադը»,- ասված էր հայտարարության տեքստում։ Միաժամանակ խորհուրդը խնդրում էր երեք երկրի ղեկավարներին հայերի համար իրենց պատմական հայրենիք՝ Խորհրդային Հայաստան վերադառնալու հնարավորություն ստեղծել։

Սեպտեմբերին համանման բովանդակությամբ դիմում է հրապարակում նաեւ «Ամերիկայի հայկական ավետարանական միությունը»։


Հարությունյանի նամակը Ստալինին


Խորհրդային Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը (Արութինով) 1945 թ. նոյեմբերին Իոսիֆ Ստալինին ուղղված նամակում գրում է.

«Հայաստանի տարածքին հարող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը 1923 թվականից գտնվում է Ադրբեջանի ԽՍՀ կազմում: Այդ մարզի բնակիչները հիմնականում հայեր են: 153 000 բնակչությունից 137 000-ը հայ են: Նկատի ունենալով այս եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ցանկությունը՝ Կենտկոմը եւ Հայաստանի Ժողկոմխորհը ՀամԿ(բ)Կ Կենտկոմի եւ միութենական կառավարության քննարկմանն են ներկայացնում Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը որպես Ղարաբաղի մարզ, Հայաստանի ԽՍՀ կազմ ներգրավելու հարցը: Հարցին դրական լուծում տրվելու դեպքում Հայաստանի Կենտկոմը եւ Ժողկոմխորհը կառավարություն կմտնեն Ղարաբաղի նախկին կենտրոն՝ սովետական կարգերի հաստատվելուց առաջ ավերված Շուշի քաղաքը վերականգնելու առաջարկությամբ»:

Կարդացեք նաեւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի Խորհրդային Ադրբեջանի «զգայուն հայկական թեմաները» հոդվածը


Հայրենադարձության ծրագրի մեկնարկը


1945թ. դեկտեմբերի 2-ին ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդը հրապարակում է արտասահմանից հայերի վերադարձի համար անհրաժեշտ միջոցառումների մասին հատուկ որոշումը, որով սկսվելու էր հայրենադարձության ծրագիրը։ Այս որոշումը մեծ ոգեւորությամբ է ընդունվում Խորհրդային Հայաստանում։ Ստալինին ձոնված ողջույններից ու շնորհակալությունից բացի, նկատվում էր հայ մարդկանց անկեղծ ուրախությունը։ «Այս որոշումով արտասահմանի հայերը, մեր արյունակիցներն ու հայրենակիցները հնարավորություն են ստանում վերադառնալու Հայաստան։ Մենք գրկաբաց ու սիրով կընդունենք արտասահմանի մեր եղբայրներին»,- ասել էր Մարտիրոս Սարյանը։

Դերենիկ Դեմիրճյանի, Արամ Խաչատրյանի եւ այլ մտավորականների ողջույնի խոսքերը նույնպես լի էին մեր հայրենակիցներին ընդունելու, ամեն ինչով աջակցելու վճռականությամբ։ «Թափառական հայ բազմությունները մի անպարտելի տենչանք ունեն - օր առաջ թողնել օտար երկրները, ուր նրանք մաշում են իրենց կյանքը եւ գալ Հայրենիք»,- գրել էր Ավետիք Իսահակյանը։


Գեղարդի համալիրի բարեկարգումը


1945-ին ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում է բարեկարգել Գեղարդի եկեղեցական համալիրի տարածքն ու հուշարձանները։ Ժողկոմխորհին կից Ճարտարապետական գործերի վարչությանը հանձնարարվում է վերականգնել համալիրի տարածքում եղած վարչական կառույցների պատերն ու վնասված այլ հատվածները։

 

 

Գեղարդի համալիրը լուսավորելու նպատակով Գողթն գյուղից կառուցվում է 3.5 կմ երկարության էլեկտրահաղորդակցման գիծ։ Վերակառուցվում է նաեւ համալիրի տարածքում գործող էքսկուրսավարների հանրակացարանը։

Համալիրի վերանորոգման եւ բարեկարգման համար հատկացվում է 40 000 ռուբլի։


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: