Հայկական Կարմիր. 1967



ԽՍՀՄ-ում սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ, Հունաստանում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում, եւ իշխանությունն անցում է «սեւ գնդապետներին», կայանում է Ժակ Բրելի վերջին համերգը, լույս է տեսնում է «Բիթլզ» խմբի Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band ձայնապնակը, «6-օրյա պատերազմում» Իսրայելը հաղթանակ է տանում Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի եւ Ալժիրի նկատմամբ:


Ախթալայի ֆաբրիկայի բացումը


1967թ․ հունվարի 7-ին շահագործման է հանձնվում Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկան, որը Խորհրդային Հայաստանի հանքարդյունաբերության հերթական խոշոր ձեռնարկությունն էր։

Կառույցն ուներ մի քանի «հարկ». ամենավերին մասում հանքաքարը մանրացվում էր մինչեւ 15-20 սմ, ապա տեղափոխվում հաջորդ տեղամաս։ Այստեղ շարունակվում էր հումքի մանրացումը։

«Ախթալայի ֆաբրիկայում, մեր հանրապետությունում առաջին անգամ, տեղակայվել է հնչյունային ավտոմատ սիստեմ։ Հատուկ սարքերը ուշի-ուշով լսում են աղացների ձայնը եւ ավտոմատ կերպով կարգավորում պրոցեսը»,- գրում էր «Խորհրդային Հայաստանը»։


Վերջին փուլում իրականացվում էր մանրացված հանքանյութի ֆլոտացիան, որի ժամանակ քիմիական մշակումով պղինձն ու այլ գունավոր մետաղներն առանձնանում էին քարից։ Եթե նախնական վիճակում հանքանյութը պարունակում էր 1,5-1,8 տոկոս պղինձ, ապա ֆլոտացիայից հետո ստացվում էր խտանյութ, որտեղ պղնձի պարունակությունը հասնում էր շուրջ 20 տոկոսի։


Երեւանի էլեկտրոնաօղակային արագացուցիչը


1967թ․ սկզբին գործարկվում է Երեւանի էլեկտրոնաօղակային արագացուցիչը, որն ամենամեծն էր ԽՍՀՄ-ում։ Արագացուցիչի կառուցումը տեւել էր 7 տարի։

 

 

Ժամանակի ամենաառաջատար գիտական նախագիծը ղեկավարում էր Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանը։ Անդրադառնալով արագացուցիչի նշանակությանը՝ Ալիխանյանը 1967-ին պարզաբանում էր, որ «այն ժամանակակից սարք է, որը մեծ էներգիայի մասնիկների աղբյուր է, ինչն անհրաժեշտ է ատոմային միջուկի եւ նրա բաղկացուցիչ մասերի հետազոտության համար»։

 

 

Արագացուցիչը ստացել էր «Արուս» անվանումը՝ ռուսերեն Армянский ускоритель բառակապակցությունից։


Թորոս Ռոսլինի արձանը


1967թ․ Երեւանի Մատենադարանի շենքի գլխավոր մուտքի ձախակողմյան պատի մոտ տեղադրվում է Կիլիկյան հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի արձանը։

 

 

Քանդակի հեղինակը Արշամ Շահինյանն է։ Արձանն ունի 3,4 մետր բարձրություն եւ քանդակված է բազալտից։


«Արագած» սառնարանը


1967թ․ մարտին Երեւանի Լենինի անվան էլեկտրամեքենաշինական գործարանը թողարկում է հայկական արտադրության առաջին սառնարանը՝ հայտնի «Արագածը»։

Նախապատրաստական աշխատանքները, նախագծումը եւ համապատասխան հաստոցների տեղադրումը տեւել էր գրեթե չորս տարի։ «Արագածը» նախագծվել էր Ռուսաստանի Մուրոմ քաղաքի գործարանի արտադրած սառնարանի հիմքով, սակայն զգալի փոփոխություններ էր կրել։ Հայկական արտադրության սառնարանը 27-րդ տեսակի սառնարանն էր, որն արտադրվում էր ԽՍՀՄ-ում։ Փոփոխությունների ամենակարեւոր դրվագը մետաղական մասերի փոխարինումն էր․ սառնարանի ներսի դետալները, դարակները պատրաստվում էին պլաստմասից եւ մոտ 6 կգ ավելի թեթեւ էին։

 

 

«Արագածը» կշռում էր 70 կգ, ուներ 1,2 մ բարձրություն եւ 59 սմ լայնություն։


50-ամյակի հուշարձանը


1967 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի կապակցությամբ, «Հաղթանակ» զբոսայգու դիմաց բացվում է համանուն հուշարձանը, որի հեղինակներն էին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը եւ Սարգիս Գուրզադյանը։

Սլացիկ հուշարձանն ունի 65 մետր բարձրություն, որի վերեւում կա դեռեւս ուրարտական ժամանակներում օգտագործվող կամարաձեւ երեք ելուստ։ Այս զարդանախշն օգտագործվում էր հայկական արքունական տներում։ Հուշարձանի վրա քանդակված են Եղիշե Չարենցի խոսքերը. «Բոլոր նրանց, ում հոգին վառվում է վառ»։

 

 

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունենում նոյեմբերի 6-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի նախօրյակին։

Հենց այս հուշարձանի շնորհիվ են մարդիկ սկսում հարակից թաղամասն անվանել «Մոնումենտ»:


«Մայր Հայաստանը»


1967 թվականին «Հաղթանակ» զբոսայգում բացվում է Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» արձանը: Այն տեղադրվում է 1962 թվականին ապամոնտաժված Իոսիֆ Ստալինի արձանի պատվանդանի վրա:

 

 

Արա Հարությունյանի որդին՝ Արամ Հարությունյանը, 2012-ին Մեդիամաքսին պատմել էր.

«Հին հուշարձանի ստույգ չափերը հորս հայտնի չէին: Նա փնտրեց ու գտավ Ստալինի արձանի մասնիկները՝ կոշիկն ու աչքը: Այդ գտածոները օգնեցին նրան ճշգրիտ կերպով գտնել համաչափությունը: Հետագայում հայրս կոշիկը նվիրեց ինչ-որ մեկին, իսկ աչքը մինչ օրս գտնվում է նրա արվեստանոցում:

Հայրիկիս խնդրել էի, որ ես էլ մասնակցեմ հուշարձանը Հաղթանակի զբոսայգի տեղափոխելու ընթացքին: Մեկ գիշերվա ընթացքում հուշարձանը տեղափոխեցին մեծ ավտոմեքենաների միջոցով: Ժամում 20 կմ արագությամբ «քարավանը» շարժվեց. առջեւում ոստիկանական մեքենաներն էին, նաեւ զինվորականներ կային:

 

 

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն չեղավ: Կատակով ասում եմ, որ հավանաբար, նման չափի կտոր չգտան, որ վրան գցեն: Այն ժամանակ դեռ շատերը չէին կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Ստալինի հուշարձանը այլեւս չկա, եւ նրան փոխարինել է մի կին, ով պաշտպան է, զինվոր, աշխատող, նաեւ` պարզապես կին: Սակայն որոշ ժամանակ անց ժողովուրդը սիրեց «Մայր Հայաստանը»»:

Կարդացեք նաեւ «Հաղթանակ» զբոսայգի կամ «Մոնումենտ»` կենդանի պատմություն:


«Եռանկյունի» ֆիլմը


1967 թվականին էկրան է բարձրանում «Հայֆիլմ» կինոստուդիայի «Եռանկյունի» ֆիլմը։

Ֆիլմի սցենարը գրել էր Աղասի Այվազյանը, ռեժիսորն էր Հենրիկ Մալյանը, օպերատորը՝ Սերգեյ Իսրայելյանը։

 

 

Ֆիլմում խաղում էին դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Իննա Ալաբինան, Պավել Արսենովը։



Կինոնկարը պատերազմի ժամանակ 5 դարբնի ընկերության մասին է, որը պատմում է դարբիններից մեկի որդին:


Երեւանի ճոպանուղին


1967-ին շահագործման է հանձնվում Երեւանի ճոպանուղին, որը այժմյան Հերացու փողոցի մոտից կապ էր հաստատում Նորքի բարձունքներում տեղակայված թաղամասերի հետ։

Ճոպանուղին ուներ 557 մետր երկարություն։ Շահագործման սկզբում գործում էին երկու վագոնիկներ, որոնցից յուրաքանչյուրը կարող էր տեղափոխել մինչեւ 25 ուղեւոր։ Ճոպանուղին զգալիորեն արագացնում ու հեշտացնում էր ուղեւորափոխադրությունը եւ մարդկանց Նորքի բարձունք կարող էր հասցնել 2,5 րոպեում։ Քաղաքի ներքեւում գտնվող ճոպանուղային կայարանում գործում էին բացօթյա եւ փակ սրճարաններ, կար գեղեցիկ շատրվան։

 

 

«Նորքի ստվերաշատ այգիների մեջ է բարձրացել ճոպանուղու մյուս՝ վերին կայարանը։ Եթե ներքեւի կայարանն ուներ ամֆիթատրոնի ձեւ, ապա սա ուղղանկյուն ձեւ ունի։ Շենքի համար նուրբ հարդարումով օգտագործվել են կաթնանման եւ վարդագույն տուֆեր, գորշագույն բազալտ, մետաղ եւ ապակի»,- գրում է «Սովետական Հայաստան» ամսագիրը։


Ճոպանուղին կառուցվել էր ճարտարապետներ Հովհաննես Մարգարյանի եւ Բաղդասար Արզումանյանի նախագծով եւ գործում է մինչեւ 2004 թվականը։


Եղեռնի հուշարձանը


1967թ․ նոյեմբերի 29-ին՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման տոնակատարության օրը, Երեւանի Ծիծեռնակաբերդի բարձունքում բացվում է Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։

Հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել էր ճարտարապետներ Արթուր Թարխանյանի եւ Սաշուր Քալաշյանի ներկայացրած նախագիծը։

 

 

Հուշարձանի բացմանը ներկա էր Խորհրդային Հայաստանի ամբողջ ղեկավարությունը՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի եւ ԳԽ նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանի գլխավորությամբ։ Հազարավոր մարդիկ եկել էին մասնակցելու հուշարձանի բացմանը, որը միաժամանակ հայ ժողովրդի վերապրելու, ազգային զգացմունքները հարգելու արարողություն էր։

 

 

Իր ելույթում Անտոն Քոչինյանն անդրադառնում է 20-րդ դարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած մեծ ոճրին՝ նշելով, որ «հայ ժողովրդի արեւմտյան հատվածի ոչնչացումը հնարավոր դարձավ իմպերիալիստական պատերազմի պայմաններում»։

 

 

«Մեր ժողովուրդը բարեկամության եւ եղբայրության անխզելի դաշինքով կապված է Սովետական Միության, մեր սոցիալիստական մեծ հայրենիքի բոլոր ժողովուրդների հետ։ Նրա ապահովության, երջանկության ու պայծառ ապագայի հաստատուն երաշխիքը Սովետական Միության 230 միլիոնանոց սովետական ժողովրդի հավաքական ուժի մեջ է»,- ասել էր Քոչինյանը։


«Նաիրի» եւ «Ախթամար» կոնյակները


1967 թվականին Երեւանի կոնյակի գործարանում սկսում են արտադրվել «Նաիրի» (20 տարի հնեցման) եւ «Ախթամար» (10 տարի հնեցման) կոնյակները:

 

 

«Նաիրին» ամենահայտնի հայկական կոնյակն է եւ իրավամբ համարվում է Մարգար Սեդրակյանի վարպետության գագաթնակետը: Ստեղծումից ի վեր այն արժանացել է մի քանի տասնյակ ոսկե եւ արծաթե մեդալների տարբեր միջազգային մրցույթներում:

«Ախթամարը» բացառիկ կուպաժ ունի 15-ից ավելի թորվածքներից:

Այլ գլխում օգտագործվել են լուսանկարներ Հայաստանի Ազգային արխիվից, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվից, Արտեմ Ալիխանյանի ընտանիքի արխիվից:


Հեղինակներ՝ Միքայել Յալանուզյան, Արա Թադեւոսյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

«Հայկական Կարմիրը»Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:

«Հայկական Կարմիր»-ը պատմում է Խորհրդային Հայաստանի (1921-1991թթ.) մասին:

«Հայկական Կարմիր»-ի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում խորհրդային շրջանի մեկ տարվա նշանակալի քաղաքական, տնտեսական եւ մշակութային իրադարձությունները: