Ապրիլ 26, 2024
1513 դիտում

Բաբալարյան. Լավ ըմբիշներ ունենք, որոնք պատրաստ են համալրել մեծահասակների թիմը


Լուսանկարը` UWW


Հռոմում կայացած Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել է 4 մեդալ:

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դարձել է հաղթող, Աշոտ Խաչատրյանը (67 կգ)՝ արծաթե մեդալակիր, իսկ Վիգեն Նազարյանը (87 կգ) եւ Ալբերտ Վարդանյանը (130 կգ) գրավել են 3-րդ տեղը:

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը եւ մարզիչ Մովսես Կարապետյանն ամփոփել են մրցաշարը:

Բաբալարյան

Մինչ առաջնությանը մասնակցելը հավաքականը 4-5 հավաք է ունեցել, վերջինը Բորժոմիում էր Վրաստանի ընտրանու հետ:

Սուրեն Աղաջանյանը (60 կգ) հինգ գոտեմարտ է անցկացրել, փայլուն հաղթանակներ տարել, հատկապես վերջին հանդիպումներն են տպավորիչ ստացվել կիսաեզրափակչում ու եզրափակչում: Բավական ուժեղ ու տիտղոսակիր մարզիկների հաղթեց, այդ թվում՝ ադրբեջանցի: Սուրենը մեր հրահանգները փայլուն կատարեց ու գեղեցիկ հաղթանակ տարավ:

Եզրափակչում էլ վստահ գործեց, ոչ մի քայլ հետ չկատարեց, չեմպիոն դառնալու ցանկությունը գորգի վրա էլ երեւում էր: Զգացվեց, որ դուրս է եկել միայն հաղթանակի հասնելու համար:

Աշոտը եւս պատրաստ էր, եզրափակչում մի քիչ լավ չտրամադրվեց: Պայմանավորվել էինք, թե մրցակիցն ինչպես է պաշտպանվում, ինչ պետք է անի, որ հաղթի, բայց չորեքթաթ դիրքում սխալ թույլ տվեց, եւ 1:1 հաշվի դեպքում հաղթանակը տրվեց մրցակցին:

Վիգենի աշխատանքը երեւաց, վստահ էի, որ մրցանակային տեղ գրավի, բայց ուզում էի, որ ոսկի նվաճի: Հաղթեց ուժեղ մրցակիցների ու դժվար պայքարում, արդյունքում 3-րդ տեղը գրավեց: Այդ բրոնզն ինձ համար ոսկու արժեք ունի: Վիգենից շատ գոհ եմ, սկսել է մեծերի պես գոտեմարտել, արդեն մյուս տարի պետք է այս տղաները կհամալրեն ազգային հավաքականը: Բավական լավ ներուժ ունենք:

Ալբերտը եւս բրոնզե մեդալակիր դարձավ, շատ մեծ պոտենցիալ ունի եւ հնարավորություն մեծահասակների պայքարում հանդես գալու համար: Գիտի, թե ինչ է պետք անել այդ նպատակով:

Կարապետյան

Ողջ տարվա ընթացում բավական մեծ աշխատանք ենք տարել տղաների հետ ու լավ վիճակում մոտեցել մրցաշարին: Ընդհանուր արդյունքից գոհ ենք, Հոմերոս Առաքելյանից մեծ սպասումներ կային, բայց վնասվածքները խանգարեցին նրան:

Վիգենից ու Աշոտից եւս ակնկալիքներն ավելին էին, վստահ էինք, որ դուրս կգան եզրափակիչ, բայց փոքր սխալների պատճառով ձեռքից բաց թողեցին ոսկե մեդալները:

Արդյունքը գնահատում եմ լավ, գերազանց կլիներ, եթե մյուս տղաներն էլ մեդալներ նվաճեին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին