Ապրիլ 19, 2024
3736 դիտում

Գեւորգ Ալեքսանյան. Օլիմպիական կոմիտեն իր անգործությամբ մեզ վնաս է տալիս


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը խոսել է այն խնդիրներից, որոնց պարբերաբար առնչվում են:

Թիմը Եվրոպայի առաջնությունից նոր է վերադարձել, որտեղ չորս մեդալ է նվաճել, իսկ թե ինչ դժվարությունների միջով անցել, պարզաբանել է մարզիչը:

«Հույս ունեմ մենք էլ կկարողանանք հետագայում մեր մարզիկներին այնպես հանել գորգ, ինչպես անում են շատ երկրների ներկայացուցիչներ:

Մեր բյուջեն է քիչ, միշտ գումարը չի բավականացնում ավելի լավ պատրաստվել: Եղածով ենք կռիվ տալիս այն թիմերի դեմ, որոնք ամեն ինչ ունեն, այդ թվում՝ մի քանի բժիշկ ու մերսողներ: Մերսողն ու բժիշկը մեզ հետ աշխատում են, բայց աշխատավարձ չեն ստանում, մրցումների առանց նրանց ենք մեկնում:

Մեզ մոտ պատկան մարմինները ոչ մի քայլ չեն արել մրցավարության հարցը լուծելու համար: Հավասար մարզիկների պայքարում մրցավարների միջամտության արդյունքում մեդալներից ենք զրկվում: Արդեն չորրորդ ամիսն է երկու մրցման ենք մասնակցել, մարզիկներին վիտամիններ ու նոր հագուստ չեն տվել, հնով են ելույթ ունենում:

Վերականգնիչներ չեն ստանում մարզիկները, ամաչում էլ ենք նրանցից ավելի լավ արդյունք պահանջել:

Այս հարցերը 15 օր առաջ բարձրաձայնել ենք ԿԳՄՍ-ում ու խոսել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան հետ: Սպասում ենք պատասխանի:  

Գեւորգ Ղարիբյանը մեկ ձեռքով էր ԵԱ-ում գոտեմարտում, բայց չկարողացանք նրան լավ վիճակի հասցնել, որ լիարժեք մասնակցի: Անձնական գումարներով է բուժումը ստացել: Այնքան խնդիրներ ունենք, որ չենք կարողանում ավելի լավ մասնակցել:

68 մարզիկով է անցնում Հայաստանի առաջնյությունը, այդ քանակից ենք թիմ հավաքում, բայց մրցակցում ենք ուժեղ ընտրանիների հետ ու թիմային պայքարում 5-րդ տեղը գրավում: Մեր հնարավորություններն անհամեմատելի են նրանց կողքին:

Ըմբշամարտը մեր երկրում առաջնակարգ մարզաձեւ է, բայց յուրահատուկ վերաբերմունքի կարիք ունի, որ կարողանա իր մակարդակը պահել:

Օլիմպիական խաղերում երեք մեդալ ենք նվաճել, երբ բարձրաձայնեցինք խնդիրների մասին, մասնավորապես վատ մրցավարության, մեր սպորտային ղեկավարությունը դրա հետեւից չգնաց: Ի՞նչ քայլեր գործադրեցին, այ սա է անտարբերությունը:

Մենք կռվում ենք մեր երկրի համար, իսկ երբ իրենք պետք է կռվեն մեզ համար, ոչ մի քայլ չեն անում: Իսկ Օլիմպիական կոմիտեն իր անգործությամբ է մեզ վնաս տալիս»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին