Ապրիլ 24, 2024
4818 դիտում

Երիտասարդական թիմերի մարզիչներն ամփոփել են ըմբշամարտի ԱԱ-ն


Լուսանկարը` Mediamax


Ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը մեդալային էր Հայաստանի ազատ ու հունահռոմեական ոճի հավաքականների համար:

Արմեն Բաբալարյանի հունահռոմեական ընտրանին վերադարձավ 1 ոսկե ու 2 արծաթե մեդալներով, իսկ Ավետիք Վարդանյանի ազատ ոճային թիմը՝ 2 բրոնզե:

Այսօր մարզիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են մրցաշարը:

Բաբալարյան

Առաջնությանը 8 մարզիկով ենք մասնակցել ու թիմային պայքարում 3-րդ տեղը գրավել: Մալխաս Ամոյանը հաղթող է դարձել, իսկ Տիգրան Մինասյանն ու Դավիթ Օվասափյանը արծաթե մեդալներ նվաճել:

Ամոյանը փայլուն գոտեմարտեր անցկացրեց, գերազանցեց բոլոր մրցակիցներին ու 1-ին տեղը գրավեց: Մյուս 2 ըմբիշներն էլ լավ մասնակցեցին, գերազանց էին պատրաստվել, սակայն մի քիչ շտապեցին ու հաղթանակը ձեռքից բաց թողեցին:

Օվասափյանն արդեն մեծերի հավաքականում հանդես կգա, այս ԱԱ-ն բաց կթողնի, քանի որ դեռ լիովին պատրաստ չէ, բայց նա էլ երիտասարդների թիմում չէ:

Առաջիկայում Հայաստանում Հարություն Խաչատրյանի անվան միջազգային մրցաշարը կլինի, գործի մեջ կտեսնենք բոլոր ըմբիշներին ու կծանոթանանք մեր ներուժին: Թեեւ, ես մոտավոր արդեն գիտեմ ինչ ունենք:

Վարդանյան

Մենք էլ 8 ըմբիշով էինք մեկնել առաջնություն ու 2 բրոնզ ունեցանք Արսեն Հարությունյանի ու Վազգեն Թեւանյանի ջանքերի շնորհիվ: Ավելի շատ մեդալներ կարող էինք ունենալ, բայց չստացվեց:

Մեր ընտրանու կազմում ընդգրկված բոլոր ըմբիշները հաջորդ տարի էլ կմնան թիմում ու երիտասարդական պայքարին կմասնակցեն: Տարեվերջին Հայաստանի առաջնություն կլինի, կտեսնենք մարզիկների հնարավորությունները:

Իսկ մինչ այդ թիմի 2-րդ համարներն Ուկրաինայում մրցաշարի կմասնակցեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին