Ապրիլ 23, 2024
exclusive
19650 դիտում

Ալավերդյան. Ամեն ինչ անում էի, որ հայկական ծանրամարտը մաքուր մնա


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը խոսել է վերջին շրջանում մարզաձեւում ամենաշատ քննարկվող խնդիրների մասին:

Նախ նա Mediamax Sport-ի հետ զրույցում անդրադարձել է Reuters-ի տարածած տեղեկությանը, ըստ որի, Տոկիո-2020-ի ծանրամարտի մրցումներում Հայաստանը  կունենա ընդամենը երկու մարզիկ ներկայացնելու իրավունք:


«Օլիմպիական որակավորման կանոնակարգը ծանրամարտի միջազգային ֆեդերացիան դեռ չի հաստատել: Դա տեղի կունենա հուլիսին Ղազախստանում, դեռ քննարկելու հարցեր կան: Հետեւաբար, վաղ է խոսել միայն 2 մարզիկի մասին: Բացի այդ էլ խաղերում 2 մասնակից ունենալու համար պետք է 4 վարկանիշ ձեռք բերել: Այնպես որ, պետք է սպասել ու տեսնել վերջնական որոշումն ինչ կլինի»,- նշել է Ալավերդյանը:

Նա չի շրջանցել նաեւ Սոնա Պողոսյանի դրական դոպինգ-թեստը: Մարզիչը չափազանց զայրացած է, որ 5 տարի առանց արգելված նյութերի ելույթ ունեցող հայ ծանորդների մոտ թեստը դրական արդյունք է տվել:


«Սա առաջին դեպքն է, որ 2014 թվականից հետո արձանագրվել է: Ես ամեն ինչ անում էի, որ ծանրամարտը մաքուր մնա, նման բան չպետք է տեղի ունենար: Հարգում եմ կանանց ընտրանու մարզիչներին, բայց նրանք առաջին հերթին պետք է պատասխանատու լինեն այս ամենում: Եթե տեղյակ չեն եղել, շատ ավելի վատ: Ինձ խաբված եմ զգում, որ մեր այսքան ջանքերն ապարդյուն են դուրս եկել»,- նշել է մարզիչը:

Ըստ Ալավերդյանի, եթե 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2020-ի մայիսի 31-ը 3 դրական թեստ հայտնաբերվի, այդ դեպքում Հայաստանի ֆեդերացիան խոշոր դրամական տուգանք կվճարի ու կզրկվի խաղերին մասնակցելու իրավունքից. «Այս դեպքում Սոնա Պողոսյանին է որակազրկում սպառնում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին