exclusive
786 դիտում

Թիմեր, որոնք տապալում են մրցաշրջանի վճռական հատվածը



«Up&Down»-ում այս շաբաթ լավագույններ չկան: Ներկայացնում ենք թիմերի, որոնք անհաջող են հանդես գալիս  մրցաշրջանի եզրափակիչ հատվածում: Mediamax Sport-ն անդրադառնում է նաեւ  հոկեյի ազգային լիգայի փլեյ-օֆֆի գլխավոր անակնկալին:

«Լայպցիգ» ֆուտբոլային ակումբ: Ռալֆ Հազենհյութլի լայպցիգյան ֆուտբոլային գլուխկոտրուկն աստիճանաբար լուծվում է: Բունդեսլիգայի բացահայտում դարձած թիմը մրցաշրջանի ամենավճռական պահին չկարողացավ ընտրություն կատարել ներքին առաջնության ու Եվրոպա լիգայի միջեւ: Պարզից էլ պարզ է, որ Հազենհյութլի թիմը չունի բավարար ռեսուրս երկու ճակատով կռվելու ու հաջողության հասնելու համար: Գերագնահատման պատճառով ցլերը ոչ միայն զրկվեցին Եվրոպա լիգայի խաղարկությունում կիսաեզրափակիչ մտնելու փայլուն շանսից, այլեւ բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում աստիճանաբար կորցնում են 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու հույսերը: Այժմ բաղձալի համարվող տեղում «Շալկեն» է, որը «Լայպցիգին» գերազանցում է 4 միավորով ու մրցաշրջանի վերջնամասում հիանալի մարզավիճակ է հավաքել:

Լուսանկարը` footballwhispers.com


Ընդամենը մեկ  շաբաթ առաջ «Լայպցիգը» փայլուն շանսեր ուներ ֆրանսիական Մարսելի արգելքը հաղթահարելու համար: Որքան էլ վերջին շրջանում «Օլիմպիկի» լուսավոր  ապագայի հետ կապված  տարատեսակ խոսակցություններ են շրջանառվում, այս պահին իրականությունն այն է, որ Ռուդի Գարսիայի թիմը ֆուտբոլային ռեսուրսներով ու խաղի որակով «Լայպցիգի» հետ  երկխաղյա դիմակայությունում ֆավորիտ համարվել չէր կարող: Առաջին խաղում գերմանական թիմը հաղթել էր: Պատասխան մրցավեճում  մնում էր նվիրվածության հաշվին ցուցադրել այն խաղը, որը արդյունք է ապահովել, նույնիսկ «Բավարիայի» դեմ դիմակայություններում:

Հազենհյութլը նախընտրել էր խաղալ պաշտպանությունից ու պահեստայինների թվում էր պահել Տիմո Վերներին: «Մարսելն» արդեն առաջին կեսում ցույց տվեց, որ բնավորությամբ կարող է փակել առաջացած բացերն ու կարողացավ  գերազանցել  մրցակցին: «Լայպցիգը» պարտվեց  ջախջախիչ 2-5 հաշվով: Թիմի անհաջողությունները շարունակվեցին նաեւ բունդեսլիգայի վերջին տուրի «Վերդերի» հետ խաղում, որտեղ ցլերը կիսեցին  միավորը մրցաշարային աղյուսակի միջակներից  մեկի հետ: Ծանր դասավորված շաբաթ, որից հետո Հազենհյութլի թիմը հայտնվեց շաբաթվա վատագույների շարքում:

«Սաութհեմփթոն» ֆուտբոլային ակումբ: Անգլիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը եզրափակողների թվում է հայտնվել «Սաութհեմփթոնը»: Ընդամենը մի քանի տուր առաջ սրբերը բավական հարմար հեռավորության վրա էին գտնվում վտանգավոր գոտուց, իսկ հիմա ստիպված են չեզոքացնել 17-րդ տեղում գտնվող «Սուոնսիի»  ունեցած 5 միավորի առավելությունը: «Սաութհեմփթին» չի օգնում անգամ այն հանգամանքը, որ անմիջական մրցակիցն էլ շարունակ միավորներ է կորցնում: Սրբերի համար յուրահատուկ դահիճ են դարձել լոնդոնյան թիմերը: Վերջին 3 խաղում «Սաութհեմփթոնը» ստիպված էր դաշտից  գլխիկոր հեռանալ «Վեսթ-Հեմից», «Արսենելից» ու «Չելսիից» կրած պարտություններով: «Վեսթ-Հեմի» հաղթանակն  օրինաչափ էր, քանի որ թիմը սեփական հարկի տակ շանս չթողեց սրբերին:

Լուսանկարը` footballwhispers.com


«Արսենալի» հետ խաղից սկսած «Սաութհեմփթոնը» տպավորում էր կամային որակներով, բայց ոչ կայունությամբ: Իրենից կարգով ուժեղ թիմերի հետ մրցավեճերում Մարկ Հյուզի տղաներն առաջինն էին   հասնում հաջողության, սակայն չէին կարողանում պահպանել արդյունքը: Ինչպես Վենգերին, այնպես էլ Կոնտեին միայն խաղի վերջին րոպեներին  հաջողվեց բեկել խաղի ընթացքը: «Սաութհեմփթոնը» 2-րդ խաղն անընդմեջ պարտվեց 2-3 հաշվով ու հոգեբանական ծանր կացության մեջ հայտնվեց: Նման բացթողումներից հետո մեծ է հավանականությունը, որ պրեմիրեր լիգայի ամենակայուն միջակներից մեկը չի կարողանա վերգտնել իր մեջ այնքան կամքի ուժ, որպեսզի մրցաշրջանի վերջին հատվածում հետ բերի միավորների տարբերությունն իրենից առաջ գտնվող թիմերից: Հատկապես «Չելսիի» հետ կայացած խաղում սրբերը 70-րդ րոպեից սկսած կորցրեցին  2 գոլի առավելությունը: Իրադարձությունների նման զարգացման պարագայում 4 խաղ անընդմեջ պարտությունից հետո Հյուզի թիմը  շաբաթվա հաջորդ ձախողակն է:

«Վաշինգտոն Քեփիթալս»: Հոկեյի ազգային լիգայում մի քանի օր առաջ մեկնարկել է փլեյ-օֆֆը: Չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդների թվում է Ալեքսանդր Օվեչկինի «Վաշինգտոնը»: Բարրի Տրոցի թիմին որպես մրցակից բաժին է հասել կոնֆերենցիայի նախավերջին ակումբը՝ «Կոլոմբուսը»: «Քեպիտալզը»  կանոնավոր առաջնությունն ավարտել է 3-րդ տեղով ու դիմակայությունում բացահայտ ֆավորիտ է համարվում, բայց  միայն թղթի վրա: Արդեն երկու մրցավեճ  մնացել է անցյալում: «Կոլոմբուսը» սենսացիոն հաղթանակներ է տարել ու սերիայում առջեւում է 2-0 հաշվով:

Կայացած երկու խաղերն էլ ընթացել են նույն սցենարով: «Վաշինգտոնը» խաղի հենց սկզբից ցուցադրել է ֆավորիտի նկրտումներն ու կարողացել է առաջին խաղափուլերը գրանցել իր օգտին: Հետագայում մայրաքաղաքայինները  բավարարվել են ձեռքբերածով ու աստիճանաբար կորցրել են վաստակած տափօղակների ֆորան: Տրոցի թիմը հերթական անգամ ապացուցում է, որ փայլուն անցկացրած առաջին խաղափուլից հետո թիմը չի կարողանում տրամադրվել պայքարի: «Կոլոմբուսի» գլխավոր զենքը դարձել է համբերությունը:  Պանարինն ու ընկերները հասկացել են Վաշինգտոնի թույլ տեղը: Խաղի միջնամասում գործադրած ճնշման հաշվին Ջեկետսն արդեն 2-րդ անգամ դիմակայությունը  տեղափոխում է օվերթայմ, որտեղ նյարդերի պայքարում «Կոլոմբուսը» հասնում է հաղթանակի: Ճակատ ճակատի «Քեպիտալզին» հաղթելը շատ բարդ է, բայց աստիճանաբար քայքայելով շանսերն անհամեմատ մեծ են: Սա է «Կոլոմբուսի» դիմակայությունում  հաղթանակի  գլխավոր  նախադրյալը:

Լուսանկարը` Facebook


Եթե «Վաշինգտոնը» չկարողանա շտկել իր խաղն ու գործի նույն մոտեցումով մեծ հավանականությամբ, Օվեչկինն ու մյուս գերաստղերը ստիպված կլինեն ճանապարհը զիջել կարգով ավելի ցածր «Կոլոմբուսի» հոկեյիստներին: Գալիք խաղերում Տրոցի թիմն այլեւս սխալվելու իրավունք չունի: «Վաշինգտոնին» անհրաժեշտ է առաջին հերթին մեծ ուշադրություն դարձնել պաշտպանության վրա, քանի որ հիմնական բացերը առաջանում են հենց թիկունքում: Թիմը հարձակողական խաղի պատճառով մոռանում է թիկունքում ամրության մասին, որի պատճառով մեծ վտանգի տակ է դրված հաջորդ փուլ դուրս գալու ուղեգիրը: «Քեպիտալզը» շաբաթվա 3-րդ ձախողակն է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am