Ապրիլ 19, 2024
exclusive
1771 դիտում

Հաղթող մեքենան, տրամադրության թիմն ու չկայացած չեմպիոնուհին



«Up&Down»-ը ներկայացնում է Մյունխենի «Բավարիայի» հաջողության բանաձեւը: Mediamax Sport-ի շաբաթվա ձախողակներն են Լոնդոնի «Չելսին» ու Ելենա Օստապենկոն:

«Չելսի» ֆուտբոլային ակումբ:  Ծախսել միլիոններ պաշտպանական գծի ուժեղացման վրա, արդյունքում խաղալ ֆուտբոլ, որը բավարար չէ անգամ Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար: Այսքան անօգնական թիկունք ազնվականները չէին ունեցել երկար տարիներ: Անգլիայի առաջնության հերթական տուրում «Տոտենհեմը» «Չելսիին» հաղթեց  մի մարտավարությամբ, որը տարիներ շարունակ փառք է բերել հենց ազնվականներին: Կոնտեի թիմի մեկնարկային կազմում ավելի շատ պաշտպանական գծի խաղոցողներ են դուրս գալիս, քան գոլ ստեղծողներ: Ֆուտբոլիստներին, որոնց արյան մեջ նստած է պաշտպանվել, դժվար է ստիպել գոլեր խփել: Որքան էլ Կոնտեն ջանա ու նրանց ուղորդի առջեւի գիծ պահեր ստեղծելու, պարզից էլ պարզ է, որ այդ տղաներն այնքան  բազմակողմանի չեն կարող լինել, որ  եւ՛ առջեւում հասցնեն, եւ՛ կարողանան փակել թիկունքը:
Գարի Կեհիլը, Դավիդ Լուիզը չեն հայտնվում ազնվականների մեկնարկային կազմում: Նրանց փոխարեն խաղադաշտում են ֆուտբոլիստներ, ովքեր միայն թղթի վրա են համապատասխանում «Չելսիի» խաղամակարդակին: Հենց այդ խաղացողների անվստահ մրցելույթների պատճառով ազնվականներն այս պահին ունեն  այն, ինչ ունեն: Եթե ուշադրություն դարձնենք լոնդոնցիների պահեստայինների նստարանին, ցանկացած խաղի ժամանակ կարող ենք փաստել, որ չկա մի ֆուտբոլիստ, ով դուրս կգա դաշտ ու կարող է փոխել ելքը:  «Չելսիին» առաջին հերթին անհրաժեշտ է վերանայել  այն  ֆուտբոլիստների ցանկը, ովքեր այս պահին պաշտպանում են ակումբի գույները:

Լուսանկարը` Facebook


Խաղային առումով եւս  առանձնահատուկ ձեռագիր չկա: Թիմի հույսն Էդեն Ազարն է, ով ամեն իրավիճակում փորձում է առավելագույն օգուտ տալ: Վիլիանը եւս ջանում է օգտակար լինել, բայց քանի  որ թիմակիցների աջակցությունը ստաբիլ չէ, բրազիլացու ակտիվությունը եւս մնում է 2-րդ պլանում: Կիսապաշտպանության գծում տպավորություն է ստեղծվում, որ դաշտում կա միայն մեկ ֆուտբոլիստ, ով փորձում է փակել բոլոր գոտիները: Նգոլո Կանտեն այն եզակիներից մեկն է, ով համապատասխանում է «Չելսիի» մակարդակին ու նրա հետ կապված հարցեր լինել չեն կարող: «Տոտենհեմից» կրած 1-3 հաշվով պարտությունից հետո Չելսին հայտնվել է շաբաթվա ձախողակների շարքում ու այսպես շարունակելու դեպքում, հաջորդ լիգայի խաղարկությունը կտեսնենք առանց Աբրամովիչի գերթիմի: Մոզեսների ժամակաշրջանը Լոնդոնում պետք է ավարտվի, եթե «Չելսին» ուզում է հերթական անգամ վերադառնալ նախկին հեղինակությանը:

Մյունխենի «Բավարիա»: Բունդեսլիգայի ավարտին մնացել է ընդամենը 6 տուր: Մրցաշարային աղյուսակը գերվստահ առավելությամբ գլխավորում է Մյունխենի «Բավարիան»: Ինչպես հին ու բարի ժամանակներում, Հայկեսի ղեկավարած գերմանական ամենազոր մեքենան մրցաշրջանի  եզրափակիչ հատվածին մոտենում է գերազանց մարզավիճակով: Մինչ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը, մյունխենցիները Գերմանիայում եւս մեկ անգամ ապացուցեցին իր մենիշխանությունը: Միայն Դորտմունդի «Բորուսիան» է, որ վերջին տարիների ընթացքում քիչ թե շատ համաձայն չէ հարավի աստղերի հեգեմոնիային: Առաջնության 28-րդ տուրում ռուրյան թիմին սպասվում էր  ընթացիկ տարվա ամենացավալի ապտակը:

Լուսանկարը` Facebook


«Բավարիան» 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Բորուսիայի» դարպասը՝ վերջիններիս ստիպելով Մյունխենից հեռանալ խայտառակության ծանր զգացումով: «Բորուսիայի» խաղի մասին վերլուծություններ չենք անի: «Բավարիան», անշուշտ, շաբաթվա լավագույնն թիմն է ու  այս մակարդակը պահպանելու դեպքում լրջորեն հավակնում է հաղթել Չեմպիոնների լիգայում: Հայնկեսի առաջնորդությամբ թիմը նման փորձ արդեն ունի: Մյունխենցիների կազմում աչք է շոյում Խամես Ռոդրիգեսի ցուցադրած խաղը:

Կոլումբացին դաշտի կենտրոնական հատվածում ֆուտբոլային վրձնով նկարում է մյունխենցիների հաղթական կտավները: Խամեսն այդպիսի հասուն խաղ «Ռեալում» ցուցադրելու հնարավորություն չուներ ու չստացավ: Խամեսից բացի, «Բավարիայում» 2-րդ շնչառություն է ստացել Ֆրանկ Ռիբերին: Ֆրանսիացու անցումներին ու արագությանը ֆուտբոլասերները կարոտել էին: Լեւանդովսկի-Մյուլլեր հարձակողական զույգին եթե գումարենք Խամեսին ու Ռիբերիին, «Բավարիայի» ապագա մրցակիցներին նախանձել չենք կարող: «Բորուսիայի» հետ խաղում Խամեսը  գոլ ու երկու գոլային փոխանցման հեղինակեց, Լեւանդովսկին կառուցեց  հետ-տրիք, Մյուլլերը՝ գոլ ու արդյունավետ փոխանցում, իսկ Ռիբերին մասնակցեց մեկ գոլի կառուցման ու մեկ անգամ էլ մրցակցին ստիպեց գնդակ հանել  սեփական դարպասից:

Ելենա Օստապենկո:  Թենիսի մեծ սաղավարտի 2017 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնուհի Ելենա Օստապենկոն Մայամիի մրցաշարի եզրափակչում պարտվեց Սլոան Ստիվենսին: Ամերիկուհին իր հերթին 2017-ի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնուհին է: Օստապենկոն կանանց թենիսի համաշխարհային դասակարգման աղյուսակում վեր է մրցակցից: Լատվիացին ամբողջ առաջնության ընթացքում ավելի զորեղ թենիս էր ցուցադրել, քան Ստիվենսը: Հակառակորդներն Օստապենկոյից չէին կարողացել անգամ մեկ սեթ վերցնել:  Ստիվենսը եզրափակիչ խաղի ընթացքում ընտրել էր մի մարտավարություն, որով ավելի շատ հույսը դրել էր Օստապենկոյի սխալների վրա: Ինչպես  մրցախաղի հետագա ընթացքը ցույց տվեց, ամերիկուհին իր մարզիչների հետ միասին կարողացել էր գտնել Ելենայի աքիլեսյան գարշապարը:

Լուսանկարը` Twitter


Եզրափակչում Օստապենկոյի ակտիվությունն ու ագրեսիան արջի ծառայություն մատուցեցին երիտասարդ թենիսիստուհուն: Խաղարկումների ժամանակ Ստիվենսը ջանում էր միայն գնդակը պահել կորտում ու սպասել Ելենայի գրոհներին: Արդյունքում, Օստապենկոն մեկը մյուսի հետեւից չպարտադրված սխալներ թույլ տալով ու ռիսկի գնալով, սեփական մատուցումները զիջում էր մրցակցին ու պարտադրվում էր հետագայում մեծ ջանքեր ներդնել խաղի հաշիվը հավասարեցնելու վրա: Նրա չպարտադրված սխալների քանակն ավելի շատ էր, քան Ստիվենսի սեփական ակտիվության վրա հաղթած գնդակները: Այն իրավիճակներում, որտեղ լատվիացին կարող էր շատ թույլ կարճ  հարվածների ու հնարամտության հաշվին միավորներ վաստակել, նախընտրում էր ուժեղ հարվածներ հետին գծի շրջանում, որի պատճառով բազմաթիվ միավորներ նվերի կարգով անցնում էին մրցակցին: Օստապենկոն չէր փոխում գրոհելու ձեւն ու ուղղությունը:

Եզրափակիչ խաղում նման արկածախնդրությունը ներվել չէր կարող: Ստիվենսը առաջին սեթում ցուցադրած հավասարակշռության, իրավիճակն ավելի լավ գնահատելու հաշվին կարողացավ այնպիսի առավելություն ու հոգեբանական վիճակ ստեղծել իր համար, որ 2-րդ սեթում գրեթե պայքար չստացվեց: Լատվիացին  պարտվեց տարիքային տաքարյունության ու ոչ հասուն որոշումների պատճառով:  Հաշվին այդքան էլ էակն չէ: Եզրափակիչ խաղերում նման անպատասխանատու մոտեցումը չի կորող հաջողություն բերել ոչ մի մարզիկի: Ելենա Օստապենկոն շաբաթվա մյուս ձախողակն է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին