exclusive
2090 դիտում

Պոկերիստների ուիքենդը. Իկարդի-Սալահ-Ռոնալդու



«Up&Down»-ը ներկայանում է ոչ ավանդական ձեւաչափով: Mediamax Sport-ը հավաքել է շաբաթվա պոկերիստներին: Վերլուծել ենք նաեւ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի մարզչական որոշումներն ալբիսելեստեում: Առջեւում Մունդիալն է:

Մաուրո Իկարդի:  Անկախ մարդկային որակներից, անկախ այն հանգամանքից, որ Արգենտինայի հավաքականում ըստ շրջանառվող շշուկների չեն սիրում Մաուրո Իկարդիին, «Ինտերի» հարձակվողը պետք է ալբիսելեստեին: Ընդամենն օրեր հետո, Խորխե Սամպաոլիի գլխավորած հավաքականն ընկերական հանդիպումներ է անցկացնելու Իտալիայի ու Իսպանիայի ընտրանիների հետ, իսկ մարզիչը թիմ չի հրավիրել Իկարդիին: Անգամ փորձարկման կարիք չունի: Աշխարհի 1986 թվականի առաջնության չեմպիոնությունից հետո  մինչ օրս արգենտինացիների կազմը, գրեթե, բոլոր աշխարհի առաջնություններում  համալրված է եղել ֆուտբոլիստներով, ովքեր անհատական որակներով ու անուններով պետք է դառնային Մունդիալի  չեմպիոն, բայց այդպես էլ չի ստացվել: Այս պահին եւս ալբիսելեստեն ֆավորիտների շարքում է, բայց կա մեկ շատ մեծ բայց՝ թիմի գլխավոր մարզիչը:

Լուսանկարը` Facebook


Սամպաոլիի թիմն ընտրական մրցաշարում իր ցուցադրած խաղով չտպավորեց: Որքան էլ Մեսսին միայնակ վճռում է խաղի ելքեր, այնուհանդերձ Աշխարհի առաջնությունն այն մրցաշարը չէ, որտեղ Լեոն ամենակարող է: Չպետք է մոռանալ նաեւ, որ Գոնսալո Իգուաինը մեծ մրցաշարերում չի տպավորում ստաբիլությամբ, իսկ նման պարագայում Մաուրոյի պես ֆուտբոլիստին կազմում ունենալը փրկություն կարող է լինել: Ագուերոյին կարելի է տեղափոխել հարձակման եզր ու հրաժարվել Պերոտիների, Լանցինիների կամ Սալվիոների կարգի խաղացողներից: Այս ֆուտբոլիստները համաշխարհային մասշտաբի խաղերում դեռ երբեք հարց լուծող չեն եղել: Իկարդին ունակ է:

Կշեռքի նժարին դրված է Մունդիալում Արգենտինայի ընտրանու  չեմպիոնական հնարավորությունը: Մարզչական ամբիցիան չի կարող ավելի կարեւոր լինել, քան աշխարհի գավաթը: Առաջին հայացքից հավաքականում որակյալ հարձակվողների պակաս չկա, բայց նույնիսկ այդ պարագայում Քրիստիան Պավոնն ու Լաոտարո Մարտինեզը չեն կարող համարվել ընտրանու արժանի ֆուտբոլիստներ, իսկ Իկարդին՝ ոչ: Դեռ առաջնությունը չի մեկնարկել, բայց հիմա խորը դատելով ու վերլուծելով ալբիսելեստեի նախկին խաղերն ու Սամպաոլիի վարած մարզչական քաղաքականությունը, Արգենտինայի հավաքականի չեմպիոնությունն ու առհասաարկ հաջող ելույթը վտանգված է: Այս խոսքերը կարելի է ամրագրել մի տեղ ու Մունդիալից հետո նորից վերընթերցել:

Մաուրո Իկարդին այս պահին համաշխարահային ֆուտբոլում ամենազորեղ առաջ քաշված հարձակվողներից մեկն է: Իտալիայի առաջնության վերջին տուրի «Սամպդորիայի» հետ խաղում Մաուրոն դարձավ պոկերի հեղինակ: Տուգանային հրապարակի ցանկացած կետում արգենտինացին առաջինն էր հասնում թիմակիցների գնդակների հետեւից: Հարձակվողին բնորոշ բարձրագույն ինտելեկտ, որի հաշվին շատ շուտով նրա համար իսկական որս կսկսեն համաշխահային ֆուտբոլի գրանդերը: Սամպաոլին կարող է շարունակել նրան հավաքական չհարվիրել, բայց շաբաթվա լավագույների ցանկում նրան չտեսնել անհնար է: Փոփարենը, արգենտինացի մարզչին այսօր եւ Մունդիալից հետո կարելի է տեսնել ձախողակների շարքում:

Մոհամեդ Սալահ:  «Էնֆիլդը» ներկա էր Սալահի «փարթիին»: Յուրգեն Կլոպն ավելի կատարյալ ֆուտբոլիստ ունենալու երազանք անգամ հիմա չունի: Այն ինչ անում է եգիպտացի հրաշագործն ավելին է, քան այս պահին համաշխարհային ֆուտբոլում հնարավոր է տեսնել Մեսսիի հանճարից հետո: Նույնսիկ մամուլում «Ուոթֆորդի» հետ խաղից հետո առաջացան ծաղրանկարներ, որտեղ Սալահը նայում էր հայելուն ու այնտեղ տեսնում Մեսսի դիմապատկերը: Անգամ նորին մեծություն արգենտինացին այս շաբաթ ավելի համեստ տեսք ուներ, քան Եգիպտոսի «Մեսսին»:

Լուսանկարը` Facebook


Մոհամեդ Սալահի կայացման գործում անհերքելի ավանդ ունի Յուրգեն Կլոպը: Գերմանացու անմնացորդ նվիրումն ու սերը ֆուտբոլիստներին տալիս է ցանկալի պտուղներ: Այս պահին դժվար է գտնել մի մարզչի, ով խաղադաշտից հեռացող իր տղաներին  այնքան ջերմ ու հոգատար կընդունի, ինչպես Կլոպը: Հայրական փոխըմբռնումը ստիպում է մերսիսայդցիների հարձակողական եռյակին դաշտում  «մեռնել» գնդակի համար ու կառչել ամեն մանրուքից: Կլոպի հոգեբանական հզոր աջակցությունը Սալահի մոտ դաստիարակեց հաղթողի բնավորություն, որի շնորհիվ հիմա Մոուրինյոյի զոհերից մեկը համաշխարհային ֆուտբոլի թոփ-5 հարձակվողներից է: Պրեմիեր լիգայի վերջին տուրի  «Ուոթֆորդի» հետ խաղում «Էնֆիլդը» էյֆորիայի մեջ հայտնվեց: Կլոպի բանդայի նոր առաջատարի ամեն հպում գնդակին գեղագիտական հաճույք էր ֆուտբոլասերի համար: Սեբաստիան Պրյոդլն ու Միգել Բրիտոսը երկար կհիշեն «Լիվերի» հետ արտագնա խաղը: 

Սալահի առաջին գոլը կատարողական վարպետության գագաթնակետ էր: Մեկ շարժումով գետնին հավասարեցրեց «Ուոթֆորդի» պատշպանին ու հարվածեց անհարմար ոտքով: Երկրորդ գոլի ժամանակ առաջին հայացքից պրիմիտիվ հպում  եղավ, սակայն բոլոր հարձակվողները չէ, որ կկարդային մտահաղացումն ու ժամանակին կարագանային: Մոհամեդին 3-րդ գոլից զրկել չկարողացան «Ուոթֆորդի» միանգամից 4 պաշտպան: Մի ամբողջ թիմի թիկունք բավարար չեղավ: Սա դեռ ավարտը չէր: Սալահի խաղից տպավորված՝ Օրեստիս Կառնեզիսը վերջում  նվեր մատուցեց երեկոյի աստղին: Սալահի լիվերպուլյան առաջին պոկերն էլ կայացավ: Գոլերի փայլից կուրացած մոռացանք խոսել արդյունավետ փոխանցման մասին. Սալահը  կայծակնային անցման շնորհիվ  գնդակն ուղարկեց դարպասային հրապարակ, որտեղ Ռոբերտո Ֆիրմինոն կրունկով ֆուտբոլային գլուխգործոց արարեց: 4 գոլ ու մեկ գոլային փոխանցում, որի շնորհիվ եգիպտացին շաբաթվա  առաջին պոկերիստն է: Սալահի մեսսիական արկածներն ու լիվերպուլյան ռեկորդները շարունակվում են...

Քրիշտիանու Ռոնալդու: Շաբլոն, բայց իրականություն՝ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն  այս շաբաթ եւս լավագույների ցանկում է: Ռոնալդուի խաղի մասին երկար վերլուծություն պետք չէ: Պորտուգալացին «Ռեալի» համար ամենաօրհասակական պահին կարողացավ դուրս գալ խաղային ճգնաժամից ու սկսեց թիմին ոգեւորել իր արդյունավետ խաղով: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ռմբարկուների պայքարում Մեսսին արքայական ակումբի առաջատարի նկատմամբ մեծ առավելություն ուներ, իսկ հիմա այդ գոլային պահուստից գրեթե ոչինչ չի մնացել: Վերջին 4 խաղում Ռոնալդուն մրցակցիների դարպասն ուղարկել է 9 գնդակ: Հիմա ռմբարկուների պայքարում Մեսսին ընդամենը 3 գոլով է թիկունքում թողնում պորտուգալացուն:

Լուսանկարը` Facebook


Քրիշտիանուի գոլերի քանակն այդքան մեծ կարեւորություն չունի, ինչքան նրա հաղորդած տրամադրությունն արքայական ակումբի խաղին: Թիմը վերջապես երկար դադարից հետո զգաց ու հավատաց սեփական ուժերին: Անգամ պրիմերան ձախողելուց հետո Մադրիդը 100 տոկոսով պատրաստ է կռիվ  տալու՝ 3-րդ անընդմեջ չեմպիոնլիգյան գավաթի համար: Ռոնալդուի օգնությամբ արքայական ակումբում սկսում է մարզավիճակ հավաքել Կարիմ Բենզեման, ով ճիշտ է չի դառնում դեռ գոլերի հեղինակ, բայց իր արդյունավետ փոխանցումներով փորձում է անցնել քննադատական շրջանը:

Իսպանիայի առաջնության  կիրակնօրյա խաղերից վերջինը կայացավ Մադրիդում: Ռոնալդուն իսկական առաջատարին վայել խաղ ցուցադրեց: Պորտուգալացին պոկեր ձեւակերպեց: Գոլերից կարեւոր էր նրա խաղը «Ռեալի» 3-րդ գնդակի ժամանակ: Մի իրավիճակում, երբ  Ռոնալդուն սովորաբար հարվածում է  դարպասին, նա որոշեց փոխանցում կատարել խաղընկերոջը՝ Լուկաս Վասկեսին, ով եւս գոլ հեղինակեց: Այն, որ Ռոնալդուն գոլային ժլատություն չցուցաբերի դա հազվադեպ կարելի է տեսնել: Մրցաշարջանի ամենավճռական պահին Ռոնին փոխել է մոտեցումն ու այսպես շարունակվելու պարագայում հերթական ոսկե գնդակը, գուցե, սարերի ետեւում չմնա: Նա եզրափակում է շաբաթվա պոկերիստների եռյակը:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին