Ապրիլ 18, 2024
exclusive
2680 դիտում

Զուտ գատուզոյական «Միլանն» ու կենդանացած «Ատլետիկոն»



«Up&Down»-ի շաբաթվա հերոսը Ջեննարո Գատուզոն է իր «Միլանով»: Mediamax Sport-ը փորձել է հասկանալ Մադրիդի «Ատլետիկոյի» վերջին հաջողությունների գաղտնիքը: Ամփոփել ենք նաեւ օլիմպիական խաղերի կանանց հոկեյի մրցաշարը:

Ջենարո Գատուզոյի «Միլանը»: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ միլիոններ ծախսած «Միլանի» ղեկավարների համբերությունը սպառվեց  առաջնության հերթական տուրի «Բենեվենտոյի» հետ խաղում՝ 2-2 արդյունքից հետո: Մոնտելային տրված թիմ կառուցելու ժամանակը սպառվեց: Նրան փոխարինելու եկավ Ջեննարո Գատուզոն, ում անձի հետ կապված սկանդալներն ավելի շատ էին, քան մարզչական հաջողությունները: Ակնհայտ էր, որ այդ քայլով «Միլանի» ղեկավարությունն առաջին հերթին ցանկանում էր կարգ ու կանոն հաստատել ակումբում: Գատուզոյի համար սկիզբը խոստումնալից չէր: Անընդհատ քննադատություններ ու կարծիքներ, որ տաքարյուն իտալացին չի կարող համախմբել այդքան նորեկների ու թիմ կառուցել: 

Լուսանկարը` ghanasoccernet.com


«Միլանի» ու Գատուզոյի համար ճակատագրական եղավ «Ֆիորենտինայի» հետ խաղից սկսված սերիան: Ակումբի ղեկավարները պահանջ էին դրել գալիք 2  խաղում չպարտվել: «Միլանն» այդ խաղից սկսած մինչեւ օրս դեռ պարտություն չունի եւ աստիճանաբար կարգավորում է մրցաշարային դիրքերը: Անպարտելի հանդիպումների շարքը հավասարվել է 11-ի: «Միլանը» վերջին 5 խաղում անընդմեջ հաղթանակներ է տարել՝ սեփական դարպասը պահելով անառիկ: Վերջին տարիների ընթացքում դժվար է հիշել մի դեպք, երբ կարմրասեւերը նման արդյունք գրանցած լինեն:

Գատուզոն առաջին հերթին շեշտը դրեց երիտասարդ երկու ֆուտբոլիստների՝ Պատրիկ Կուտրոնեի ու Դավիդե Կալաբրիայի վրա: Կուտրոնեն իր գոլային հոտառությամբ ու խաղային մաներայով նման է  Ֆիլիպո Ինձագիին: Հարձակվողի որակների մասին սկսել է խոսել ամբողջ ֆուտբոլային Եվրոպան: Վերջին 5 խաղում նոր Ինձագին ակտիվում գրանցվել է 4 գոլ: Գատուզոյի օրոք հիանալի մարզավիճակ են հավաքել Ջակոմո Բոնավենտուրան, Սուսոն ու Լեոնարդո Բոնուչին: Թիմի բոլոր նորեկներն աստիճանաբար սկսում են արդարացնել սպասելիքները: Գատուզոն դաշտի սահմաններից դուրս է, բայց խաղի ընթացքում այնպիսի տպավորություն է, որ թիմի 12-րդ խաղացողն է ու ամեն պահի կարող է սահանկում կատարել մրցակցի հարձակվողներից գնդակ խլելու համար:

Իտալիայի առաջնության վերջին տուրում «Միլանը» մրցակցի հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռոմայի» դարպասը: 2016 թվականից  սկսած՝ թիմերը հանդիպել են 6 անգամ: Սա «Միլանի» միակ հաղթանակն է այդ դիմակայություններում: Գատուզոյի թիմը գերազանց թափ է հավաքել ու շաբաթվա լավագույների ցանկում է:

Կանանց հոկեյի Կանադայի հավաքական: 2002 թվականից սկսած Կանադայի կանանց հոկեյի հավաքականին օլիմպիական խաղերում գերազանցել չէր կարողացել ոչ մի թիմ: Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոնը Փհենչհան էր ժամանել միայն ոսկե մեդալների հետեւից: Մրցաշարի մեկնարկում կանադուհիների գլխավոր մրցակից համարվում էր ԱՄՆ-ի ընտրանին: Արդեն խմբային փուլում հավաքականները հանդիպեցին: Խաղային բոլոր առումներով Կանադան ուներ նկատելի առավելություն ու ավելի վտանագավոր էր գրոհում: Նրանց պակասում էր միայն դիպուկությունը: Անգամ այդ պարագույում հանդիպումը ավարտվեց օլիմպիական քառակի չեմպիոնների օգտին: Կիսաեզրափակչում Լորա Շուլլերի հոկեյիստուհիները չնկատեցին Ռուսաստանի կանանց հավաքանին՝ 5 անպատասխան տափօղակ ուղարկելով նրանց դարպասը:

Եզրափակիչ խաղում Կանադան ֆավորիտ էր ԱՄՆ-ի հետ դիմակայությունում: 5-րդ օլիմպիական ոսկին ավելի քան մոտ էր: Առաջին երկու խաղափուլից հետո Շուլլերի թիմը հաղթում էր 2-1 հաշվով ու վերահսկում էր խաղի ընթացքը: Ամեն ինչ գլխիվայր շրջվեց 3-րդ խաղափուլի միջնամասում, երբ Մոնիք Լամարոն հավասարեցրեց խաղի հաշիվը: Ընդունած գոլից հետո Կանադան կոտրվեց ու չկարողացավ արժանի պայքար մղել:

Լուսանկարը` olympic


ԱՄՆ-ի հավաքականը վերահսկեց խաղի ընթացքը ու կարող էր հաղթել անգամ առանց բուլիտների: Այստեղ վճռական եղան կանադուհիների առաջատարներից՝ Մեգան Ագոստայի ու Մելոդի Դաստի վրիպումները: Լամարո քույրերից Ջոսլինը վերջին հարվածով դիպուկ էր, ու Կանադան զրկվեց ոսկե մեդալներից: 20 տարվա դադարից հետո ԱՄՆ-ի հավաքականը հռչակվեց օլիմպիական չեմպիոն: Մրցաշարի ամփոփիչ 6 լավագույն հոկեյիստուհիների շարքում 3 կանադուհի կար, սակայն այդ հանգամանքն էլ չփոխեց ուժերի դասավորությունը: Այսպիսի տապալումից հետո Լորա Շուլլերի թիմը շաբաթվա թիվ մեկ ձախողակն է:

«Ատլետիկո Մադրիդ»:  Իսպանիայի  արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, «Սեւիլիան» 2 խաղերի արդյունքում վրաերթի էր ենթարկել Մադրիդի «Ատլետիկոյին»՝ դուրս թողնելով  նրանց հետագա պայքարից: Ընդամենը մեկ ամիս հետո «Ատլետիկոն» Ռամոն Սանչես Պիսխուանում վրեժխնդիր եղավ կրած ցավալի պարտությունների համար: «Սեւիլիան», որն օրեր առաջ սեփական հարկի տակ կարող էր հաղթել ահարկու «Մանչեսթեր Յունայթեդին», չկարողացավ արժանի պայքար մղել, արդյունքում՝ «Ատլետիկոյին» զիջեց 2-5 հաշվով: Հենց անդալուզյան թիմի հետ գավաթային խաղը ստիպեց Դիեգո Սիմեոնեյին լուրջ զրույց ունենալ իր ֆուտբոլիսնտների հետ: «Ատլետիկոն» ձախողվել էր Չեմպիոնների լիգայում, արքայական գավաթում, իսկ իրավիճակի նման շարունակությունը կարող էր հանգեցնել մարզչական փոփոխության:

Լուսանկարը` fourfourtwo.com


Մրցաշարջանի առաջին կեսում ակնահայտ էր, որ մադրիդցիները խնդիրներ ունեն պաշտպանությունում ու կորցրել են նախկին ամրությունը: Սիմեոնեն առաջին հերթին պետք է կարողանար վստահություն հաղորդել թիկունքի խաղացողներին: «Ատլետիկոն» կարող է արդյունավետ խաղ չցուցադրել, բայց պաշտպանությունում տապալվելու իրավունք չունի: «Լաս-Պալմասի» հետ խաղով մադրիդցիներն սկսեցին իրենց վերելքը: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում «Ատլետիկոն» տարավ 7 հաղթանակ: Այդ խաղերում մրցակիցները սեփական դարպասից ստիպված եղան հանել 17 գոլ: Ատլետիների  դարպասում հայտնվել է ընդամենը 3 գնդակ: 

Վերջին հաղթանակների գրավականը Գրիզման-Կոստա հարձակողական դուետի արդյունավետ համագործակցությունն է: «Ատլետիկոյին» պակասում էր հարձակվող, ով ստացած չնչին շանսերն էլ կվերածեր գոլի: Կոստան երկարատեւ դադարից հետո հիանալի մարզավիճակ է հավաքել, անգամ կորել է այն տպավորությունը, որ ֆուտբոլիստը մի քանի ամիս դաշտում չի եղել: Եթե «դահիճը» ժամանակին կարողանար խաղալ «Ատլետիկոյի» կազմում, գուցե թիմը դուրս չմնար ՉԼ-ի խաղարկությունից: 7 անընդմեջ հաղթանակների շարքով Սիմեոնեյի թիմը շաբաթվա լավագույների ցանկում է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին