Ապրիլ 20, 2024
exclusive
4097 դիտում

Հենոն ու Իգուաինը կրակեցին միաժամանակ, իսկ Սթերլինգը դեռ կսովորի



«Up&Down»-ում Հենրիխ Մխիթարյանի «Արսենալն» է: Mediamax Sport-ն անդրադառնում է նաեւ «Յուվենտուսի» վերջին փայլուն արդյունքներին:

«Արսենալ»  ֆուտբոլային ակումբ: Վենգերյան բազմամիլիոնանոց նոր ծանր հրետանին տարերքի մեջ է: Մխիթարյան-Օբամեյանգ քիմիական ռեակցիային մասնակցում է կատալիզատոր Օզիլը, սակայն մի բացառությամբ՝ արսենալյան նոր ռումբում նա բաղկացուցիչ տարր է: Արդյուքն «Էվերթոնը» զգաց սեփական մաշկի վրա՝ ջաղջախվելով: Ընդամենն օրեր առաջ «Արսենալը» մրցակցի դաշտում պաշտպանների մանկական սխալների պատճառով 3 միավոր էր նվիրել «Սուոնսիին»:

«Էվերթոնի» հետ խաղին զինագործները մոտեցել էին այլ տրամադրվածությամբ: Հանուն Մխիթարյան-Օբամեյանգ դուետի արագ վերականգման Վենգերը զոհել էր հարձակման առաջատար Ալեքսանդր Լյակազետին: Առաջին կեսից հետո լուսատախտակին վառվեց հաշիվ, որը ցնծություն պատճառեց ոչ միայն «Արսենալի» հավատարիմ երկրպագուներին, այլեւ ամբողջ հայ ազգին: Զինագործների յուրաքանչյուր գոլ մենք տոնում էինք, ինչպես ազգային հավաքականինը, քանի որ դիրիժորը մեր Հենոն էր, գոլ կառուցողը՝մեր ֆուտբոլային առաջատարը:

Եվ սրանք էմոցիաների վրա հիմնված խոսքեր չեն: Մխիթարյանը բարձր գնահատականի է արժանանում ոչ թե հայ լինելու, այլ այն հսկայական աշխատանքի համար, որ տեսանք խաղադաշտում: Վենգերը խաղային դիրքի հարցում անակնկալներ չէր պատրաստել: Ի սկզբանե պարզ էր, որ Հենոն ազատություն է ստանալու ու խաղալու է հարձակման ողջ ճակատով:

Լուսանկարը` Facebook


Արսենի մեքենայում միակ անակնկալն Աարոն Ռեմզիի խաղն էր: Նա բոլոր երզային փոխանցումների ժամանակ հայտնվում էր դարպասային հրապարակի մոտակայքում ու առաջինն էր եզրափակում փոխանցումները: Այդպես եղավ Ռեմզիի առաջին ու վերջին գոլերի ժամանակ: Գոլային փոխանցում կատարողը Հենոն էր: Ուելսցին իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց, բայց դա չէր երեկոյի ամենակարեւոր իրադարձությունը:

Օբա-Հենո դուետի գոլային կոմբինացիան «Արսենալի» երկրպագուների գալիքի հույսն էր: Գոլը խբվեց խաղից դուրս վիճակից, սակայն ակնհայտ է, որ ֆուտբոլիստները հիանալի են զգում իրար: Մխիթարյանը մեկ խաղում հեղինակեց 3 գոլային փոխանցում, ինչը դեռ անկրկնելի ցուցանիշ է Անգլիայի ընթացիկ առաջնությունում: Հենրիխը պատրաստ է նաեւ հոգեբանորեն: Ապացույցն առաջին կեսի դրվագներից մեկն է, երբ նա ձախ եզրից մոտենալով տուգանային հրապարակին որոշեց հեռվից գրավել դարպասը ու բավական վտանգավոր հարված կատարեց: Այս վստահությունը նախկինում չկար: 

«Յունայթեդում» նման դիրքրերից մեր ֆուտբոլիստը, սովորաբար միշտ փոխանցումներ էր կատարում: Մարզավիճակի գագաթնակետին հասնելու համար Հենրիխին պակասում է փոքր ագրեսիան: Պաշտպանվելիս դրվագներից չկտրվելու, չկանգնելու, կպչուն խաղի դեպքում Մխիթարյանը գործնականում կատարյալ ֆուտբոլիստ կարող է դառնալ: «Արսենալը» 5-1 հաշվով հաղթելով «Էվերթոնին»՝ շաբաթվա լավագույներներից մեկն է:

Ռահիմ Սթերլինգ: «Մանչեսթեր Սիթիիում» կադրային քաոս է: Թիմի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ վնասվածքների պատճառով չեն կարողանում դաշտ դուրս գալ: Նույնիսկ այդ պարագայում Գվարդիոլայի թիմի ամրության պաշարն այնքան մեծ է, որ մրցակիցները չեմպիոնական պայքարին միջամտելու մինիմալ շանսեր էլ այս պահին չունեն: Թեեւ արդյունքների տեսանկյունից «Սիթիում» ամեն ինչ կարգին է, այնուհանդերձ ակումբում կա մի ֆուտբոլիստ ումից զավեշտալի վրիպումներն անպակաս են: Կան մարզիչներ, ովքեր նման գործողությունից հետո ֆուտբոլիստին վայրկենաբար հանում են դաշտից ու հաջորդ խաղում, որպես պատիժ, թողնում պահեստայինների նստարանին: Պեպի պարագայում այդպես չէ, նա ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը գերադասում է թիմային շահից:

Երբ Անգլիայի առաջնության նախավերջին տուրում Ռահիմ Սթերլինգը տուգանային հրապարակում մի քանի մետրից անհասկանալի շեղ հարվածեց, Գվարդիոլան անմիջապես ֆուտբոլիստին կանչեց իր մոտ ու ասաց. «Ընկերս ամեն ինչ կարգին է, դու ճիշտ վարվեցիր»:

Լուսանկարը` performgroup.com


Սթերլինգի համար կատալոնացի մարզչի քաջալերանքը չար կատակ դարձավ հաջորդ իսկ խաղում: «Բյորնլիի» հետ վերջին տուրի խաղը մանչեսթերցիները սկսեցին խաղային բացահայտ առավելությամբ ու կարողացան հաշվի մեջ առաջ անցնել: Սեփական հարկի տակ ամուր կորիզ համարվող «Բյորնլիին» չընկրկեց ու պայքարում էր միավորի համար: Խաղի կուլիմնացիան 2-րդ խաղակեսի վտանգավոր դրվագն էր, որում Ռահիմ Սթերլինգը մեկ մետրից չկարողացավ գնդակն ուղարկել ազատ դարպասը:

Ռահիմը վրիպեց, իսկ «Բյորնլին» չներեց: Ամենապատասխանատու պահին «Սիթիի» վերջին վրիպումից օգտվեց Յոհան Գուդմունդսսոնն ու կարողացավ իր թիմին մեկ միավոր պարգեւել: Այստեղ հարցը այն չէ, որ Մանչեսթերը զրկվեց հաղթանակից, այլ այն, որ վճռական պահին պատասխանատվության տակ հայտնված Սթերլինգն անում է մի բան, որի բացատրությունը չգիտե անգամ մարզիչը: Խոսքը մի ֆուտբոլիստի մասին է, ով այս տարի կայանալիք Մունդիալում Անգլիայի հավաքականի գլխավոր հույսերից մեկն է: Մի պահ պատկերացնենք Աշխարհի առաջնությունում նման անհաշվենկատ խաղ: Ողջ Անգլիան նրան չի ների: Երկաթը պետք է տաք-տաք ծեծել...

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբ: «Ծեր սինիորան» կազմում եղած հին ընկույզներով շարունակում է երիտասարդական ավյունով վազել «Նապոլիի» հետեւից: Թուրինում գիտեն՝ վաղ թե ուշ նեապոլցիները սայթակելու են ու պետք է մինչ այդ  չզիջել դիրքերը: «Յուվեի» մտքում այս գաղափարը պտտվում է երկար ժամանակ: Թիմն Ա սերիայում 7 խաղ անընդմեջ դաշտից հեռանում է բացառապես հաղթանակով: Ամռանը հրավիրված ֆուտբոլիստներն աստիճանաբար մերվում են Ալեգրիի խաղային փիլիսոփայությանն ու սկում նպաստել դրական արդյունքներին: Առաջնության վերջին տուրի խաղում Իտալիայի գործող չեմպիոնը 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Սասուելոյի» դարպասը:

Լուսանկարը` itasportpress.it


Ալեգրիի թիմում հիանալի խաղ անցկացրեց իտակական ֆուտբոլի հույսերից մեկը՝ Ֆեդերիկո Բեռնարդեսկին: «Ֆիորենտինայից» Թուրին եկած ոսկե տղան 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Զեբրերի կազմում նախանձելի մարզավիճակ են  հավաքել հենասյունները: Պյանիչ-Խեդիրա զույգը ոչ միայն ավերում է մրցակիցների գրոհներն, այլեւ դառնում գոլերի հեղինակ:

«Սասուելոյի» հետ խաղում Սամին դուբլ գրանցեց, իսկ Պյանիչը հեռահար գեղեցիկ գնդակ գրեց ակտիվում: Այս դուետին աստիճանաբար սկսում է միանալ եզրային պաշտպան Ալեքս Սանդրոն: Բրազիլացին մեկ մրցաշրջան փայլելուց հետո, սկսել էր երբեմն մնալ պահեստայինների նստարանին ու խոսակցություններ կային , որ կարող է հեռանալ «Յուվեից»: Նա մնաց ու գնալով բարելավում է մարզավիճակը: Մեկ գոլ ու գոլային փոխանցում էլ նա ավելացրեց թուրինյան ջրաղացին:

Բիանկոներիի խաղային օրվա ամենամեծ պատառը պատկանում էր արգենտինացի Գոնսալո Իգուաինին: Պիպիտան ընթացիկ մրցաշրջանում մի փոքր հետ է մնում  արդյունավետության իր նշաձողից, բայց խաղից խաղ ավելացնում է:  Գոնսալոն «Սասուելոյի» հետ մրցավեճում դարձավ հեթ-տրիկի հեղինակ ու այդպիսով վերջ դրեց հյուրերի խայտառակմանը: Նման մարզավիճակով թուրինցիները կարող են Չեմպիոնների Լիգայում պայքարել անգամ չեմպիոնության համար, իսկ այս պահին նրանք շաբաթվա լավագույների ցանկում են:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին