Ապրիլ 20, 2024
exclusive
3050 դիտում

Սալլահի ներկա ու նախկին թիմերը ճգնաժամում, իսկ «Օկլահոման»` բարձունքին



«Up&Down»-ում Մոհամեդ Սալլահի ներկա ու նախկին թիմերն են, որոնք աստիճանաբար կորցնում են նախկին փայլը: Mediamax Sport-ը ներկայացնում է նաեւ NBA-ի վերջին շաբաթվա լավագույն թիմին:

«Ռոմա» ֆուտբոլային ակումբ: Ա սերիայի 16-րդ տուրում «Կալյարիի» նկատմամբ տարած հաղթանակը չար կատակ խաղաց «Ռոմայի» գլխին: 6 խաղ անընդմեջ հռոմեացիները չեն կարողանում հաղթել ու մրցաշարային աղյուսակում նահանջել են 5-րդ հորիզոնական: Շաբաթներ առաջ «Ռոման» միջամտում էր չեմպիոնական մրցավազքին, իսկ հիմա պետք է ջանք թափել Չեմպիոնների Լիգայի գոտում հայտնվելու համար: 6 խաղում գայլերը կորցրել են 15 միավար: Եթե գոնե հանդիպումների կեսում Դի Ֆրանչեսկոյի ֆուտբոլիստներն առավելության հասնեին, ապա թիմը նվազագույն դեպքում տեղ կգրավեր լավագույն եռյակում:

«Ռոման» միշտ աչքի է ընկել հարձակողական ֆուտբոլով՝ անկախ մրցակցի: Անգամ պաշտպանությունում եղած խնդիրների պարագայում հարձակման գիծը  փոխհատուցել է բացթողումները: Քանի դեռ հարձակվողների արդյունավետությունը դրական բալանս էր ստեղծում պաշտպանների բացթողումների ֆոնին, ոչ ոք չէր խոսում ձախողման մասին: Այս պահին իրավիճակն այլ է: Թերեւս միակ հուսադրող հանգամանքն Էդին Ջեկոյի առկայությունն է: Անկախ թիմի բացասական արդյունքներից՝ բոսնիացի հարձակվողն իր բարձրության վրա: Շատ են խոսակցությունները, որ Ջեկոն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվելու է «Չելսի»:

Լուսանկարը` tribuna.com


Գայլերի անհաջող ելույթների հիմնական պատճառը կիսապաշտպանության գծի ֆուտբոլիստների ցածր ՕԳԳ-ն է: Ստորտման-Նայնգոլան դուետը չի կարողանում կենտրոնում չեզոքացնել մրցակիցների առաջխաղացումները: «Ռոմայի» հաղթանակի գրավականներից մեկը հենց այս երկուսի կրեատիվ գործողություններն են: Նայնգոլանը նաեւ ֆանտաստիկ հեռահար հարվածներ ուներ, որը վերջին շրջանում ընդհատակն է անցել: Պաշտպանության խնդիրներից մասին խոսելն ավելորդ է: Վաղուց արդիական չէ փաստել, որ «Ռոման» կենտրոնական պաշտպանի դիրքում չունի ամուր հենակետ, որը ցանկացած գրոհի ժամանակ պատրաստ է պարկել գնդակի ճանապարհին ու փակել մրցակիցների հարվածները: Ա սերիայի վերջին տուրում «Ռոման» սեփական դաշտում նվազագույն հաշվով զիջեց «Սամպդորիային» ու հայտնվեց յոթնօրյակի վատագույների շարքում:

«Օկլահոմա Սիթի Տանդեր»: Դեկտեմբերի 11-ին «Մինեսոտա Թիմբերվուլվզից» կրած պարտությունն այնպես հատեց  Բիլլի Դոնովանի բասկետբոլիստների համբերությունը, որ արդեն 8 խաղ անընդմեջ «Օկլահոման» խաղահրապարակից հեռանում է բացառապես հաղթանակով: «Շառլոտ Հորնեթսի» հետ խաղով «Օկլահոման» քանդեց 3 խաղից բաղկացած տարօրինակ պարտությունների սեւ սերիան ու վերջապես ցուցադրեց  ակնկալվող չեմպիոնական բասկետբոլը: Գուցե, հիմա շանսեր ստեղծվեն «Գոլդեն Սթեյթ Վորիորսին» գահընկեց անելու: Դեռ մրցաշարջանից առաջ Ջորջ-Վեստբրուք-Էնթոնի եռյակից սպասելիքներն ավելին էին, քան հիմա «Օկլահոման» ցուցադրում է: Չնայած վերջին խելահեղ սերիային՝ արեւելյան կոնֆերենցիայում «Տանդերից» առաջ 4 թիմ կա:

Լուսանկարը` twimg.com


8 հաղթանակի հիմքում Ռասել Վեստբրուքի փայլուն արդյունավետությունն է: «Օկլահոմայի» հավատարիմը 8 խաղում հասցրել է 5 անգամ ճանաչվել դիմակայության ամենաարդյունավետ բասկետբոլիստ, 4 անգամ դարձել է դաբլ-դաբլի ու մեկ անգամ էլ թրիփլ-դաբլի հեղինակ: Այն խաղերում, որտեղ զգացվել է Վեստբրուքի հոգնածությունը, օգնության են հասել թիմակիցները: Վերջապես իրենց հատուկ կայունությունն ու վստահությունն են հավաքում Կարմելո Էնթոնին ու Փոլ Ջորջը: Հենց նրանք էլ փոխնիփոխ լրացնում են Վեստբրուքին: Այս եռյակից ցանկացածի բացակայությունն ուղիղ ազդեցություն ունի «Տանդերի» հետագա արդյունքների վրա: Եթե խաղային անկումներ չլինեն ու «Օկլահոման» ավելի զարգացնի իր առաջատարների խաղակցվածությունը, շատ հնարավոր է, որ փլել-օֆֆում լուրջ շանսեր ստեղծվեն եւ «Գոլդեն Սթեյթին», եւ «Հյուսթոնին» գերազանցելու: Այս պահի դրությամբ «Օկլահոման» ցուցադրած արդյունքների հաշվին NBA-ի լավագույն թիմն է:

«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբ: Ընդամենն օրեր առաջ «Մանչեսթեր Սիթիի» հաղթարշավն ընդհատող «Լիվերպուլը» «Լիվերպուլ» չէր լինի, եթե գալիք երկու գաճաճների կողմից ցավալի պարտություններ չկրեր: Սա մերսիսայդցիների հոգեբանությունն է ու նրանց արյան մեջ կա: Տրանսֆերային պատուհանը մոտ է փակվելուն: Ֆելիպե Կոուտինիոյի տեղափոխությունից հետո չի նկատվում, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը ցանկություն ունի նոր ֆուտբոլիստ թիմ հրավիրելու: Առանձին մեկ խաղում «Լիվերի խաղացողներն»  ունակ են ոգեւորության ֆոնին հաղթել ցանկացած մրցակցի, բայց արդեն հիմա պարզից պարզ է, որ բրազիլացու կորուստն անչափ մեծ ազդեցություն ունի առջեւի գծի վստահության վրա: Մանեն, Սալլահը, Ֆիրմինոն ուղիղ կապվածություն ունեին Ֆելիպեից ու հիմա նրանց համար բարդ է ռեակցիայի մեջ մտնել Ալեքս Օքսլեյդ Չեմբեռլենի հետ: Առհասարակ Ամերիկան չենք հայտնաբերի, եթե նշենք, որ Օքսը երբեք չի կարող «Լիվերում» ունենալ այն դերը, որը կատարում էր Ֆելիպե Կոուտինիոն:

Լուսանկարը` performgroup.com


Հիմա մերսիսայդյան ակումբում ողջ ծանրաբեռածությունն ընկել է Ֆիրմինո-Սալլահ դուետի վրա: Այս երկուսի ֆոնին ստվերում  է մնում  Սադիո Մանեն, ում արագությունից ու կրեատիվ փախանցումներից ստեղծվում էին ձախ եզրի բոլոր գրոհները: Թերեւս միակ լավ նորությունը «Լիվերպուլի» երկրպագուների համար Վիրջիլ Վան Դեյքի առկայությունն է, ով  իր որակներով աստիճանաբար կսկսի օգտակար լինել Կլոպի թիմին:

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ «Լիվերպուլն» ամեն ինչ անում է հաղթանակի համար ու թիմը ճիշտ ճանապարհի վրա է, բայց ում են պետք հազարավոր գոլային դրվագներն ու գոլերը, եթե թիկունքում ցանկացած հակագրոհ ավարտվում է դարպասի գրավումով: Այս պահին կարմիրների համար լուջ խնդիրներ են առկա հատկապես հենակետային կիսապաշտպանի դիրքում, որտեղ զգացվում է Նգոլո Կանտեի որակներով օժվտած ֆուտբոլիստի կարիք: «Վեստ Բրոմվիչի» հետ գավաթային խաղի առաջին կեսում հյուրերը «Լիվերի» կիսադաշտում 3 գրոհ անցկացրին, որոնք բոլորն էլ պսակվեցին հաջողությամբ: Ընդամենը շաբաթ առաջ Կլոպի թիմը Պրեմիեր Լիգայում զիջել էր հետնապահներից մեկին՝ «Սուոնսի Սիթիին»: Այս ամենից հետո Կլոպի բանդային շաբաթվա ձախողակների շարքից դուրս տեսնելն անհնար է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին