exclusive
3566 դիտում

Գվարդիոլան Կլոպի ապտակից զգում է նույնը, ինչը Զիդանը Կալեխայի



2018-ին «Up&Down»-ը շարունակում է իր ընթացքը: Mediamax Sport-ը  տարին մեկնարկում է անգլիական գրանդերի արկածներով ու «Ռեալի» տարօրինակությամբ:

«Լիվերպուլ»: Անգլիայի առաջնության 23-րդ տուրը ֆուտբոլասերներին նվիրեց մրցաշրջանի երեւի թե ամենագեղեցիկ հանդիպումներից մեկը: Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայում այլեւս անպարտելի չէ: Եվ ո՞վ կարող էր լինել հաղթանակի հեղինակը, եթե ոչ «Լիվերպուլը»: Վերջին շրջանում մերսիսայդցիների ցուցադրած խաղն աչք էր շոյում:

Սալահ-Կոուտինյո դուետի բաժանումից հետո ոմանք սկսեցին մտածել, որ «Լիվերպուլը» կարեւորագույն խաղից առաջ ծանրագույն կորուստ ունի եւ չի կարող դիմադրել «Սիթիին»: Այո՛, կորուստն անդառնալի է: Ամեն օր «Լիվերպուլն» իր կազմում Ֆելիպե չի ունենալու, սակայն «Սիթիին» հաղթելու ցանկությունը դրանից չէր պակասել: Կարմիրները Պրեմիեր լիգայի արդեն գալիք տուրում կարող են մրցակցին միավորներ  նվիրել, անկախ նրանից ով է դիմացինը: Սա նրանց արյան մեջ կա, դրա համար «Լիվերպուլին» մեղադրել չենք կարող, բայց պատմական ու ֆանտաստիկ հաղթանակի համար փառաբանել պարտավոր ենք: Կլոպի զարմանահրաշ ավազակների բանդան հեղինակություններ չի ճանաչում:

Լուսանկարը` Facebook


«Լիվերպուլի» հաղթանակի հիմնական գրավականը սեփական մարտավարությանն ու խաղին հավատարիմ մնալն էր: Մերսիսայդցիները «Սիթիին» հաղթեցին հենց Գվարդիոլայի զենքով:  Նրանք չվախեցան սեփական կիսադաշտում սխալներ թույլ տալուց ու անընդհատ վերահսկում էին գնդակը: Սալահ-Մանե-Ֆիրմինո-Չեմբեռլեն քառյալկն այնպես էր սեղմել մանչեսթերցիներին սեփական տուգանային հրապարակում, որ վերջիններիս համար դժվար էր նույնիսկ պաշտպանությունից դուրս գալ: Նման իրավիճակի հակախաղին Գվարդիոլան պատրաստ չէր: «Սիթին» ամբողջ խաղը պարտվեց 2-րդ կեսի առաջին 20 րոպեների ընթացքում, երբ ստիպված եղավ սեփական դարպասից հանել 3 գոլ: «Լիվերպուլն» այդ պահին հաղթում էր 4-1 հաշվով: Այստեղ «Սիթիի» ֆուտբոլիսնտների սխալների մասին խոսելն ավելորդ է, քանի որ ֆանտաստիկ խաղ ցուցադրող թիմն երբեմն կարող է իրեն նաեւ նման ճոխություներ թույլ տալ:

«Լիվերպուլն» իրեն զինեց ադրենալինի մեծ պաշարով, իսկ Գվարդիոլայի թիմն ուշքի եկավ միայն 84-րդ րոպեից: Բեռնարդու Սիլվան ու Իլկայ Գյունդողանը կրճատեցին հաշվի տարբերությունը մինչեւ նվազագույնի՝ 4-3: Կլոպը ցատկեց տեղից, «Լիվերպուլը» մի պահ մոռացավ Կոուտինյոյին կորցնելու մասին, թիմը հայտնվեց շաբաթվա հերոսների ցանկում: Յուրգենն էլ մեկնաբանեց, որ ֆուտբոլի պատմությունն այս խաղը չի մոռանա, քանի որ «Սիթին» կրեց այս մրցաշարջանի առաջին ու վերջին պարտությունը:

«Ռեալ Մադրիդ»:  Դժվար է արքայական ակումբի պատմության մեջ վերջին շրջանում, հիշել մի ժամանակահատված, որտեղ սերուցքայիններն առաջատար «Բարսելոնայից» հետ մնան ավելի  մեծ միավորների տարբերությամբ, քան վտանգավոր գոտին է: Եթե այդ վիճակագրական մանրուքը վրիպել է ձեր ուշադրությունից, հոգ չէ, կարող եք մեկ ակնթարթ հայացք ուղղել պրիմերայի մրցաշարային աղյուսակին եւ ամեն ինչ կընկնի իր տեղը: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 2017 թվականին համաշխարհային ֆուտբոլում հասավ ամեն ինչի, բայց նոր մեկնարկած մրցաշարջանի հենց ամենասկզբից սկսվեցին սխալներն, որոնց գինը Բլանկոսը կզգա մայիսին: Այս պահին «Ռեալն» ունի այն, ինչ ունի: Արդյունքը սեփական հարկի տակ առաջնության վերջին տուրի պարտությունն է «Վիլառեալից», որի հետեւանքով թիմը շաբաթվա գլխավոր անհաջողակն է: Փորձենք մի քանի կետով հասկանալ մադրիդցիների անհաջողության պատճառները:

Թիմ, որն ունի երկար պահեստայինների նստարան, սակայն ոչ օգտակար պահեստայիններ:  Արքայական ակումբի հիմնական կազմի փոխարինողները երիտասարդ ֆուտբոլիստներ են, որոնք հեռանկարայինից գործող զենքի վերածվելու ճանապարհն այդպես էլ չեն հաղթահարում: «Ռեալի» պահուստում եղած ամենահզոր զենքը Լուկաս Վասկեսն է, որին ոչ մի կերպ թոփ խաղացող չես անվանի: Երկար ժամանակ Զիդանից բողոքող Մարկո Ասենսիոն եւս կորցրել է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ ու զգացվում է, որ պատասխանատու պահին Մարկոն դեռ պատրաստ չէ քաշել «Ռեալին» առաջացած փոսից:

Լուսանկարը` http://www.thehardtackle.com


Եվ սա այն դեպքում, երբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Զիդանը թիմից, ինչպես մեկ բաժակ ջուրը կխմեն, վաճառեց Խամես Ռոդրիգեսին ու Ալվարո Մորատային: Խամեսն այս պահին «Բավարիայի» կիսապաշտպանության առաջատարն է և հենց նրա շուրջ է կառուցվում գերմանական գրանդի ամբողջ խաղը: Կոլումբացին նույնիսկ վատ մարզավիճակում «Ռեալի» կազմում դուրս գալով փոխարինման՝ կարողանում էր մեծ օգուտ տալ: Մորատայի ու «Ռեալի» հարձակման գծի մասին խոսելն ավելորդ է, քանի որ այդ էպոսի բոլոր զարգացումներին քաջածանոթ եք:

Մյուս կարեւոր խնդիրն Արքայական ակումբի համար զիդանյան քարացած 4-3-3 մարտավարությունն է, որտեղ մեծ դեր է հատկացված հենակետային Կազեմիրոյին: Ֆրանսիացի մասնագետն անգամ ամենաանհաջող դասավորված խաղերում չի համարձակվում բրազիլացուն հանել դաշտից եւ գործել ամբողջ հարձակողական ներուժով: Ասենսիո-Կրոս-Մոդրիչ-Իսկո քառյակին գրեթե հնարավոր չէ տեսնել միասին խաղալիս: «Ռեալի» գնացքը սկսում է մեկնել եւ վաղուց ժամանակն է փոխել մոտեցումն ու երբեմն զոհել նաեւ Ռոնալդուին, որի ՕԳԳ-ն աստիճանաբար հարվածում է «Ռեալի» արդյունքներին: Ռոնալդուն գիտի, որ վատ խաղի դեպքում էլ նրան չեն համարձակվի թողնել պահեստայինների նստարանին:

«Ռեալին» այս պահին թարմ արյուն է պետք, ով կգա ու կսկսի թիմին քաշել ճահճից: Այդ խաղացողների շարքում թերեւս լավագույն տարբերակն «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին է: Սառնասիրտ գոլահար, ով օգտագործում է ամենաչնչին հնարավորություները: Իրավիճակը շտկելու համար Արքայական ակումբը պետք է անջատի տնտեսելու ռեժիմն ու գործի անցնի, քանի դեռ բաց է տրանսֆերային պատուհանը: Այլապես «Ռեալի» սպառված կազմը կարող է տապալել մրցաշարջանի մնացած հատվածը: Զիդանին մնում է վերանայել խաղային կարծրատիպերն ու ռիսկի գնալ...

«Տոտենհեմ Հոտսպուր»: Անգլիական պրեմիեր լիգայում կա մի թիմ, որից երբեք չեմպիոնական կոչում չեն պահանջում: Կստացվի՝ շատ լավ, չի ստացվի՝ կփորձեն հաջորդիվ անել առավելագույնը: Սա թերեւս լավագույն տարբերակն է այն ակումբների համար, որոնք գերթիմ դառնալու ճիշտ ճանապարհին են: «Տոտենհեմն» այս ցանկում երեւի ամենամոտն է գտնվում համաշխարհային ֆուտբոլի հզորագույն գրանդերին:

Թիմն ունի մարզիչ, ով չի վախենում ոչ մի մարտահրավերից եւ անընդհատ նոր դրական գծեր է բացահայտում: Մաուրիսիո Պոչետնիոյի  անասելի վստահության շնորհիվ լոնդոնյան թիմում ֆանտաստիկ հարձակվողի վերածվեց Հարրի Քեյնը: Անգլիացին ֆուտբոլային գիշատչի հոտառությամբ մշտապես հայտնվում է վտանգավոր դրվագների հարեւանությամբ ու գոլեր գրանցում ակտիվում: Եթե իրավիճակը հանգիստ է, Հարրին փնտրտունքերի մեջ է տուգանային հրապարակից դուրս, որտեղից կատարված հարվածները կայուն կերպով միշտ մրցակիցների դարպաում են հայտվում: Քեյնը Պոչետինոյի հիմնական զենքն է:

Լուսանկարը` Facebook


Հարձակման գծից մի փոքր նահանջում ենք հետ՝ դեպի կիսապաշտպանություն: Այստեղ խաղում են ֆուտբոլիսներ, որոնք գնալով ապացուցում են, որ ավելի շատ սիրում են գործով ապացուցել որակները, քան զբաղվել սեփական անձի գովազդով: Ալի-Էրիկսեն-Դայեր երիտասարդ տրիոն կես բառից հասկանալով միմյանց պատուհաս է դարձել մրցակցների համար: Էրիկսենի խաղային մոտեցումը նման է «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Չավիի խաղին:

«Տոտենհեմի» կազմում աստիճանաբար հիանալի մարզավիճակ է հավաքում Հյոն Մին Սոնը, ով մշտապես ունանալով մեծ պոտենցիալ աչքի չէր ընկնում կայունությամբ: Հիմա իրավիճակն այլ է, ու Պոչետինոն ավելի ու ավելի է սկսել վստահել ասիացուն: Այս բոլոր գործոններին գումարում ենք նաեւ ֆանտաստիկ պաշտպանական խաղը, որի համագումարը պրեմիեր լիգայի վերջին տուրի 4-0 հաշվով հաղթանակն է «Էվերտոնի» նկատմամբ: Քեյնը դուբլ, մեկական անգամ էլ աչքի են ընկել Էրիկսենն ու Սոնը: «Տոտենհեմը» շաբաթվա լավագույն թիմերից 2-րդն է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին