Ապրիլ 25, 2024
exclusive
4352 դիտում

Լեբրոն Ջեյմսի թրիփլ-դաբլները չէին խանգարի «Միլանին»



«Up&Down»-ը ներկայացնում է 2017 թվականի Աշխարհի ակումբային առաջնության լավագույն դարպասապահին: Mediamax Sport-ը նաեւ փորձել է հասկանալ իտալական «Միլանի» անհաջողությունների պատճառը:

Ալի Խասեիֆ: «Ալ Ջազիրայի» դարպասապահ Ալի Խասեիֆը դարձավ Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտված Աշխարհի ակումբային առաջնության բացահայտումը: Այն, որ դարպասապահը կարող է փայլել իր ազգային առաջնության ցածր խաղամակարդակով  թիմերի դեմ հանդիպումներում, սովորական երեւույթ է, բայց երբ նույն դարպասապահը ունակ է դիմակայել աշխարհի լավագույն հարձակողական գծերից մեկին ու գնդակ բաց չթողնել, խոսում է ֆուտբոլիստի տաղանդի մասին: 30-ամյա Ալի Խասեիֆը իր մասին խոսել տվեց արդեն առաջնության բացման «Օքլենդ Սիթիի» հետ  խաղում, երբ կարողացավ մի քանի դրվագում գեղեցիկ սեյվերով փրկել իր թիմին: Դարպասապահի գերվստահ խաղը փոխանցվեց նաեւ թիմակիցներին, որոնք էլ միահամուռ ուժերով կարողացան միակ ու հաղթական գոլով մտնել քառորդ եզրափակիչ: Ճապոնական «Ուրավան» իր անատամ խաղով ու Խասեիֆի վստահ գործողություներով ստիպված եղավ լքել պայքարը: Առջեւում Մադրիդի հետ ճակատամարտն էր:

Լուսանկարը` fifa.com


«Ռեալի» հետ կիսաեզրափակչի առաջին խաղակեսը «Ալ Ջազիրան» անցկացրեց սեփական տուգանային հրապարակի մատույցներում: Արքայական ակումբը սեղմել էր արաբներին ու թույլ չէր տալիս դուրս գալ պաշտպանությունից: Հարվածները հետեւում էին մեկը մյուսին: Տպավորություն կար, որ հպարտներն երկու դարպասապահ ունեն՝ Խասեիֆը եւ դարպասաձողը: «Ռեալն» առաջին կեսում իր բազմաթիվ գրոհներից չկարողացավ արդյունք քաղել, իսկ «Ալ Ջազիրան» դարպասապահի տանջանքը վերածեց գոլի: Ռոմարինյոն առաջին կեսում հեղինակեց միակ ու հաղթական գոլը, իսկ Խասեիֆի ակտիվում կար 8 սեյվ: Առաջին կեսում արաբ դարպասապահին խանգարում էր վնասվածքը, որն էլ զգացնել տվեց 2-րդում: Հենկ Տեն Կատեն ստիպված էր դաշտից հանել  Ալի Խասեիֆին: Միայն դարպասապահի փոփոխությունից հետո, աշխարհի ամենատիտղոսակիր ակումբը շունչ քաշեց ու իր առավելությունը վերածեց գոլերի: Արդյունքում «Ռեալն» անցավ եզրափակիչ, հաղթեց մրցաշարում, բայց Խասեիֆին խոցել այդպես էլ չկարողացավ: «Ալ Ջազիրայի» դարպասապահը շաբաթվա  լավագույների շարքում է:

«Միլան»: Ֆուտբոլային Եվրոպայի ուշադրությունը շարունակում է սեւեռված մնալ մի ֆուտբոլային ակումբի, որի վերադարձին սպասում է նույնիսկ ամենաանհավատը: Ա սերիայի ամենատիտղոսակիր թիմերից մեկը մրցաշարջանից առաջ համալրվեց մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներով, բայց թիմի ղեկավարությունն այդպես էլ չհասկացավ, որ առաձին անհատների ներկայությամբ արդյունքներ չեն ծնվի: «Միլանը» պարտվում էր Մոնտելայի գլխավորությամբ, թիմում բացակայում էր մարզչական ձեռագիրը: Սա թերեւ բացահայտում չէ ֆուտբոլասերներից ցանկացածի համար: Ակնհայտ է, որ «Միլանին» անհրաժեշտ է մարզիչ, ով առանձին ֆուտբոլիստների ունակությունները հաշվի առնելով կմշակի մարտավարութուն, որն ամենահարմարն է այս կազմի համար: Դրա շնորհիվ հաղթանակները գուցե վերադառնան: «Միլանին» պետք է մեկը, ով ունի կուտակած հարուստ փորձ ու  հաղթողի հոգեբանությամբ թիմում կփոխի մթնոլորտը: Իսկ ի՞նչ արեց թիմի ղեկավարությանը:

Լուսանկարը` Facebook


Մոնտոլայի հեռացումից հետո ակումբի ղեկը վստահվել է ֆուտբոլում, գրեթե, ամեն ինչի հասած Ջենարո Գատուզոյին, ով ժամանակին լինելով ֆանտաստիկ հենակետային կիսապաշտպան, այնուամենայնիվ, չի փայլում մարզչական ունակություններով: Գատուզոյի տաքարյունության, կամային հատկանիշների մասին գիտեն բոլորը, բայց արդյո՞ք նա ճիշտ ժամանակին է հայտնվել ճիշտ տեղում: Դատեք ինքներդ՝ թիմ, որտեղ առկա է խաղային անկում, կան ֆուտբոլիստներ, որոնք ցանկանում են հեռանալ, կան նորեկներ, որոնք չեն արդարացնում սպասելիքները, կան ղեկավարներ, որոնք արդյունք են պահանջում:

Գատուզոն կարո՞ղ է փակել բոլոր բացերը: Պատասխանը կարելի է փնտրել միլանցիների վերջին խաղերում: Անկայունություն ու կրկին անկայունություն: «Միլանը» հայտնվել է շաբաթվա ձախողակների շարքում, որի հիմնավորումը անփառունակ պարտությունն է առաջնության վատագույն թիմերից մեկից՝ «Վերոնայից»: Վերջինս գտվնում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում եւ պայքարում է փրկության համար:  «Միլանի» անհաջողություններում Գատուզոյին մեղադրելն անիմաստ է: Առաջին հերթին մեղավոր են ղեկավարները, որոնք չնայած հսկայական ներդրումներին՝ ֆուտբոլային Եվրոպային ստիպում են ծաղրել իրենց: «Միլանում» երբեք չեն եղել տղաներ, որոնք խաղադաշտ են դուրս եկել գումար վաստակելու համար: Նույնիսկ ճգնաժամում միշտ նվիրյալներ գտնվել են, այժմ իրավիճակն անբացատրելի է:

Լեբրոն Ջեյմս: «Կլիվլենդ Կավալիերսի» արքան կրկին արքայական մարզավիճակում է, որի արդյունքը 5 անընդմեջ հաղթանակներն են: 33 տարեկան հասակում Լեբրոն Ջեյմսն իրեն զգում է ինչպես պատանի, իսկ մրցակից  պաշտպանները հակախաղ չեն կարողանում գտնել «Կավալիերսի» առաջատարի դեմ: Լեբրոնը ոչ միայն միավորներ է վաստակում, այլեւ բոլոր գործոններով խաղընկերներին տանում է իր հետեւից: Բասկետոբոլիստն այնքան վստահ է սեփական ուժերի նկատմամբ, որ չի թաքցնում իր հետագա պլանները: Վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Լեբրոնը հայտնել է, որ ցանկանում է կոտրել բոլոր կարծարտիպերն ու դառնալ 33 տարին բոլորած այն եզակի բասկետբոլիստներից մեկը, որին կառաջարկեն 200-300 միլիոն դոլարով պայմանագիր: Ընթացիկ մրցաշրջանն, որը Ջեյմսի համար 12-րդն է, ամերիկացին համարում է իր կարիերայում լավագույնը: Այդ մասին խոսում են նաեւ վիճակագրական տվյալները:

Լուսանկարը` vox-cdn.com


«Կլիվլենդի» հաղթական շաբաթվա մեկնարկը տրվեց «Ֆիլադելֆիայի» հետ խաղով: Գինեգույները պայքարի չհանդիպեցին, իսկ Լեբրոնը ակտիվում գրանցեց շաբաթվա առաջին թրիփլ-դաբլը՝ վաստակելով 33 միավոր, 13 անգամ անդրադարձ, 13 արդյունավետ փոխանցում: «Ատլանտայի» հետ խաղում Լեբրոնի արդյունավետությունը փոքր-ինչ ընկավ, բայց դաբլ-դաբլից ներքեւ չիջավ: Հաջորդ երեք խաղերում Ջեյմս արքան վերադարձավ իր ցուցանիշներին ու 3 անգամ անընդմեջ թրիփլ-դաբլ արեց՝ ճանապարհին պայքարից դուրս թողնելով «Քլիփերսին», «Յուտային» ու «Վաշինգտոնին»: Վերջին երեք  խաղերում ցուցանիշները հավասար էին՝ 74, 37, 45-ի: Մրցաշարջանի մեկնարկում երկակի տպավորություներ թողած «Կլիվլենդ Կավալիերսն», այս պահին ֆանտաստիկ մարզավիճակ է հավաքել ու Ջեյմսի գլխավորությումաբ ունի բոլոր շանսերը չեմպիոնական պայքարին միջամտելու համար: Գուցե մյուս թիմերում առաջատարներն ավելի շատ են եւ դա եղանակ է ստեղծում, բայց Լեբրոնի փորձն անգին է ու ամենակարեւոր պահին կարող է իր ծանրակշիռ խոսքն ասել: «Կավալիերսի» 23 համարը շաբաթվա լավագույների շարքում իր արժանի տեղն է զբաղեցնում 4 թրիփլ դաբլներով:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին