Ապրիլ 20, 2024
exclusive
3561 դիտում

«Տամպան» փայլում է սառույցին, Հարդենը՝ օդում, Մերտեսակերն էլ երազում



«Up&Down»-ի  շաբաթվա լավագույնները փայլել են օվկիանոսից այն կողմ: Mediamax Sport-ը բացահայտել է նաեւ «Արսենալի» ձախողման մեղավորին:

«Տամբա-Բեյ Լայթինգ»: Հոկեյի ազգային լիգայում շարունակում է մրցակիցներին ոչնչացնել արեւելյան կոնֆերենցիայի առաջատար «Տամպա Բեյ Լայթինգը»: Կայծակները վերջին մեկ շաբաթվա ընթացքում շանթահարեցին «Սենթ Լուիսին», «Նյու-Յորք Այլենդերսին», «Կոլորադոյին» եւ «Վինիպեգին»: Միայն վերջին թիմին հաջողվեց խաղը տեղափոխել օվերթայմ, բայց այնտեղ եւս հաղթանակի մասին մտածելն անհիմն մտորում էր:

Սովորաբար հոկեյի ազգային լիգայում նույնիսկ առաջատարները երբեմն չդիմանալով խաղերի խտությանն ու պայքարի լարվածությանը՝ անսպասելի պարտություններ են կրում: Այս գործոնը վերջին շրջանում ոչ մի կերպ չի վերաբերում «Տամպայի» հոկեյիստներին: Թիմը մեկ շաբաթվա ընթացքում անցկացնելով 4 հանդիպում, աչքի ընկավ ոչ միայն հիանալի արդյունավետությամբ, այլեւ ցուցաբերեց խաղային փայլուն կարգապահություն: Անգամ հոգնածության ֆոնի վրա «Տամպայի» հոկեյիստները չանցան թույլատրելիի սահմաններըեւ,  4 խաղում միասին վերցրած, ունեցան 2 րոպեանոց 8 փոքր տուգանք՝ հեռացման տեսքով:

«Տամպայի» հաջողության գրավականը բալանսավորված հնգյակներն են, որոնք, գրեթե միշտ, ցուցադրում են հավասարազոր արդյունավետություն: Սովորաբար յուրաքանչյուր թիմում ամենաուժեղն առաջին հնգյակն է, բայց այս կարծրատիպը չի վերաբերում «Տամպա-Բեյին»: Թիմի գլխավոր մարզիչ Ջոն Կուպերը կարողացել է այնպես բալանսավորել կազմը, որ ամեն հնգյակից կարելի է ակնկալել միեւնույն ճնշումը: Թիմում գերազանց մրցաշարջան են անցկացնում Նիկիտա Կուչերովը, Թելյոր Ջոնսոնը, Վլադիսլավ Նամեստնիկովը, Յանի Գուրդը, Բրեյդեն Փոինտը եւ Ստիվեն Ստեմկոսը:

Լուսանկարը` https://nhl.bamcontent.com


Ստիվենը Նիկիտա Կուչերովի հետ միասին գոլ +փոխանցում համակարգով հոկեյի ազգային լիգայի լավագույն ռմբարկուն է: «Տամպան» մրցակիցների դարպասն արդեն հասցրել է ընթացիկ մրցաշարջանում գրավել 110 անգամ, որը լավագույն ցուցանիշն է 30 թիմերի պայքարում: «Տամպայում» մեծ ուշադրություն է հատկացվում հեռացումների ժամանակ թվային առավելությունը իրացնելուն, որն էլ ապահովում է նման բարձր արդյունավետությունը: Վերջին 4 խաղում ցուցադրած հիանալի արդյունքից հետո կայծակները հայտնվել են շաբաթվա լավագույնների ցանկում:

Պեր Մերտեսակեր:  Որքան էլ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը աշխատանք տանի իր թիմի հետ ու անընդհատ փոխի խաղային մարտավարությունը, զինագործների մոտ գումարելիների տեղերը փոխելիս, գումարը չի փոխվում: Անգլիական պրեմիեր լիգայի վերջին երկու տուրում «Արսենալը» խայտառակ կերպով միավորները նվիրում է մրցակիցներին: Առջեւի գծում աշխատում են բոլոր ֆուտբոլիստները, թիմը կարողանում է մի շարք գոլային պահեր ստեղծել, բայց ինչ արժեն այդ գոլային հնարավորությունները, եթե մրցակցի յուրաքանչյուր հակագրոհի ժամանակ լոնդնոնյան թիմի կազմում խաղում է մի ֆուտբոլիստ, որը պատրաստ է ջուրը գցել թիմի տանջանքը: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում նվերներ էին մատուցում Շկոդրան Մուստաֆին ու Լորան Կոնսիելնին: «Սաութհեմփթոնի»  դեմ խաղում նվիրատուն փոխվել էր: Վենգերը կազմում հիմնական կենտրոնական պաշտպանի դիրքում դաշտ էր դուրս բերել գերմանացի Պեր Մերտեսակերին: 33-ամյա դանդաղաշարժ պաշտպան, աշխարհի չեմպիոն, որը լինելով համաշխարհային ֆուտբոլի ամենագերագնահատված ֆուտբոլիստներից մեկը՝ հերթական անգամ դուրս է գալիս մեկնարկ ու թիմին գցում վատ կացության մեջ: 

Լուսանկարը` fourfourtwo.com


«Սաութհեմփթոնի» հետ 16-րդ տուրի խաղը «Արսենալի» համար սկսվեց եւ տանջանքի վերածվեց 3-րդ րոպեին: Պարզագույն իրավիճակում նիրհեց Մերտեսակերը, որից հետո գնդակին տիրեց Չառլի Օսթինը: «Սաութհեմփթոնի» հարձակման առաջատարն անմիջապես օգտվեց ընձեռված հնարավորությունից ու գրավեց դարպասը: Բաց թողած գոլից հետո եւս «Արսենալը» զերծ չմնաց անախորժություններից: Մերտեսակերը շարունակեց պարզագույն իրավիճակներում դիրքային սխալներ գործել: «Արսենալը» առաջին կեսում անատամ խաղով զիջեց 0-1 հաշվով: Վենգերի նյարդերը տեղի տվեցին, արդյունքում՝ գերմանացին փոխարինվեց: «Արսենալը» միայն խաղավարտին կարողացավ խուսափել պարտությունից: Զինագործները չօգտվեցին «Չելսիի», «Յունայթեդի», «Լիվերպուլի» բացթողումներից եւ միացան նրանց: Մերտեսակերն էլ իր հերթին շաբաթվա վատագույներից առաջինը դարձավ:

Ջեյմս Հարդեն: Եթե այս պահին ավարտվեր բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունն ու հարց ծագեր՝ ով է MVP-ն, ապա մասնագետները միանշանակ կտային մեկ բասկետբոլիստի անուն: Նա Ջեյմս Հարդենն է՝ «Հյուսթոն Ռոքեթսի» բացարձակ առաջատարը: «Հյուսթոնն», ի տարբերություն լիգայի մյուս թիմերի, կազմում բացի Հարդենից ու Քրիս Փոլից չունի  ամպագորգոռ անուններ, բայց խաղի որակով նրանց հասնել չի լինի: «Ռոքեթսի» բասկետբոլիստները վերջին անգամ պարտվել են նոյեմբերի 15-ին: Այդ խաղից հետո մինչեւ օրս Հարդենի առաջնորդությամբ Հյուսթոնը տարել է 9 անընդմեջ հաղթանակ եւ վստահորեն գլխավորում է արեւմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը: Այդ 9 հանդիպումներից 8-ում Ջեյմսը խաղահրապարակում եղել է լավագույն բասկետբոլիստը՝ վաստակելով ամենաշատ միավորները:

Լուսանկարը` https://www.gannett-cdn.com


Հարդենն այս պահին ակտիվում եղած 775 միավորով NBA-ի ամենաարդյունավետ բասկետբոլիստն է ՝թիկունքում թողնելով Լեբրոն Ջեյմսին ու Յանիս Անտետոկունպոյին: Նա թրիփլ-դաբլների ցուցանիշով լավագույն եռյակում է: Այս պահին «Հյուսթոնը» NBA-ի առաջատար թիմերի շարքում է միայն Ջեյմս Հարդենի անհավանական վարպետության ու առաջատարի հատկությունների շնորհիվ: Մյուս թիմերը նման արդյունքի հասնում են՝ կազմում ունենալով մի քանի առաջատար բասկետբոլիստների: «Հյուսթոնին» անհրաժեշտ է միայն Հարդենն, ու արդյունքն ապահովված է: «Ֆանտաստիկ բասկետբոլիստ» եզրույթը վերաբերում է հենց «Հյուսթոն Ռոքեթսի» առաջատարին, ու նա այս պահին շաբաթվա լավագույների ցանկում է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին