Ապրիլ 19, 2024
exclusive
7183 դիտում

Գրանդերի բաց դռների շաբաթն ու աշխարհի լավագույն դարպասապահը


Լուսանկարը` https://pbs.twimg.com

Լուսանկարը` http://www.forzaroma.info

Լուսանկարը` https://static.independent.co.uk


Նրանք, ովքեր երբեք ոչ մի ասպարեզում կողք կողքի հաշտ չեն եղել՝ Mediamax Sport-ի «Up&Down»-ում ու համատեղելի են:

Դավիդ Դե Խեա: Այն, որ լավ դարպասապահը թիմի կեսն է, վաղուց բոլորին հայտնի ֆուտբոլային ասույթ է: Մեջբերումն արդիականությունը կորցնում է, երբ վերջին գծի հենասյուն համարվող առաջին համարները որոշում են միայնակ հաղթանակ ապահովել հարազատ թիմի համար: Նման իրավիճակներից հետո մնում է ասել, որ դարպասապահը մեկ թիմ արժե:

Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում, «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ ուժերն էր չափում բավական պատկառելի մարզավիճակում գտնվող «Արսենալի» հետ: Ժոզե Մոուրինիոյի թիմի խաղը, չնայած արդյունքներին, գրեթե միշտ համեմված է երկակի կարծիքներով ու տարատեսակ քննադատություններով: «Արսենալի» հետ խաղը յուրահատուկ ֆուտբոլային փորձություն էր մանկունյացիների համար. ապացուցել, որ գրանցված  արդյունքներն օրինաչափ ե,ն եւ որ «Յունայթեդն» իրոք ի զորու է խառնել «Մանչեսթեր Սիթիի» խաղաքարտերը:

Ժոզեն «Արսենալի» հետ խաղում անակնկալներ չէր պատրաստել: Քաջալերել էր Դե Խեային, հրաձակվողների ականջներին շշնջացել, որ «Արսենալն»  ամեն դեպքում խաղի ընթացքում մի քանի նվեր կմատուցի: Մնում է պաշտպանվել եւ օգտագործել շանսերը: Մոուրինիոյի կանխատեսումները 100 տոկոսով արդարացան: «Արսենալի» պաշտպանությունն առաջին կեսում մեկը մյուսի հետեւից հաշված րոպեների ընթացքում քանդվեց, որից օգտվեցին «Մանչեսթերի» հարձակվողները՝ 2 գոլի առավելություն ստեղծելով իրենց համար: «Արսենալն» ընդունած գոլերից հետո տիրեց նախաձեռնությանը եւ անգամ առաջին կեսում կարող էր պատկառելի առավելությամբ հեռանալ դաշտից: «Մանչեսթերում» տապալվում էին բոլորը, բացի Դավիդ Դե Խեայից: Իսպանացին առաջին կեսում չեզոքացրել էր իր դարպասի ուղղությամբ 7 հարված՝ կատարելով  անհավանական սեյվեր:

Երկորդ կեսում զինագործների առավելությունը վերածվեց գոլի, եւ թվում էր ամեն պահի «Արսենալը» կհավասարեցնի հաշիվը: Աշխատեց Դե Խեան՝ կոտրելով «Արսենալի»  գրոհների ողնաշարը: Արդյունքում՝ «Յունայթեդը» մեկ գրոհ անցկացրեց ու խփեց իր 3-րդ գոլը՝ հաշիվը դարձնելով 3-1: Սա վերջնականապես կոտրեց խաղի ինտրիգն, ու «Արսենալը» զիջեց մի խաղում, որտեղ բոլոր առումներով անասելի առավելություն ուներ: «Յունայթեդը» վաստակեց 3 միավոր, որը մինչ օրս երկրպագուները գրանցել են Դե Խեայի օգտին: Իսպանացին մեկ խաղում դարպասին ուղղված 15 հարվածից բաց թողեց միայն մեկը: Մրցավեճից հետո Ժոզեն ու ամբողջ աշխարհը վստահաբար  Դավիդ Դե Խեային կոչեցին ներկայումս աշխարհի լավագույն  դարպասապահը: Իսպանացին իր գերֆանտաստիկ խաղով շաբաթվա առաջին լավագույնն է:

Նվիրատու գրանդերը: Իսպանական պրիմերայի 14-րդ տուրում գրանդերից առաջինը պայքարի մեջ մտավ կատալոնական «Բարսելոնան»: Կապտանռնագույնները սեփական դաշտում լուրջ դժվարություների հանդիպեցին «Սելտայի» հետ դիմակայությունում: Վիգոն ներկայացնող թիմը զբոսանքին վայել 2 գոլ ուղարկեց «Բարսայի» դարպասը՝ խաղն ավարտելով 2-2 հաշվով: Բացի այն, որ «Բարսելոնայի» կողմն ուղղվեց հսկայական քննադատությունների ալիք, իսպանական ֆուտբոլի երկրպագուների մոտ ծնվեցին չեմպիոնական ինտրիգի նոր հույսեր: Վերջապես Էռնեստո Վալվերդեի թիմն իրեն հետապնդողներին շանս տվեց կրճատել միավորների տարբերությունը: Մնում էր օգտվել ստեղծված իրավիճակից:

Լուսանկարը` https://static.independent.co.uk


Սպասելիքներն արդեն ժամեր հետո սկսեցին մարել: Չեմպիոնական պայքարում  կատալոնացիների ամենաոխերիմ մրցակից Մադրիդի «Ռեալը» բասկերի երկրում անատամ խաղով կիսեց միավորները՝ «Ատլետիկի» հետ խաղն ավարտելով 0-0 հաշվով: Զիդանը հերթական անգամ սկսեց արդարանալ, բայց դա այդ պահին այնքան էլ էական չէր: Բազմիցս խոսել ենք արքայական ակումբում տիրող իրավիճակի մասին: Փաստը մնում է փաստ, որ Մադրիդը մեծ ճգնաժամի մեջ է, իսկ լեգենդար ֆրանսիացին դեռ չի կարողանում քանդել անհաջողությունների կծիկը: Մնում է Ռոնալդուին դասեր տալ ու նստեցնել պահեստայինների նստարանին:

«Բարսելոնային» հետապնդող թիմերից, թերեւս, ամենահարմար դիրքում գտնվում էր «Վալենսիան», որը հաղթանակի դեպքում կարող էր կատալոնացիների հետ եղած միավորների տարբերությունը հասցնել 2-ի,սակայն նրանք եւս բաց դռների օր էին հայտարարել: Սիմոնե Զազան ու թիմակիցներն այնքան անզոր տեսք ունեին, որ անգամ իսպանական չափանիշներով միջակից թույլ թիմ համարվող «Խետաֆեն» 10 ֆուտբոլիստներով ավելի մոտ էր հաղթանակին, քան «Վալենսիան»: Չղջիկները խայտառակ պարտություն կրեցին՝ գրեթե ամբողջ խաղի ընթացքում ունենալով մեկ ֆուտբոլիստի առավելություն:

Լա լիգայի չեմպիոնական պայքարի 3 հավակնորդների ձախողումը շաբաթվա ամենաանսպասելի իրադարձություններից էր: Առաջին անգամ մեր խորագրում 3 թշնամիները հավաքվել են նույն ճակատագրի ներքո: Նրանց կարող է ընկերակցել նաեւ Ֆրանսիական «Պարի Սեն ժերմենը», սակայն, ի տարբերություն վերոհիշյալ 3-ի, փարիզեցիների մոտ անկումներ գրեթե չկան ու ժամանակ առ ժամանակ եղած արկածախնդրությունների համար նրանց քննադատողներ էլ չկան: Ֆրանսիայի առաջնությունում վաղուց չեմպիոնական տիտղոսի պայքարն ավարտվել է մյուս թիմերի համար:

«Ինտեր» ֆուտբոլային ակումբ: Քանի դեռ եվրոպական գրանդերը մի քանի ճակատով պայքար են մղում չեմպիոնական տիտղոսների եւ աղմկահարույց տրանսֆերների մասին նորություններ տարածելով՝ Ապենինյան թերակղզում վերակենդանանում է Միլանի «Ինտերը»: Երկարատեւ, քրտնաջան աշխատանքից հետո Լուչանո Սպալետիին հաջողվեց գտնել «Ինտերի»  հաղթանակների բանալին, ու այս պահին թիմն Իտալիայի առաջնությունում անկասելի է: Մի քանի տարի շարունակ «Յուվենտուսի», «Ռոմայի», «Նապոլիի» հեգեմոնիայից հետո «Ինտերը» վերջապես ցուցադրում է ֆուտբոլ, որն արժանի է չեմպիոնական արդյունքի:

Լուսանկարը` http://www.forzaroma.info


Սպալետիի թիմում միանաշանակ առաջատարը Մաուրո Իկարդին է, որի վարպետության վրա եզրափակվում են «Ինտերի» գրեթե բոլոր գրոհները: Թիմում բոլոր ֆուտբոլիստները գիտեն, որ առաջին դերում տաղանդավոր  արգենտինացին է: Նույնիսկ այդ պարագայում Պերիշիչը, Կանդրեւան ու մյուսները չեն թաքցնում, որ գիտեն՝ ով է գլխավորը: Իկարդին, ոչ միայն գոլեր է խփում, այլեւ անհրաժեշտ պահին ժլատություն չի անում ու գոլային փոխանցումներ է կատարում մյուս ֆուտբոլիստներին: «Ինտերի» հաղթանակի գրավականը թիմային խաղն է, որի կազմակերպիչը կենտրոնում գործող շատ համեստ, բայց ֆուտբոլում երկար ժամանակ եփված Բորխա Վալերոն է՝ իր գծված փոխանցումներով:

Միլանյան ակումբը խաղից խաղ առաջադիմում է, որի ապացույցն Ա սերիայի վերջին տուրի վստահ հաղթանակն է «Կիեւոյի» նկատմամբ՝ 5-0: Այս արդյունքը ներաձուրին թույլ տվեց մրցաշարային աղյուսակում շրջանցել «Նապոլիին» ու մեկ միավորի առավելությամբ երկար ժամանակ անց ստանձնել Իտալիայի առաջնության դրոշակակրի դերը: «Ինտերն» առաջնությունում ոչ մի պարտություն չի կրել ու համարվում է այս պահին չեմպիոնական պայքարի ռեալ հավակնորդ: Սպալետիի ստեղծած «իտալական մեքենան» շաբաթվա լավագույների ցանկում է:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին