exclusive
4909 դիտում

Վիկինգներն ու Լիոնել Մեսսին՝ Մունդիալի ճանապարհին



Հարավային Ամերիկայում ավարտվեց Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը, որտեղ Լիոնել Մեսսիի ֆուտբոլային տաղանդի շնորհիվ Արգենտինայի հավաքականը փրկվեց ձախողումից:

«Up&Down»-ում Mediamax Sport-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ Իսլանդիայի, Չիլիի ու ԱՄՆ-ի հավաքականները:

Իսլանդիայի հավաքական

Իսլանդական ֆուտբոլային հեքիաթը վերջնականապես ավարտվեց: Պատճառը շատ պարզ է: Այս թիմն իր հաջողություններով ու խաղային որակներով աշխարհին ապացուցեց, որ Եվրո 2016-ում ունեցած հաջողությունն ամենեւին էլ պատահականություն չէր: Մունդիալ 2018-ի որակավորման մրցաշարն Իսլանդիան սկսել էր ամենաբարդ խմբերից մեկում, որտեղ պետք էր ուղեգիր վաստակել Խորվաթիայի, Թուրքիայի, Ուկրաինայի հետ համառ դիմադրության արդյուքնում:

Այն, որ Իսլանդիան պետք է փորձեր միջամտել պայքարին, գիտեին բոլորը: Առավելագույնն ինչ կարելի էր սպասել վիկինգներից՝  2-րդ տեղն էր, որը, գուցե, հնարավորություն տար մասնակցել անցումային խաղերի: Անգամ դրա հետ Իսլանդիան համաձայն չէր: Հայմիր Հալգրիմսոնի ֆուտբոլիստներն այնպես  շրխկացրին  դուռը մրցակիցների վրա, որ նրանցից Թուրքիան եւ Ուկրաինիան այդպես էլ չկարողացան այն բացել, Խորվաթիային էլ դժվարությամբ հաջողվեց  ներս սողոսկել:

Լուսանկարը` thesun.co.uk


Իսլանդիայում վաղուց հասկացել են, որ ազգի ճանաչման ու աշխարհում սեփական մշակույթի ներկայացման լավագույն միջոցներից մեկը՝ նորին մեծություն ֆուտբոլն է: Համաշխարհային ֆուտբոլում մեկ ձեռքի 5 մատների վրա նույնիսկ դժվար է հաշվել հավաքականների, որոնց հաջողվել է անգամ վատ մարզավիճակում գտնվող Թուրքիային հաղթել, նրանց հարկի տակ, խոշոր 3-0 հաշվով: Դա եւս  Իսլանդիայի հավաքականի ուժերի սահմաններում էր, այն էլ այնպիսի խաղում, որտեղ որոշվում էր Մունդիալում Թուրքիայի հավաքականի լինել-չլինելու հարցը:

Որակավորման փուլի նախավերջին տուրի խաղում աչքի ընկան Յոհան Գուդմունդսոնը, Բիրկիր Բիարնասոնն ու Կարի Արնասոնը: Իսլանդիայի հավաքականին Ռուսաստան մեկնելու համար անհրաժեշտ էր վերջին տուրում սեփական հարկի տակ հաղթել Կոսովայի ընտրանուն: Հաղթանակը կայացավ. Սիգուրդսոն-Գուդմունդսոն զույգը մեկական անգամ գրավեց հյուրերի դարպասն ու մոտ 340.000 բնակչություն ունեցող Իսլանդիային պատմության մեջ առաջին անգամ նվիրեց Մունդիալի ուղեգիր: Վիկինգները նման արդյուքնով շաբաթվա գերհաջողակներն են:

Չիլիի հավաքական

2017 թվականը Չիլիի հավաքականի համար մի շարք հարցերի պատասխաններ տվեց: Դեռ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ պարզ դարձավ, որ կարմիրների լավագույն տարիներն արդեն անցյալում են եւ ապագայում դժվարություններից խոսափելն անհնար կլինի: Չիլին Ռուսաստան էր մեկնել լավագույն կազմով, որտեղ ֆուտբոլիստները միջին տարիքով ամենամեծն էին խաղարկությունում: Չիլիի ոսկե երիտասարդությանը Ռուսաստանում չհաջողվեց տիրել Կոնֆեդերացիաների գավաթին, բայց ամենացավալին ոչ թե պարտությունն էր եզրափակչում, այլ հույս չներշնչող խաղը:

Լուսանկարը` mirror.co.uk


Ինչպես Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում, այնպես էլ Աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին 3 խաղում, Չիլին, կարելի է ասել, ձախողվեց: Նախ Պիցիի թիմը նվազագույն հաշվով պարտվեց Բոլիվիային, այնուհետեւ տանը դժվարությամբ հաղթեց Էկվադորին: Մունդիալի ուղեգրի համար Ալեքսիս Սանչեսն, Արտուրո Վիդալն ու մյուսները պարտավոր էին մրցակցի հարկի տակ հաղթել Բրազիլիային: Չիլին անփառունակ ելույթ ունեցավ, արդյունքում պարտվելով 0-3 հաշվով: Կարմիրները, լինելով Ամերիկայի գավաթի հաղթող, չեն մասնակցի Աշխարհի առաջնությանը:

Միայն Մունդիալին չմասնակցելով չի սահմանափակվում Չիլիի հավաքականի անհաջողությունը: Ներկա սերունդը արդեն բավական տարեց է, ու հաջորդ աշխարհի առաջնության որակավորման փուլին նրանցից մեծամասնությունը չի մասնակցի: Տարբեր ընկերական խաղերում փորձարկումները ցույց են տալիս, որ Չիլիի հավաքականում տարեցներին, գրեթե, փոխարինողներ չկան: Կարմիրները շաբաթվա անհաջողակների ցանկում են:

ԱՄՆ-ի հավաքական

ԱՄՆ-ի ֆուտբոլի հավաքականը 1986 թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի Աշխարհի առաջնությանը: Յուրգեն Կլինսմանի հեռանալուց հետո թիմի ղեկը ստանձնած Բրյուս Արենային այդպես էլ չհաջողվեց կարգավորել թիմի խաղն ու կայունության հաշվին նվաճել Մունդիալի ուղեգիր:

Լուսանկարը` forbesimg.com


Նույնիսկ չբալանսավորված խաղի պարագայում ԱՄՆ-ի հավաքականի ճակատագիրը գտնվում էր հենց իրենց ձեռքերում: Որակավորման փուլի վերջին խաղում պետք էր հաղթել մրցաշարային աղյուսակի հետնապահ Տրինիդադ եւ Տոբագոյին: Արենայի թիմն այնքան անատամ ֆուտբոլ խաղաց, որ համարձակվեց պարտվել մրցակցին:

Արդյուքնում ԱՄՆ-ի հավաքականը մնաց վաստակած 12-միավորով ու առջեւում թողեց Հոնդուրասի ու Պանամայի ազգային թիմերին: Նման արդյունքից հետո ամերիկացիները գուցե հիշեն ֆուտբոլում ներդրված ահռելի գումարների մասին ու սկսեն զարգացնել այլ մարզաձեւեր: ԱՄՆ-ի հավաքականը շաբաթվա 2-րդ ձախողակն է:

Լիոնել Մեսսի

Ամանորի գլխավոր սիմվոլը տոնածառն է: Մի պահ պատկերացնենք Աշխարհի առաջնությունն առանց Լիոնել Մեսսիի: Նույնն է պատկերացնել Նոր տարին առանց տոնածառի: Մի բան այն չէ: Հենց նման իրավիճակում էր հայտնվել համաշխարահային ֆուտբոլային հասարակությունն օրեր առաջ, երբ Արգենտինայի հավաքականը սեփական հարկի տակ խաղում չկարողացավ կոտրել Պերուի դիմադրությունը: Խաղն ավարտվել էր 0-0 հաշվով, իսկ Արգենտինան այդ պահի դրությամբ դուրս չէր գալիս Աշխարհի առաջնության խմբային փուլ: Վերջին տուրում անհրաժեշտ էր հաղթել Էկվադորին, այն էլ մրցակցի հարկի տակ:

Լուսանկարը` Facebook


Մինչ Էկվադորի հետ խաղին անդրադառնալը մի փոքր էլ Ալբիսելեստեի գլխավոր մարզչից: Խորխե Սանպաոլին, այն մասանգետներից է, որը մեծ անուն ունի ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հարավային Ամերիկայում: Նրա անվան հետ էին կապված Չիլիի հավաքականի հաջողությունների մեծ մասը: Բայց  Արգենտինայի հավաքականում Սանպաոլիի գործողություններն ու կազմի ընտրությունն ավերածություն ու պառակտում է մտցրել հավաքականում: Թիմի համար ամենավճռական 2 խաղում, երբ վնասվածք ուներ Սերխիո Ագուերոն, հավաքականի հրավեր չէր ստացել Գոնսալու Իգուաինը: Նման իրավիճակում հույսը մնում էր դնել Լիոնել Մեսսիի վրա: Ամենավճռական խաղում Մեսսին ու ընկերները դաշտ էին դուրս եկել անկախ մարզչի որոշումների վաստակել Մունդիալի ուղեգիր: Վերադառնում ենք Ամանորին:

Էկվադորի հետ մրցավեճը Արգենտինայի համար սկսվեց արագ նոկդաունով: Ռոմարիո Իբարրան առաջ մղեց դաշտի տերերին: Ալբիսելեստեն փրկվելու այլ տարբերակներ չուներ: Գործի անցավ համաշխարհային ֆուտբոլի, գուցե, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն ու պարտության մատնեց Էկվադորին իր՝ Աստծուց շնորհված անկասելի ձախով: Մեսսին դարձավ հետ-տրիքի հեղինակ ու Արգենտինային նվիրեց Մունդիալ 2018-ի ուղեգիր: Հատկանաշական է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստն ինքը ստեղծեց 3 գոլային հնարավորություններն ու իրացրեց: Մունդիալն ու ֆուտբոլային հանրությունը չզրկվեցին Աշխարհի առաջնության զարդից: Մեսսին ինքն իրեն տոնի մասնակից դարձրեց՝ հայտնվելով շաբաթվա լավագույների շարքում: Ինչպես Նոր տարին, առանց տոնածառ՝ Մունդիալը եւս առանց Մեսսիի չմնաց:

Արմեն Մանուկյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին