Ապրիլ 19, 2024
1293 դիտում

Մեսսին ու Ռոնալդուն «խաղում են» Կարլսենի ու Նակամուրայի պարտիան


Լուսանկարը` Louis Vuitton


Աշխարհահռչակ Louis Vuitton ընկերությունը երկար տարիներ է արտադրում է այն պայուսակները, որոնցով Աշխարհի գավաթը դուրս է բերվում մարզադաշտ ու բացման արարողություններից առաջ ներկայացվում հանդիսականներին:

Մինչ առաջնությունների մեկնարկը Louis Vuitton-ը անցկացնում է ֆոտոշարքեր, որոնց մասնակցում են հայտնի ֆուտբոլիստներ: Կատար-2022-ի մեկնարկից առաջ Louis Vuitton-ը, Քրիշտիանու Ռոնալդուն ու Լեո Մեսսին իրենց սոցիալական ցանցերում միաժամանակ հրապարակեցին այս լուսանկարը:

«Victory is a State of Mind» (Նախ պետք է հաղթել մտքով). այսպես է մեկնաբանվել լուսանկարը, որտեղ ֆուտբոլային երկու աստղերը փորձում են շախմատի խաղատախտակի առաջ պարզել հաղթողին: Նկարի հեղինակը հայտնի Էն Լեյբովիցն է, որը մեծ թվով աստղերի է լուսանկարել:

Մի պահ մոռանանք գովազդային արշավն ու տեսնենք, թե ինչպիսի դիրք է խաղատախտակին: Հետաքրքիր է, որ կազմակերպիչները մանրակրկիտ ուսումնասիրել են նաեւ շախմատային լուծումները: Mediamax Sport-ին Հայաստանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանն ասել է, որ Մեսսին ու Ռոնալդուն «փորձում են լուծել» 2017-ին Norway Chess-ի ժամանակ կայացած Մագնուս Կարլեսն-Հիկարու Նակամուրա հանդիպման ոչ հեշտ դիրքը:


Այն ժամանակ գրոսմայստերները երկար տեւած հանդիպման ժամանակ չեն գտել հաղթանակի ճանապարհն ու ի վերջո ավարտել են ոչ-ոքի հաշվով:

Նկարի լույս տեսնելուց հետո դրան արձագանքել է Աշխարհի չեմպիոնը: Նա գրել է. «Այս պարտիայի բնօրինակն իմ ու Նակամուրայի դիմակայությունից է: Ես ավարտեցի մինուս մեկով ու մրցաշարում միավորներ կորցրի: Նույնիսկ վտանգ կար, որ Աշխարհում կնահանջեմ 2-րդ կամ 3-րդ տեղը: Իսկապես, շատ դժվար էր»:

Այն հարցին, թե Մեսսի-Ռոնալդու պայքարը համեմատելի՞ են Կարլեսն-Նակամուրա մրցակցության հետ, նորվեգացին ասել է՝ ոչ:

Կուլիսային մասում երեւում է, որ Մեսսին ու Ռոնալդուն միասին չեն նկարահանվել: Մասնագետներն առանձին-առանձին ստացված կադրերը հետագայում միացրել են ու ստացել այսպիսի հետաքրքիր նկար:


 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին