Ապրիլ 18, 2024
1642 դիտում

«Ջեյմս Բոնդի լավագույն ընկերուհին». Թագուհու ու Քրեյգի արկածները Լոնդոն-2012-ի համար


Լուսանկարը` The Telegraph

Լուսանկարը` yahoo


2012 թվականին Օլիմպիական խաղերը 3-րդ անգամ անցկացվեցին Լոնդոնում: Բացման արարողությունը կայացավ հուլիսի 27-ին Օլիմպիական ստադիոնում, ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում եւ Եղիսաբեթ թագուհին:

Նա սակայն այդ երեկո իսկական անակնկալ էր պատրաստել ներկաների ու միլիոնավոր հեռուստադիտողների համար: Թագուհին անձամբ էր ցանկացել նկարահանվել բացմանը նվիրված տեսահոլովակում ու Ջեյմս Բոնդի (Դանիել Քրեյգի) խաղընկերուհին լինել:

Արարողության ռեժիսոր Դենի Բոյլը պատմել էր, որ կազմակերպիչների մտքով չի էլ անցել թագուհուն առաջարկել նկարահանվել կարճամետրաժ ֆիլմում ու օդապարիկով ցատկել Բոնդի հետ:  

Սկզբում Բոյլը մտածել է նկարահանել նրան նման որեւէ դերասանուհու, օրինակ Հելեն Միրենին, մանավանդ որ նա արդեն 2006 թվականին նկարահանվել է «Թագուհին» ֆիլմում, հիանալի մարմնավորել կերպարն ու Օսկար ստացել:

Ֆիլմի ստեղծողները Բուքինգեմյան պալատի ներկայացուցիչներին հանձնել են նախնական սցենարը, որպեսզի թագուհին այն հաստատի: Սակայն ծանոթանալով դրան՝ ինքն է ցանկացել խաղալ:

Ըստ սյուժեի՝ Ջեյմս Բոնդը ներկայանում է Բուքինգեմյան պալատ: Երբ նա մտնում է աշխատասենյակ, թագուհին զբաղված է լինում փաստաթղթերով ու սկզբում նրան չի էլ նկատում: Բոնդը թեթեւ հազում է՝ հիշեցնելով իր մասին: Թագուհին շրջվում է ու ասում. «Բարի երեկո, պարոն Բոնդ»:

Ապա նրանք միասին ուղղաթիռով ուղեւորվում են Օլիմպիական ստադիոն, որը գտնվում է Լոնդոնի Սթրաթֆորդ թաղամասում:



Սցենարն այնպես է շարունակվել, որ ֆիլմի ավարտը համընկնի թագուհու ստադիոնում հայտնվելու հետ, նա կրել է նույն նուրբ ծիրանագույն զգեստը, որով եւ նկարահանվել է:
 
2013 թվականին թագուհին արժանացել է Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսության (BAFTA) մրցանակին՝ ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաեւ ճանաչվել է «Ջեյմս Բոնդի լավագույն ընկերուհի»:

Քրեյգը պատմել է նկարահանումների ընթացքի մասին «Սթիվեն Կոլբերտի հետ ուշ երեկոյան» շոուի ընթացքում: Խոստովանել է, որ թագուհին բարձր տրամադրությամբ է եղել ու հաճախ կատակներ արել իր հետ. «Երբ հանդիպեցինք, ասաց. «Դո՞ւ ես այն Բոնդը, որը երբեք չի ժպտում»: Ամեն ինչ իրականում շատ լուրջ մթնոլորտում պետք է անցներ, բայց թագուհին անհավանական ուրախ ու սիրալիր էր: Ժամանակի մեծ մասն անցկացնում էի նրա շների հետ՝ հատակին սահելով ու խաղալով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին