Ապրիլ 26, 2024
exclusive
1391 դիտում

Գրականագետ Լիլիա Տեր-Մինասյանի հեռախոսազանգը Գերդ Մյուլլերին


Լուսանկարը` FC Bayern

Լիլիա Տեր-Մինասյանը
Լիլիա Տեր-Մինասյանը

Լուսանկարը` Տեր-Մինասյանի արխիվից

Լուսանկարը` Զանազանյանի արխիվից


«Արարատ»-«Բավարիա» խաղից առաջ Երեւանում գտնվող Գերդ Մյուլլերի մտքով անգամ չէր էլ կարող անցնել, որ հեռախոսազանգ կստանա ու կզրուցի գրականագետ ու թարգմանիչ Լիլիա Տեր-Մինասյանի հետ:

Իսկ թե ինչպես էր Տեր-Մինասյանը կապվել «Բավարիա»-ի աստղերից մեկի հետ Mediamax Sport-ին պատմել է նրա աղջիկը՝ ճարտարապետության թեկնածու, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական Անուշ Տեր-Մինասյանը:

«Մայրիկս`Լիլիա Տեր-Մինասյանը, թարգմանել է Դոստոեւսկու, Գյոթեի, Վերֆելի եւ այլ հայտնի գրողների ստեղծագործություններ, կատարել է նաեւ հայերենից գերմաներեն ու ռուսերեն թարգմանություններ, բազմաթիվ հոդվածների հեղինակ է:

«Արարատ»-«Բավարիա» խաղից մեկ օր առաջ նա գործի բերումով զանգահարում է իր ծանոթներից մեկին: Ինչ-որ մեկն է պատասխանում, մայրիկս ասում է, որ խոսափողը փոխանցի Մարիային: Նրա հետ խոսում են գերմաներեն եւ իրեն թվում է, թե կատակ են անում:

Լիլիա Տեր-Մինասյանը Լիլիա Տեր-Մինասյանը

Լուսանկարը` Տեր-Մինասյանի արխիվից


Անծանոթն ասում է, թե զանգահարել եք «Արմենիա» հյուրանոց եւ իր հետ խոսողը Գերդ Մյուլլերն է: Մայրիկս անցնում է գերմաներենի ու ներողություն խնդրում՝ նշելով, որ սխալմունք է տեղի ունեցել: Մյուլլերն էլ պատասխանում է, թե ոչինչ: Մայրիկս նրան ու ողջ թիմին բարի գալուստ է մաղթում Հայաստան, իսկ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնում: Նրանց զրույցը տեւում է մի քանի րոպե:

Ես այդ պահին տանն էի ու զարմացած մայրիկիս էի նայում, թե այս ում հետ է գերմաներեն խոսում: Երբ պատմեց, շատ ծիծաղեցինք ու զարմացանք: Հետո արդեն բոլորը խոսում էին, թե ինչպես է նա զրուցել Մյուլլերի հետ:

Լուսանկարը` Զանազանյանի արխիվից


Այն ժամանակ շատ էր պատահում, որ մեկի հեռախոսահամարը հավաքում էիր, բայց բոլորովին այլ տեղ էիր ընկնում: Սա այդ դեպքերից էր, բայց ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ հենց Մյուլլերը կպատասխանի: Նա այդ ժամանակ ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկն էր:

Մեր ընտանիքը ֆուտբոլասեր չէր, բայց «Բավարիա»-ի Երեւան գալու մասին, բնականաբար, գիտեինք: Ողջ Հայաստանն էր խոսում ու ապրում «Արարատ»-ի հետ կայանալիք խաղով: Լավ չեմ հիշում, բայց ենթադրում եմ, որ հաջորդ օրը դիտեցինք այդ հանդիպումը, չէինք կարող մայրիկի զանգից հետո չնայել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին