Ապրիլ 25, 2024
2037 դիտում

Լուիս Սուարեսի առաջին ու միակ սեր Սոֆին, որի շնորհիվ նա վերափոխվեց


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Be Soccer

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Promipool

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` El Periodico


Լուիս Սուարեսի ու Սոֆիա Բալբիի սիրո պատմությունը ֆուտբոլային աշխարհում ամենավառն ու բարին է: Նրանք իրենց օրինակով ցույց են տալիս, որ այս կյանքում իրական սերը դեռ չի մահացել:

Mediamax Sport-ն առաջարկում է ծանոթանալ պատմությանը, թե ինչպես ապահովված ընտանիքի բարի աղջիկը փրկեց աղքատ տղայի կյանքը, իսկ ֆուտբոլն ունեցավ Լուիս Սուարես:

Ծանր մանկությունը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Լուիս Սուարեսը ծնվել է Ուրուգվայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Սալտոյում: Նրա մանկությունն անցել է ծանր պայմաններում, չնայած ծնողներն աշխատել են ապահովել երեխաներին, սակայն գումարն ամեն դեպքում բավարար չի եղել: 7 տարեկանում նրանց ընտանիքը տեղափոխվել է մայրաքաղաք:

Փոքրիկ Լուիսը Մոնտեվիդեոյի փողոցներում սկսել է ֆուտբոլ խաղալ ընկերների հետ: 10 տարեկանում ծնողները բաժանվում են, ու Լուիսը 4 եղբայրների եւ 2 քույրերի հետ մնում է մոր հետ: Նա ստիպված սկսում է աշխատել, ինչի արդյունքում հաճախ բաց է թողնում մարզումները, իսկ դպրոցի փոխարեն նախընտրում է խրախճանքների մասնակցել, գիշերներն անցկացնել տարբեր ակումբներում:

Լուսանկարը` Marca


Ֆուտբոլիստը խոստովանել է, որ չի կարող պատկերացնել, թե ինչպես պետք է ավարտվեր իր կյանքը, եթե 15 տարեկանում չծանոթանար ապագա կնոջ՝ Սոֆիա Բալբիի հետ: Հենց Սոֆին է կարողանում նրան հետ բերել վատ ճանապարհից, դառնալով երազանք, որին Լուիսը ձգտում էր հասնել:

Պատանիների ծանոթությունն ու չկայացած ժամադրությունը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Նրանք ծանոթացել են ընդհանուր ընկերոջ կազմակերպված միջոցառման ժամանակ: 15-ամյա Լուիսը միանգամից է սիրահարվել 13-ամյա աղջկան, Սոֆին հետագայում խոստովանել է, որ ինքը եւս առաջին հայացքից գերվել է տղայով: Աղջիկն ապահովված ընտանիքից էր, սակայն դա նրան չի խանգարում սկսել հանդիպել փողոցներն ավլող տղայի հետ:

Առաջին ժամադրությունն այդպես էլ չի կայանում: Պայմանավորվել էին հանդիպել առեւտրի կենտրոններից մեկում, ուժեղ անձրեւի պատճառով Լուիսը մտնում է ներս, մինչդեռ Սոֆին սպասում է դրսում ու մի լավ թրջվում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Ահավոր ուժեղ անձրեւ էր գալիս, ու ես նրան սպասում էի ներսում: Որտեղից կարող էի ենթադրել, որ Սոֆին ինձ սպասում է դրսում ու մինչեւ ոսկորները թրջվել է: Որոշ ժամանակ անց նա զանգում է մեր տուն, իսկ քույրիկս նրան ասում է, թե ես գնացել եմ ընկերուհուս հետ հանդիպման: Դե, Սոֆին էլ մտածում է, որ իրեն խաբել եմ եւ ոչ միայն չեմ եկել հանդիպման, այլ նաեւ ընկերուհի ունեմ: Բայց ճշմարտությունն այն էր, որ այդ ընկերուհին հենց ինքն էր»:

Չնայած այդ օրը նրանք այդպես էլ միմյանց չեն տեսնում, սակայն դա չի խանգարում հետագայում պարբերաբար հանդիպել: Չափազանց բարի ու կամեցող Սոֆին աչք է փակում ամեն ինչի վրա՝ ուշադրություն չդարձնելով, որ տղան ոչինչ չունի եւ նույնիսկ իրեն չի կարողանում նվեր գնել կամ տեղ հրավիրել:

Հոգատարություն սիրելիի հանդեպ

Լուսանկարը` Be Soccer


Սոֆիան Լուիսին ծանոթացնում է ծնողների հետ, ովքեր հավանում են երիտասարդին ու թույլ տալիս նրան շփվել իրենց աղջկա հետ: Քանի որ նրանք Մոնտեվիդեոյից 25 կմ հեռավորության վրա էին ապրում, ֆուտբոլիստը ստիպված օգտվում էր ավտոբուսից: Իսկ տոմս գնելու համար շարունակում էր ավլել փողոցները, խնդում ավագ քրոջից, նույնիսկ այն ակումբի ղեկավարներից, որտեղ ֆուտբոլ էր խաղում: Հետդարձի ճանապարհը երբեմն անցնում էր ավտոստոպով:

«Բախտս բերեց, քանի որ նրա մայրիկն ինձ հավանում էր: Երբ Սոֆիի հայրն աշխատանքի էր լինում, ես օգնում էի նրան տան գործերում, իսկ երբ վիճում էինք իրար հետ, նրա մայրը միշտ ինձ էր պաշտպանում: Կարծում եմ, որ նրանք ինձ գնահատում էին, որովհետեւ ես անմնացորդ սիրում էի իրենց աղջկան ու պատրաստ էի հանուն նրա փոխվել»:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Սոֆին այդ տարիքից էլ սկսում է հետեւել, որպեսզի Լուիսը բաց չթողնի մարզումներն ու այլեւս չխմի: Նա ստիպում է վերադառնալ դպրոց, օգնում կատարել տնային աշխատանքները:

«Նա միշտ ասում էր, որ պետք է վերջ դնեմ ծուլությանս եւ սովորեմ: Կյանքիս մեջ առաջին անգամ ինչ-որ մեկն աջակցում ու հոգ էր տանում իմ մասին: Սոֆին ցանկանում էր օգնել, ցույց տալ, որ կյանքում շատ հնարավորություններ կան: Միշտ նշում էր, որ ֆուտբոլին զուգահեռ պետք է դասերս պատրաստեմ: Նրա հետ ես մի նոր աշխարհ բացահայտեցի, որն ամբողջովին փոխեց ինձ»:

Տխուր բաժանումը

Լուսանկարը` Marca


Տեսնելով փոփոխություն Սուարեսի վարքում՝ մարզիչները որոշում են տղային եւս մեկ հնարավորություն տալ: Նա ողջ ուժերը ներդնում է ֆուտբոլում ու սկսում անընդհատ մարզվել: Սակայն կարճ ժամանակ անց իմանում է, որ Բալբիների ընտանիքը տեղափոխվում է Բարսելոնա:  

«Ինձնից վերցնում էին իմ ամեն ինչը՝ Սոֆիին: Ընդամենը 16 տարեկան էի ու կարծում էի, որ նրան այլեւս չեմ տեսնելու: Սոֆին ու նրա ընտանիքն անսահման բարություն էին ցուցաբերել ու փոխել իմ կյանքը: Նրանք գիտեին, թե ես ինչքան եմ տառապելու: Հրաժեշտի օրը ես վստահ էի, որ ամեն ինչ ավարտված է, որովհետեւ ոչ մի դեպքում ես չեմ կարող Ուրուգվայից հասնել Բարսելոնա: Ես նույնիսկ տուն հասնելու փող չունեի, ուր մնաց Իսպանիա: Որոշ ժամանակ անց նա զանգեց ինձ ու ասաց, որ շատ է կարոտում ու պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի հանդիպենք»:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Այդ ժամանակից սկսած Սուարեսի միակ նպատակը դառնում է Եվրոպա տեղափոխվելը: Իսկ դա նա կարող էր անել միայն ֆուտբոլի շնորհիվ: Անդադար մարզվում է, աչքի ընկնում տարբեր հանդիպումների ժամանակ: «Նասյոնալի» մարզիչներից մեկը ֆուտբոլիստի համար տոմս է գնում դեպի Եվրոպա: Այս ուղեւորությունն ամբողջովին փոխում է Սուարեսի կյանքը, նա հասկանում է ինչ է ուզում կյանքում՝ հանդես գալ Եվրոպայում, որպեսզի միշտ լինի Սոֆիի կողքին:

Մեծ սիրուց ծնված համերաշխ ընտանիքը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Եւ ահա, նա ստանում է իր հնարավորությունը. հոլանդական «Գրոնինգենը» երիտասարդին հրավիրում է իր կազմ: Միանգամից պայմանագիր է ստորագրում, իսկ հանգստյան օրերն անցկացնում սիրելիի հետ՝ Բարսելոնայում: Այդպիսի օրերից մեկի ժամանակ էլ Սոֆիին առաջարկում է տեղափոխվել իր մոտ ու բնակվել միասին: Վերջինս համաձայնվում է:
 
2007-ին Սուարեսը դառնում է «Այաքսի» ֆուտբոլիստ: Նրա կարիերան սկսում է հիանալի առաջընթաց ունենալ, մեկը մյուսի հետեւից գոլեր խփել ու հաղթանակներ տանել, դառնում է թիմի ավագն ու ճանաչվում Նիդերլանդների լավագույն ֆուտբոլիստ:

«Իրականում մենք հիանալի օրեր ենք ունեցել Ամստերդամում: Ապրում էինք լճի ափին, վայելում էինք ամեն մի րոպեն»:

Լուսանկարը` Promipool


2009-ին Սոֆին ու Լուիսն ամուսնանում են, ամիսներ անց ծնվում է նրանց աղջիկը: 2011-ին Սուարեսը տեղափոխվում է «Լիվերպուլ»: Այստեղ նա դառնում է առաջատար ֆուտբոլիստներից մեկն ու ձեռք բերում ավելի մեծ ճանաչելիություն: Երկու տարի անց ծնվում է որդին:

2014-ին իրականանում է Սոֆիի երազանքը՝ նրա ընտանիքը տեղափոխվում է Բարսելոնա: Կատալոնացիների կազմում ընդգրկվելով՝ Սուարեսն անհամեմատ բարձր նվաճումների է հասնում: Այստեղ էլ ծնվում է նրանց երկրորդ տղան:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ինչպես միշտ, «Ատլետիկո» տեղափոխվելու ժամանակ եւս Սուարեսի կողքին ամուր կանգնած էր կինը, որը նրան հավատացնում էր, որ այստեղ եւս կհասնի հաջողությունների:

Այսօր Սոֆին ոչ միայն հրաշալի կին ու մայր է, այլ նաեւ ձեռներեց: Լեո Մեսսի կնոջ՝ Անտոնելայի հետ, նրանք սեփական կոշիկի արտադրությունն են հիմնել:

Լուսանկարը` El Periodico


Սուարեսի համար կյանքում ամենակարեւորն ընտանիքն է: Նա խոստովանել է, որ եթե ընտրություն անի կարիերայի եւ ընտանիքի միջեւ, առանց երկար մտածելու կընտրի երկրորդը:

«Սոֆին ինձ սիրում էր դեռ այն ժամանակ, երբ բացարձակ ոչինչ չունեի: Նա փրկել է իմ կյանքը: Մենք միասին անցել ենք շատ երկար ճանապարհ, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: Այս ամենից մեր սերը չի խամրել կամ հնացել, մենք միշտ օգնում ենք միմյանց, հարգում եւ հասկանում: Սակայն խոստովանում եմ, որ դրանում ամենամեծ ներդրումն ունի հենց կինս, առանց որի ես այսօր չէի լինի Լուիս Սուարես»:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին