Ապրիլ 25, 2024
exclusive
3318 դիտում

Լեւոն Աղասյանի աթլետիկայով «վարակված» ու հումորով մարզիչը


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


Եռացատկորդ Լեւոն Աղասյանին անվերջ կարելի է լսել, թե ինչպես է նա ոգեւորված պատմում իր մարզչի մասին: Միանգամից զգացվում է, որ նա չափազանց գնահատում է Արսեն Պետրոսյանի հետ արդեն երկար տարիներ ձգվող համատեղ աշխատանքը:

Mediamax Sport-ի համար բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող աթլետը պատմել է սիրած գործի հանդեպ ձեռք բերած անկոտրում հավատի ու դրանում մարզչի մեծ դերի մասին:

«Իմ առաջին ու անձնական մարզիչը Արսեն Պետրոսյանն է, որի գլխավորությամբ պարապում եմ 15 տարուց ավելի։ 2012-2013թթ. Երեւանում գտնվելու ընթացքում մոտ 10 ամիս մարզվել եմ Պարգեւ Գրիգորյանի մոտ։ Երկուսն էլ Հայաստանի վաստակավոր մարզիչներ են։

Պետրոսյանն ինձ տվել է այն ամենը, ինչ սովորել է ու ձեռք բերել իր մարզչական եւ մարզական կարիերաների ընթացքում։ Իսկ այդպես բոլորը չէ, որ անում են։

Նրանից չհանձնվել եմ սովորել, կարգապահություն ու անկոտրում հավատ սիրած գործի նկատմամբ։ Իսկ այդ հատկանիշները, ինչպես գիտենք, շատ կարեւոր են կյանքի բոլոր բնագավառներում։

Առաջին անգամ մենք հանդիպել ենք 2005թ. ապրիլի 7-ին՝ հենց առաջին օրը, երբ որոշեցի աթլետիկայով զբաղվել:

Մարզիչը հանձնարարեց մի քանի վարժություն կատարել, որի ընթացքում հաճելիորեն զարմացել էր ու գովում էր ինձ: Երբ վերջացրի, ասաց. «Վաղը մրցումներին մասնակցելու ես»։ Շատ էի ուրախացել, մտածում էի՝ ուրեմն բավականին ուժեղ եմ, որ այդպես որոշեց:

Լուսանկարը` անձնական արխիվից


Պետրոսյանն աթլետիկայի երկրպագու է: Պրոֆեսիոնալ սպորտում դա անկյունաքարային հատկանիշ է։ Նա չի հանձնվում։ Փորձում է միշտ ելք գտնել ցանկացած իրադրությունից։ Անընդհատ տարբեր ուղիներ է գտնում մարզումները ավելի արդյունավետ դարձնելու համար։ Չի ընկճվում նույնիսկ ամենադժվար պահերին եւ փորձում է ոգեւորել իր ձեւերով: Դա ինձ անկեղծ ասած՝ մի քիչ զվարճացնում է:

Նա բարի, պատրաստակամ, հումորասեր, բազմակողմանի զարգացած, կիրթ, համեստ, հասկացող ու դրական մարդ է։

Ինչպես ասում են Հայաստանում` ընտանիքի մարդ է։ Ամեն ինչ անում է եւ կանի իր ընտանիքի համար։ Իհարկե, իր ընտանիքի բոլոր անդամներն էլ «վարակվել» են աթլետիկայով, այլ կերպ չէր էլ կարող լինել։

Իմ կարծիքով բոլորն էլ որպես մասնագետ միշտ զարգանալու տեղ ունեն, նա էլ բացառություն չէ։ Միշտ փորձում է նոր ուղիներ գտնել ու պարապմունքներն ավելի արդյունավետ դարձնել։ Անընդհատ սովորում է ամեն մարզիկից ու մարզչից։ Զգում է մարզիկին ու պետք եղած ժամանակ նաեւ պահանջկոտ է։

Մեր համատեղ աշխատանքն ունեցել է վերելքներ ու վայրէջքներ, ինչպես լինում է բոլոր մարզիկ-մարզիչ հարաբերություններում։

Լուսանկարը` անձնական արխիվից


Իրականում մենք շատ տարբեր ենք, բայց մարզումներին մոտենում ենք նույն պատրաստակամությամբ եւ եռանդով։ Շատ դեպքերում իրար լրացնում ենք։ Նա սովորեցրել է ինձ մոտենալ խնդիրներին (մարզումային ու ոչ միայն) սառնասրտորեն եւ «ուղեղը միացրած»։

Միշտ ասում է. «Քո խնդիրները քեզնից բացի ոչ մեկ չի լուծելու»։ Ես էլ իմ հերթին փորձում եմ լինել դրական ու բոլոր դեպքերում լավատես, նա էլ ինձնից դա է մի քիչ սովորել:

Պետրոսյանն ինձ շատ-շատ օգնել է նաեւ մարզումներից դուրս, ինչի համար միշտ շնորհակալ կլինեմ նրան:

Նա ասում է. «Կյանքում լինելու են շատ խոչընդոտներ, դժվարություններ եւ մարդիկ, որոնք կամա թե ակամա կխանգարեն քեզ։ Արդար աշխատիր, նպատակդ մի մոռացիր եւ ամեն ինչ իր տեղը կընկնի»: Զրույցների ընթացքում հաճախ է շեշտում այս բառերը:

Մարզումների ժամանակ, երբ հոգնածության պատճառով արդեն դժվարանում եմ որոշ ֆիզիկական վարժություններ կատարել, հիշեցնում է ռուսական հայտնի արտահայտությունը` «Դժվար է սովորելիս, հեշտ մարտի ժամանակ»: Այդ պահերին հիմնականում մտածում եմ վերականգնվելու մասին ու իր խոսքերն այդքան մեծ ներգործություն չեն ունենում, բայց որոշ ժամանակ անց հիշելով դրանք՝ ակամա ոգեւորվում եմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին