Ապրիլ 20, 2024
exclusive
4894 դիտում

Շոումեն Յուրգեն Կլոպը. Նորովի բացահայտված գերմանացին


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` eurosport.com

Լուսանկարը` bleacherreport.com

Լուսանկարը` telegraph.co.uk

Լուսանկարը` telegraph.co.uk

Լուսանկարը` The Sun

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` tagesspiegel.de

Լուսանկարը` telegraph.co.uk

Լուսանկարը` amazon.com

Լուսանկարը` pinterest

Լուսանկարը` irishmirror.ie

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk


Յուրգեն Նորբերտի Կլոպը ժամանակակից ֆուտբոլի ամենախարիզմատիկ, հայտնի ու ժպտերես մարզիչներից է: Իհարկե, ֆուտբոլային աշխարհի սիրտը նա ոչ միայն այդ որակների շնորհիվ է գրավել: Կլոպը նաեւ բացառիկ սպորտային նվաճումների է հասել:

Բայց այսօր միայն ֆուտբոլային Կլոպի մասին չէ, որ ցանկանում ենք խոսել: Պարզելու ենք, թե ուրիշ էլ ինչ հետաքրքրություններ ունի կյանքում ու թե հումորը որքանով է օգնում նրան:

Ընտանիքը

Յուրգեն Կլոպը 2 անգամ է ամուսնացել: Առաջին անգամ նա ընտանիք է կազմել 1980-ականներին, նախկին կնոջ՝ Սաբինայի հետ որդի ունեն: Մարկը ծնվել է 1988 թվականին ու հոր պես ֆուտբոլիստ է եղել, բայց սիրողական մակարդակում է հանդես եկել: Ավելի ուշ աշխատանքի է անցել «Բորուսիայում»:

2001 թվականին Կլոպն ամուսնալուծվել է ու իր ապագա կնոջ հետ ծանոթացել 2005-ին Օկտոբերֆեստի ընթացքում: Ուլլան Մայնցի գարեջրատներից մեկում էր աշխատում, երբ Կլոպն առաջին անգամ տեսավ նրան: Մարզչին միանգամից գերեց շիկահեր գեղեցկուհին:

Լուսանկարը` eurosport.com


Կինը սիրահարվեց ոչ միայն Յուրգենին, այլ նաեւ՝ ֆուտբոլին: Նա երեխաների համար գրել է «Թոմն ու կախարդական ֆուտբոլը» գիրքը: Կլոպն էլ գրքի նախաբանի հեղինակն է:

Կլոպը խոստովանել է, որ կինը նրա վրա շատ մեծ ազդեցություն է թողել: Մինչ Ուլլայի հետ հանդիպումը, նա կարեւոր խաղերից առաջ չէր կարողանում քնել, կինը սովորեցրել է նրան ավելի հանգիստ դառնալ ու կառավարել բռնկվող բնավորությունը: Նաեւ կնոջ խորհրդով է Կլոպը մազերի փոխպատվաստում արել, սովորել լավատեսորեն նայել կյանքին ու իրեն ավելի երիտասարդ զգալ:

Էմմա անունով շնիկը

Յուրգեն Կլոպը կենդանիներ շատ է սիրում: Նա ռետրիվեր ցեղատեսակի շուն ունի, որի անունը Էմմա է: Այդ անունը գերմանացին շանը տվել է Դորտմունդի «Բորուսիայի» լեգենդար ֆուտբոլիստ Լոտար Էմերիխի պատվին:

Լուսանկարը` bleacherreport.com


Կլոպը շանը շատ է սիրում ու չի բաժանվում նրանից: Երբ նոր էր տեղափոխվել Լիվերպուլ ու մշտական բնակության վայր չուներ, ստիպված է եղել թողնել հյուրանոցում իրենց հատկացված համարն ու տեղափոխվել բնակարան, որպեսզի շունն էլ մնալու տեղ ունենա:

Էմման Կլոպի պես վայելում է Լիվերպուլն ու ապրում է իր սիրելի ընտանիքի հետ:

Մազերի փոխպատվաստումը

2013 թվականին Յուրգեն Կլոպը մազերի փոխպատվաստում է արել: Սկզբում այդ մասին սկսեցին ԶԼՄ-ում գրել, հետո մարզիչն ինքն ամեն ինչ հաստատեց: Նա խոստովանեց, որ վաղուց էր պայքարում ճաղատանալու դեմ ու որոշեց այդ քայլին գնալ:

Լուսանկարը` telegraph.co.uk


«Իմիջիս կտրուկ փոփոխության համար հենց փոխպատվաստմանն եմ պարտական: Կարծում եմ՝ արդյունքն արդարացրել է իրեն, դուք այդպես չե՞ք կարծում»:

Լիվերպուլյան շոումենը

Համեստ Ռոյ Հոջսոնից, վետերան Քեննի Դալգլիշից ու զուսպ Բրենդան Ռոջերսից հետո վերջապես «Լիվերպուլը» գլխավորեց իսկական շոումեն: Նա ակումբի պատմության ամենաէմոցիոնալ ու վառ մասնագետն է:

Կլոպի գոլերի նշումն ու ասուլիսների ժամանակ լայն ժպիտը վաղուց յութուբյան ալիքների հիթն են դարձել: Լրագրողները սիրում են նրան կրակոտ մեկնաբանությունների համար:



Լիվերպուլում ասում են, որ եթե Կլոպը միայնակ էլ դուրս գա խաղադաշտ, ստադիոնը միեւնույն է լեփ-լեցուն կլինի:

Ֆուտբոլիստների ընկերը

Կլոպի հաջողության գաղտնիքներից մեկն այն է, որ նա կարողանում է ֆուտբոլիստների հետ շատ արագ ընկերանալ: Ի տարբերություն ավագ սերնդի մարզիչների՝ նա չի փորձում լուրջ լինել ու թիմի համար իսկական հեղինակություն դառնալ:

Կլոպը սիրում է կատակել իր սաների հետ, խայթել նրանց հումորով, գարեջրի շիթերի տակ կանգնել, վազել ստադիոնով մեկ հաղթանակը նշելիս, արտասվել, ֆուտբոլիստներին Սուրբ Ծննդին գարեջրատուն տանել: Ի տարբերություն շատ մարզիչների՝ նա հայտնվում է ակումբի երեկույթներին ու միջոցառումներին, կամ էլ պարզապես ֆուտբոլիստների կազմակերպած խնջույքներին եւ բնավ էլ չի փորձում անտեսանելի մնալ:

Լուսանկարը` telegraph.co.uk


Քայլելու սիրահար

Կլոպը համալսարանում հեղինակել է «Զբոսանքների դերը սպորտային պատրաստվածությունում» դիպլոմային աշխատանքը: Նա մեկ անգամ չէ խոստովանել, որ խաղը վերլուծելու ու կենտրոնանալու լավագույն տարբերակը զբոսնելն է:

Մայնցում ու Դորտմունդում աշխատելու տարիներին նա հաճախ էր հանդիպումից հետո ստադիոնից ոտքով տուն հասնում: Իսկ լիվերպուլցիների ամենահայտնի կարգախոսն ու սիրելի երգը «Դու երբեք միայնակ չես քայլի»-ն է, այնպես որ՝ անգլիական ակումբում Կլոպը ստիպված եղավ վերջ դնել միայնակ զբոսնելուն:

Գիտական աստիճանը

Զարմանալի չէ, թե ինչու Կլոպը տակտիկապես ամենագրագետ մարզիչներից է: Նա 1995 թվականին գիտական կոչում է ստացել Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանում ու սիրում է իր աշխատանքին շատ լրջորեն վերաբերվել:

Լուսանկարը` The Sun


Ճշմարտախոս

Դեպի իրեն տրամադրող Կլոպի մյուս գծերից մեկն էլ նրա ճշմարտախոս լինելն է: Նա չի ամաչում իր մասին ամենատարբեր ու շատ դեպքերում նաեւ սադրիչ հարցերի պատասխանել:

Եթե թիմն անտանելի հանդիպում է անցկացնում, այդպես էլ ասում է, կամ եթե պետք է որեւէ մեկին քննադատել կամ գովել, նույնպես անում է: Կլոպի բառերի ճակատամարտը լրագրողները շատ են սիրում:

Մարզիչ ու խաղացող նույն ակումբում

Կլոպն իր կարիերայի ողջ ընթացքում հանդես է եկել միայն «Մայնցում», այդ ակումբում էլ առաջին քայլերն է կատարել որպես մարզիչ:

Երկար ժամանակ նա հանդես է եկել սիրողական թիմերում, անգամ բանվոր է աշխատել խանութում, որպեսզի կարողանա գումար վաստակել: Միայն 23 տարեկանում է իր առաջին պայմանագիրը կնքել «Մայնցի» հետ:

Լուսանկարը` Facebook


Ակումբում Կլոպն անցկացրել է 11 տարի, թեեւ սկզբում հարձակվող էր, սակայն բարձրահասակ լինելու ու խաղադաշտը լավ տեսնելու արդյունքում մարզիչները նրան տեղափոխեցին պաշտպանություն: Ակումբի հետ որեւէ մրցանակի չի արժանացել ու խաղացել է գերմանական 2-րդ Բունդեսլիգայում: Առաջնությունում անցկացրել է 352 հանդիպում ու ռեկորդակիր դարձել այդ ցուցանիշով:  

Երբ որոշել է կարիերան ավարտել, Կլոպին ժամանակավոր մարզչի պաշտոն են առաջարկել: Նրա նշանակումը սկզբում որպես կատակ են ընդունել: Կլոպն ինքն էլ սկզբում լավ չէր հասկանում նոր պաշտոնի առանձնահատկությունը:

Օրինակ՝ առաջին խաղի ժամանակ նա բոլոր ֆուտբոլիստներին իրենց սենյակներում անհատապես հայտնել է մեկնարկային կազմը: Ավելի ուշ հասկացել է, որ դա այդքան էլ հաջող գաղափար չէ: Բայց որպես մարզիչ իրեն լավ է դրսեւորել ու հիացրել իր աշխատանքով:

Կլոպի շնորհիվ ակումբը դուրս է եկել Բունդեսլիգա ու Եվրոպայի Լիգայում խաղացել:

Լուսանկարը` tagesspiegel.de


6 անհաջող եզրափակիչ

Գերմանացու գլխավորած թիմերը 6 անգամ հայտնվել են կարեւոր մրցաշարերի եզրափակիչներում ու պարտություն կրել: 2013-2018 թվականներին նա ոչ մի նվաճման չի կարողացել հասնել:

«Բորուսիայի» հետ 2 անգամ զիջել է Գերմանիայի գավաթի եզրափակիչներում ու պարտվել «Բավարիային» Չեմպիոնների Լիգայի որոշիչ խաղում: «Լիվերպուլի» հետ «Սեւիլիային» պարտվել է Եվրոպայի Լիգայի եզրափակչում, ինչպես նաեւ Լիգայի Գավաթի ու Չեմպիոնների Լիգայի եզրափակիչներում:

Այդ անհաջող շարքն ընդհատվել է 2019-ին, երբ «Լիվերպուլի» հետ դարձել է ՉԼ-ի հաղթող:

2-րդ գերմանացին

Յուրգեն Կլոպն Անգլիայում որպես մարզիչ աշխատած 2-րդ մասնագետն է: Նրանից առաջ միայն Ֆելիքս Մագատն է 2014-ին գլխավորել «Ֆուլհեմը», բայց նման հաջողությունների չի հասել:

Լուսանկարը` telegraph.co.uk


Վենգերի երկրպագու

2013 թվականին տված հարցազրույցում խոստովանել է, որ միշտ հիացել է Արսեն Վենգերով: Նա հատկապես հավանում է ֆրանսիացու վառ բնավորությունն ու խաղի փիլիսոփայությունը: Կլոպի կարծիքով՝ Վենգերն իր թիմը նվագախմբի պես էր կառուցում:

«Նա առանց բառերի երաժշտության սիրահար է, մինչդեռ ես նախընտրում եմ ծանր ռոքը»:


Գրքեր նրա մասին

Կլոպի ու նրա մարզչական մեթոդների մասին բազմաթիվ գրքեր են գրվել, նրանցից առավել հայտնի են Ռաֆայել Հոնիգստեյնի «Աղմուկ բերեք», 4 հեղինակների «Բում. Ինչպե՞ս Յուրգեն Կլոպի պայթունավտանգ «Լիվերպուլը» հուզեց Եվրոպան» ու Գորդոն Լոյի «Ես նորմալ եմ: Յուրգեն Կլոպի ամենազվարճալի մտքերը» աշխատությունները:

Լուսանկարը` amazon.com


Գոլերը յուրահատուկ նշելիս

Մինչ Անգլիա տեղափոխվելը, Կլոպը հայտնի էր իր թիմի գոլերը յուրահատուկ ու շատ զվարճալի կերպով նշելով: Նա պարում էր, ծնկների վրա սահում խաղադաշտով, խենթի պես վազում ստադիոնով մեկ, նման տեսարանի լիվերպուլցիներն էլ ականատես են եղել: Իսկ մի անգամ նա ուրախությունից այնպես է ցատկել, որ մկանն է պատռել ու վնասվածք ստացել:



Մուլտֆիլմի հերոս

Netflix-ի «ԲոՋեք ձին» անիմացիոն ֆիլմում մի փոքրիկ դրվագում է հանդես եկել: Նա մարմնավորել է իգուանայի «Երեկույթից հետո» դրվագում: Ստեղծագործական պրոցեսը Կլոպին այնքան է դուր եկել, որ նույնիսկ «Խաղալիքների պատմություն 4»-ում Վուդիի դերի համար է ուժերը փորձել: Ի դժբախտություն Կլոպի ու ի ուրախություն «Լիվերպուլի» երկրպագուների՝ դերը Թոմ Հենքսն է ստացել:

Հնդկական ֆիլմերի սիրահար

Պարզվում է՝ գերմանացին Բուլիվուդի ֆիլմերի մեծ սիրահար է: Նրա բոլոր ժամանակների ամենահավանած ֆիլմը 1975-ին նկարահանված «Վրեժ եւ օրենքն» է:

«Ֆիլմում Գաբար Սինխ անունով կերպար կա, նա ամենախենթացնողն է: Սինխը հնդկական կինոյի տիպիկ չարագործներից է»:

Լուսանկարը` pinterest


10-ամյա տղային գրած նամակը

Երբ «Լիվերպուլը» ԱՊԼ-ում միավորներով շատ էր առաջ անցել մրցակիցներից, ՄՅՈւ-ի 10-ամյա երկրպագու Դարու Քերլիին այդ փաստը շատ էր տխրեցրել: Տղան դպրոցում հանձնարարություն էր ստացել նամակ գրել որեւէ ֆուտբոլային ակումբի, բացի իր սիրելիից:

Իր նամակը նա Յուրգեն Կլոպին էր հասցեագրել. «Լիվերպուլը» չափից շատ հանդիպումներում է հաղթում, եթե եւս 9 խաղում ուժեղ լինեք, ապա անգլիական ֆուտբոլում ամենալավ անպարտելի շարքը կունենաք: Նման պարագայում ՄՅՈւ-ի երկրպագու լինելը շատ տխուր է: 

Այնպես որ, խնդրում եմ, հաջորդ անգամ այնպես արեք, որ թիմը պարտվի: Պարզապես պետք է թույլ տաք, որ մրցակիցը գոլ խփի: Հույս ունեմ, որ կարողացա ձեզ համոզել, որ չհաղթեք լիգայում կամ էլ ցանկացած այլ խաղում»,- գրել էր տղան:

Դժվար էր անգամ պատկերացնել, որ պատասխան կլինի, բայց Կլոպը պատվիրված նամակ ուղարկեց տղային: Երբ նրա զարմացած մայրիկն ասաց, որ նամակ ունի, Դարուն պարզապես ասաց. «Օ, այո, Յուրգեն Կլոպից է»:

Լուսանկարը` irishmirror.ie


Ահա թե ինչ էր գրել Կլոպը. «Նախ շնորհակալ եմ, որ գրել ես: Գիտեմ, որ ինձ հաջողություն չես մաղթում, բայց միեւնույն է հաճելի է, երբ նամակ ես ստանում փոքրիկ երկրպագուից:

Ցավոք, չեմ կարող ցանկությունդ իրականացնել: Որքան էլ ուզում ես, որ պարտվենք, իմ աշխատանքն է անել այնպես, որ թիմը հաղթի, քանի որ միլիոնավոր մարդիկ են աշխարհում դա ցանկանում: Չեմ ուզում նրանց հուսախաբ անել:

Բայց ի ուրախություն քեզ՝ մենք նախկինում էլ շատ ենք պարտվել, հետագայում էլ կպարտվենք:  Երբ 10 տարեկան ես, քեզ թվում է ամեն ինչ նույն կերպ էլ մնալու է, բայց 52 տարեկանում կասեմ քեզ, որ դա այդպես չէ:

ՄՅՈւ-ի բախտը բերել է, որ քեզ պես նվիրված երկրպագու ունի: Հաջողություն եմ մաղթում քեզ»:

Հումորային վերջաբան

Չեմպիոնների Լիգայում ՊՍԺ-ի հետ խաղից առաջ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կլոպը մի լավ զվարճացրել է ներկաներին:

Նա ուշադիր լսել է ֆրանսիացի լրագրողի հարցը, ապա ասել. «Ի դեպ, թարգմանիչը բավական էրոտիկ ձայն ունի»՝ ծիծաղ առաջացնելով ողջ սրահում:



«Լիվերպուլում» գլխավոր մարզչի դերում իր առաջին հարցազրույցում, երբ Կլոպին հարցրել են, թե որն է «Բիթլզի» նրա սիրած ալբոմը, ժպիտով ասել է.

«Բիթլերի» իմ ամենասիրելի ալբոմը միշտ հաջորդն է»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին