Ապրիլ 25, 2024
2684 դիտում

Հրաչյա Ռոստոմյան. 16 տարվա սրտացավ աշխատանքը տվել է իր պտուղները


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը երեկոյան Մալթայում դարձավ փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Այդ առիթով բոլորին շնորհավորել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

«Հայաստանի հավաքականը կրկին փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող է, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս:

Ռեքս Քալամյանին հաջողվել է ստեղծել մարտունակ թիմ, որը վստահ հաղթանակներ տոնեց Մալթայում կայացած առաջնությունում եւ ուրախացրեց հայ մարզասերներին հերթական տիտղոսով: Բասկետբոլային տոնը սկսվել էր Երեւանում, երբ մեծ թվով հանդիսականների ներկայությամբ Հայաստանի ընտրանին արժանի ելույթ ունեցավ SADA Cup-ում:

Այս երկու մրցաշարերը մեծ ոգեւորություն առաջացրին Հայաստանում, եւ վստահ եմ, որ նոր զարկ կհաղորդեն բասկետբոլի զարգացմանը եւ մասսայականացմանը:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ֆեդերացիայի ողջ անձնակազմին, մարզիչներին, խաղացողներին եւ բոլոր անդամներին, որոնց նվիրված աշխատանքի շնորհիվ գրանցվեցին այս հաջողությունները:

Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են կերտվում հաղթանակները, ինչպես են կառուցվում ազգային հավաքականները, ասեմ, որ սկզբում ունեցել ենք փակուղային իրավիճակներ, երբ ոչ հեռավոր 2006 թ-ին մեզ որպես կապիտալ հանձնվեց ընդամենը մի քանի կնիք:

Սակայն այդ շրջանի անհաջողությունները մեզ չկոտրեցին, եւ քայլ առ քայլ շարժվեցինք ու շարժվում ենք դեպի մեր նպատակը: 16 տարվա սրտացավ աշխատանքը տվել է իր պտուղները, եւ կարող ենք վստահորեն ասել, որ հաղթանակների ուղին դեռ շարունակվելու է:

Չեմ կարող առանձնահատուկ չանդրադառնալ նաեւ մեր ըմբիշներին ու մարզիչներին: Շնորհավորում եմ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ունեցած փայլուն ելույթների եւ արժանի մեդալների առթիվ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին