Ապրիլ 26, 2024
824 դիտում

Ալբերտ Թադեւոսյան. Պարապմունքների ժամանակ մարզիչները մեզնից շատ են հոգնում


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Երեւանում կայացած SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարում Ալբերտ Թադեւոսյանը ստացավ լավագույն խաղարկողի մրցանակը:

Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 57:59 հաշվով զիջեց Սիրիային, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Իրանը:


Հանդիպումից հետո Թադեւոսյանն ամփոփել է մրցաշարն ու խոսել նոր գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանի հետ աշխատանքից: Նա նաեւ անդրադարձել է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը Մալթայում կայանալու է հունիսի 28-ից հուլիսի 3-ը:

«Մրցաշարը լավն է, շնորհակալություն կազմակերպիչներին ու երկրպագուներին, որ այդքան շատ գալիս էին ու մեզ աջակցում: Զգում էինք, որ մեր կողքին են ու հանուն նրանց էինք խաղում:

Ամեն ինչ լավ էր մինչեւ վերջին հանդիպումը, ցավոք, չստացվեց հաղթել, մեր հիմնական խաղարկողը վնասվածք ուներ, մյուսը եւս ստացավ 2-րդ քառորդում, ես էլ վնասվածքով էի գործում Սիրիայի դեմ: Դրա համար շատ դժվար էր, իսկ սիրիացիները կեցցեն, մինչեւ վերջ պայքարեցին, ողջ խաղի ընթացքում պրեսինգի էին դիմում:

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Եվրոպայի առաջնությանը լավ էինք տրամադրված, բայց այս պարտությունից հետո մի քիչ ընկճված ենք: Հույս ունեմ՝ կխոսենք միասին, սխալները կվերլուծենք, դա մեզ ավելի կզայրացնի ու կփորձենք էլ նման բացթողումներ չանել: Մալթայում ամեն խաղում կփորձենք մինչեւ վերջ պայքարել:

Անհատական մրցանակ ստացա, ինչը միշտ էլ հաճելի է, ուրեմն օգտակար եմ գործել, բայց միշտ էլ ամենակարեւորը թիմային հաջողությունն է:

Ռեքս Քալամյանի հետ աշխատելը երջանկություն է, ամեն օր նոր փորձ ու գիտելիքներ ենք ստանում: Շնորհակալություն մարզիչներ Ռեքսին ու Փիթին, որ նախ այստեղ են ու մեզ այսքան օգնում են, արտակարգ մասնագետներ են:

Անկեղծ, վայելում ենք ամեն օրը: Մարզիչ Ռեքսի հետ աշխատանքն ամեն ինչով է տարբերվում, բայց առաջին հերթին նա շատ դեմոկրատիվ մարզիչ է: Պատկերացրեք՝ NBA-ում աշխատում է աշխարհի լավագույն խաղացողների հետ, ու ինչ էլ ասի, մենք պարտավոր ենք կատարել, կարող է բռնապետ լինել, բայց նա անընդհատ լսում է մեզ, հարցեր տալիս ու ճշտում, թե ինչպես ենք ուզում խաղալ, ինչ կոմբինացիայով, հետո վերլուծում է ու խաղը կառուցում մեր շուրջ:

Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Խաղահրապարակից դուրս էլ հսկայական ծավալի աշխատանք է կատարում բոլորիս փոխարեն, կարող է մարզահագուստը բերել, կամ լվացած շորերը հասցնել սենյակ:  Անհավանական է իսկապես:

Ինձ թվում է, որ մարզումների ժամանակ մարզիչներ Ռեքսն ու Փիթը մեզնից շատ են հոգնում, քանի որ մեկ վայրկյան անգամ ազատ չենք լինում, ամեն րոպեն կարեւորում են: Շատ արագ մարզումներ ենք անցկացնում, հասցնում են շատ բան բացատրել, իրենք էլ ցույց են տալիս, անընդհատ վազում:

Մեզնից 10 անգամ ավելի շատ աշխատանք են տանում, թե պարապմունքից առաջ ու թե հետո ինչ-որ բաներ են նկարում, գրում, մեզ հետ այդ ամենը վերլուծում, իսկ մեր գործը միայն մարզվելն է: Հիանալի է, որ նման մասնագետների հետ ենք աշխատում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին