Ապրիլ 25, 2024
2520 դիտում

Մեկ կադրում. Ֆուտբոլային ամենահայտնի սելֆին՝ Տոտտին ու «Ռոմայի» երկրպագուները


Լուսանկարը` AS Roma

Լուսանկարը` AS Toma

Լուսանկարը` bleacherreport

Լուսանկարը` AS Roma


2015 թվականի հունվարի 12-ին Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ռոմայի» կազմում «Լացիոյի» դարպասը գրավելուց հետո Ֆրանչեսկո Տոտտին արեց ֆուտբոլային ամենահայտնի սելֆիներից մեկը:

Հենց այդ յուրահատուկ պահի մասին էլ պատմելու ենք Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում:

Հռոմեական ակումբների 140-րդ դիմակայությունը երկրպագուներին նվիրեց ոչ միայն արտակարգ ֆուտբոլ, այլ ընդմիշտ հիշվեց Տոտտիի շնորհիվ:

38-ամյա ֆուտբոլիստն իր թիմի 2 գոլերի հեղինակն էր, 2-րդ գնդակից հետո նա 64-րդ րոպեին վերցրեց հեռախոսն ու իրեն նկարեց «Ռոմայի» երկրպագուների տրիբունայի հետ: Հանդիպումն ավարտվեց հավասար՝ 2:2 հաշվով:

Հարձակվողն ահա թե ինչ է իր «Ավագը» ինքնակենսագրականում գրել այդ մասին.  

«2015 թվականի հունվարի 11: «Լացիոյի» հետ դերբի: Առաջին կեսում շատ վատ խաղացի, ինչպես եւ ամբողջ թիմը: Արդյունքում մրցակիցն առաջ էր 2:0 հաշվով: Եթե մարզիչն ինձ փոխարիներ մեկ խոսք անգամ չէի ասի:

Բայց Ռուդին ու նրա օգնականն որոշեցին ինձ հետ անձամբ խոսել: Մեր գրատախտակին խաղացողներից միայն 10 համարն էր առանց սլաքների նշած ընդմիջմանը: «Դուրս մի արի տուգանային հրապարակից, Ֆրանչեսկո,- ասաց ինձ մարզիչը, -ուժերդ չեն հերիքի, որ ամբողջ խաղադաշտով այս ու այն կողմ վազվզես, բայց այդ տարածքում կկարողանաս քեզ դրսեւորել: Մի փնտրիր գնդակը, թող այն քեզ հասցնեն»:

Դա օգնության մասին խնդրանք էր, միեւնույն ժամանակ ինձ վրա մեծ պատասխանատվություն դրվեց: Դուրս եկա հանդերձարանից ու մարզչին նշան արեցի, որ անցնում եմ պլանի կատարմանը:

Լուսանկարը` AS Toma


Միանգամից Ստրոտմանի փոխանցումից հետո գոլ խփեցի: Պաշտպանները չնկատեցին ինձ: Ամենազարմանալին այն էր, որ 15 րոպեից իրավիճակը կրկնվեց: Բարդ գոլ էր, եկեք անկեղծ լինենք, գրեթե անհնարին գոլ: Նման հարվածի համար կոորդինացիա է պետք, որոնց ֆուտբոլային դպրոցներում չեն սովորեցնում՝ կամ ունես ի ծնե, կամ՝ ոչ:

Առաջին գոլն ինձ դերբիների պատմության լավագույն ռմբարկուն դարձրեց, 2-րդը հրաժեշտի էր: Այն վերջինն էր ինձ համար դերբիներում: Հայացքով գտա մարզչին, նա հեռախոսով դեպի ինձ էր վազում՝ արդեն լուսանկարի ռեժիմի վրա դրված: Երկրպագուները խենթացած էին, թվում էր հենց հիմա խաղադաշտ կմտնեն: Միանգամից որսացի պահն ու ֆիքսեցի այն»:

Շատ ԶԼՄ-ներ անդրադարձան այդ յուրահատուկ դրվագին ու սկսեցին խոսել, որ այն թրենդային կդառնա, ֆուտբոլիստները կսկսեն խփած գոլերը Տոտտիի պես նշել: Սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, այդ արտոնությունը այդպես էլ նրանը մնաց:

Լուսանկարը` bleacherreport


«Ռոմայի» երկրպագուներից մեկն էլ որոշեց հավերժացնել իր սիրելի ավագի այդ քայլն ու ձեռքին այդ նկարով դաջվածք արեց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին