Ապրիլ 20, 2024
3756 դիտում

Մեկ կադրում. Մրցակցին հրելով առաջ տարած ու ոսկուց հրաժարված իսպանացին


Լուսանկարը` worldathletics.org


Քենիացի Աբել Մուտայի ու իսպանացի Իվան Ֆերնանդեսի պատմությունն ամենահայտնիներից է սպորտում: Նրանց միշտ որպես օրինակ են բերում միմյանց հարգելու ու արդար մրցակցության մասին խոսելիս:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում պատմելու է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել:

2012 թվականին իսպանական Նավարա քաղաքում կայանում էր թեթեւ աթլետիկայի կարեւոր մրցաշար: Երկար մրցատարածության վազքին մասնակցում էին ամենահայտնի ու ուժեղ մարզիկները:

Ամբողջ ընթացքում Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր քենիացին առաջատարն էր՝ թույլ չտալով հետապնդողներին անգամ մի փոքր մոտենալ իրեն: Սակայն եզրագծից մոտ 10 մետր առաջ նա հանկարծակի կանգնեց ու սկսեց ողջունել երկրպագուներին: Հետագայում հարցազրույցի ժամանակ պատմել է, որ կարծել է վազքն ավարտին է հասցրել, դրա համար էլ սկսել է շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին:

Վերջիններս էլ անհանգստացել են նրա համար ու իսպաներենով հուշել, որ շարունակի վազքը: Այդ ընթացքում մյուս վազորդները սկսել են մոտենալ Մուտային, որոնց թվում առաջինն էր ընթանում 5000 մետրում Իսպանիայի չեմպիոն Իվան Ֆերնանդես Անայան: Սակայն նա հաղթելու փոխարեն որոշեց Մուտային հրել ու հասկացնել, որ մրցավազն ավարտված չէ: Արդյունքում քենիացին առաջինն էր, իսկ Ֆերնանդեսը բոլորի սիրելին դարձավ ու հայտնվեց համաշխարհային ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում:

Այն հարցին՝ մի՞թե ինքը չէր ցանկանում հաղթել, այսպես է պատասխանել. «Անկասկած, դա էլ հարց է: Բայց ուզում եմ այնպիսի հասարակություն ունենանք, որտեղ մյուսներին ու միմյանց կհրենք ու կօգնենք առաջ գնալ»:

Լրագրողը միեւնույն է չի համակերպվել այդ փաստի հետ ու ցանկացել է իմանալ, թե ամեն դեպքում ինչո՞ւ է նա թույլ տվել Մուտային հաղթող հռչակվել:

Ֆերնանդես. «Ես չեմ դա արել, նա արդեն հաղթել էր»:

Լրագրող. «Բայց չէ՞ որ դու առաջինը կլինեիր»:

Ֆերնանդես. «Իսկ ինչո՞ւմ կլիներ այդ հաղթանակի իմաստը: Ի՞նչ արժեք կունենար այդ մեդալն ինձ համար: Ի՞նչ կմտածեր իմ մասին մայրիկս: Ինձ չէի ների, եթե այլ կերպ վարվեի:

Մեր միջեւ տարածությունը շատ մեծ էր, ես ոչ մի շանս չունեի նրան շրջանցելու, եթե սխալ չաներ: Ինձ համար ավելի կարեւոր է արժանապատվությունս պահել, քան ոսկե մեդալ նվաճել: Բոլորս էլ տեսնում ենք, թե ինչեր են կատարվում ֆուտբոլում, հասարակության մեջ ու քաղաքականությունում: Մարդիկ սովորաբար տեսնում են վարքի սխալ օրինակներ: Ուրախ եմ, որ ինքս այլ կերպ գործեցի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին