Ապրիլ 20, 2024
exclusive
10366 դիտում

Մեկ կադրում. Տիգրան Մարտիրոսյանի անկրկնելի չեմպիոնությունն Անթալիայում


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


2010 թվականի սեպտեմբերի 23-ին Անթալիայում Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը դարձավ Աշխարհի չեմպիոն:

Դրանից մեկ տարի առաջ Գոյանգում կայացած ԱԱ-ում նա արծաթե մեդալ էր նվաճել, սակայն Թուրքիայում հայ ծանրորդն անգերազանցելի էր: Mediamax Sport«Մեկ կադրում» պատմելու ենք նրա անկրկնելի չեմպիոնության մասին:

Մարտիրոսյանն անգերազանցելի էր մինչեւ 77 կգ քաշային կարգում: Ելույթը սկսեց շատ վստահ, պոկումում հաջող օգտագործեց բոլոր 3 մոտեցումներն ու 173 կգ-ով ապահովեց փոքր ոսկե մեդալ:

Հիմնական պայքարն ընթանում էր չինացի Լյու Սյոջունի հետ, Մարտիրոսյանը 2-րդ մոտեցումից միայն կարողացավ գլխավերեւում պահել 200 կգ-ը, նույնքան էլ բարձրացրեց մրցակիցը: Մարտիրոսյանը չբարձրացրեց 205 կգ-ը, եւ չեմպիոնությունը կախված էր Սյոջունի մոտեցումներից: Երկուսն էլ նա ձախողեց, ու երկամարտի 373 կգ-ով Աշխարհի չեմպիոն դարձավ Մարտիրոսյանը:



2010 թվականը չնայած չեմպիոնական էր, սակայն ամենաբարդն էր ծանրորդի համար: Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուց օրեր անց մահացավ նրա անձնական ու հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը:

«Ես սովոր էի, որ Մխիթարյանը միշտ իմ կողքին էր, ու հանկարծ չկար, շատ դժվար էր: Բայց կարողացա հաղթահարել այդ դժվարությունը, մի քանի ամիս անց դարձա Աշխարհի չեմպիոն ու հաղթանակս նվիրեցի մարզչիս, քանի որ իմ հաջողություններում ամենամեծ ներդրումը նա է ունեցել:

Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո, երբ ժամանեցինք Երեւան, օդանավակայանում հազարավոր մարդիկ էին մեզ դիմավորում, շատ անակնկալ էր ինձ համար, կարծես ողջ ազգը տոնում էր իմ հաղթանակը: Գյումրիում էլ բազմաթիվ մարդիկ էին եկել դիմավորելու: Իսկ տանը ընկերների ու հարազատների հետ ենք նշել հաջողությունս»,- իր նվաճման մասին պատմել է Մարտիրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին