Ապրիլ 25, 2024
2063 դիտում

Մեկ կադրում. Եգիպտոսի ու Գերմանիայի վոլեյբոլիստուհիների պայքարը Ռիոյում


Լուսանկարը` Reuters


Օլիմպիական շարժման գեղեցկությունը նրանում է, որ այն միավորում է աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից ու մաշկի գույնից:

Այսօր Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում հենց նման մի պատմություն ենք ներկայացնելու: Լուսանկարն արվել է 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ: Ծովափնյա վոլեյբոլի մրցաշարում հանդիպել են Եգիպտոսի ու Գերմանիայի հավաքականները:

Միմյանց դեմ մրցել են 19-ամյա եգիպտուհի Դոա Էլղոբաշին ու 21-ամյա գերմանուհի Կիրա Ուոլկենհորսթը:

Նկարը հատկապես մեծ տարածում է գտել մշակութային տարբերությունների պատճառով՝ Էլղոբաշին խաղում է հիջաբով, երկարաթեւ մարզաշապիկով ու սպորտային տաբատով, փոխարենը նրա մրցակիցը ծովափնյա վոլեյբոլին հատուկ բիկինիով է: Այդ կադրը ցույց է տալիս, թե որքան գեղեցիկ է սպորտը: Այն հավանել են ու սոցիալական կայքերում հիացմունքի խոսքերով հրապարակել բազմաթիվ օգտատերեր:

Այդ երկու կանայք իրական կյանքում հնարավոր է եւ չհանդիպեին, սակայն սպորտում ամեն ինչ էլ հնարավոր է: Ռիոն ու Օլիմպիական խաղերը նրանց միասին խաղալու ու ուժերը փորձելու հնարավորություն տվեցին: Ամենայուրահատուկն այն է, որ երկուսն էլ ընդունում եմ միմյանց մշակույթն ու դրանց առանձնահատկությունները:

Հանդիպումից հետո, որում Գերմանիան հաղթել է 21:12, 21:15 հաշվով, Էլղոբաշին AP-ին ասել է, որ հպարտ է առաջիններից մեկը լինել ու Օլիմպիական խաղերի ծովափնյա վոլեյբոլի մրցումներում ներկայացնել Եգիպտոսը:

«Արդեն 10 տարի է հիջաբ եմ կրում: Այն չի խանգարում ինձ զբաղվել այն ամենով, ինչ սիրում եմ, ու ծովափնյա վոլեյբոլը դրանցից մեկն է»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին