Ապրիլ 19, 2024
4894 դիտում

Մեկ Կադրում. Էրիկ Կանտոնայի կատաղի հարվածը երկրպագուին


Լուսանկարը` The Mirror

Լուսանկարը` The Guardian

Լուսանկարը` The Guardian


«Ափսոսո՞ւմ եմ արդյոք, որ հարվածել եմ այն մարդուն: Ափսոսում եմ, որ նրան ավելի ուժեղ չեմ հարվածել»:

Սրանք «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Էրիկ Կանտոնայի խոսքերն են, որոնց համար նա այսօր ընդգրկվել է Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում:

1995 թվականի հունվարի 25-ին Կանտոնան կատարեց կունգ-ֆու ոճով իր հայտնի հարվածը: Տուժողը Մեթյու Սիմոնսն էր, որը «Քրիսթալ Փելեսի» դեմ խաղում նրան վիրավորեց տրիբունաներից:

Այդ հանդիպումը Կանտոնայի համար սկզբից էլ հեշտ չստացվեց: Ամբողջ հանդիպման ընթացքում մրցակցի ֆուտբոլիստները փորձում էին նրան հունից հանել, հատկապես ջանում էր կենտրոնական պաշտպան Ռիչարդ Շոուն:

Ընդմիջմանն Ալեքս Ֆերգյուսնը ֆուտբոլիստին խնդրեց ավելի զուսպ գործել, սակայն չստացվեց: Նա չդիմացավ ու պատասխան հարվածը հասցրեց Շոուին, ստացավ իր կարմիր քարտն ու ուղեւորվեց դեպի հանդերձարան:

«Հեռացիր քո Ֆրանսիա, գրողի տարած շան տղա: Կորիր անհաջողակ» խոսքերը լսելուց հետո Կանտոնան իր հայտնի կատաղի հարվածը հասցրեց երկրպագուին, որը 20-ամյա Մեթյու Սիմոնսն էր: Նա պնդել է, որ բնավ էլ չի վիրավորել Կանտոնային:



Սիմոնսն իր հերթին է ագրեսիվ պահվածք ցուցաբերել ու բռունցքներով հարձակվել ֆուտբոլիստի վրա: Այդ արարքի համար մեղադրել են խուլիգանության մեջ ու մեկ շաբաթվա ազատազրկման դատապարտել: Կատոնային ավելի խիստ են պատժել՝ 120 ժամ ուղղիչ աշխատանքներ, որակազրկում մինչեւ հոկտեմբեր ու 10 հազ. ֆունտ ստերլինգ տուգանք:

Ֆերգյուսոնն այնքան է տարված եղել խաղով, որ այդ միջադեպը չի էլ նկատել: Նա այդ դրվագը գիշերը 5-ին է տեսել, երբ անքնության պատճառով վերանայելիս է եղել հանդիպումը: Առաջին ցանկությունն է եղել ֆուտբոլիստին հեռացնել թիմից, սակայն թիմի փաստաբանին հաջողվել է նրան համոզել փոխել միտքը:  

Հունվարի 26-ի առավոտն ամենածանրն է եղել Կանտոնայի համար, անգլիական թերթերը հարձակվել են նրա վրա: «Երեկո, երբ ֆուտբոլը մեռավ ամոթից»,- գրեց  The Mirror-ը, «Իսկական հանցագործություն երեխաների աչքի առաջ»,- նշեց Express-ը:

Թեեւ շատ խաղացողներ իրենց հարցազրույցներում կոչ էին անում Կանտոնային հեռացնել, կային նաեւ նրան աջակցողներ:

Լուսանկարը` The Guardian


Ինքը՝ Կանտոնան միջադեպից հետո հայտարարությամբ հանդես եկավ, ինչը եւս բավական քննարկվեց: «Ցանկանում եմ ներողություն խնդրել ակումբից, մարզչից, թիմակիցներից, մրցավարից ու յուրաքանչյուրից, ում հետ կյանքում գոնե մեկ անգամ հանդիպել եմ: Ինչպես նաեւ ներողություն եմ խնդրում մարմնավաճառից, ով երեկ իմ անկողնում էր»:

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այդ հարվածից հետո Կանտոնայի հեղինակությունը երկրպագուների շրջանում ավելի մեծացավ, նրանք աջակցեցին ֆուտբոլիստին դատավարության ընթացքում ու նրա մասին ձայնասկավառակ թողարկեցին:

Ֆերգյուսոնը խոստովանել է, որ այդ խաղից 2 օր անց հեռուստատեսությամբ տեսել է Կանտոնայի հարվածի 92 կրկնություն:

Որակազրկումից վերադառնալուց հետո Կանտոնան 2 անգամ ՄՅՈւ-ի հետ դարձավ Անգլիայի չեմպիոն ու 1997-ին ավարտեց կարիերան: Դրանից հետո նկարահանվեց 30-ից ավելի ֆիլմերում:

Փոխարենը շատ վատ դասավորվեց երկրպագուի կյանքը: Սիմոնսը դաժան քննադատությունների ենթարկվեց, նրան հրաժարվում էին աշխատանքի ընդունել կամ գարեջրատներում սպասարկել: Այդ միջադեպից հետո 5 տարի ստիպված եղավ ապրել բարեկամների նկուղներում:

«Ինձ թվում է, որ ես ավելի թանկ գին եմ վճարել, քան Կանտոնան»,- խոստովանել է Սիմոնսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին