Ապրիլ 25, 2024
exclusive
1568 դիտում

Մեկ Կադրում. Մայքլ Ջորդանի 7 տարի սպասած չեմպիոնական գավաթը


Լուսանկարը` NBA


Անգամ Աշխարհի մեծագույն մարզիկները միանգամից չէ, որ հասնում են իրենց նպատակին: Նրանք էլ ձախողվում են, անհաջողություններ կրում, ընկնում, զգում պարտության դառնությունը, ավելի շատ մարզվում ու վերջապես հայտնվում բարձունքում:

Mediamax Sport-ի այսօրվա «Մեկ կադրում» պատմելու ենք NBA-ում լեգենդար Մայքլ Ջորդանի առաջին չեմպիոնության մասին:

«Չիկագո Բուլզն» առաջին անգամ կոնֆերենցիայի եզրափակիչ հասավ 1988-1989 մրցաշրջանում: Այդ ժամանակ Մայքլ Ջորդանի թիմը «Դեթրոյթ Պիստոնսին» զիջեց 2:4 հաշվով:

Հաջորդ մրցաշրջանում թիմերը նորից հանդիպեցին եզրափակչում ու «Բուլզը» կրկին պարտություն կրեց՝ չկարողանալով ռեւանշի հասնել (3:4): Ջորդանը հիմնականում իրեն էր հաշվի համար պատասխանատու համարում ու պարզապես ջախջախված էր որոշիչ խաղից հետո: Նա թիմակիցներից ոչ մեկի հետ չխոսեց խաղահրապարակը լքելուց հետո եւ ուղեւորվեց ուղիղ դեպի իր թիմի ավտոբուս:

2 ուժեղագույն թիմերը 3-րդ անգամ անընդմեջ հանդիպեցին եզրափակչում: Այդ անգամ վերջապես Ջորդանին ու թիմակիցներին հաջողվեց առավելության հասնել: Նրանք «Դեթրոյթին» հաղթեցին բոլոր 4 խաղերում:

NBA-ի փլեյ-օֆֆի եզրափակչում «Չիկագո Բուլզը» խաղաց «Լոս Անջելես Լեյքերսի» դեմ ու սերիայում միայն մեկ անգամ զիջեց՝ 4:1: Դա թիմի առաջին չեմպիոնությունն էր Բասկետբոլի Ազգային Լիգայում: Եզրափակիչ խաղի արդյունքով Ջորդանը ճանաչվեց «NBA-ի Ամենաարժեքավոր խաղացող»:

Հենց այդ երեկոյի ընթացքում էլ բասկետբոլիստը հաղթական մրցանակը գրկած ու արցունքն աչքերին տոնում է չեմպիոնությունը: Նա այնքան շատ էր պայքարել ու ջանք թափել այդ հաջողությանը հասնելու համար: Նման մեծ մարզիկներն էլ բաղձալի երազանքին հասնելիս չեն կարողանում զսպել իրենց հույզերը:

Թիմակիցները զարմացել էին, թե ինչպես է Ջորդանը հուզվել, նրանք սովորել էին միայն Մայքլի զայրույթն ու դժգոհությունը տեսնել, մնացած ամեն ինչ բասկետբոլիստը մյուսների համար փակ էր պահում:

«Մենք 7 տարի այդ հաղթանակին էինք սպասել, մենք 7 տարի պայքարում էինք»,- ասաց Ջորդանը:

Նրա մասին նկարահանված «Վերջին պարը» ֆիլմում Մեջիք Ջոնսոնը («Լոս Անջելես Լեյքերսի») հիշել է Ջորդանի չեմպիոնական ապրումների մասին.

«Երբ նրանք մեզ հաղթեցին հանդերձարան գնալու ճանապարհին հանդիպեցինք Մայքլի հետ, նա գրկեց ինձ ու սկսեց լաց լինել: Այնքան ուրախ էր իրենց հաղթանակի համար, որ չէր կարողանում հույզերը պահել: Երկուսիս համար էլ առանձնահատուկ պահ էր: Հրաշալի զգացողություն էր, եթե պարտվել, ապա նրանց: Ես Մայքլին եմ պարտվել, այդպես էլ պետք է լիներ»:

Սա էլ Ջորդանի խոսքերն են. «Վերջապես ես Լարի Բյորթի ու Մեջիք Ջոնսոնի մակարդակին հասա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին