exclusive
1543 դիտում

Մեկ կադրում. Բասկետբոլային խաղի ընթացքում փոքրիկին կերակրող մայրիկը


Լուսանկարը` marca.com


Արգենտինայի բասկետբոլի առաջնության առաջին դիվիզիոնի հանդիպումներից մեկի ժամանակ Անտոնելա Գոնսալեսն ընդմիջման ժամանակ հասցրել է կրծքով կերակրել իր 11 ամսական դստերը՝ Մադիին:

Լուսանկարն արագորեն տարածվել է համացանցում ու մեծ հնչեղություն ստացել: Mediamax Sport-ն էլ «Մեկ կադրում» շարքում անդրադառնալու է այդ դրվագին:

Մարտի 2-ին «Ռոկամորան» խաղաց «Վելեզի» հետ: Սովորական թվացող այդ հանդիպմանը խոշոր սպորտային կայքերը բնավ չէին անդրադառնալու, եթե չլիներ Գոնսալեսը: Պատճառը բնավ էլ նրա խաղը չէր:

30-ամյա բասկետբոլիստուհին ամենափորձառուներից է մրցաշարում, նրա ընտանիքն էլ սպորտային է: Անտոնելայի քույր Լաուրան թիմի մարզիչն է, մյուս քույրը եւս սպորտով է զբաղվում:

Աղջիկների համար օրինակ է եղել իրենց մարզիչ մայրիկը, երբ նա աշխատում էր, դուստրերը վազվզում էին բասկետբոլի խաղահրապարակում ու հետագայում իրենք էլ կյանքը կապեցին սպորտի հետ: Դա է նաեւ պատճառը, որ Գոնսալեսն այդքան բնական է համարում երեխային խաղի ընթացքում կերակրելը:

«Մայրս էլ մեզ հետ է այդպես վարվել, այնպես որ ինձ համար արտառոց ոչինչ չկա: Իրականում զարմացած եմ, որ նման բնական գործողությունն այդքան մեծ ուշադրության է արժանացել: Մայրիկների համար պետք է բարենպաստ պայմաններ լինեն իրենց աշխատանքով զբաղվելու համար: Հույս ունեմ, որ կօգնեմ ոչ վճռական մայրիկներին, մանավանդ, եթե ոմանք կարծում են, որ երեխայի ծնվելուց հետո չեն կարող ակտիվ գործունեությամբ զբաղվել»,- ասել է Գոնսալեսը:

Նա պատմել է, որ իրեն շատ է դուր եկել փոքրիկին ժամանակ տրամադրել խաղի ընթացքում, թեեւ քիչ է խաղացել, սակայն ավելի մեծ բան է հաղթել. «Այդ պահին պետք է մայր լինեի, ոչ թե մարզուհի: Այդպիսին է կյանքը: Թող մայրերն էլ զգան, որ դա հնարավոր է: Մայրանալուց հետո կյանքն ու սպորտը լրիվ փոխվում են»:

Գոնսալեսը նաեւ բացահայտել է, թե ինչու է դուստրը կրում 13 համարի մարզաշապիկ: «Այդ համարը հայրիկս էր կրում, իսկ նա ակումբի համար շատ կարեւոր մարդ էր: Մի քանի տարի առաջ 13 համարը գործածությունից դուրս եկավ, դրա համար էլ ես 3 համարով եմ հանդես գալիս»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին