Դեկտեմբեր 08, 2024
exclusive
96598 դիտում

Անցյալից եկած հերոսները. Յուրի Վարդանյան


Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` leninakan.com

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` ARMENPRESS

Լուսանկարը` ARMENPRESS

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Լուսանկարը` Photolure


Յուրի Վարդանյանի՝ լեգենդար ծանրորդի, ռեկորդակրի ու անթիվ մեդալներ նվաճողի մասին հոդվածն այլ հանգամանքներում պետք է հրապարակվեր: Մարզիկն ինքն էլ պետք է ընթերցեր այն ու հիշեր իր կարիերայի ամենավառ տարիները:

Սակայն Յուրի Վարդանյանին անժամանակ մահը խախտեց բոլոր ծրագրերը: Mediamax Sport-ի «Անցյալից եկած հերոսները» շարքը պատմելու է մարդկային ուժի մասին բոլոր պատկերացումները փոխած Յուրի Վարդանյանի անհավանական, փայլուն ելույթների ու անհամար ռեկորդների մասին:

Ծանրամարտով տարվածությունը

Առաջին քայլերն ապագա Օլիմպիական չեմպիոնը սկսել է կատարել Լենինականի փոքրիկ ու կիսամութ դահլիճում, որտեղ հազիվ տեղավորվում էր ծանրամարտի մեկ հարթակ, իսկ ընկնող ծանրաձողի ձայնը սարսափելի բարձր էր հնչում:

Հետագայում Գորկու փողոցի այդ շենքը ճանաչում էին բոլորը, աշխարհի տարբեր կողմերից հիացական ու ոգեշնչված նամակներ էին գալիս: Բոլորն էին ուզում իմանալ Վարդանյանի հաջողության գաղտնիքն ու նույն բանն էին ուզում բացահայտել՝ ինչպե՞ս է դա նրան հաջողվում:

Պատասխանն էլ միշտ նույնն էր լինում, Յուրին պատմում էր իր հորեղբոր ու մարզչի՝ Սերգեյ Վարդանյանի մասին:

Լուսանկարը` leninakan.com


Սերգեյը ծանրամարտով բավական ուշ էր սկսել զբաղվել՝ բանակում ծառայելու ժամանակ: Զինակիցներն ու հրամանատարը զարմանում էին, թե ինչպես կարճահասակ լինելով՝ այդքան մեծ ծանրություն է բարձրացնում: Ծառայությունն ավարտելուց հետո սկսեց աշխատել գործարանում ու անգամ մոռացել էր ծանրամարտի մասին, թեեւ վարպետի կոչում ուներ, մինչեւ այն պահը, երբ եղբայրը՝ Նորայրը, առաջարկեց մասնակցել շրջանի առաջնությանը:

Չցանկացավ եղբորը նեղացնել՝ արձակուրդ վերցրեց ու սկսեց քրտնաջան մարզվել: Այդ առաջնության ժամանակ Սերգեյի ամենամոլի ու հավատարիմ երկրպագուն եղբորորդին՝ 6-ամյա Յուրին էր: Նա այնքան էր անհանգսանում հորեղբոր համար, որ հայրը ստիպված էր հանել դահլիճից, հավանաբար, հենց այդ օրն էլ փոքրիկ տղան որոշեց իր կյանքը կապել ծանրամարտի հետ:

Սերգեյն իրենց տան բակում հին դարպասներից տուռնիկ պատրաստեց Յուրիի համար, որտեղ ժամերով նա ու իր հասակակիցները կախվում էին ու անվախ ընկնում՝ կապտուկներ ստանալով:

Նա մեծանում էր խիստ ընտանիքում՝ երկաթուղային հայրը միակ որդու մոտ աշխատասիրություն ու մյուսներին օգնելու պատրաստակամություն էր սերմանել: Տղան, իսկապես, ուժեղ էր, 10 տարեկանում նույնիսկ հորեղբորը, որը նաեւ սպարինգ-մրցակից էր, նոկաուտի ենթարկեց.

«Բավական թեժ էինք պայքարում, իհարկե, թողնում էի, որ նա իրեն լավ զգա, բայց չէի սպասում, որ կկարողանա դեմքիս նման հարված հասցնել: Միայն հատակին հայտնվելուց հետո հասկացա, թե ինչ էր պատահել»,- հիշել է Սերգեյ Վարդանյանը:

Լուսանկարը` olympic-weightlifting.ru

Վարդանյանն, իսկապես, հիանալի ֆիզիկական տվյալներ ուներ ու կարող էր հաջողությունների հասնել ցանկացած մարզաձեւում: Ծանրամարտից բացի նա նաեւ վոլեյբոլով է հետաքրքրվել, նույնիսկ հրավիրվել է Հայաստանի պատանեկան հավաքական, սակայն որոշել է մնալ այն նեղլիկ սենյակում, որի շնորհիվ հետագայում համաշխարհային սպորտի լեգենդների թվին պետք է դասվեր:

Յուրահատուկ դասն ու Օլիմպիադան

Հետագայում որքան էլ Յուրի Վարդանյանը շատ մրցաշարերի է մասնակցել ու անթիվ մեդալներ նվաճել, ամբողջ կարիերայի ընթացքում հիշել է իր առաջին պաշտոնական մրցման ժամանակ ստացած դասը: Դեռ 51 կգ քաշային կարգում հանդես եկող ծանորդը Երեւանում կայացած մրցումներում 120 կգ-ով ընդամենը 4-րդն էր:

Դժվար է նկարագրել, թե այդ ժամանակ որքան ափսոսանք ու ցավ էր ապրում մարզիկը, որ իր բազմաթիվ մարզումներն ու տանջանքները արդյունք չեն տվել: Գնացքով Գյումրի վերադարձի ճանապարհին նա համարյա չի խոսել, սակայն երբ արդեն հասնելիս են եղել Լենինական, հայացքը կտրել է պատուհանից ու ասել. «Այ, կտեսնեք, ես չեմպիոն կդառնամ»:

Նա շատ արագ հասկացավ, որ պարտություններն այդքան էլ սարսափելի չեն, պարզապես, եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է շուտ մոռանալ նախորդ մրցումները, չէ որ նոր ու ավելի կարեւոր մրցաշարեր են սպասվում:

1975 թվականին Վարդանյանն արդեն երիտասարդների Աշխարհի ոսկե մեդալակիր էր, թերթերից մեկը նրան ապագայի չեմպիոն անվանեց, բայց անգամ պատկերացնել չէր կարող, թե այդ չեմպիոնն ինչքան անգերազանցելի է լինելու:

Լուսանկարը` olympic-weightlifting.ru


«80-ականներին իմ կարիերայի միջնամասն էր: ԽՍՀՄ-ի հավաքականում 1975 թվականից եմ սկսել հանդես գալ: Այդ ժամանակ էլ առաջին լուրջ հաջողությանս եմ հասել՝ երիտասարդական ԱԱ-ում ռեկորդներ եմ սահմանել ու առաջին տեղը գրավել: 2 տարի անց արդեն մեծերի Աշխարհի չեմպիոն էի, հաջողությունս կրկնեցի 6 տարի շարունակ՝ 1978-1983 թթ: Ապա Աշխարհի ոսկի նվաճեցի մեկ տարվա ընդմիջումից հետո՝ 1985-ին»,- հարցարզույցներից մեկի ժամանակ պատմել է ծանրորդը:

1976-ին Մոնրեալում կայանալիք Օլիմպիական խաղերում Վարդանյանին չընդգրկեցին ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում՝ նա դեռ շատ երիտասարդ էր: Այդ ժամանակ էլ ծանրորդի հորեղբայրն ու մարզիչը որոշեց յուրահատուկ մրցում անցկացնել՝ միջին քաշային կարգի ոսկու հիմնական հավակնորդներ Վարդան Միլիտոսյանն ու բուլղարացի Յորդան Միտկովը ծանրաձողը կբարձրացնեն Կանադայում, իսկ Յուրին՝ Գյումրիում:

Արդյունքում՝ Վարդանյանն Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած Միտկովից 7,5 կգ, իսկ արծաթե մեդալակիր Միլիտոսյանից՝ 12,5 կգ ավելի շատ բարձրացրեց: 

Այդ հաջողությունից հետո Յուրին իր ուժը պետք է նաեւ պաշտոնական մրցման ժամանակ ապացուցեր: Նա մեծահասակների առաջին մրցաշարում հանդես եկավ՝ ԽՍՀՄ-ի Գավաթում, իսկական սենսացիայի հեղինակ դարձավ: 20-ամյա ծանրորդը 2 ռեկորդ սահմանեց՝ 155,5 կգ պոկում ու 193 կգ հրում վարժություններում:

1977-ին Շտուտգարտում նա Եվրոպայի առաջնության մասնակցեց ու իր քաշային կարգում լավագույնն էր: ԽՍՀՄ-ի ընտրանին այդ առաջնությունում 7 ոսկե ու 3 արծաթե մեդալներով 1-ինն էր:

Լուսանկարը` ARMENPRESS


Բարձունքի նվաճումը

1977 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանն առաջին Աշխարհի չեմպիոնն ունեցավ: Շտուտգարտում կայացած ԱԱ-ում Վարդանյանը նաեւ առաջնության լավագույն ծանրորդը դարձավ:

Հայաստան վերադառնալուց հետո նա ամենապահանջված ու հայտնի մարդկանցից մեկն էր: Վարդանյանն ամենուր՝ կոլխոզներում, դպրոցներում, ուսումնական հաստատություններում ցանկալի հյուր էր, բոլորն էին ուզում հանդիպել չեմպիոնի հետ:

«Հորեղբայրս թեեւ հպարտանում էր ինձնով, սակայն մշտապես կրկնում էր, որ բարձունքում մնալն ավելի դժվար է, քան այն նվաճելը: Նա չէր ցանկանում, որ այդ հաջողությունից ու հայտնիությունից գլուխս կորցնեմ»,- հիշել է չեմպիոնը:

1977-ը չափազանց հաջող տարի էր Վարդանյանի համար, նա համաշխարհային ռեկորդով հաղթեց ԽՍՀՄ-ի առաջնությունում, նվաճեց գավաթն ու 3-րդ անգամ բուլղարացի Յորդան Միտկովի հետ անհատական պայքարում հաղթեց:

Դրանից հետո Միտկովը խոստովանեց. «Հիմա, երբ միջին քաշային կարգում թագավորում է Վարդանյանը, բոլոր հույսերն անիմաստ են»: Արդյունքում՝ նա թողեց ծանրամարտը: Իսկ Վարդանյանն այդ քաշային կարգում մնալ չէր ցանկանում, նա արդեն 21 տարեկան էր ու դժվար էր մշտապես քաշը պահել:

Լուսանկարը` ARMENPRESS


Նոր քաշային կարգ ու նվաճումներ

1978-ին Վարդանյանը պատրաստվում էր հերթական մրցաշրջանին, որի կարեւոր մրցումները կայանալու էին ամերիկյան Գեթիսբերգ քաղաքում: Մինչ այդ Յուրին հորեղբոր հետ բարձրացել էր Արագածի գագաթն ու այնտեղ կարմիր դրոշ ամրացրել՝ իր հաջողությունների պատվին: Նմանատիպ արշավներ Սերգեյն անում էր դեռ երբ ինքն էր մարզիկ:

Հայ ծանրորդի ունակությունների վրա շատերն էին այդ տարիներին զարմանում, նա ոչ միայն հսկայական կիլոգրամներ էր բարձրացնում, այլ նաեւ հիանալի ցատկեր կատարում: Ծաղկաձորում հավաքների ժամանակ տեղից 3 մետր 65 սմ է ցատկել: Նման ցուցանիշ անգամ աթլետները կերազեն գրանցել:

Նա երկրի լավագույն արագավազորդներին էր գերազանցում 30 մետր վազքում, 100 մ 11 վայրկյանից էլ քիչ ժամանակում էր հաղթահարում, իսկ բարձրությունից 212 սմ ցատկում: Մասնագետներն այդ ցուցանիշները Վարդանյանի ֆենոմենալ տվյալներով էին բացատրում:

Իսկ նրա մարզիչն այսպես էր համարում. «Ինչպե՞ս է Յուրին բարձրացնում ծանրաձողը: Գլխով: Նա շարժման ամեն հատվածում լրացուցիչ հնարավորություններ է փնտրում: Շատ մարզիկներ պոկումը միայն մկանների հաշվին են կատարում, իսկ Յուրին՝ ոտքերի ու մեջքի մկանների պայթուցիկ աշխատանքի շնորհիվ»:

Լուսանկարը` olympic-weightlifting.ru


Ծանրորդի համար հաջողության գրավականը հսկայական աշխատասիրությունն ու աշխատունակությունն էր, նա չէր ժխտում նաեւ բնատուր տվյալների կարեւորությունը:

«Միշտ երեխաների հետ եմ մարզվում, նրանց հետ հետաքրքիր է եւ ուրախ: Նրանցից ոգեւորություն եմ քաղում, երիտասարդանում մեր շփումից: Երեխաները երկրպագում են ինձ, ոմանք էլ՝ փորձում նմանվել: Համոզված եմ, որ նաեւ մտածում են. «Եթե նա կարողացել է, ինձ մոտ էլ անպայման կստացվի»,- խոստովանել է Վարդանյանը:

Առաջին անգամ նոր՝ 82,5 քաշային կարգում Վարդանյանը Մոսկվայում ամեն տարի անցկացվող Ընկերության Գավաթում հանդես եկավ, դրանից դեռ 3 ամիս առաջ միջին քաշային կարգում հանդես եկող ծանրորդը երկամարտում 25 կգ ավելի բարձրացրեց, երբ ինքը 80,5 կգ էր կշռում: Դեռ այն ժամանակ նրա ելույթների արձանագրություններում սկսեցին ֆանտաստիկ բառը կիրառել:

Վարդանյանի հաջորդ ելույթը Գավիրժով (Չեխոսլովակիա) քաղաքում կայացած ԵԱ-ում էր: Առաջնությունը «Լենինականի օրերը Գավիրժովում» կարելի էր համարել, այնտեղ Վարդանյանն ու Միլիտոսյանը մեդալային հրավառություն էին կազմակերպել:

Իր ծննդյան տարեդարձից 2 օր հետո ելույթ ունեցած Վարդանյանը պոկում վարժության 3-րդ մոտեցման ժամանակ 170,5 կգ-ով ռեկորդ սահմանեց: Պայքարը չափազանց թեժ էր, հունգարացի Պետեր Բացկոն չէր ուզում զիջել ոսկե մեդալը, բայց արդյունքում ընդամենը 357,5 կգ գրանցեց՝ Յուրիի 372,5-ի համեմատ: 

Լուսանկարը` olympic-weightlifting.ru


Ճանաչում օվկիանոսից այն կողմ

Վարդանյանի համբավն ու հեղինակությունը վաղուց դուրս էին եկել ԽՍՀՄ-ի սահմաններից: Նրան սիրում էին նաեւ ԱՄՆ-ում, որտեղ էլ կայանալու էր 1978-ի Աշխարհի առաջնությունը: Դեռ մինչեւ մրցաշարի մեկնարկը «Olympic Lifter» ամսագրի գլխավոր խմբագիրը Վարդանյանին հանձնեց հատուկ մրցանակ՝ նա ընթերցողների կողմից 1977-ի լավագույն ծանրորդ էր ճանաչվել:

Ելույթի ժամանակ էլ Վարդանյանն արդարացրեց երկրպագուների բոլոր սպասելիքները: Նա միանգամից 3 համաշխարհային ռեկորդ սահմանեց` պոկում վարժությունում՝ 171 կգ, հրումում՝ 210,5 ու երկամարտում՝ 377,5 կգ: Ամենաթեթեւ միջին քաշայինն էր ու 2-րդը դարձած Բացկոյին գերազանցեց 25 կգ: 1978-ին Վարդանյանը ճանաչվեց Աշխարհի լավագույն ծանրորդ:

«Sport Illustrated»-ը նրա մասին այսպես գրեց. «Վարդանյանը երկրպագուներին հիացրել է ոչ միայն հարթակի, այլ նաեւ՝ ռոյալի վրա ելույթներով: Նա ինտելեկտուալ մարզիկ է»:

Հաջորդ տարին նախաօլիմպիական էր, Վարդանյանն իր հաղթանակներով համարյա ապահովել էր տեղը ԽՍՀՄ-ի հավաքականում: 1975-ին Մարսելում կայացած երիտասարդների ԱԱ-ից հետո ոչ մի մրցման ժամանակ ծանրորդը չէր զիջել մրցակիցներին, ժամանակն էր լավագույնը դառնալ նաեւ Օլիմպիական խաղերում:

Լուսանկարը` olympic-weightlifting.ru


Նոր մրցակիցն ու մոտիվացիան 

«Ուժեղ մրցակցի հետ մենք սարեր կշարժենք»,- հաճախ էր այսպես սիրում ասել Վարդանյանի մարզիչը: Ու նա չէր սխալվում, հենց ասպարեզում նոր մրցակից էր հայտնվում, Յուրին ավելի մեծ նվիրումով ու նպատակասլացությամբ էր մարզվում: Նրանցից հերթականն Օլիմպիական խաղերի նախօրեին դարձավ բուլղարացի Բլագոյ Բլագոեւը:

Նրա հետ պայքարում Վարդանյանը զիջեց Վառնայի Եվրոպայի առաջնությունում: Իր կարիերայում առաջին անգամ ծանրորդը 3 մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 160 կգ-ը, այն էլ պոկում վարժությունում, որի անգերազանցելի վարպետն էր համարվում:

Բուլղարացին երկամարտում ռեկորդ սահմանեց ու Եվրոպայի չեմպիոն դարձավ: Ավելորդ է ասել, որ այդ ձախողումը Վարդանյանը չափազանց ծանր տարավ: Անքուն գիշեր անցկացրեց, իսկ առավոտյան շտապեց դահլիճ, որտեղ մի քանի անգամ շարունակ բարձրացրեց 160 կգ, սակայն դա աննշան սփոփում էր:

«Մեկ օրում ես մեծացա, երբ 0 ստացա: 3 անգամ գցեցի ծանրաձողն ու 3 անգամ էլ չէի հավատում դրան: Միայն մեկ ցանկություն ունեի՝ անհետանալ, ես հուսախաբ էի արել մեր թիմին»,- իր ապրումների մասին պատմել է Վարդանյանը:

Այդ տարի Սալոնիկում կայացած ԱԱ-ում փայլելու հերթն արդեն Վարդանյանինն էր, նա կրկին ապացուցեց իր ուժն ու ապահովեց տեղն Օլիմպիական հավաքականում:

Լուսանկարը` olympic-weightlifting.ru


Օլիմպիական 5 ռեկորդն ու ոսկին

Մոսկվայում Օլիմպիական խաղերն առաջին անգամն էին կայանալու, ու սովետական մարզիկների վրա պատասխանատվությունն էլ ավելի մեծ էր, խաղերի ժամանակ նրանք պետք է լավագույն մարզավիճակում լինեին:

Վարդանյանը պատրաստ էր տարվա կարեւոր մրցաշարին, մինչ այդ նա արդեն Եվրոպայի չեմպիոն էր դարձել ու փորձելու էր նոր գագաթ նվաճել: Ողջ Հայաստանից ոգեւորող ու հաջողություն մաղթող հեռագրեր էր ստացել ու ոչ մի դեպքում իր հայրենակիցներին հուսախաբ չէր անելու:

Ժամանակն էր, որ աշխարհը ականատես դառնա Վարդանյան-Բլագոեւ նոր դիմակայությանը: Ամեն ինչ սկսվեց մարզիկների կշռման արարողությունից, բուլղարացին 81,6 կգ էր, Վարդանյանը՝ 100 գրամ ծանր:

Երբ ավարտվեց 3-րդ տեղի համար պայքարը, հարթակ դուրս եկան ուժեղները: Երկուսն էլ ելույթը սկսեցին 165 կգ-ից, ինչը նախորդ Օլիմպիական ռեկորդից 2,5 կգ-ով ավել էր: Քաշը երկու ծանրորդներին էլ հեշտությամբ տրվեց, 2-րդի ժամանակ Բլագոեւը պոկեց 170 կգ, իսկ Վարդանյանը՝ 172,5: Դահլիճը քարացած էր հետեւում այդ հակամարտությանը, մարզիկներն իրենք էլ չգիտեին՝ ինչի են ընդունակ:

Լուսանկարը` olympic-weightlifting.ru


Բլագոեւի 3-րդ հաջող փորձը գրանցեց 175 կգ, նրան մնում էր սպասել Վարդանյանի քայլին: Վարդանյանը պատվիրեց 177,5 կգ, կենտրոնացած մոտեցավ քաշին ու գլխավերեւում պահեց: Դա միջին քաշային կարգում առաջին համաշխարհային ռեկորդն էր:

Հրումում Բլագոեւն արդեն հոգեբանորեն սկսեց զիջել մրցակցին, նրա առաջին մոտեցումները 192,5 ու 197,5 կգ էին: Վարդանյանը բարձրացրեց 205 կգ-ն ու 215,5 պատվիրեց: Դա նրան թույլ կտար եւս 2 ռեկորդ սահմանել՝ հրումում ու երկամարտում: Ու երբ նա քաշն իրեն ենթարկեց, Բլագոեւը հրաժարվեց պայքարից՝ չօգտագործելով 3-րդ մոտեցումը, ամեն ինչ արդեն պարզից էլ պարզ էր, հաղթողը որոշված էր:

Բայց Վարդանյանն այդ երեկո անկասելի էր: Նրա հաջորդ քաշը 222,5 կգ-ն էր: Վարդանյանի ներկայացմանն այդ երեկո 5000 երջանիկ երկրպագուներ էին հետեւում, շոուն անմոռանալի էր: Նա առաջին մարզիկը դարձավ, ով երկամարտում 400 կգ-ի սահմանն անցավ:

Լուսանկարը` olympic-weightlifting.ru


5 ռեկորդ ու չեմպիոնական փայլուն ժպիտ, այսպես հայ ամենաուժեղ ծանրորդը բարձրացավ Օլիմպիական հարթակին: Նա այդ պահին խորհրդանշում էր Օլիմպիական կարգախոսներից մեկը՝ Ավելի ուժեղը, իսկ Հայաստանի սպորտի պատմության համար մոսկովյան Օլիմպիադան ամենավառը դարձավ:

Հ.Գ. Օլիմպիական չեմպիոնի մտքերը

Չէի կասկածում, որ Օլիմպիական չեմպիոն եմ դառնալու: Դեռ երբ քաշային կարգս նոր էի փոխել, երկրպագուներիս խոստացել էի, որ առաջինն եմ լինելու ու երկամարտի արդյունքում 400 կգ եմ բարձրացնելու: Այն ժամանակ ռեկորդը 372,5 կգ էր: Թեեւ քչերն էին ինձ հավատում, բայց խոստումս կատարեցի:

Երբեք չեմ մոռանա այս դրվագը: Այն բանից հետո, երբ Օլիմպիական խաղերում հրեցի 222,5 կգ, մրցումները լուսաբանող Նիկոլայ Օզերովը մի քանի րոպե ոչինչ չէր կարողանում ասել, պարզապես լռել էր: Այդ մասին ինքն է ինձ պատմել: Այն ժամանակ պետք էր հնարավորինս քիչ էմոցիոնալ լինել եթերում: Ամբողջ դահլիճն էր կանգնած ծափահարում, երկար ժամանակ դրանք չէին դադարում: Իսկ դահլիճից հեռանալու համար 3 ժամ պահանջվեց, այնքան շատ երկրպագուներ էին շրջափակել ինձ:

Մեծ ոգեւորությամբ պատրաստվում էի նաեւ 1984-ի խաղերին: Սակայն ցավալիորեն ԽՍՀՄ-ը բոյկոտեց դրանք ու չմասնակցեց: Կազմակերպվեցին Բարեկամություն-84 խաղերը, ես կրկին 5 ռեկորդ սահմանեցի ու երկամարտում գրանցեցի 405 կգ: Չնայած Բուլղարիայում ես հաղթեցի նրանց սիրելի Զլատեւին, դահլիճը Մոսկվայից ոչ պակաս ջերմ ողջունեց ինձ:

Լուսանկարը` olympic-weightlifting.ru


Դա էլ վերջը չէր, ցանկանում էի մասնակցել նաեւ 1988-ի Սեուլի Օլիմպիադային: Եթե բախտս բերեր միանգամից 4 խաղերում կարող էի հանդես գալ: 1976-ին շատ երիտասարդ էի ու ինձ թիմում չընդգրկեցին: Իսկ 88-ին 32 տարեկանում էլ պատրաստ էի լավ արդյունք գրանցել, բայց նորից չմասնակցեցի:

Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին Լենինականում: Ծանրամարտով սկսել է զբաղվել 1970-ից: 1977 թ. համալրել է ԽՍՀՄ-ի հավաքականի կազմը:

Յուրի Վարդանյանի հաշվին 43 համաշխարհային ռեկորդ է, Աշխարհի առաջնությունների` 7, Եվրոպայի՝ 5 ու Օլիմպիական՝ 1 ոսկե մեդալներ:

Իր կարիերայում 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել: Նման ցուցանիշ է գրանցել Լենինգրադում կայացած Սպարտակիադայում: Նրա փայլուն ելույթի շնորհիվ Հայաստանի ընտրանին 2-րդ արդյունքն է ցույց տվել ու 2-րդ տեղը գրավել՝ զիջելով միայն Ռուսաստանին: Ապա ռեկորդային են ստացվել Օլիմպիական խաղերն ու Դրուժբա-84 մրցաշարը՝ երկամարտի ցուցանիշը հասցրել է 405-ի:

1985-ին Վարդանյանն իր վերջին Աշխարհի առաջնությանն է մասնակցել ու հաղթել: Այդ տարի էլ ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ եւ սկսել զբաղվել քաղաքականությամբ:

1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել։ Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական եւ հասարականան գործունեությամբ։

2009 թ. նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական, 2013-ին՝ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար։

2014-ից եղել է Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։

Հոդվածում օգտագործվել են մեջբերումներ «Յուրի Վարդանյան. Իրականությո՞ւն, թե ֆանտաստիկա» գրքից:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին