Ապրիլ 20, 2024
exclusive
2313 դիտում

Էդուարդ Սահակյան. Ըմբշամարտը դրամա է, որտեղ դերակատարները փոխվում են շատ արագ

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականն այս տարի մեդալներով է վերադարձել Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններից, Օլիմպիական խաղերից:

Տարին Mediamax Sport-ն ամփոփել է ընտրանու գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի հետ:


-Պարոն Սահակյան, եկեք մեր զրույցը սկսենք տարվա ամփոփումով: Գո՞հ եք Ձեր թիմից եւ արդյոք բավարարո՞ւմ են նվաճած մեդալները:

-Նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով մրցաշարերի մեծ մասը չկայացավ ու դրանք տեղափոխվեցին 2021 թվական: Մի տեսակ տպավորություն էր, որ ցանկանում են դրանք ամեն գնով անցկացնել, դրա համար մարզիկների ու մարզիչների համար շատ դժվար էր, ծանր ու հագեցած: Բոլոր առաջնություններից էլ մեդալներով ենք վերադարձել, չնայած մենք ավելին էինք ակնկալում: Օլիմպիական խաղերում էլ, Աշխարհի առաջնությունում էլ մրցավարական սխալներ եղան: Ամեն դեպքում, մենք հետեւություններ արել ենք:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Նշեցիք, որ դժվարությունը խիտ գրաֆիկն էր, բայց բոլոր հավաքականներն էլ այս պարագայում հավասար պայմաններում են եղել: Ի՞նչն է բարդացրել մեր թիմի ելույթները:

-Դժվարությունը մրցաշարերի իրար մոտ լինելն էր, մեր տղաները չէին հասցնում վերականգնվել: Քաշային կարգեր կան, որտեղ մենք փոխարինող չունենք, իսկ դա խանգարում էր լիարժեք հանդես գա:

-Իսկապես, մարզիկների թվի քչացումը շատ անհանգստացնող է դարձել: Մենք սա տեսնում ենք նաեւ Հայաստանի առաջնությունների ժամանակ՝ մասնակիցների թիվը նվազում է: Ի՞նչն է պատճառը՝ մասսայականությունն է պակասել, ըմբշամարտն այլեւս գրավիչ չէ, թե՞ այլ բան էլ կա:

-Ճիշտ եք, տարիներ առաջ ըմբշամարտն ավելի մասսայական էր, առաջնությանն էլ ավելի շատ թվով տղաներ էին մասնակցում: Մի քանի հանգամանք նշեմ: Ոչ բոլոր երիտասարդներն են կարողանում արդյունք ցույց տալ մինչեւ 18 տարեկանը, իսկ մեզ մոտ բարձր նվաճման չհասած տղաներին տանում են բանակ: Պետք է սպորտային վաշտում ավելի շատ թվով տղաներ ծառայեն, ովքեր նաեւ մարզվելու հնարավորություն կունենան: Ցավոք, բայց կյանքի բերումով հիմա սկսել են նաեւ սպորտով քիչ զբաղվել, սա էլ նշանակություն ունի: Շատերը վարձատրության պատճառով այլ աշխատանքի են անցնում ու հեռանում սպորտից: Քանակը քչանում է, իսկ սա արդեն ազդում է հավաքականների վրա: Օրինակ՝ Արթուր Ալեքսանյանի քաշում 2-3-րդ համարներ չունենք:

-Իսկ մարզադպրոցների բացթողումները որո՞նք են: Չէ՞ որ ի վերջո դրանք են պատասխանատու հավաքական մատակարարվող տղաների համար:

-Մեր մարզադպրոցներում շատ տաղանդավոր տղաներ կան: Ասում ենք թիվը պակասել է, բայց կան դպրոցներ, որտեղ խմբերը շատ հագեցած են: Երեխաներից ոչ բոլորն են տարիների ընթացքում հաստատվում պրոֆեսիոնալ սպորտում: Այստեղ ամեն ինչ փոխկապակցված է՝ միայն մարզիկների բացթողումը չէ, նաեւ մարզիչներն են ինչ-որ տեղ թերանում: Նախկինում մենք մեկ տարվա ընթացքում կրտսեր տարիքի պատանիներին տանում էինք համամիութենական մրցումների, դա մեծ իմպուլս էր տալիս տղաներին, բարձրացնում էր որակը: Տարեկան 5-6 մրցում ամեն դպրոցից մասնակցում էին, հետո գալիս Հայաստանի առաջնություն: Ով հաղթում էր երկրի առաջնությունում՝ ԽՍՀՄ-ի առաջնության ժամանակ պարտադիր մրցանակակիր էր դառնում: Այ, այդքան ուժեղ էր մեզ մոտ մրցակցությունը: Իսկ հիմա հնարավորություն չկա, շատ դժվար է, միայն Հայաստանի առաջնությունն ենք ուղեցույց ունենում: Ոչ բոլորն են գնում միջազգային մրցումների, շատերը մնում են ստվերում, անփորձ ու այլեւս չեն շարունակում մարզվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Կարծում եք միայն ֆինանսի քչությո՞ւնն է պատճառը շատ մրցաշարերի չմասնակցելու, թե՞ այլ պատճառներ էլ կան:

-Մանրուք չկա, մեկը մյուսի հետ փոխկապակցված են: Անշուշտ, գումարն էլ կապ ունի արդյունքի հետ: Օլիմպիական խաղերից առաջ մենք համատեղ հավաք ունեցանք Ուկրաինայի թիմի հետ, որին մասնակցեցին միայն վարկանիշ նվաճած ըմբիշները: Եթե մենք հնարավորություն ունենայինք ու այլ տղաների եւս ներգրավեինք, ապա հաստատ դա նրանց միայն օգուտ կտար: Կան մրցումներ, որտեղ կարող ենք ոչ հիմնական կազմին ուղարկել, կտեսնենք նրանց գործի մեջ ու կընտրենք լավագույններին: Հիմա նախարարությունը կարողանում է վարձատրությունը կազմակերպել: Տղաներն ընտանիք են պահում, սա իրենց աշխատանքն է ու պետք է նորմալ վարձատրվեն: Էնտուզիազմի հաշվին հեռուն գնալ չես կարող, հարկավոր է նաեւ ապրել: Մարզիկն ու մարզիչը պետք է համապատասխան ձեւով վարձատրվեն:

-Պարոն Սահակյան, սպորտում անչափ կարեւոր է նաեւ ճիշտ կազմակերպել սերնդափոխությունը: Դուք հաճախ եք համատեղ հավաքներ անցկացնում երիտասարդական թիմի հետ: Ունե՞նք լավ տղաներ, ովքեր սահուն ձեւով կարող են տեղ գրավել մեծերի կազմում ու նաեւ պատրաստվել Փարիզ-2024-ին:

-Հայաստանը միշտ էլ տաղանդավոր տղաներ է ունեցել, ովքեր լավ են դրսեւորել իրենց ըմբշամարտում: Այո, երիտասարդների հետ համատեղ հավաքներ հաճախ ենք կազմակերպում ու արդեն կան տղաներ, ովքեր թակում են մեծերի դուռը: Հայաստանի առաջնությունից հետո կերեւա, թե ովքեր են հավակնում դառնալ հավաքականի անդամ: Կարծում եմ, որ լինելու են քաշային կարգեր, որտեղ նրանք մեծերին հավասար պայքար են ծավալելու:

Լուսանկարը` Reuters


-Այդ երիտասարդներից է նաեւ Մալխաս Ամոյանը, որը ոչ միայն հաստատվեց հավաքականում, այլ նաեւ այս տարի ցույց տվեց իր բարձր կարգը՝ դառնալով ԵԱ-ի արծաթե մեդալակիր ու ԱԱ-ի չեմպիոն:

-Մալխասը տաղանդավոր տղա է, իսկ հաղթանակն Աշխարհի առաջնությունում նրան ավելի շատ վստահություն բերեց: Հայաստանի առաջնությանը նա մասնակցելու է 77 կգ-ում: Հետագայում կտեսնենք, կշարունակի՞ ելույթներն այստեղ, թե նորից կվերադառնա 72 կգ: Ասեմ, որ մեր բոլոր առաջակարգ մարզիկները, բացի Արթուր Ալեքսանյանից, դեկտեմբերի վերջին մասնակցելու են Հայաստանի առաջնությանը:


-Իսկ ո՞րն է պատճառը, որ Արթուրն այն բաց է թողնելու:

-Տեղյակ եք, որ Օլիմպիական խաղերում վնասվածք ուներ, հիմա այն հիմնականում լավացել է: Արթուրն արդեն սկսել է թեթեւ մարզումներ անցկացնել ու ինքը կորոշի՝ պատրա՞ստ է հետագա մրցումներին: Նա այնպիսի մարզիկ է, որը չի կարող պարզապես մասնակցել, ցանկացած առաջնությունում ձգտում է միայն չեմպիոնության: Ես գտնում եմ, որ Արթուրը պետք է մասնակցի Փարիզի խաղերին ու հաստատ կարող է կրկին ոսկի նվաճել: Նրա պոտենցիալը շատ բարձր է:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Պարոն Սահակյան, նշեցիք, որ մեր ըմբիշների դեմ մրցավարներն արդար չեն եղել: Ես արդեն երկար տարիներ է աշխատում եմ ու միշտ մարզիչներից լսում եմ դժգոհություններ, սակայն երբեք էլ այս հարցը լուծում չի ստանում: Ի վերջո, կա՞ն ընդգծված հայ մարզիկների դեմ գործող մրցավարներ:

-Մրցավարական սխալներ միշտ էլ եղել են ու կլինեն: Պարզապես հարցն այն է, որ երբ մենք ուժեղ ենք լինում, դա մեզ չի անհանգստացնում: Օրինակ՝ Արթուրը Ռիոյում տրիումֆով դարձավ չեմպիոն, ու ոչ ոք ընդհանրապես մրցավարությունից չէր խոսում: Ես չեմ ասում, թե մենք թուլացել ենք, ուղղակի պետք է ավելի բարձր, հզոր լինենք, որպեսզի մեզ չկարողանան խանգարել: Իմ սկզբունքը սա է, թե չէ կարող ենք անընդհատ բողոքել:

-Բայց նման պարագայում իմ կարծիքով պարտվում է ոչ թե մարզիկը, այլ պետությունը: Հայաստանն այս առումով չափազանց պասիվ է ու շատ հաճախ չի կանգնում մարզիկների կողքին: Մեր բողոքները սահմանափակվում են զուտ հայաստանյան իրականությունում:

-Կան երկրներ, որոնք միջազգային ֆեդերացիայում ներկայացուցիչներ ունեն, մենք՝ ոչ: Լավ կլինի, որ մենք էլ ունենանք, գոնե մեր հաղթանակները մեր ձեռքից չեն փախցնի: Տոկիոյի խաղերի արդյունքներն ուզում էինք բողոքարկել, բայց չարեցինք: Ամեն դեպքում, ես գտնում եմ, որ մենք պետք է այնքան հզորանանք, որակներս բարելավենք, որ այլեւս ոչ մի մրցավար չկարողանա խանգարել:

Լուսանկարը` Reuters


-Օլիմպիական խաղերը վերլուծելիս անընդհատ մարզչական շտաբի անդամներն ասում էին միայն մրցավարների խնդիրը: Բայց արդյո՞ք միայն սա է խանգարել մեր տղաներին: Մի՞թե այլ բացթողումներ չեն եղել:

-Եղել են: Կարծում եմ, որ մի շարք տակտիկական սխալներ եղան ու դրանք ազդեցին արդյունքների վրա:

-Խաղերի ավարտից հետո ՀԱՕԿ-ից էլ, նախարարությունից էլ հնչեցին կարծիքներ, որ հավաքականի մարզչական շտաբում պետք է փոփոխություն արվի: Բայց Դուք, Սամվել Գեւորգյանն ու Գեւորգ Ալեքսանյանը դեռ թիմում եք: Այս մասին ոչ մի խոսակցություն չի՞ եղել:

-Ես գլխավոր մարզչի պաշտոնակատար էի, հետո նշանակվեցի այդ պաշտոնում ու մինչեւ հիմա այդպես է: Խոսք եղավ, որ ընտրություններ պետք է կազմակերպվեն, ես պատրաստ եմ ցանկացած ընտրության: Ես դեռ աշխատում եմ, իմ պարտքը կատարում եմ, մնացած հարցերից ոչինչ չգիտեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ Դուք ինչպե՞ս եք կարողանում ճիշտ մոտեցումներ ցույց տալ ու պահել թիմը, ի վերջո հեշտ բան չէ գլխավոր մարզիչ լինելը:

-Ստանդարտ ոչինչ չկա, յուրաքանչյուրին հարկավոր է անհատական մոտեցում ցուցաբերել: Մարզիչը պետք է նաեւ հոգեբան լինի, խոսի մարզիկի հետ՝ կենցաղից մինչեւ սպորտ, հասկանա նրան: Ես երկար տարիների փորձ ունեմ ու տարբեր մարզիչների հետ եմ աշխատել: Ըմբիշը չի կարող գալ մարզման մեխանիկորեն, նա պետք է հասկանա, թե իրենից ինչ է պահանջվում, ինչ պետք է անի հաջողություն ունենալու համար: Շատ տաղանդավոր մարզիկներ կան, բայց չգիտեն հաղթանակի հասնելու համար ինչ է պետք: Այն ժամանակ, երբ մարզիկը սովորում է հաղթել, հասկանում է դրան հասնելու ճանապարհը, ուրեմն հույս կա, որ նա հետագայում հաջողության կհասնի:  

-Հաղթանակին հասնելու այդ ճանապարհն ինչպիսի՞ն է:

-Ինչպես նշեցի, սպորտում անկարեւոր ոչինչ չկա: 9-10 տարեկանից հարկավոր է երեխային սովորեցնել այդ մշակույթը, նրա արյան մեջ պետք է մտնի կարգապահությունը, հարգանքը, աշխատասիրությունը, համեստությունը: Սրանց հետեւելով՝ նա կսկսի հաղթանակներ տոնել արդեն պրոֆեսիոնալ սպորտում, իսկ փոքրիկ շեղումը հետագայում կարգավորել հնարավոր չի լինի:

-Ամեն աշխատանքում էլ մարդ անընդհատ նոր բաներ է սովորում ու բացահայտում: Կարծում եմ Դուք ոչ միայն գիտելիքներ եք տալիս մարզիկներին, այլ նաեւ նրանցից եք վերցնում:

-Այո, դա այդպես է: Սպորտում սկիզբ կա, բայց վերջ՝ ոչ: Կատարյալ լինելու համար միշտ պետք է աշխատես, սովորես, սուտ է, երբ ինչ-որ մեկն ասում է, թե ամեն ինչ գիտի: Եթե աշխատում ես, ուրեմն սովորում ես, աճում: Բացի իմ սաներից, ես նաեւ այլ ըմբիշներից եմ սովորում: Մրցումների ժամանակ հետեւում եմ նրանց մարզումներին, գոտեմարտերին ու բացահայտումներ անում:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Պարոն Սահակյան, Դուք երկար տարիներ է ըմբշամարտում եք ու անչափ սիրում եք այն: Ինչո՞ւմն է կայանում մարզաձեւի գեղեցկությունը:

- Միշտ համարել եմ, որ ըմբշամարտը դրամա է, որտեղ ամեն վայրկյան դերակատարները փոխվում են: Գորգի յուրաքանչյուր հատված տարբեր խնդիրներ ունի՝ կենտրոնը մեկը, եզրերը՝ մի այլ բան: Ու ողջ ընթացքում շատ կարճ ժամանակում փոփոխություններ են տեղի ունենում, դրա համար այդ լարված դրաման մինչեւ վերջ պահպանվում է:

-Իսկ դրամայի դերակատարները միմյանց դեմ պայքարող մարզիկնե՞րն են, թե՞ գործողությանը միանում են նաեւ մարզիչները:

-Գոտեմարտի սկզբից մինչեւ վերջ մարզիչը հավասար գոտեմարտ է վարում իր տղայի հետ: Թեկուզ նստած, բայց ես էլ մասնակցում եմ պայքարին, ամեն մի վայրկյանը կարեւոր է: Պետք է ճիշտ հարձակում կազմակերպես, պաշտպանվես, մոտենաս այն հնարքին, որը կբերի քեզ մեկնարկի ու կապահովի նոր գրոհը: Ես մեծագույն սիրով եմ կատարում իմ աշխատանքը ու հաճույք եմ ստանում դրանից: Հույս ունեմ, որ մյուս տարին ավելին լավը կլինի հունահռոմեական թիմի համար, կկարողանանք այնպես անել, որ Փարիզ-2024-ին ընդառաջ մեդալներն ու վարկանիշներն ավելանան:

Էդուարդ Սահակյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին