Ապրիլ 23, 2024
exclusive
4123 դիտում

Լեւոն Արոնյան. Շատ կուզեի աշխարհը փոխել, բայց իմ առաքելությունը շախմատում եմ տեսնում

Լեւոն Արոնյանը
Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի լավագույն ու աշխարհի ուժեղագույն շախմատիստներից Լեւոն Արոնյանն է Mediamax Sport-ի զրուցակիցը: ԱՄՆ մեկնելուց առաջ նա ծավալուն հարցազրույց է տվել ու խոսել մի շարք կարեւոր հարցերի մասին:

- Լեւոն, Հայաստանը թողնելու որոշումն ինչպե՞ս տրվեց քեզ, ե՞րբ վերջնականապես հասկացար, որ տեղափոխվելու ես ԱՄՆ:

-Ամեն ինչ աստիճանաբար կուտակվում էր, այնպես չէ, որ միանգամից որոշեցի: 2018 թվականի հեղափոխությունից հետո շատ բան փոխվեց, չգիտես ինչու ինձ սկսեցին որպես քաղաքական գործչի վերաբերվել: Տարբեր մարդիկ գրում էին ու ասում, թե ինչ պետք է անեմ, փողոցում հետեւիցս գոռում էին, անպատվում, Ֆեյսբուքում էի նամակներ ստանում: Ինձ կապում էին Սերժ Սարգսյանի հետ, ու դա շատ տհաճ էր: Մի քանի մարդու մասին չէ խոսքը, նրանք շատ էին: Զգում էի իմ նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որոնց հետ ամբողջ կյանքում շփվել էի, բայց նրանք ինձ տեսնելիս շրջվում էին:    

- Բայց չէ՞ որ կառավարությունը որոշեց քեզ աջակցություն ցույց տալ ու գումար հատկացրեց:

- Հեղափոխությունից հետո ձեւավորված կառավարությունում ծանոթներ ունեի, որոնց հետ օգնականս կապվեց ու ներկայացրեց իմ խնդիրները, թե ինչ է պետք հաջողության հասնելու համար: Այդ ժամանակ էլ որոշեցին ինձ 3 տարի աջակցել: Բայց պրոֆեսիոնալ մարզիկը չի կարող կոնկրետ ժամանակ նշել, թե երբ կհասնի իր նպատակին: Կարող ես աշխատել ու պարապել, եւ արդյունքը միանգամից լինի, բայց ես ուզում էի էվոլյուցիա ապրել: 1 տարի օգտվեցի պետական գումարից, վարձեցի լավագույն մարզիչներին ու սպասում էի, որ հաջորդ տարի արդյունքներն արդեն կերեւան: Բայց 2019-ին այլեւս ֆինանսավորում չեղավ:

Լեւոն Արոնյանը Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Դու այդ ընթացքում տարբեր հանդիպումներ ունեցար, նախագահ Արմեն Սարգսյանի հետ էլ խոսեցիր: Ի՞նչ հարցեր էին շոշափվում դրանց ընթացքում:

- Փորձում էի այդ հանդիպումների ժամանակ տարրական բաներ ասել, շեշտել, որ ես քաղաքական գործիչ չեմ: Ինչքան էլ տարբեր մարդկանց հետ լավ հարաբերություններ ունենամ, նախ ներկայացնում եմ իմ երկիրն ու հայրենիքը: Չեմ մտածում, եթե երկրի ղեկավարն այս մարդն է՝ պիտի լավ խաղամ, կամ եթե փոխվեց՝ պարտվեմ:

- Բայց առաջին հերթին ինքդ քեզ ես ներկայացնում ու որպես թոփ շախմատիստ նաեւ քո հեղինակությունն է շատ կարեւոր:

-Իհարկե, ինքս իմ առաջ էլ պարտավորություններ ունեմ: Հավատում եմ, որ ինձ ի վերուստ տաղանդ է տրվել, այն պետք է օգտագործեմ եւ ամեն ինչ անեմ, որ հասնեմ նպատակիս: Իմ կարծիքով՝ ամեն մարդ առաջին հերթին իր համար պետք է գործի, հետո ազգի ու երկրի: Ես չեմ հավատում գլոբալիզմին, քոնը պետք է առաջ տանես: Չեմ կարող ամբողջ օրը նստել ու դարդ անել, պետք է գործեմ, այլ տարբերակ չկա: Եթե սկսեմ բողոքել, քաղաքական գործիչ կդառնամ: Բացատրել եմ, որ նպատակներիս հասնել չեմ կարող, եթե իմ նկատմամբ հարգանք ու ֆինանսական աջակցություն չլինի: Ու ասեմ, որ հարգանքն ինձ համար ավելի կարեւոր է, սիրված զգալը ոչնչի հետ չի համեմատվի: Շատ է եղել, որ որեւէ բժիշկ կամ այլ մասնագետ խոստովանել է, որ իմ խաղն իրեն դուր է գալիս ու ցանկանում է օգտակար լինել: Նման պահերին էմոցիաներով ես լցվում, իսկ երբ տեսնում ես, որ ամեն պարտությանդ համար մարդիկ ուրախանում են ու քեզ «հին» համարում, զգում ես, որ չես կարող երկիրդ լիարժեք ներկայացնել: Չեմ հավատում, որ մեր ազգն այդպիսին է, բայց այդ մի մասից եմ ուզում փախչել:
Լեւոն Արոնյանը Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Այնքան ցավալի է, որ այդ մասը կարողանում է իր նպատակին հասնել: Հայաստանում քիչ չեն նաեւ նրանք, ովքեր հպարտանում են քո ու մեր հավաքականի նվաճումներով եւ միշտ էլ հիշելու են այդ մասին:  

- Ես համոզված եմ դրանում, բայց ախր մյուսների հետ եմ հիմնականում առնչվում: Գնում եմ հանդիպման ու նկատում, որ ինձ լուրջ չեն վերաբերվում նրանք, ովքեր պարտավոր են այդպես անել: Ես ոչ մի խնդիր չունեմ, իմ ներքին աշխարհը շատ պաշտպանված է, պարզապես փորձում եմ բացասական էներգիայից հեռու լինել: Շատ աշխատանք ունեմ, չեմ կարող այդ ամենի հետ պայքարել, քանի որ դա անելու համար պետք է թողնեմ շախմատը: Շատ կուզենայի աշխարհը փոխել, բայց չեմ կարծում, որ դա է իմ ծնվելու իմաստը: Իմ առաքելությունը շախմատում եմ տեսնում:  

- Եթե 2019 թվականից ես նկատել քո նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, ինչո՞ւ այսքան սպասեցիր: Հավատո՞ւմ էիր, որ դեռ որեւէ բան կփոխվի:

- Տարիներ շարունակ ինձ առաջարկել են ներկայացնել ԱՄՆ-ը, իսկ ես միշտ ոչ եմ ասել, մտածել, որ նման քայլի հաստատ չեմ դիմի: Բայց եկավ մի պահ, երբ հասկացա, որ միայնակ չեմ կարող մեծ հաջողությունների հասնել: Ինձ թիմ է պետք, հակառակ դեպքում սկսում ես նահանջել ու ուժեղների հետեւից չհասնել:

- Եթե ցանկանում ես բարձր մակարդակի վրա մնալ, թիմը պարտադիր է, հատկապես, երբ տեսնում ես, թե որքան մեծ «բանակ» ունի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կամ մյուս ուժեղ խաղացողները:   

- Ես չեմ ամաչում գումարի պահը շեշտել: Կարո՞ղ է դրանք վերցնում եմ ու գնում քեֆ անելու: Ինձ ու իմ հանգիստն եմ զոհաբերում: Եթե ներքուստ ազգիս նկատմամբ պարտք չունենայի, կգնայի հանգիստ Գառնիում իմ հողատարածքում տուն կսարքեի ու այնտեղ կապրեի, Իսպանիայում օվկիանոսի ափին իմ բնակարանում կամ էլ Բեռլինի տանս: Լավագույն տասնյակում շատ հանգիստ երկար տարիներ կմնայի: Եթե ոչ մի ամբիցիա չունենայի, շատ հանգիստ ու համերաշխ կյանքով կապրեի: Այս ամենն անում եմ իմ ներքին հանգստության հետ կոնֆլիկտի գնալով: Ծիծաղելի է, երբ մարդիկ ասում են, որ այդ ամենը գումարի համար է, ես դրանից կրկնակի ավել եմ վաստակում: Այդ գումարն ինձ պետք է, որ կարողանամ հանգիստ աշխատել:
Լեւոն Արոնյանը Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Շատ կարեւոր է, որ քեզ նման ճանաչում ունեցող մարզիկը բարձրաձայնի նման խնդիրների մասին, որ պետությունն էլ հասկանա մարզիկների նկատմամբ ունեցած պարտավորությունները:

- Իհարկե, պետք է խոսել այդ մասին: Ինձ ասում են՝ Տիգրան Պետրոսյանն էլ գումարներ չէր ստանում ու շատ լավ էր խաղում: Նա իր թիկունքում ուներ ԽՍՀՄ-ի պես երկիր, որն իր բոլոր հարցերը լուծում էր, դա ուրիշ առավելություն էր:

- Բայց ներկայիս շախմատն ու պահանջները գումարային առումով արդեն համեմատելի չեն Պետրոսյանի ժամանակների հետ:

- Տեխնիկայի հետ կապված մի բան պատմեմ: 2016 թվականին տղաների հետ Կարուանայի ու Կարլսենի պարտիաներն էինք նայում ու չէինք հասկանում՝ ինչ է կատարվում, այս ինչ շախմատ են խաղում, ինչ լուծումներ են գտել: Հետո, երբ հնարավորություն ունեցա ուժեղագույն համակարգիչներից օգտվելու, հասկացա, որ պարզապես ծրագրի ասածով էին գործում: Մենք այդ առաջընթացից հետ էինք մնացել: Նույնն է, որ «Ֆորմուլա 1»-ի վարողի հետ «Զապարոժեցով» մրցես ու մտածես, թե ինչու նա այդքան առաջ անցավ: Մենք պայքարում ենք այդ մարդկանց հետ՝ չունենալով նրանց հնարավորությունները:

- Լեւոն, իսկ այդ պայմանները չե՞ս ունեցել նաեւ մինչեւ 2018 թվականը:

- Աջակցությունն աստիճանաբար պակասում էր: Չնայած շատ է եղել, որ ինձ օգնել են:
Լեւոն Արոնյանը Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Հայաստանի շախմատի ֆեդերացիան չունի՞ իր մեղքի բաժինը, որ քեզ պահել չկարողացավ: Սերժ Սարգսյանը պատմել է, որ փորձել է քեզ համոզել մնալ ու խոստացել է գումար գտնել:

- Խոսակցություն մեր միջեւ տեղի է ունեցել, բայց, կարծում եմ, ֆեդերացիան իր հնարավորությունների չափով անում է հնարավորինը: Այն բավականաչափ գումար չունի, ֆեդերացիայում էլ միշտ ինտրիգներ են լինում: Հարցն իրականում ֆինանսը չի, ուզում եմ մի քիչ կտրվել ամեն ինչից, որ կարողանամ աշխատել: Ինձ հարգանք է պետք, որ լինեմ մի երկրում, որտեղ ինձ փողոցում չեն կանգնեցնի ու չեն վիրավորի:  

- Բայց այստեղ ունես նաեւ այն լավ վերաբերմունքն ու սերը, որը հաստատ ԱՄՆ-ում չի լինի:  

- Էմոցիաներն ինձ շատ են խանգարում: Ինձ շատ են վիրավորում Երեւանի ֆեդերացիայից հնչող կարծիքները, որ ոչնչի արժանի չեմ: Իրականում շատ տհաճ է, որ երիտասարդությանն իմ դեմ էին տրամադրում, ասելով, եթե այդ գումարներն ինձ չհատկացվեն, իրենց կմնան: Լեգենդար մի մարդ, որին ես շատ լավ գիտեմ ու հարգել եմ, առաջարկել է ինձ զրկել աջակցությունից, քանի որ, նրա կարծիքով, դա սխալ է:  

Ընկերներս են զանգել ու տեղեկացրել, որ իմ դեմ նման բան է կազմակերպվում, ու որեւէ քայլ ձեռնարկեմ: Բայց ինչո՞ւ մտնեմ ինտրիգների մեջ: Գուցե այդ մարդուն երիտասարդ տարիքում չեն աջակցել ու շատ ուժեղ շախմատիստ չի դարձել, բայց ես ինչո՞վ եմ մեղավոր դրանում:
Լեւոն Արոնյանը Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունք էլի է եղել, այդ մասին մայրիկդ էլ է գրել իր գրքում: Սմբատ Լպուտյանին էլ հարցրել ենք, թե ինչո՞ւ են իրեն մեղադրել քեզ հետ վատ վարվելու համար:

- Լպուտյանի հետ խնդիրներ չունեմ: Ամեն ինչ կարող ես տարբեր կերպ տեսնել: Շատ է լինում, որ մարդիկ ասում են՝ իր համար դժվարություններ եմ ստեղծել, որ ամրանա, կամ էլ թողնի սպորտը (ծիծաղում է – հեղ․): Ես չեմ կիսում Լպուտյանի շախմատային տեսությունը, թե մարզաձեւն ինչպես պետք է զարգանա, բայց հարգում եմ իրեն:

-Երեւանի ու Հայաստանի շախմատի ֆեդերացիաների միջեւ կոնֆլիկտն ինչպե՞ս վնասեց խաղացողներին:

- Ինձ համար շատ ցավալի էր, այդ կոնֆլիկտը խառնեց շախմատիստներին: Ֆեդերացիան միշտ ընտանիք էր, պարզ է՝ սխալ բաներ էլ են եղել, բայց միշտ բարձրաձայնել ենք դրանց մասին: Հեղափոխությունից հետո հների ու նորերի բաժանում եղավ, դա վատ անդրադարձավ նաեւ շախմատի վրա: Ես երբեք չեմ բարձրաձայնել մարդկանց արարքները, բայց սկսել եմ մի քանիսին չբարեւել:

- Լեւոն, իսկ անուններ չե՞ս նշի:

- Չէ, անիմաստ է, կարեւորը՝ իրենք գիտեն՝ ում նկատի ունեմ: Չեմ կարծում, որ գիշերները կարողանում են քնել: Նրանց նախկինում հարգում էի, բայց իմ ընկերները չէին:
Լեւոն Արոնյանը Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Մեր շախմատային պոտենցիալը քեզ հետ լրիվ այլ էր, հիմա ամբողջությամբ փոխվելու է: Ո՞նց ես տեսնում մեր երիտասարդների ներուժը:

- Շախմատը մեր երկրի գլխավոր մարզաձեւերից է, այլ բնագավառներում այսպիսի հաջողություններ, կարծում եմ, հայ ազգը չի ունեցել: Դրա համար իմ հեռանալն էլ տեսնելով՝ մարդիկ պետք է աջակցեն շախմատին: Շատ լավն են ախր մեր երիտասարդները՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը: Նրանց պայմաններ ու մրցաշարեր են պետք: Ֆեդերացիան էլ այդքան գումարներ չունի, որ օգնի:

- Այդ դեպքում ո՞րն է լուծումը:

- Հույսներս հովանավորների վրա ենք դրել: Լավ է, որ մարդիկ գոնե մի քիչ փոխվել են, այն ժամանակ մտածում էին՝ ֆեդերացիայի ղեկավարությունը նույնն է մնացել, ուրեմն երբեք չենք օգնի: Հիմա աջակցել չեն վախենում: Ես էլ իմ կողմից ինչով կարողանում եմ, օգնում եմ: Իմ կապը Հայաստանի գործընկերներիս ու օգնականներիս հետ շարունակելու եմ պահպանել: Ինչպես աշխատել ու օգնել եմ մեր շախմատիստներին, անելու եմ նաեւ սրանից հետո: Արդեն ծրագիր ունեմ, որի մասին դեռ չեմ բարձրաձայնի, բայց այն թիրախային է լինելու, ու Հայաստանը հաստատ շահելու է:
Լեւոն Արոնյանը Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ֆեդերացիայի բացթողումների մասին խոսենք: Չե՞ս կարծում, որ Սերժ Սարգսյանն էլ որոշակի պահերի ճիշտ ու կոշտ դիրքորոշում չունեցավ, որո՞նք էին նրա բացթողումները:

- Դե, դժվար է ու անվերահսկելի, երբ բնագավառիդ հաջողությունները քչանում են: Մեր վերջին ձեռքբերումը 2017 թվականին իմ նվաճած Աշխարհի գավաթն էր: Իր սխալները շախմատի զարգացման մեջ են: Սարգսյանն էլ Լպուտյանի պես հավատում է, որ շախմատի համար կարեւորը մասսայականացնելն է: Դա անելու համար մենք այդքան վարպետներ չունենք: Մասսայականացնելը լավ է, եթե ճիշտ ես անում:

- Վերջին տարիներին շախմատն արագ է զարգանում, մենք հասցնո՞ւմ ենք դրա հետեւից:

- Բարեփոխումներ են պետք: Ես այդ ամենի մեջ եմ ու տղաներին միշտ ասում եմ, որ պետք է ձգտեն զարգանալ, չբավարարվեն եղածով: Մի 3 տարի առաջ կարող էիր շատ նեղ խաղացանկ ունենալ, հիմա դրանով ոչինչ չի ստացվի: Պարզ է, որ դժվար է, ու պարտություններ էլ կլինեն, բայց դա իրենց ապագայի համար ներդրում կլինի:

- ԱՄՆ տեղափոխվելու քո առաջնային նպատակներից մեկն աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելն է: Ինչի՞ց ես այնտեղ սկսելու:

- Ամենաուշն օգոստոսին կտեղափոխվեմ Սենթ Լուիս: Շատ լավ մարզիչներ եմ ունենալու, համաշխարհային անուններ կլինեն, ինչպես եւ պլանավորել էի: Թիմս դեռ ձեւավորման փուլում է: Այնտեղ լիովին կտրվեմ իմ աշխատանքին: Չեմպիոն դառնալու շանսերիս մասին չեմ մտածում, մի բան գիտեմ հաստատ, որ եթե այս քայլին չգնայի՝ ինձ չէի ների, որ չարեցի դա ոչ միայն ինձ, այլեւ ազգիս համար: Նման բացառիկ շանս է տրվել ինձ, որը մեր ազգը կարող է շատ երկար տարիներ չունենալ: Չեմ ասում, որ միանգամից չեմպիոն եմ դառնալու, բայց գոնե փորձելու եմ: Էներգիաս տեղն է, ձգտումս՝ նույնպես:  
Լեւոն Արոնյանը Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս



- Ինչպե՞ս ստացվեց, որ հենց ԱՄՆ-ից առաջարկություն ստացար:

- 2013 թվականին գնացի Սենթ Լուիս՝ մասնակցելու ԱՄՆ-ի ու աշխարհի ուժեղագույն շախմատիստների մրցամարտին: Գատա Կամսին, Հիկարու Նակամուրան, Մագնուս Կարլսենն ու ես էինք մասնակցում: Ռեքս Սինքֆիլդի հետ այդ ժամանակ շատ ընկերացանք, ու գրեթե ամեն տարի նա ինձ առաջարկում էր տեղափոխվել ԱՄՆ: Մեր հետաքրքրությունները նկարչության ու գրականության հարցերում նման են, երկուսս էլ դասական երաժշտություն ենք սիրում: Բավական հետաքրքիր մարդ է:

-Ինչո՞ւ էիր այն ժամանակ անընդհատ մերժում:

-Միշտ ասում էի՝ չեմ կարող, որովհետեւ Հայաստանում այնպես են մեզնով ապրում ու սիրում, որ իրավունք չունենք գնալու: Բայց երբ սերը քիչ-քիչ մարում է, արդեն ասում ես՝ միգուցե ժամանակն է մտածել միայն կարիերայի մասին:

- Բայց քո հեռանալու լուրը միանշանակ չընդունվեց:

- Հասկացող մարդը կհասկանա, որ այս քայլն ես հենց այնպես չեմ արել, նվիրված եմ իմ գործին ու նպատակին: Ես չէի կարողանա մայրիկիս աչքերին նայել ու ասել, որ պարզապես պարապում եմ ինձ համար ու մեծ ծրագրեր չունեմ: Ողջ ընտանիքս ապրում է իմ հաջողությունների ակնկալիքով, իմ աշխատանքով: Նրանք հասկանում են, որ ես պետք է աշխատեմ ու ոչ մի բանի մասին չմտածեմ: Չեմ կարող ամեն ինչ թողնել մի կողմում ու ուրիշ կյանք վարել:
Լեւոն Արոնյանը Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Լեւոն, ինչո՞ւ սկսվեց քո դեմ այդպիսի պայքար տարվել:

- Որովհետեւ իրենք կարծում են, որ ես պետության դեմ եմ խոսում, բայց դա այդպես չէ: Ես փաստերն եմ ներկայացնում, որոնք կան մեր շախմատում, իրավունք չունե՞մ ասել այդ ամենը: Սովորական մարդկանց բացասական վերաբերմունքն ինչ-որ տեղ հասկանում եմ, որովհետեւ իմ արտահայտած մտքերի 98 տոկոսը կոնտեքստից հանված է ներկայացվում ԶԼՄ-ներում: Պարզ է, որ նման մանիպուլյացիայի շնորհիվ մարդիկ սխալ կարծիք են ձեւավորում:

- Քո տարածած հաղորդագրության մեջ ասել էիր, որ հանդիպել ես Նիկոլ Փաշինյանի հետ: Ե՞րբ է դա եղել եւ ո՞վ էր նախաձեռնել:

- Բնականաբար, իրենք շահագրգռված չէին այդ հանդիպման կայացմամբ: 2019 թվականն էր, դժվար է կառավարության հետ ուղիղ կապի դուրս գալը, ու ես ծանոթ գտա: Շատ խիստ տոնով տեղեկացրին, որ այդ հանդիպումը տեւելու է 15 րոպեից ոչ ավել: Ճիշտն ասած, ես այլ բան էի սպասում: Երբ քո երկրի համար շատ գործ ես արած լինում ու հանդիպում ես երկրի ղեկավարին, գոնե մեկ համատեղ լուսանկար արվում է: Բայց մեր մեջ շատ տարօրինակ ու ոչ պաշտոնական հանդիպում եղավ, Փաշինյանը խոսք տվեց, որ աջակցությունը կրկին կշարունակվի: Ապա եղան անսահման հանդիպումներ Արայիկ Հարությունյանի հետ: Ես իրեն չեմ ճանաչում, բայց լավ եմ վերաբերվում, նա գոնե ուզում էր ինձ լսել: Բայց ոչինչ այդպես էլ չփոխվեց:

-Իսկ քո կայացրած որոշումից հետո որեւէ պետական պաշտոնյա փորձե՞լ է խոսել քեզ հետ:


- ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը զանգեց, բայց նա դեռ նոր էր իր պաշտոնը ստանձնել: Մենք երկար տարիներ ճանաչում ենք իրար, ընկերական զրուցեցինք, հարցրեց, թե որեւէ շանս կա՞ որոշումս փոխելու: Հետո Արայիկ Հարությունյանը կապ հաստատեց, ասաց, որ կառավարությունն ուզում է իրենց երկու րոպե տրամադրեմ, բայց ինձ հարմար չէր, որովհետեւ մրցաշարի էի մասնակցում, բացի այդ էլ որոշումս փոփոխման ենթակա չէր:
Լեւոն Արոնյանը Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Շախմատի ֆեդերացիայում ինչպիսի՞ արձագանքներ եղան:

-Մինչեւ որոշումս հրապարակելը ես հանդիպեցի ու բացատրեցի ամեն ինչ՝ նշելով, որ այս միջավայրում այլեւս հնարավոր չէ աշխատել, ու նման քայլի դիմելն ինձ համար էլ է զոհաբերություն: Սերժ Սարգսյանը փորձեց համոզել, բայց տեսավ, որ միտքս չեմ փոխելու: Մեր տղաներն էլ հասկացան ինձ:

 

Շախմատիստի կյանքը հոգեւորականի պես է, երկուսն էլ մենակյաց են՝ նստում ես քո փոքրիկ վանքում ու սկսում աշխատել: Իսկ երբ կողքից անընդհատ խանգարում են, չես կարող հանգիստ լինել:

- Որքանո՞վ էր դժվար քեզ համար այս որոշումը:

- Այնպես չէ, որ հիմա հեշտ է: Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես եղավ, բայց ինչքան էլ իմ մեջ վերլուծում եմ կամ խոսում Անիի հետ, հասկանում եմ, որ սա միակ տարբերակն էր:

- Շախմատիստների մեծ մասը համոզված է, որ դու կրկին հետ ես գալու:

- Իհարկե, կգամ, բայց երբ ավարտեմ կարիերաս:

- Ուղղակի շատ ծանր ժամանակի հետ համընկավ քո հեռանալը: Պարտությունը, կորուստները չենք մարսել, ու հանկարծ իմանում ենք, որ Լեւոն Արոնյանն այլեւս Հայաստանը չի ներկայացնելու:

- Ճիշտն ասած, պատերազմից հետո այնքան էի ազդվել, այնքան վատ էի: Գիտեք, էլի կարող ես պարտվել, բայց, երբ ամեն օր քեզ ասում են՝ ամեն ինչ շատ լավ է, մենք հաղթում ենք, ու հանկարծ... այդքան երիտասարդներ կորցնելն ինձ համար շատ ծանր է:

Լեւոն Արոնյանը Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Պատերազմի ժամանակ արդեն որոշե՞լ էիր Հայաստանից հեռանալ:

-Ոչ: Երբ նայում ես ու զգում, որ քո երկիրն էլի ինչ-որ խաբեության մեջ է, շատ ազդվում ես: Ես հասկացա, որ պետք է առավելագույնն անեմ իմ ազգի համար: Այդքան զոհեր ունենք, մտածում եմ, որ պետք է փորձեմ այնպիսի քայլերի դիմել, որոնցով կկարողանամ առաջ տանել ազգի նպատակները: Այս պարտությունից հետո ուզում եմ, որ մենք հաջողություններ ունենանք, իսկ այդ դեպքում նշանակություն չունի, թե ինչ-որ մեկն ինչպիսի զգացում կունենա իմ նկատմամբ:

- Պատերազմը, պարտությունը դաժան էին բոլորիս համար: Ամեն մեկս փորձում էինք մեր հնարավորությունների սահմաններում ինչ-որ օգնություն ցուցաբերել․․․

-Ես Նորվեգիայում մրցաշարի էի մասնակցում, երբ այն սկսվեց: Ոչ մի գիշեր չեմ քնել, բայց լավ էի խաղում, որովհետեւ շատ բարկացած էի: Համահայկական հիմնադրամից էին կապվել մեզ հետ ու խնդրել տեսաուղերձ նկարահանել, ինչպես տարբեր հայտնի մարդիկ էին արել: Ես խաղից առաջ նկարվեցի, իսկ դա հեշտ բան չէր ինձ համար, ուղարկեցի, բայց այդպես էլ այն ոչ մի տեղ չտեղադրվեց: Ամեն դեպքում, ես պատրաստ էի ու հիմա էլ պատրաստ եմ գնալ ու պայքարել մեր երկրի համար: Եթե մտածես, նոր քայլ անես, իմ կարծիքով, լիովին նվիրված մարդ չես լինի: Բայց նաեւ հարկավոր է, որ ուժերդ ճիշտ օգտագործես:  

- Ինչո՞ւ այսպես դասավորվեց մեր պատմության այս հատվածը:

- Ես միշտ ասում եմ, որ պատմությունը կրկնվելու է, մենք պետք է նորից վերադառնանք: Կարծում եմ, որ մեր ազգի ամենագլխավոր խնդիրն իրարից տարանջատվելն է, մասերի բաժանվելը: Եթե դրա դեմ պայքարենք, նույն հաջողությունն ու վերածնունդը կունենանք, ինչ եղավ Մեծ Եղեռնից հետո:

- Լեւոն, ինչպե՞ս ես տեսնում հաջողության հասնելու ճանապարհը:

- Հայերին պետք է միավորի ազգային միտքը: Ձուկը լողալիս ինչպես է պոչն աջ ու ձախ շարժում, մենք էլ այդպես պատմության ողջ ընթացքում փոփոխել ենք մեր միտքը, չենք ունեցել հստակ կուրս, նպատակներ, ազգային գաղափարախոսություն:  Դա մեզ շատ է խանգարել:
Լեւոն Արոնյանը Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Բայց նույն պատերազմի ժամանակ բոլորս կարծես միավորվել էինք, օգնում էինք միմյանց, ինչը հիմա կարծես շատ է քչացել:

-Այո, կար մարդկանց հերոսությունը, զոհաբերությունը: «Մատ տեռորին» բարեգործական միջոցառումից հետո հավաքված գումարը տարել էինք հանձնելու հիմնադրամին, աշխատողներից մեկը պատմեց, թե մի տատիկ դժվար քայլելով եկել էր գումար փոխանցելու՝ ցանկանալով հայրենիքին տալ իր վիրահատության համար հավաքած փողը: Իհարկե, չէին վերցրել, բայց այդ առաջարկն այնքան հուզիչ էր: Վատ վիճակում գտնվողներին բոլորն էին փորձում օգնել: Բայց ես գիտեմ, որ կրկին արթնանալու ենք այս վիճակից:

- Լեւոն, աշխարհի լավագույն տասնյակում ես արդեն երկար տարիներ: Ինչպե՞ս է քեզ հաջողվում անընդհատ պահել բարձր կարգդ ու պայքար մղել ուժեղագույնների դեմ:

- Ես գիտեմ իմ տեղն աշխարհում եւ ուղղակի ամոթ եմ զգում, երբ դիրքերս զիջում եմ: Փոքր տարիքից այնպես եմ մեծացել, որ հաջողությունների համար ինձ երբեք չեն գովում: Եթե հասնում եմ հաջողության, ուրեմն աշխատանքս կատարել եմ, իսկ անհաջողությունը դժբախտություն է: Դրա համար միշտ կենտրոնացած եմ: Երբ Բեռլինի հավակնորդների մրցաշարում շատ վատ խաղացի, մոտ մեկ ամիս դուրս չեկա տնից:

- Այդ պահերին ի՞նչ է կատարվում քեզ հետ:

- Հիասթափություն եմ ապրում, հետո կրկին գտնում եմ մոտիվացիան ու սկսում նորից մրցել: Ես սիրում եմ մրցակցությունը, քանի որ այդ ժամանակ սկսում եմ սիրահարվել մարդ տեսակին: Հասկանում եմ, թե մարդն ինչքան խոր մտքեր կարող է ունենալ, ստեղծագործ լինել, ինչպիսի ուժ ու սառնասրտություն կա նրա մեջ: Ես սկսում եմ հիանալ մարդով, շախմատն ինձ հնարավորություն է տալիս բացահայտել նրան:
Լեւոն Արոնյանը Լեւոն Արոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ ինչպիսի՞ն է մարդը:

- Մարդը շատ ուժ ունի, բայց չի հասկանում դա: Կյանքի ամենադժվար ժամանակահատվածում էլ կարողանում է շախմատ խաղալ, իհարկե, վատ է խաղում, բայց խաղում է: Արիանայի մահից հետո ես խաղում ու զարմանում էի ինձ վրա, թե ինչպե՞ս եմ կարողանում: Այդ ժամանակ շախմատը բուժում էր ինձ:

- Եթե դեմ չես, խոսենք Արիանայից: Միանշանակ, նրա մահը մեծ հարված էր քեզ համար, փոխեց քո կյանքում ամեն ինչ:

-Իհարկե, շատ մեծ հարված էր: Երբ երկար տարիներ ապրում ես մեկի հետ, նա քո, դու էլ՝ նրա մի մասնիկն եք դառնում: Հետո սկսում ես մտածել՝ ո՞րն է կյանքի իմաստը, որո՞նք էին քո սխալները, ձախողումները: Շատ բարդ ժամանակ էր ինձ համար, բայց այդ ընթացքում ես շատ բան սովորեցի:

- Իսկ ինչպե՞ս կարողացար դուրս գալ այդ վատ վիճակից:

- Մտածեցի իմ մասին, մտածեցի՝ ինչ պետք է անեմ: Հասկացա, որ իմ կյանքում ամենակարեւորը եղել է սերը եւ իմ գործը, հանդիպեցի Անիին ու կրկին կարողացա սիրել: Երբ հիասթափվում ես աշխարհից, պետք է ոչ թե ագրեսիվ դառնալ, այլ սիրտդ բաց թողնել, այն պետք է լինի մաքուր, այնպիսին, ինչպիսին ծնվելուդ ժամանակ:

- Լեւոն, որպես մեր զրույցի վերջաբան ի՞նչ կասես մեր ազգին: Ինչպիսի՞ն լինենք այս դժվար ժամանակաշրջանում:

- Հայ ազգն իր ողջ պատմության ընթացքում պայքարել է եւ հաղթող է դուրս եկել: Ուղղակի պետք է սովորենք սիրել ու ներել միմյանց, առհասարակ, պետք է սովորենք: Երբ մարդն անցկացնում է օրը եւ նոր բան չի սովորում, համարեք՝ այդ օրը կորած է: Ես ամեն օր մի բան բացահայտում եմ՝ գրքերից կամ դասական երաժշտությունից: Բոլորս պետք է այդպես անենք:

Լեւոն Արոնյանի հետ զրուցել են Հասմիկ Բաբայանն ու Գոհար Նալբանդյանը։

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին