exclusive
3233 դիտում

Սմբատ Լպուտյան. Երբեք չեմ ցանկացել, որ Արոնյանը չներկայացնի Հայաստանը, միշտ ազնիվ եմ եղել նրա հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Շարունակում ենք ներկայացնել Հայաստանում առկա շախմատային խնդիրները: Այս անգամ Mediamax Sport-ը զրուցել է Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ ու շախմատի Ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ:

Իրավիճակը Հայաստանում

-Շատերն են անհանգստացած Հայաստանում տիրող շախմատային իրավիճակով: Դուք ի՞նչ մտահոգություններ ունեք:

-Իսկ ի՞նչ է տեղի ունենում:

-Դե, Լեւոն Արոնյանը հեռացավ, դրանով պայմանավորված լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս, կորոնավիրուսն է իր ազդեցությունը թողել, Երեւանի շախմատի ֆեդերացիայի հետ որոշակի անհամաձայնություններ կան: Դուք պետք է ասեք, թե իրականում ինչ է կատարվում:

-Ինչ խոսք, կորոնավիրուսը բավական բացասական է անդրադառնում ոչ միայն շախմատի, այլ բոլոր սպորտաձեւերի վրա, ինչը զգալիորեն բարդացնում է մեր աշխատանքները: Ինչ վերաբերվում է Լեւոնի հեռանալուն, անխոս, դա շատ մեծ կորուստ է, ինչի պատճառով տխուր ենք: Հասկանում ենք, որ Հայաստանի թիմը թուլանում է: Մի քանի անգամ հանդիպել ու զրուցել եմ Լեւոնի հետ, որպես շախմատիստ հասկանում եմ նրա որոշումը: Ցանկանում է իր հնարավորություններն առավելագույնս օգտագործել առաջիկա ընտրական փուլերի ժամանակ: Դրա համար նրան որոշ պայմաններ են պետք, դա է խնդիրը, եւ որոշ չափով վիրավորվածություն ունի:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Վիրավորված է իշխանությունի՞ց:

- Իշխանության այն մարդկանցից, ովքեր համագործակցել եւ պայմանավորվածություն են ունեցել նրա հետ:

-Իսկ Հայաստանի շախմատի ֆեդերացիան մտնո՞ւմ է դրանց մեջ:

-Ոչ, չի մտնում:

-Կորոնավիրուսի պայմաններում ո՞րն է մեր ֆեդերացիայի ռազմավարությունը: Ի՞նչ եք անում, որ շախմատն իր զիջած դիրքերը վերականգնի:


- Իհարկե, որոշ չափով զիջել է։

-Հիմա մրցաշարեր քիչ են անցկացվում, բայց մինչ կորոնավիրուսն էլ այնքան հաջողություններ չէինք գրանցվում: Անկումը նախորդ տարիների համեմատ շատ է զգացվում:

-Անկումն ամբողջ աշխարհում է, բոլոր երկրներում կա այդ խնդիրը: Շատ դեպքերում մենք միջոցառումներ ենք իրականացնում, որոնք զարմացնում են այլ երկրներին: Շրջանային մրցաշարեր ենք անցկացնում, որոնք շատ երկրներ իրենց թույլ չեն տալիս, քանի որ դեռ վտանգավոր է: Բայց հանուն մեր շախմատիստների անում ենք: Այս տարի միջազգային ու մասսայական մրցաշարեր ենք կազմակերպել: Շախմատի բնականոն ընթացքի առումով Հայաստանը որեւէ մեկին չի զիջում, հնարավոր է մի քանի երկրում է միայն վիճակն ավելի լավը: Մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք առավելագույնն անել, որպեսզի խթանենք շախմատի զարգացումը: Իսկ նրանք, ովքեր շախմատի վերաբերյալ կարծիքներ են հայտնում, պետք է լավ ուսումնասիրեն ոլորտը, ամեն ինչ լավ պատկերացնեն, նոր խոսեն:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆեդերացիայի ռազմավարությունը

-Ո՞րն է մեր շախմատի ֆեդերացիայի ռազմավարությունը:

-Մեր հիմնական ռազմավարության մեջ մի քանի կետեր են մտնում: Առաջինը՝ մասսայականացումն է, ինչը տաղանդավոր շախմատիստներ ի հայտ բերելու հիմքն է, 2-րդը՝ հոգատարությունը շնորհալի երիտասարդ շախմատիստների նկատմամբ, այնուհետեւ շախմատը կրթական համակարգում բարելավելը: Այդ առումով Հայաստանն այսօր աշխարհում օրինակ է ու լավագույն երկրներից է համարվում: ՖԻԴԵ-ում շախմատի ներառումը կրթական համակարգում առաջնային ուղղություններից մեկն է համարվում:  

Հայաստանը միակ երկիրն է, որ շախմատի գիտահետազոտական ինստիտուտ ունի: Ուրուգվայը եւ Կուբան վերջերս բացել են, բայց մեր կենտրոնն այսօր ՖԻԴԵ-ի հետ է համագործակցում ու մեծ ներդրում ունի ամբողջ աշխարհի կրթական ոլորտի զարգացման գործում:

-Ասացիք հոգատարությունը շախմատիստների նկատմամբ, իսկ ինչպե՞ս է դա դրսեւորվում:

-Դա մարդկային հոգատարությունն է, խնդիրներին ծանոթանալն ու դրանց շուրջ քննարկումներ կազմակերպելը, լուծումներ գտնելը, հանդիպումները շախմատիստների հետ: Հիմա շախմատում փոփոխությունների կարիք կա, փորձում ենք այնպես անել, որ այս իրավիճակում ավելի քիչ կորուստներ ունենանք:

Լուսանկարը` chess.am


-Վերջին անգամ ե՞րբ է եղել նման հանդիպում-քննարկում:

-Երեւի մոտ 15-20 օր առաջ, մեր լավագույն շախմատիստներն էին ներկա՝ Լեւոն Արոնյանի գլխավորությամբ: Գաբրիել Սարգսյանն էր, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ մեր պատանի լավ շախմատիստներից մի քանիսը: Խոսել ենք առկա խնդիրներից ու դրանց լուծման տարբերակներից: Քննարկումների արդյունքում հանդիպել եմ ԿԳՄՍ-ի փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ:

-Ի՞նչ եք որոշել Գիլոյանի հետ հանդիպման արդյունքում:

-Պետք է մոտեցումը փոխել: Նախկինում պետությունից ստացած ֆինանսավորման արդյունքում շախմատիստները մրցումների էին մեկնում, իսկ հիմա մրցաշարեր համավարակի պատճառով հազվադեպ են կազմակերպվում: Պետք է կարողանանք ներքին դաշտում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ տղաներն իրենց մարզավիճակը պահպանեն: Հավաքներ ու մրցաշարեր կազմակերպելու կարիք կա, որպեսզի ավելի հաճախակի համագործակցեն միմյանց հետ: Ֆինանսավորումն ավելի արդյունավետ կօգտագործենք։ Պլանավորում ենք հունիսի վերջին բավական լավ մրցաշար անցկացնել մեր առաջատար շախմատիստների համար:

Պատանիների հանդեպ էլ փորձում ենք հոգատար լինել, բոլորն էլ կցված են մեր ուժեղագույն գրոսմայստերներին ու աշխատում են նրանց հետ, ինչը հազվադեպ է հանդիպում այլ երկրներում:  

Լուսանկարը` Մեդիամաքս


-Հիմա պատանիների ու երիտասարդների հետ աշխատում են Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը:

- 2020-ի սկզբներից են աշխատում, մինչ այդ էլ Վլադիմիր Հակոբյանն էր երիտասարդներին մարզում: Միշտ այդ հոգատարությունը եղել է: Պարտավոր ենք մտածել բոլոր սերունդների մասին՝ մանկապատանեկանից մինչեւ հավաքականի անդամները: Եթե դա չլիներ, Հայաստանը երբեք շախմատային հզոր երկիր չէր դառնա: Վերջին տարիներին են որոշ զիջումներ եղել, բայց միեւնույն է հավաքականը բոլոր մրցումներում էլ պայքարում է: Վերջերս անցկացվեց Աշխարհի առաջին ուսանողական առաջնությունը, եւ մենք 2 չեմպիոն ունեցանք, բայց առանձնապես մեծ արձագանք չեղավ: Աշխատանքները տարվում են, պարզապես կան մարդիկ, որոնք սիրում են շատ խոսել, իսկ շախմատի ֆեդերացիան միայն արդյունքներով է ցույց տալիս իր արածը:

Արագ փոփոխվող շախմատը

-Ի՞նչ անենք, որ Հայաստանը նորից շախմատային գերտերություն դառնա ու թիմային հաջողություններ լինեն:

-Պետք է հասկանաք, որ ամբողջ աշխարհում շախմատը շատ մեծ քայլերով է զարգանում, հիմա ԱՄՆ-ն այնքան ուժեղ խաղացողներ ունի այլ երկրներից, որ մի քանի հավաքական կարող է ձեւավորել: Շատ փոքրիկ երկիր ենք ու այն ինչ արվեց պատմության մեջ, դեռ մեր հասարակությունն այդքան էլ չի գիտակցում:

Ցանկացած հաղթանակի դեպքում, ինչպես դա եղավ նաեւ Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հետ, մեծագույն աշխատանք կա: Դրանք դեռ խմբային փուլի խաղեր էին, իսկ մենք 4 Օլիմպիադաներից 3-ում չեմպիոն ենք դարձել, նաեւ նվաճել ենք արծաթ ու բրոնզե մեդալներ:

Նույնիսկ ուժեղագույն թիմերը միշտ չեն պահպանում իրենց տիտղոսները: Իսկ շախմատի հավաքականի արածը պատմության մեջ ոսկե տառերով կմնա: Հիմա էլ պոտենցիալը կա, լավ երիտասարդներ ունենք, ովքեր իրենց խոսքը դեռ կասեն:

Լուսանկարը` Photolure


-Ասացիք, որ աշխարհում փոխվել է շախմատի նկատմամբ վերաբերմունքը: Նաեւ տեխնոլոգիաների շնորհիվ այն շատ արագ է զարգանում: Իսկ մենք ի՞նչ ենք անում, որ կարողանանք մրցունակ լինել:

-Անգամ ամենավերջին թողարկման համակարգիչներն այդքան էլ չեն օգնում շախմատիստներին: Աշխարհն այնքան է զարգացել, որ որոշ հարթակներ արդեն վաճառում են գերհզոր համակարգիչներին միանալու րոպեները: Օրինակ, եթե խաղացողն ունի որեւէ հետաքրքիր գաղափար, այն իր համակարգչով ստուգելու դեպքում 3-4 օր կպահանջվի, իսկ գերհզոր համակարգիչների ծրագրերին դա անելու համար րոպեներ են պետք: Ամեն րոպեն գումար արժե: Պրոֆեսիոնալ շախմատիստներն առանց դրա չեն կարող խաղալ: Բնական է, որ մեծ ու հարուստ երկրներում ավելի հեշտ է այդ ծախսերը հոգալ: Մեր երկրի պարագայում դժվարությունները շատ են: Հնարավոր է՝ 1 շաբաթվա ընթացքում մեկ խաղացողն այդ նպատակով 500-1000 եվրո ծախսի:

-Ունե՞նք շախմատիստներ, որոնք կարողանում ենք մուտք գործել այդ ծրագրեր ու աշխատել:

-Իհարկե, բոլոր ուժեղագույնները: Երբ Լեւոնը շատ անգամներ խոսում է գումարներից, հենց դա նկատի ունի, նա պետք է շատ երկար ժամանակ նման համակարգչով աշխատի, որ կարողանա իր բազմազան դիրքերն ավելի լավ վերլուծի:

 

Կանայք ու Երեւանի ֆեդերացիան

 

-Մենք միայն տղամարդկանց շախմատից ենք խոսում, իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը կանանց շախմատում:

-Աշխարհի բոլոր երկրներում տղաներն ավելի շատ են գնում շախմատի, քան աղջիկները: Ընկալման առումով էլ տարբերություն կա, տղաներն ավելի ուժեղ են իրենց հասակակից աղջիկներից:

Այնպես չէ, որ մեր կանանց հավաքականը թույլ է, նրանք միշտ պայքարում են տարբեր մրցումներում: 3 տարի առաջ Բաթումիում կարող էին նույնիսկ Օլիմպիադայի չեմպիոն դառնալ: Մենք ունենք լավ երիտասարդ խաղացողներ, սակայն քանակն, իհարկե, քիչ է: Էլինա Դանիելյանից ու Լիլիթ Մկրտչյանից բացի Աննա Սարգսյան ունենք, որից մեծ սպասելիքներ կան, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանն ընդգրկվեցին հավաքականում: Մարիա Գեւորգյանը միշտ հավակնում է թիմի անդամ դառնալ։ Երիտասարդ Մարիամ Մկրտչյանն էլ մեծ ապագա ունի: Երիտասարդներից աչքի են ընկնում նաեւ Աստղիկ Հակոբյանն ու Վերոնիկա Խաչատրյանը, նրանք նույնպես կարող են թիմում ընդգրկվել ու օգտակար լինել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Անդրադառնանք նաեւ Երեւանի շախմատի ֆեդերացիայի գործունեությանը: Մի ընթացք եղավ, երբ խառնաշփոթ առաջացավ, փորձեցին փոփոխություններ կատարել ու անգամ փակ ընտրություններ արեցին: Ի՞նչ կասեք այդ մասին:  

-Ես էլ եմ կարծում, որ ընտրություններն ոչ այնքան ազնիվ են եղել: Ես մի բան գիտեմ, որ մեր շախմատային ընտանիքի հիմքերը միշտ ազնիվ ու արդար են եղել: Եթե այդ միջավայրը չլինի, մեծ հաղթանակներ էլ չենք ունենա: Եթե անարդար քայլ է լինում, դա վնաս է հասցնում ընտանիքին, ճաքեր են առաջանում:

-Բայց շախմատիստներն Երեւանի ֆեդերացիայի ու շախմատի ֆեդերացիայի միջեւ բաժանվեցին չէ՞:


-Ինձ համար այդ մասին խոսելը հաճելի չէ, որովհետեւ սա մեր ընտանիքն է ու ներքին հարցերը: Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Երբեք չեմ ցանկանա, որ մեր երկրում էլ, շախմատում էլ ճեղքեր լինեն:

Արոնյանի հետ հարաբերությունները

-Վերադառնանք Արոնյանին: Շատերը նշում են, որ Լեւոնի հետ անձնական վատ հարաբերություններ եք ունեցել, այդ մասին նրա մայրիկն էլ գրել է իր գրքում: Նշվում է նաեւ, որ չեք ցանկացել ներկայացնի Հայաստանը: Եղե՞լ է նման բան:

-Երբեք այդպիսի բան չի եղել, չեմ հիշում, որ Լեւոնին լավ բան չցանկանամ: Փորձել եմ որքան կարող եմ օգտակար լինել նրան: Եղել է իրավիճակ, որ ես որեւէ մեղք չեմ ունեցել, բայց շատ մեղքեր հենց իմ ուսերին եմ վերցրել:

-Ինչո՞ւ եք այդ դեպքում լռել ու թույլ տվել, որ դրանք Ձեզ վերագրեն:

-Հանուն թիմի ու մեր միասնականության: Շատերը գիտեն այդ մասին, կարծում եմ, որ Լեւոնն էլ տեղյակ է: Մի բան կարող եմ ասել, որ նրա հանդեպ միշտ ազնիվ եմ եղել: Ընկերներ չենք եղել, բայց եթե Լեւոնը որեւէ հարցի շուրջ հիմա ցանկանա կիսվել, այդ մարդկանց մեջ նաեւ ես կլինեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Լեւոնը միշտ փորձում է օգտակար լինել մեր շախմատին, ի՞նչ է նա տալիս երիտասարդներին:

-Լեւոնը շատ դրական կողմեր ունի, իր աշխատասիրությամբ ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի մեծ մարզիկը, իր հետեւողականությամբ ու ֆիզիկական պատրաստակամությամբ նույնպես օրինակ է: Նա սկսեց իր ռեժիմը սովորեցնել նաեւ պատանի շախմատիստներին, դա նրանց շատ է պետք: Ինչպես Մագնուս Կարլսենը մեկ անգամ Կասպարովի հետ հավաքների եղավ ու հասկացավ, թե ինչ բան է շախմատ պարապելը: Լեւոնն օրինակելի է, նրա բացակայությամբ դրա պակասը շատ կզգանք: Երբ ամեն անգամ որեւէ փոքրիկ շախմատիստ տեսնում է կայացած մեծ գրոսմայստերի, նրա ուրախությանն ու ոգեւորությանը չափ չի լինում: Ռաֆայել Վահանյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը լեգենդներ են, որոնք մեծ ուժ են տալիս պատանիներին:

-Իսկ Արոնյանի հեռանալն ինչպիսի՞ հարված է մեր շախմատային հեղինակությանն աշխարհում:

-Ինձ շատ երկրներից են զանգահարում ու հարցնում՝ իրակա՞ն է այդ տեղափոխությունը: Իհարկե, չէինք ցանկանա, որ այդպես լինի: Բոլորը տեսել են Հայաստանն ինչպես է հաղթել Օլիմպիադաներում, ու Լեւոնը դրոշը մեծ ոգեւորվածությամբ է բարձրացրել: Առանց Լեւոնի Հայաստանի թիմն այնքան էլ վտանգավոր չի լինի: ԱՄՆ-ն առանց Լեւոնի էլ գերհզոր էր, նրա հետ էլ ավելի ուժեղ կլինի:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Նրանից հետո ո՞ւմ եք տեսնում որպես փոխարինող:

-Դժվար է ասել, որովհետեւ թռիչքները տարբեր ժամանակներում են լինում: Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի ու Մանուել Պետրոսյանի մոտ հնարավոր է մեծ առաջխաղացում լինի, բայց այսօրվա խաղով դեռ չեմ տեսնում դա: 10-11 տարեկանների շրջանում էլ շնորհալի երեխաներ ունենք, բայց հետո նրանց ճանապարհն ինչպիսին կլինի, ոչինչ չես կարող ասել: Մեծ գրոսմայստեր դառնալը երկար ճանապարհ է, տասնյակ տարիների մեծ ու քրտնաջան աշխատանք: Մարդու նյարդային, ֆիզիկական համակարգը, առողջությունը, դիմադրողականությունը, ամեն ինչը կարեւոր են:

Նոր իշխանության մոտեցումը

-Վերջերս մեզ հետ զրույցում ֆեդերացիայի վարչության անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ, վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանն ասել է, որ բազմաթիվ շախմատիստներ դեմ են եղել Ձեզ, բայց Սերժ Սարգսյանը շարունակել է Ձեզ վստահել ու մնացել եք ֆեդերացիայում: Ինչո՞վ էր պայմանավորված այդ դժգոհությունը:

-Շախմատի աշխարհում եղած մարդկանց ես իմ ընտանիքի անդամ եմ համարում: Մենք երկար տարիներ միասին կյանք ենք անցել՝ մրցակցել, պայքարել մի թիմում, հաց կիսել: Բայց ընտանիքը լինում է տարբեր, երեխաներն էլ տարբեր են՝ ծույլ, բարի, աշխատասեր: Ես այդ ընտանիքի հետ կապված չեմ ցանկանա որեւէ բան ասել, միայն կնշեմ, որ Հովիկ Խալիկյանի խոսքերը չեմ ուզում մեկնաբանել: Եթե նրա ասած գոնե մեկ նախադասությունն իրական լիներ, հաճույքով կխոսեի այդ մասին:

- Մի քանի շախմատիստների հետ զրույցից պարզ է դարձել, որ իշխանափոխությունից հետո երկրի ղեկավարությունն այնքան էլ բարեհաճ չի տրամադրված շախմատի նկատմամբ: Որքանո՞վ է վերաբերմունքը փոխվել նախորդ իշխանության համեմատ:

-Երբ երկրի նախագահը նաեւ ֆեդերացիան էր ղեկավարում, շախմատի նկատմամբ վերաբերմունքն ուրիշ էր: Հոգատարությունն ու ուշադրությունն այլ էին: Գիտակցության, ավելի խորն ընկալման, կարեւորության պակասն եմ հիմա զգում: Սակայն դրանք ընկալելու համար պետք է շախմատին շատ մոտ լինել, գնահատել ու ճիշտ մոտեցում ցուցաբերել: Աշխատում ենք ամենամինիմալ հնարավորություններով, բայց փորձում ենք մեծ եռանդ ներդնել, քանի որ գիտակցում ենք՝ շախմատով աշխարհին ներկայանալու մեծ հնարավորություն ունենք:

Լուսանկարը` Armenian chess federation


-Դուք նաեւ շախմատի ակադեմիայի տնօրենն ենք, հետաքրքիր է իմանալ ակադեմիայի ֆինանսական աջակցությունը որքանո՞վ է նվազել:

-Վերջին 2 տարիների ընթացքում կրճատումներ են եղել: Այս տարվա ընթացքում մարզերում 9 մասնաճյուղ ենք փակել՝ 52-ից դարձնելով 43-ը: Դա մեծ ցավ է, քանի որ ամեն մասնաճյուղ բացելը մեծ աշխատանք է, երեխաների համար էլ շատ ցավալի է: Մարզերում քիչ հետաքրքրություններ կան նրանց համար: Շախմատը շատ կարեւոր է նաեւ մտածող մարդ դաստիարակելու համար, իսկ մեր երկիրը պետք է ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվող ու մտածող հասարակություն ունենա: Շախմատը ռազմավարություն է, ու ամեն քաղաքացի ցանկալի է, որ տիրապետի այն:

Սերժ Սարգսյանի ներդրումը

-Անդրադառնանք նաեւ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին, ի՞նչ էր նա անում ոլորտի համար, ու ի՞նչ է փոխվել հիմա, երբ էլ երկրի նախագահը չէ:

-Սերժ Սարգսյանը դեռ 1994 թվականից, երբ շախմատի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, ամբողջ հոգսը վերցրել էր իր ուսերին: Հիմնականում խնդիրները միայն իր շնորհիվ էին լուծվում, իսկ 2004 թ. նա դարձավ ֆեդերացիայի նախագահ: 1999 թ. ֆեդերացիան մեր թիմերին չէր ուղարկում Բաթումիի Եվրոպայի առաջնություն, ինքս անձամբ եմ զանգել Սարգսյանին ու բացատրել խնդիրը, ընդամենը 5000 դոլար էր պետք: Նա մեզ օգնեց, ինքներս մեքենա ենք վարձել ու հասել Բաթումի: Տղամարդկանց թիմն իր պատմության մեջ առաջին ու միակ անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ հիմա ինչպե՞ս է օգնում:

-Նա բոլոր նրբությունները լավ գիտակցում է, գիտի շախմատիստներին, նրբազգաց է այդ առումով, փորձում է այնպես անել, որ բոլոր կարեւոր հարցերը քննարկվեն: Իր պարտականությունները մեծ հոգատարությամբ է կատարում:

-Իսկ Սարգսյանը բա՞ց է շախմատիստների համար, կարո՞ղ են ցանկության դեպքում հանդիպել նրա հետ:

-Այո, բաց է: Երբ նախագահ էր, ավելի դժվար էր հանդիպել, հիմա ավելի հեշտ է, նա պատրաստ է հանդիպել շախմատիստների հետ:

-Ե՞րբ է վերջին անգամ նման հանդիպում եղել:


-Անցած տարի մի երկու անգամ կորոնավիրուսի ընթացքում եղել է շախմատիստների հետ հանդիպում:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ինչպե՞ս եք տեսնում մեր շախմատի ապագան այս տարի ու առաջիկայում:

-Քանի որ ՖԻԴԵ-ն ինքն էլ է դժվարանում իրականացնել իր գործունեությունը, մենք ենք փորձում ներքին դաշտում ակտիվ լինել: Փորձում ենք որքան կարող ենք պահպանել մանկապատանեկան մրցաշարերի անցկացման հնարավորությունը: 2020-ին վիճակը շատ ավելի վատ էր: Հոգատարությունը լավ երեխաների նկատմամբ նույնպես փորձում ենք պահպանել, ուզում ենք մեր մարզիչների ու մրցավարների վերապատրաստումներ անել: Ուսուցիչների վերապատրաստումն էլ կարեւոր է, տարին մի քանի անգամ իրականացնում ենք:  

Փորձում ենք ներառական կրթությունում էլ մեծացնել շախմատի դերը: Շատ սոցիալական հետազոտություններ ենք անում կրթական ոլորտում: Շախմատային կոմպոզիցան եւս պահպանում ենք ու առաջնություններ անցկացնում:

-Եվ վերջում՝ հայկական շախմատում Ձեր ներդրման մասին ի՞նչ կասեք:

-Ես հաճույքով ծառայում եմ շախմատին եւ գիտակցում եմ, որ դա բարի գործ է, քանի որ շախմատը մեր հասարակության համար բարիք է:

Սմբատ Լպուտյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին