Ապրիլ 19, 2024
exclusive
32588 դիտում

Սիրվարդ Էմիրզյան. Սպորտն իմ կյանքն էր, եթե մի օր լողավազանում չլինեի՝ կմեռնեի

Սիրվարդ Էմիրզյանը
Սիրվարդ Էմիրզյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Մոսկվայի Օլիմպիական խաղերի ու Եվրոպայի արծաթե մեդալակիր, Բարի կամքի խաղերի, 1984-ի Բարեկամության խաղերի (այլընտրանքային մրցաշար Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի փոխարեն) հաղթող Սիրվարդ Էմիրզյանը 1989 թվականից բնակվում է ԱՄՆ-ում:

Այդ տարիների ընթացքում նա շատ քիչ է խոսել իր սպորտային կարիերայի ու հաջողությունների մասին: Mediamax Sport-ի համար Էմիրզյանը բացառություն է արել ու կիսվել իր յուրահատուկ պատմությամբ:

-Ինչպե՞ս ընտրեցիք ջրացատկն ու որոշեցիք Ձեր կյանքը կապել սպորտի հետ:

- Սպորտի ընտրության հարցում մեծ դեր է խաղացել ավագ քույրս: Էներգիայով լի ու չար երեխա էի, նա էլ մտածեց, որ սպորտի շնորհիվ կսպառեմ այն: Իմ այցելած մարզահամալիրում ակրոբատիկա էին սովորեցնում, իսկ ջրացատկի մասին շատ տեղեկություններ չունեինք: Ինձ ծանոթացրին տեղանքին ու 10 մ աշտարակը ցույց տվեցին: Երբ հարցրին՝ կարո՞ղ եմ արդյոք ցատկել այդ բարձրությունից, ամաչեցի բացասական պատասխանել: Դեռ երեխա էի ու շատ համարձակ, վախենալու մասին անգամ չէի մտածում: Ջրացատկը մեր երկրում նոր մարզաձեւ էր, ու որոշեցի զբաղվել դրանով:

Երբ նոր բաներ սովորեցի ու որոշակի հաջողությունների հասա, սկսեցի ինձ ավելի լավ զգալ սպորտում: Աստիճանաբար ներդրած ջանքերս ու աշխատանքս արդյունքներ տվեցին, ու ինձ այլեւս ջրացատկից դուրս չէի պատկերացնում:  

Լուսանկարը` անձնական արխիվից


-Ինչպե՞ս եղավ, որ Ձեզ պատանի տարիքում նկատեցին ու ընդգրկեցին ԽՍՀՄ-ի հավաքականում:

- 1977 թվականին Հայաստանում կայացավ Սովետական Միության ջրացատկի առաջնությունը, այդ ժամանակ 11 տարեկան էի, մեծահասակների առաջին մրցաշարին մասնակցեցի ու ամենաբարդ ծրագիրը կատարեցի: Կարծում եմ հենց դրա շնորհիվ էլ աչքի ընկա, թեեւ 5-րդ տեղն էի գրավել:Այնուհետեւ մասնակցեցի «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի կազմակերպած մրցաշարին ու պատանիների պայքարում առաջին տեղը գրավեցի: Իմ ու 2-րդ տեղը զբաղեցրած մարզուհու վաստակած միավորների տարբերությունը շատ մեծ էր: Անմիջապես աչքի ընկա ու ընդգրկվեցի մեծահասակների հավաքականում:

Ջրացատկը հեշտ մարզաձեւ չէ, պետք է նաեւ ակրոբատիկայով, վազքով, մարմնամարզությամբ, լողով, ծանրամարտով, բալետով, խորեոգրաֆիայով զբաղվել: Նույնիսկ մի քանի ամիս կարատեի խմբի հետ եմ պարապել: Հայաստանում ինձ լավագույն մասնագետներին էին տրամադրում, մինչեւ անգամ վարորդ ունեի:

Լուսանկարը` անձնական արխիվից


-Դուք երկար տարիներ մարզվել եք ԽՍՀՄ-ի ճանաչված մասնագետներից մեկի՝ Վասիլի Կուվշինկինի գլխավորությամբ: Ինչպիսի՞ մարզիչ էր նա:

-Իմ ծրագրի բարդության ու կարգապահության համար հենց մարզչիս եմ պարտական, նա շատ խիստ էր, պահանջներն էլ անչափ բարձր: Որպես մասնագետ Կուվշինկինը շատ բարձրակարգ էր, մեծ ուշադրություն էր դարձնում դետալներին: Նա ասես ծրագրավորում էր ինձ: Այն ժամանակ երեխա էի ու շատ բան չէի հասկանում, բայց տարիների խորքից հետ նայելով տեսնում եմ, որ ասես ռոբոտ լինեի, վատ առումով չեմ ասում: Նա մանրակրկիտ աշխատում էր ինձ հետ:

-Իսկ այդքան խստապահանջ լինելով՝ ե՞րբ էր գոհ մնում Ձեր կատարած աշխատանքից ու ո՞ր դեպքում էր գովում:

-Երբեք գոհ չէր լինում իմ արդյունքներից՝ անգամ 1980 թվականի Օլիմպիական խաղերում նվաճած արծաթե մեդալից հետո: Մասնակիցների մեջ ամենաերիտասարդն էի, չնայած դրան՝ բոլորն ինձնից միայն մեդալ էին պահանջում: Խնդիր էր դրված կամ մրցանակային տեղ զբաղեցնել, կամ ինձ երեւի աքսոր կուղարկեին: Վատ հանդես գալու տարբերակ չունեի: Արծաթե մեդալը մեծ հարված էր ինձ համար, մինչդեռ մարզիչը մոտեցավ ու ասաց՝ իր ճշգրիտ խոսքերը մեջբերեմ, որոնք միշտ հնչում են ականջներիս մեջ. «Չկարծես դու ես հաղթել, իմացիր, որ իրենք են պարտվել»: Հաղթանակներիս համար Կուվշինկինն ինձ երբեք չի գովել:

Լուսանկարը` Photolure


-Այդ փաստը ձեզ տխրեցնում ու հուսահատեցնո՞ւմ էր, թե՞ միշտ զգոն էինք լինում, իմանալով, որ դեռ աշխատելու շատ տեղ ունեք:

-Վերլուծություններն ու զգացողություններս հիմա ու առաջ տարբերվում են իրարից: Այն ժամանակ շատ բաներից էի վախենում, այդ թվում՝ մարզչից: Փորձեմ որքան հնարավոր է ճիշտ բացատրել իրավիճակը՝ չխառնելով ներկայիս ու այն ժամանակվա ապրումները:

Ես դեռ բավական փոքր էի ու ստիպված էի լինում տանից հաճախակի բացակայել: Մեծ ընտանիքից եմ՝ 5 երեխա ենք, իրար հետ շատ մտերիմ էինք, ու բնականաբար, բոլորին շատ էի կարոտում: Սարսափելի հոգնում էի հավաքների ընթացքում, ռուսերեն լավ չգիտեի, բացի այդ էլ միակ հայն էի թիմում: Հետո իհարկե միացավ նաեւ Դավիթ Համբարձումյանը, նա ասես շունչ առնելու իմ փոքր պատուհանն էր, շատ լավ հսկում էր ինձ, որ չնեղացնեն:

Հավաքականում կարծում էին, որ երեխա եմ ու կարող եմ թիմի ներսի խոսակցությունների մասին պատմել, նման ճնշումների պայմաններում շատ դժվար էր: Իսկ երբ մրցումների ժամանակ մեդալ էի նվաճում, խրախուսանքի ու ինձ գովելու կարիք էի զգում, փոխարենը՝ մարզիչս միշտ դժգոհ էր մնում:

Լուսանկարը` Photolure


-Այդ դեպքում ինչպե՞ս էիք կարողանում դիմանալ այդ ամենին:

-Ելույթս ավարտելուց անմիջապես հետո միայն մեկ բան էի ուզում՝ վերադառնալ տուն, այն ինձ համար ամենաապահով ու լավ տեղն էր, որտեղ բոլորը հպարտանում էին ինձնով: Մինչ օրս էլ հստակ հիշում եմ, թե ինչպես էի անմիջապես իրերս հավաքում ու տուն շտապում: Երբ աղջիկս այդ տարիքում էր, ինձ էի հիշում ու մտածում, որ խստությունը պետք է չափ ու սահման ունենար:

-Իսկ ամբողջ ԽՍՀՄ-ո՞ւմ էր ընդունված մարզիկների հետ նման աշխատելաոճը, թե՞ Ձեր դեպքը բացառությունների թվին կարելի է դասել:

-Շատ ռուսների հետ էի ընկերություն անում ու նախանձում էի, թե իրենց մարզիչների հետ որքան ընկերական հարաբերություններ ունեն, նրանք ինձ պես վախ չէին զգում: Շատերը հիմա ինձ ասում են, որ այդ վախն է օգնել նվաճումների հասնել: Ամբողջ աշխարհի մարզիկներն են հաջողություններ գրանցում, ու չեմ կարծում, որ վախն է այդ ամենի շարժիչ ուժը: Որպես մասնագետ Կուվշինկինն իսկապես ընտիր էր, բայց նրա աշխատելաոճի մեջ ինչ-որ բան սխալ էր: Անգամ այս տարիքում հոգուս մի անկյունում դեռ վախն ունեմ:

Լուսանկարը` անձնական արխիվից


-Հնարավո՞ր չէր այդ բռնությունից խուսափել, ընտանիքին կամ որեւէ մեկին պատմել: Իսկ Ձեր կապտուկներին տանն ինչպե՞ս էին արձագանքում:

-Տանը ոչինչ էլ չէի պատմում, իսկ կապտուկներս սովորական երեւույթ էին, քանի որ ես մարզուհի էի ու ջրի հետ գործ ունեի: Շատ մեծ կամքի ուժ ունեի, փոքր տարիքից ինձ ուժեղ մարդ եմ համարում, երբեք չեմ սիրել լաց լինել ու օգնություն խնդրել: Իմ մարզական կարգապահությանն ու ծնողներիցս ստացած դաստիարակության արդյունքում էի այդպիսին դարձել:

Շատ դժվարություններ եմ հաղթահարել: Հավաքների էինք մեկնում, ու բենզին չլինելու պատճառով օդանավն օրերով չէր կարողանում թռչել: Օդանավակայանում գետնին էինք քնում, հաց ուտելու գումար էլ չունեի: Հետո հոգնած ու տանջված հասնում էի մրցավայր: 12 տարեկանում միայնակ մնացել եմ «Վնուկովոյում», եթե կարողացել եմ այդ ամենը հաղթահարել, էլ ինչի՞ց բողոքեի:

-Չնայած բոլոր դժվարություններին ինչո՞ւ դուք միեւնույն է չհրաժարվեցիք ջրացատկից:

-Պետք է դիմանայի, որ հաջողությունների հասնեի, այլապես ընտանիքս կարող էր ինձ հանել ջրացատկից: Մինչդեռ ես այնքան ջանքեր էի ներդրել, չէի կարող հենց այնպես հրաժարվել սպորտից: Բացի այդ էլ միայն իմ մարզչի վարքը չէր այդպիսին, բոլորն էլ խիստ էին ու երեխաներին հաշվի չէին առնում: Տեսնում էի իմ մարզչի վարպետությունը, որը գերազանցում էր մյուսներին: Դա էր նաեւ պատճառը, որ շարունակում էի աշխատել նրա հետ, հասկանում էի, որ ինձ կօգնի առաջ գնալ:

Սպորտն իմ կյանքն էր, մտածում էի, եթե մի օր լողավազանում չլինեմ՝ կմեռնեմ: Դա միայն սեր չէր, իմ կենսակերպն էր դարձել: Բացի այդ էլ մի պահ է գալիս, երբ գիտակցում ես, որ դրանից բացի ուրիշ էլ ոչինչ չգիտես:

Լուսանկարը` անձնական արխիվից


-Իսկ վախենալո՞ւ չէ արդյոք այդ ամենը գիտակցել ու ե՞րբ ձեզ մոտ եղավ այդ պահը:

-Սկզբում միայն ուրախանում էի իմ հաջողություններով, բայց մի օր այդ ամենը վերջացավ, առավոտյան զարթնեցի ու չգիտեի ինչ անել: Արդեն համալսարանում էի սովորում, ԽՍՀՄ-ը բոյկոտեց 1984-ի խաղերը, բացի այդ էլ դժվար էր մարզչիս հետ համագործակցել: Խիստ լինելուց բացի Կուվշինկինը  նաեւ հարբեցող էր, նրա խոսելու տոնը, հայհոյանքներն ու ծեծն արդեն տանելի չէին: Երբ հիմա հին ընկերներիս հետ հանդիպում եմ, բոլորի առաջին խոսքը դա է լինում՝ հիշո՞ւմ ես: Ավելի լավ է մեկն ինձ հարցնի՝ մոռանո՞ւմ ես: Այս ամենի մասին երբեք չեմ բարձրաձայնել:

-Առաջին անգա՞մ եք պատմում:

-Ես առհասարակ հարցազրույցներ չեմ տալիս: Մի պահ կար, որ սպորտից հեռացա ու երկար ժամանակ չէի էլ ուզում վերադառնալ, երեւի հոգեբանորեն էր դժվար ինձ համար: Կյանքս այնպես դասավորվեց, որ ընտանիքով ԱՄՆ տեղափոխվեցինք ու այնտեղ ամեն ինչ նորից սկսեցի: Շատ եմ սիրել Երեւանը, ԱՄՆ չցանկանալով եմ եկել, բայց բաներ կան, որ ինձնից չէին կախված:

Լուսանկարը` անձնական արխիվից


-Իսկ ինչպե՞ս որոշեցիք հեռանալ Հայաստանից, հե՞շտ հարմարվեցիք ԱՄՆ-ում:

-Ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք ԱՄՆ, պետք էր դպրոց գնալ ու լեզուն սովորել: Իմ սպորտային կարգապահությունը շատ օգնեց, որ արագ ադապտացվեմ ու լեզվի հետ էլ դժվարություն չունենամ: Հետո էլ աշխատանքի տեղավորվեցի ու առհասարակ չնեղվեցի:

Հայաստանը կարոտելն ինձ հետ ամեն օր է ապրում: Երկար ժամանակ չէի եղել հայրենիքում, բայց վերջին շրջանում, գրեթե, ամեն 2 տարին մեկ այցելում եմ: Իմ Հայաստանից, իհարկե, բան չի մնացել, ամեն ինչ փոխվել է: Շատ լավ ընկերներ ունեմ, որոնց հետ ամեն այցելության ժամանակ հանդիպում ենք: Վերջին անգամ 2017-ին եմ եղել Երեւանում:

Սկզբում ԱՄՆ-ում բանկում էի աշխատում ու միեւնույն ժամանակ երեխաներին լող սովորեցնում: Բայց երբ ընտանիք կազմեցի, երեխաներիս դաստիարակությամբ էի զբաղվում: Հետո նորից վերադարձա աշխատանքին գրասենյակում ու հայկական կազմակերպությունում երեխաներին լող էի սովորեցնում, տղաս էլ այնտեղ ջրացատկ էր պարապում:

Լուսանկարը` անձնական արխիվից


-Փաստորեն, սպորտը միեւնույն է մնաց ձեր կյանքում:

-Շատ առաջարկություններ ունեի, որ համալսարաններում ջրացատկի ակումբներում աշխատեմ, բայց պետք է որոշում կայացնեի՝ կամ երեխաներիս կողքին լինել, կամ կարիերայով զբաղվել: Ինձ իմանալով, գիտեի, որ ամբողջությամբ եմ նվիրվելու սպորտին, ու ընտանիքիս շատ քիչ ժամանակ էր մնալու: Չցանկացա երեխաներիս թողնել ու հրաժարվեցի: Ինձ ավելի հարազատ էր մայրիկ լինելը, քան նետվել այդ աշխարհի մեջ, որն ամբողջությամբ կարող է կլանել:

Երեխաներիս իմ մասին ոչնչ չեմ պատմել, որ ստիպված չլինեն գործս շարունակել: Պատահաբար են իմացել, որ անվանի մարզուհի եմ եղել: Աղջիկս նեղացել էր, որ ուրիշից են լսել իմ պատմությունը, ու չէր խոսում հետս:

-Ջրացատկը ձեզ շատ բան է տվել, բայց նաեւ քիչ չի խլել: Ինչի՞ց է առաջին հերթին զրկել:

-Իմ մանկությունից, շատ արագ մեծացա ու չհասցրի ոչինչ վայելել, ինչպես նաեւ ընկերներից է զրկել: Անգամ վերջին զանգի ու ավարտական երեկոյի չեմ կարողացել գնալ: Մինչեւ ժամը 19:30 մարզում ունեի, թույլատրեցին 2 ժամով գնալ ու շուտ վերադառնալ, որ հաջորդ օրվա պարապմունքին պատրաստ լինեմ: Ավելի լավ էր չգնայի, այդպես էլ արեցի:

Լուսանկարը` անձնական արխիվից


-Ձեր ջանքերն ապարդյուն չէին: Իսկապես մեծ նվաճումների հասաք, որոնցից առանձնահատուկ նշելու կարիք կա Օլիմպիական արծաթե մեդալը:

- Օլիմպիական խաղերի 10 մ աշտարակացատկի մրցումների որակավորման փուլում 1-ին տեղը գրավեցի ու անցա եզրափակիչ: Բայց ցավալի է, որ մեկ ճակատագրական սխալով կորցրի ոսկե մեդալը: 5-րդ ցատկիս ժամանակ ցածր միավորներ ստացա ու առաջին տեղը չգրավեցի:

Ամեն ինչն այնքան շատ էր ինձ համար՝ ցնծությունը, էմոցիաները: Գերհուզիչ պահ էր ու շատ բան չէի գիտակցում, միայն արտասվում էի: Հիմա ավելի եմ գնահատում ու արժեւորում մեդալս: Ուրախ եմ, որ նման պատասխանատու մրցումներում ելույթ ունենալու հնարավորություն եմ ունեցել:

- ԽՍՀՄ-ի հավաքականում ընդգրկված էր նաեւ Դավիթ Համբարձումյանը: Ասացիք, որ նրա  ներկայությունը թիմում շատ կարեւոր էր Ձեզ համար: Ինչպիսի՞ն էր նա:

-Քույրս մինչեւ հիմա հիշում է, որ 10 մետրից ցատկեցի միայն այն պատճառով, որ այդ օրը մեզ հետ էր մարզվում նաեւ Դավիթ Համբարձումյանը: Դավիթով շատ էի ոգեւորվում, նրա հետ կապված առաջին հիշողությունս այն է, որ բերանս բաց ու ապշած իր մարզումներին էի հետեւում: Օլիմպիական խաղերից առաջ նույն մարզչի գլխավորությամբ ենք աշխատել, այդ ժամանակ էլ Դավիթն իր աչքով տեսավ Կուվշինկինի դաժանությունները:

Լուսանկարը` անձնական արխիվից


14-ամյակիս օրն Օլիմպիական խաղերի համար որակավորման մրցումներ անցկացվեցին, որոնցում ես առաջին տեղը չգրավեցի, բայց միեւնույն է թիմում ընդգրկված էի: Չեմ կարող պատմել թե մարզիչս ինչ թափեց գլխիս՝ ծեծ, ջարդ, հայհոյանքներ: Մյուս առավոտյան, երբ թիմը նախաճաշի հավաքվեց, անքուն ու ուռած աչքերով էի, որքան էլ Դավիթը հետաքրքրվեց, թե ինչ է պատահել, ոչինչ չպատմեցի: Իմ ուկրաինացի ընկերուհուց, որի հետ մի սենյակում էինք մնում, Դավիթն ամեն ինչ իմացել էր:

Նա ինձ դուրս կանչեց, մատը թափ տվեց ու ասաց, որ եթե մյուս անգամ խմի ու փորձի ինձ նեղացնել, անպայման իրեն տեղյակ պահեմ: Հետո իմացա, որ տղաները մարզչին ծեծել էին: Մինչ այդ էլ սաստել էր ռուս աղջիկներին, որոնք ինձ ճնշում էին: Ասես ավագ եղբայր լիներ, երբ Դավիթը լինում էր, ինձ ապահով էի զգում:

Շատ լավ ընկեր էր: Երբ սպորտկոմիտեի նախագահի օգնականն էր դարձել, հաճախ եմ եղել իր աշխատասենյակում, խորհուրդները լսել կամ պարզապես նստել նրա կողքին: Դավիթի մահվան օրը մոռանալ չեմ կարող, առաջին երեխայիս էի սպասում, երբ պատահական իմացա այդ տխուր լուրը: Շատ ծանր տարա, երկար տարիներ Հայաստանն ինձ համար դատարկ էր:

Լուսանկարը` անձնական արխիվից


-Իսկ ե՞րբ հասկացաք, որ այլեւս չեք կարող աշխատել Կուվշինկինի հետ ու հրաժարվեցիք նրանից:

-Մի անգամ, երբ ուզեց ոտքով խփել ինձ, բռնեցի նրան ու ընկավ, դրանից հետո արգելեց կարատեի գնալ: Արդեն մեծ էի, երկրպագուներս էլ՝ շատ, երբ գալիս էին տրիբունաներում ինձ նայելու, դրա համար հետո հայհոյանքներ էի լսում կամ ծեծ ուտում, բայց ես ինչ մեղավոր էի:

Վերջնականապես նրանից հրաժարվեցի 16 տարեկանում, արդեն շատ բան էի նկատում ու հասկանում: Եթե արտասահմանյան մրցումներում մասնակցության հրավեր միայն ինձ էին ուղարկում, թույլ չէր տալիս մասնակցել, պատճառաբանում էր, որ հիվանդ եմ կամ վնասվածք ունեմ:

1983-ին Կուվշինկինը սկսեց ըմբոստանալ ու չխոսել հետս, այդպիսի բնավորություն ուներ: Ինքնուրույն էի մարզվում, նա միայն հետեւում էր ինձ, բայց խորհուրդներ չէր տալիս: Սեփական ուժերով մարզվելուց հետո հաղթեցի մրցաշարում ու դա ինձ համար իսկական բացահայտում դարձավ, փաստորեն կարող էի ըմբոստանալ ու այդ ամենը չհանդուրժել:

Լուսանկարը` անձնական արխիվից


-Արդեն երկար տարիներ է, որ ավարտել եք ձեր սպորտային կարիերան: Եթե ամփոփելու լինենք սպորտում անցկացրած տարիները, ո՞ր պահը կհամարեք ձեզ համար որոշիչ:

-5-րդ դասարանում էի սովորում, երբ մարզիչս ցանկություն հայտնեց ինձ Կիեւ տեղափոխել, քանի որ այնտեղ մարզվելու պայմանները շատ ավելի լավն էին: Հիշում եմ անքուն ու լացակումած գիշերները, որ ստիպված եմ լինելու թողնել ընտանիքս ու օտարների հետ ապրել: Բայց հայրս այդ առաջարկությունից հրաժարվեց, քանի որ ազգանվանս -յանից պետք է հրաժարվեի ու -ովա դառնայի: Նա շատ հայրենասեր էր ու նման բան հանդուրժել չէր կարող: Ասաց, որ ավելի լավ է ոսկե մեդալակիր չդառնամ, բայց փոխարենը հայ մնամ: Ուրախությանս չափ չկար: Իսկ երբ մեծացա, ավելի հասկացա ու գնահատեցի հայրիկիս կայացրած որոշումը:

-Իսկ կա՞ որեւէ բան, որ ափսոսում եք չանելու համար:

-Տեխասում Աշխարհի գավաթի խաղարկությունում 10 մ մրցումներին պետք է մասնակցեի: ԽՍՀՄ-ի հավաքականում ռուս մարզուհի կար, որը 3 մետրում ոսկե մեդալ նվաճել չկարողացավ, ու իմ փոխարեն նրան հայտավորեցին: Ասացին, որ հիվանդացել եմ, 12 տարեկան էի ու ոչինչ անել չկարողացա: Ափսոսում եմ, որ Գավաթի խաղարկություններում այդպես էլ մեդալ չունեցա:

Սիրվարդ Էմիրզյանի հետ խոսել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին