exclusive
11851 դիտում

Գաբրիել Ղազարյան. Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ առկա վեճերը պետք է լուծել օրենքով

Գաբրիել Ղազարյան
Գաբրիել Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայկական բռնցքամարտի աշխարհը շուրջ 3 ամիս է երկու ճամբարի է բաժանվել, վիճաբանություններն ու միմյանց հասցեին հնչած մեղադարանքները ոչ մի կերպ չեն հանդարտվում: Պատճառն օգոստոսին կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն է: Մի խումբ մարզիչներ ու մարզիկներ կարծում են, որ այն խախտումներով է անցել, իսկ ֆեդերացիայի նախագահի կողմնակիցները հակադարձում են ու ներկայացնում իրենց ապացույցները:


Mediamax Sport-ը փորձել է այս խնդրահարույց հարցի վերաբերյալ լսել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի կարծիքը:

 

- Պարոն Ղազարյան, ինչո՞ւ բռնցքամարտում ամեն ինչ հասավ այս իրավիճակին, ո՞վ թերացավ ու ինչի՞ց սկսվեց կոնֆլիկտը:


-Կոնֆլիկտն առաջացել է երկու կողմերի միջեւ: Կա գործող ֆեդերացիա եւ բռնցքամարտիկների խումբ, որի կազմում վաստակավոր մարզիչներ ու մարզիկներ են: Վերջինս պահանջում է ֆեդերացիայի նախագահի արդար ընտրություն, իսկ մյուս կողմը դա չի ընդունում: Մենք պարտավոր ենք լսել բոլորին: Նախարարության միակ ցանկությունը բռնցքամարտում համերաշխություն հաստատելն է: Այս վիճակը վնասում է բոլորին, եկեք չմոռանանք, որ շուտով նախաօլիմպիական տարի է:

Լուսանկարը` Մեդիամաքս

 

-Ի՞նչն է ենթադրել տալիս, որ ընտրությունը խախտումներով է անցել:


-Բողոքող կողմն ասում է, որ իրենք որպես ֆեդերացիայի անդամներ չեն տեղեկացվել ու չեն կարողացել մասնակցել ընտրությանը: Երկրորդը, որ ընտրությունը կայացել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի կանոնակարգին ոչ համապատասխան: Ըստ կանոնակարգի`ընտրությունը պետք է փակ լինի, իսկ իրենք բաց են անցկացրել: 

 

- Ինչո՞ւ օգոստոսի 2-ի ընտրություններին նախարարությունից ու ՀԱՕԿ-ից ներկայացուցիչներ չկային, երբ պարտավոր էին լինել ու հենց տեղում բարձրաձայնեին այդ խախտումները:


-Նախարության մասով միայն կարող եմ պատասխանել: Այդ օրը պետք է ներկա լիներ Լյովա Վարդանյանը, սակայն, ցավոք, նա առողջական խնդիրներ էր ունեցել, տեղափոխել էին հիվանդանոց ու սրտի շունտավորման ենթարկել: Ընդունում եմ, որ սա մեր թերացումն է, սակայն հարցին արագ լուծում տալ չենք կարողացել: 

 

- Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն ԱԻԲԱ-ից գրություն է ներկայացրել, որում կառույցն ընդունել է քվեարկության արդյունքները:


- Մենք ղեկավարվում ենք ՀՀ Հասարակական կազմակերպությունների օրենքով: Պարտավոր ենք դա հաշվի առնել: Պետք է գերակայի մեր օրենքը:

Գաբրիել Ղազարյան Գաբրիել Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

-Ավելի վաղ Դուք էլ, ՀԱՕԿ-ի քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ ասել եք, որ ԱԻԲԱ-ն ստուգումներ է իրականացնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում: Բայց ոչ մի արդյունք չեք ներկայացրել:


-Նոյեմբերին ԱԻԲԱ-ի համաժողովն է, կառույցում հիմա դրան են պատրաստվում: Բայց մեզ պատասխանել են, որ պարտավոր են միջամտել այս ամենին: Մեր հերթին պատրաստակամ ենք ընդունել ԱԻԲԱ-ի մասնագետներին: 

 

-Երկու օր առաջ հրավիրել էիք երկու կողմերի ներկայացուցիչներին: Ի՞նչ արդյունք է տվել հանդիպումը:


-Առանձին-առանձին եմ հանդիպել նրանց: Հանդիպման հստակ ժամ չեմ ասել, առաջարկել է պարոն Գեւորգյանը: Նա ցանկացել է հանդիպել 17:00-ին,  այդ ընթացքում չեմ կարողացել կապ հաստատել մյուս կողմի հետ, դրա համար էլ հանդիպումը եռակողմ չի եղել: Ավելի ուշ Գեւորգյանը նշել է, որ ես չեմ ցանկացել զրուցել լրագրողի ներկայությամբ: Նման բան չի եղել, նա ներկայացել է լրագրողի հետ, սակայն հետո ինքն է ցանկացել մենակ զրուցել ինձ հետ:

 

Իրեն տեղյակ պահեցի, որ հայտարարություն եմ անելու ու արտահերթ ընտրության առաջարկ ներկայացնելու: Գեւորգյանը ոչ կողմ է արտահայտվել, ոչ էլ դեմ, միայն նշել է, որ օգոստոսի 2-ի ընտրություններից հետո ասել է, որ չհամաձայնող կողմը կարող է դատարան դիմել եւ օրենքի կարգով լուծել հարցը:

Լուսանկարը` Մեդիամաքս

 

-ՀԲՖ-ի նախագահը պնդում է, որ մյուս կողմին հովանավորում են նախարարությունն ու ՀԱՕԿ-ը, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանը:


-Դա իր սուբյեկտիվ կարծիքն է ու չի համապատասխանում այն իրականությանը, որը կա: Մենք պետական գերատեսչություն ենք, որն աշխատում է օրենքի եւ իր լիազորությունների շրջանակներում: 

 

-Այսինքն այս ամենի հետ որեւէ կապ չունե՞ք:


- Նախարարության անունից վստահ պատասխանում եմ՝ ոչ, բացարձակ կապ չունենք:

 

-Նախարարության միջամտությունը տեսնում են նաեւ այն փաստից, որ նախարարի խորհրդական Արման Հարությունյանը դժգոհող կողմի ստեղծած ազգային ֆեդերացիայի փոխնախագահն է:


-Նախարարի խորհրդականն աշխատանքից դուրս իրավունք ունի հասարակական գործունեություն ծավալելու, դա իր անձնական խնդիրն է: Ես չեմ բռնանա իր իրավունքին, որպես խորհրդական նա իր աշխատանքը շատ լավ կատարում է: Պետք չէ այս ամենը կապել մեզ հետ: 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

-Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն, որ Գեւորգյանը փաստաթուղթ էր հրապարակել, որտեղ մի խումբ մարզիչներ իր դեմ ստորագրություն էին հավաքել: Նշվում էր, որ դա հենց նախարարության նախաձեռնությունն է:


-Նա մեզ էլ էր ուղարկել այդ թուղթը: Դա պարզապես զավեշտալի է: Չի կարելի այդպիսի հայտարարություն անել: Եթե այդքան վստահ են, որ նախարարությունն է այդ ամենի հեղինակը, ապա կարող են դատի տալ:

 

-Ասում են, որ սա ՀԱՕԿ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու քայլեր են: Կմեկնաբանե՞ք սա:


-Ոչ: Այս հարցի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեմ անի:

Գաբրիել Ղազարյան Գաբրիել Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

-Պարոն Ղազարյան, Դուք ինչպե՞ս եք տեսնում այս ամենի հանգուցալուծումը:


- Շատ ցավով եմ տանում այս ամենը, որովհետեւ ցանկացած անհաշտություն վնասում է մարզաձեւին: Այստեղ միանշանակ կաշխատի իրավական դաշտը, պետք է նայենք օրենքը, իրավունքները: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է ամեն ինչ լուծի օրենքի սահմաններում: 

 

-Ի՞նչ դերակատարություն է ունենալու նախարարությունն այս ամենում:


-Նախարարությունը հաշտեցնելու եւ իրավական դաշտում այս հարցերը լուծելու կողնակիցն է միայն: Բոլոր կողմերը պարտավոր են այս փաղուկուց դուրս գալու արագ միջոցներ գտնել:

 

Գաբրիել Ղազարյանի հետ զրուցել են Գոհար Նալբանդյանն ու Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին