exclusive
4495 դիտում

Ֆլեմինգ Սերիցլեւ. Հնարավոր է, որ Հայաստանի ընտրանին սկսի կրկին արդյունավետ գործել

Ֆլեմինգ Սերիցլեւը
Ֆլեմինգ Սերիցլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը Երեւանում է:

Mediamax Sport-ը հանդիպել է նրա հետ ու զրուցել հայկական ֆուտբոլի, նրա հիմնական խնդիրների ու հավաքականի ներուժի մասին:

- Պարոն Սերիցլեւ, ի՞նչը Ձեզ կրկին բերեց Երեւան:

-Ես 2009-ին առաջին անգամ եկա Հայաստան ու այն դարձավ իմ երկրորդ հայրենիքը: Շատ եմ սիրում այս երկիրը, հատկապես՝ Երեւանը, որտեղ շատ ընկերներ ունեմ: Երեւանում միշտ հրաշալի մթնոլորտ է: Երբ այստեղ էի ապրում, ամեն երեկո գնում էի Հանրապետության Հրապարակ: Ես աշխարհով մեկ ճամփորդել եմ ու հստակ կարող եմ ասել, որ այն ամենագեղեցիկ հրապարակն է աշխարհում:

Ֆլեմինգ Սերիցլեւը Ֆլեմինգ Սերիցլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Դուք աշխատել եք մեր երիտասարդական հավաքականի հետ, որը վատ արդյունք չէր ցույց տալիս: Ի՞նչ էիք պահանջում տղաներից, որ նրանք հաղթանակ էին տանում:

-Երբ եկա այստեղ, նկատեցի, որ ֆուտբոլիստներն, իսկապես, վախենում են սխալներ անելուց: Եթե մարդ չի համարձակվում սխալներ անել, ապա երբեք չի կարողանա դրանք ուղղել ու զարգանալ: Ես նրանց բոլորին ազատություն տվեցի, սովորեցրի, որ իրենց գործած սխալներից օգուտ քաղեն, շտկեն դրանք:

Երիտասարդ ֆուտբոլիստների հետ գոռգոռալով ու անընդհատ բարկանալով ոչնչի չես հասնի, պետք է անկեղծ լինես նրանց հետ ու հասկանաս, թե ինչ է պետք ճիշտ աշխատելու համար:

Ես նրանց հետ աշխատելիս դժվարությունների չեմ հանդիպել: Ֆուտբոլիստները շատ լավն էին ու միանգամից ընկալում էին ասածս, ես ոչ մի խնդիր չեմ ունեցել:

-Նրանցից շատերը՝ Մխիթարյան, Ղազարյան, Մկրտչյան, ազգային թիմի կազմում են: Սակայն այդ սերունդը չկարողացավ ավելի առաջ շարժվել ազգային հավաքականում: Ո՞րն է պատճառը:

-Մենք բոլորս տարբեր ենք ու մի մակարդակի վրա լինել չենք կարող: Որոշները շատ են աճում, մյուսների մոտ չի ստացվում: Ֆուտբոլիստների մոտ պետք է մտածողությունը փոխվի: Երբ ես լքեցի Հայաստանը, երիտասարդական հավաքականից շատ ֆուտբոլիստներ միացան ազգային թիմին ու Եվրոպայի առաջնության որակավորման փուլում լավ հանդիպումներ անցկացրին: Հիշում եմ Իռլանդիայի դեմ խաղը, երբ Հայաստանն առաջին անգամ կարող էր որակավորման փուլը հաղթահարել:

Միգուցե, որոշ ֆուտբոլիստներ դադարեցին հավատալ իրենց ուժերին: Ես հենց դա եմ ասում. դուք պետք է հավատաք ինքներդ ձեզ, իսկ դա գալիս է, երբ սկսում եք հաղթել: Իմ գլխավորած տարիներին մինչեւ 21 տարեկանների թիմը չորս խաղում պարտություն կրեց, բայց հետո, հատկապես Թուրքիային հաղթելուց հետո, տղաները հավատացին, որ կարելի է գերազանցել ուժեղ հավաքականների: Հաջողությունը գալիս է սեփական ուժերին հավատալուց ու անընդհատ աճելուց հետո:
Ֆլեմինգ Սերիցլեւը Ֆլեմինգ Սերիցլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Պարոն Սերիցլեւ, հիմա հետեւո՞ւմ եք ազգային հավաքականի խաղերին:
 
-Իհարկե, ինձ միշտ էլ հետաքրքիր է, թե ինչպես է խաղում Հայաստանի հավաքականը: Եթե վերջին երկու խաղը նայենք, ապա Հայաստանը Լիխտենշտեյնի դեմ կարող էր շատ գոլեր հեղինակել, բայց պարզապես բախտը չբերեց: Մակեդոնիայի դեմ 11-մետրանոց հարվածն, իմ կարծիքով, սխալ նշանակվեց, ինչն էլ ազդեց խաղի վրա:

-Ազգերի Լիգայում ի՞նչ հնարավորություններ ունի մեր թիմը:

-Իմ կարծիքով, Հայաստանը լավ շանսեր ունի: Իսկապես, հավատում եմ, որ Հայաստանը դեռ կարող է հաղթել ու դուրս գալ խմբից: Պետք է տանը հաղթել Ջիբրալթարին ու Մակեդոնիային, ապա երկու արտագնա խաղում՝ Լիխտենշտեյնին ու Ջիբրալթարին: Ընդհանրապես, անհնարին ոչինչ չկա: 


-Վարդան Մինասյանի հրաժարականից հետո հավաքականը որոշ ժամանակ գլխավոր մարզիչ չուներ: Ֆեդերացիայից Ձեզ չե՞ն առաջարկել գլխավորել թիմը:
 

-Ոչ, ֆեդերացիայից որպես գլխավոր մարզչի թեկնածու ոչ մի առաջարկ չեմ ստացել: Իհարկե, ես ճանաչում եմ տղաներից շատերին, գիտեմ, ինչպես պետք է աշխատել նրանց հետ, բայց Վարդան Մինասյանը հրաշալի աշխատանք է կատարել ազգային հավաքականում, հիմա Արմեն Գյուլբուդաղյանցն է գլխավորում թիմը: Լավ եմ ճանաչում նրան, շատ նվիրված մարզիչ է, գիտի բոլոր ֆուտբոլիստներին ու կարող է լավ աշխատել:  
Ֆլեմինգ Սերիցլեւը Ֆլեմինգ Սերիցլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ընդհանրապես, ըստ Ձեզ, ինչպիսի՞ խնդիրներ ունի հայկական ֆուտբոլը, որոնց պատճառով այն չի զարգանում:

-Առաջին խնդիրը հայկական ֆուտբոլում այն է, որ առաջնությունում վեց թիմ էր մասնակցում, հիմա արդեն դրանց թիվը հասել է 9-ի, սա մի փոքր ավելի լավ է: Բայց կարծում եմ, ինչ-որ բան պետք է փոխել հայկական ֆուտբոլում:

Նախ, պետք է շատ աշխատել ֆիզիկականի վրա: Իհարկե, ֆուտբոլիստին պետք է տակտիկապես ու տեխնիկապես զարգացնել, բայց անչափ կարեւոր է ֆիզիկապես շատ ուժեղ լինելը: Ֆուտբոլը կոնտակտային մարզաձեւ է, հայ ֆուտբոլիստները պետք է պատրաստ լինեն խաղադաշտում մրցակցի հետ ուժային պայքարի մեջ մտնել: Բայց մենք տեսնում ենք, որ մի փոքր հարվածից հետո նրանք հայտնվում են խոտածածկին ու սպասում մրցավարի սուլիչին: 

Բացի այդ, Հայաստանում ֆուտբոլիստները դանդաղ են գործում: Չեք կարող զարգանալ, եթե չլինեք շատ ուժեղ, որպեսզի հասնեք եվրոպական ֆուտբոլի մակարդակին:

-Դրան հասնելու համար պետք է բոլո՞րն աշխատեն:
 
-Անշուշտ, մարզիչները, մրցավարները, մարզիկները: Պետք է նոր մակարդակի վրա բարձրանան, փոխեն նաեւ ֆուտբոլային մտածողությունը: Տղաները պետք է շատ աշխատեն՝ արագանան, ուժեղանան ու պայքարեն:
Ֆլեմինգ Սերիցլեւը Ֆլեմինգ Սերիցլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Պարոն Սերիցլեւ, իսկ հայ մարզիչների մասին ի՞նչ կասեք:
 
-Դուք լավ մարզիչներ ունեք, ինչը կարեւոր է: Նրանցից շատերը շատ լավ կրթված են, սակայն պետք է մտածողության մեջ ինչ-որ բաներ փոխել: Նրանք մեծացել են մի միջավայրում, որտեղ փոքր տարիքից արել են այն, ինչ ասել են: Առաջընթաց ունեցել են թե ոչ, բայց այդպես են վարվել: Նրանք էլ բոլորի պես սխալվել են, բայց առանց դրա հնարավոր չէ առաջընթաց արձանագրել: Իրականում, մարզիչների մտածողությունը փոխելը շատ դժվար է: Դրան հնարավոր է հասնել տարիների ընթացքում, անհրաժեշտ է աշխատել 12, 14 տարեկան երեխաների հետ: Ես ծանոթ եմ այդ ամենին, ինքս էլ երկար տարիներ աշխատել եմ փոքրերի հետ, դա ամենախելամիտ ուղին է:

-Դժվա՞ր է Հայաստանում մարզիչ լինել:

-Երկրպագուները միշտ ցանկանում են հաղթանակներ տեսնել, այդ պատճառով էլ դժգոհում են անցանկալի արդյունքի դեպքում: Ծանր է տեսնել, երբ քո սիրելի թիմը շարունակ պարտություններ է կրում: Ամբողջ աշխարհում է այդպես, միշտ էլ անհաջողությունների դեպքում քննադատություններ են լինում, միայն այստեղ չէ, որ մարզիչներն ուշադրության կենտրոնում են:

-Ասացիք, որ հայկական ֆուտբոլում խնդիրները շատ են, բայց արդյոք համարո՞ւմ եք, որ երիտասարդ սերունդը լավն է:

- Ես հիմնականում հետեւում եմ ազգային հավաքականի ելույթներին, բայց լավ ծանոթ չեմ Մ-17, Մ-19 ու այլ տարիքային թիմերին: Չեմ կարող ասել, ինչ կադրեր կան:
Ֆլեմինգ Սերիցլեւը Ֆլեմինգ Սերիցլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ի՞նչ կմաղթեք կամ խորհուրդ կտաք հայ ֆուտբոլիստներին:

-Հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը խաղում է արտասահմանում: Եթե տղաներն իրենց հետ թիմ բերեն արտերկրում խաղալու ցանկության կեսը, վստահությունն ավելի շատ կլինի: Դուք Գեւորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան ունեք, Յուրա Մովսիսյան, որը կրկին վերադարձել է: Հնարավոր է թիմը կրկին սկսի արդյունավետ գործել: Գուցե, Հայաստանին պակասում էր Մովսիսյանի պես ֆիզիկապես ուժեղ ու արագաշարժ հարձակվողը: Բայց մյուս կողմից էլ նա արդեն 31 տարեկան է, հետագայում տարիքը կարող է խնդիր լինել հավաքականի համար: Մխիթարյանը 29 է, գուցե, հիմա դա այնքան էլ մեծ տարիք չէ, բայց եթե ցանկանում եք որակավորումն անցել, մի քանի տարի անց նաեւ երիտասարդ խաղացողների կարիք կլինի: Ավելի երիտասարդ փոխարինողներ են պետք հավաքականին: Անհրաժեշտություն կա նրանց աճեցնել ու պատրաստել ազգային թիմի համար:

-Հաճախակի՞ եք շփվում ձեր նախկին սաների՝ Մխիթարյանի, Ղազարյանի ու մյուսների հետ:

-Մոտ մեկ ամիս առաջ այստեղ էի ու «Փյունիկի» խաղի ժամանակ Հենոյի հետ եմ հանդիպել: Լավ զրույց ունեցանք, իսկապես, հպարտանում եմ նրանով, Մխիթարյանն ընդհանրապես չի փոխվել: Նրա ուժեղ կողմերից մեկն այն է, որ հիանալի տղա է:

-Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը Ազգերի Լիգայի մասին, շատ մարզիչներ դժգոհում են դրանից:

-Գիտեմ, որ ոմանք բողոքում են, քանի որ ցանկանում են ֆուտբոլիստներին պահել ակումբներում: Բայց նույնիսկ եթե այս մրցաշարը չլիներ, կկայանային ընկերական հանդիպումներ: Իմ կարծիքով, ավելի լավ է Ազգերի Լիգայում խաղան ֆուտբոլիստներն ու ուժեղ մրցակիցների հանդիպեն, քանի որ միայն այդ դեպքում է  հնարավոր ավելի լավը դառնալ:
Ֆլեմինգ Սերիցլեւը Ֆլեմինգ Սերիցլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Հայաստանի հավաքականի առաջիկա խաղին ներկա՞ եք լինելու:

-Այո, ստադիոնում եմ լինելու: Ջիբրալթարի մասին շատ բան չեմ կարող ասել: Շատ կարեւոր է լինելու Մակեդոնիայի հետ հանդիպումը, բայց 100 տոկոսով վստահ եմ, որ կարող եք հաղթել: Դեռ ուշ չէ խմբում առաջատար դառնալ, վստահ եմ՝ Հայաստանի հավաքականն ունակ է 1-ին տեղը զբաղեցնել:

-Առաջին խաղերի ո՞ր սխալներն է պետք անցյալում թողնել ու տրամադրվել նոր դիմակայություններին:

-Որոշ մարզիչներ չափազանց շատ են արժեւորում խաղերը, իմ կարծիքով ավելի կարեւոր է նույնիսկ պարտությունների դեպքում դրական բաներ տեսնել: Պետք է որոշակի տեխնիկական փոփոխություններ կատարել: Չի կարելի ֆուտբոլիստներին ծանրաբեռնել բացասական բաներով, միայն նշել այն սխալները, որոնք թույլ են տվել, պետք է խրախուսել ու ոգեւորել: Հարկավոր է դրականի վրա կենտրոնանալ, այդպես է անհրաժեշտ վարվել նաեւ առաջիկա խաղերից առաջ: Հայաստանն, իսկապես, լավ շանսեր ունի այս հանդիպումներում:
Ֆլեմինգ Սերիցլեւը Ֆլեմինգ Սերիցլեւը

Լուսանկարը` Մեդիամաքս


-Պարոն Սերիցլեւ, ի՞նչ է պետք անել այդ շանսերն արդյունքի վերածելու համար:

-Այդ շանսերի մասին հենց այնպես չեմ նշում, դրա համար հիմքեր կան: Միշտ էլ պետք է համառորեն աշխատել, կարեւոր չէ, թե ով է մրցակիցը: Հավատում եմ, որ Հայաստանն ուժեղ կլինի Ջիբրալթարից, իհարկե, հեշտ չի լինելու, բայց բոլորը գիտեն, որ այս հանդիպման ֆավորիտը ձեր թիմն է: Շատ կարեւոր է հավատը սեփական ուժերի նկատմամբ:

-Շնորհակալություն Ձեր դրական տրամադրվածության համար, հուսանք, դա կօգնի մեր ընտրանուն:

- Առհասարակ կյանքում դրական մտածելը շատ է օգնում, ամեն ինչ շատ ավելի հեշտ է դառնում, երբ մենք այդպես ենք տրամադրվում: Նույնն էլ ֆուտբոլում պետք է լինի: Որքան հաղթանակները շատ լինեն, ինքնավստահությունը կմեծանա: Շատ կարեւոր է նաեւ երկրպագուների աջակցությունը, գիտեմ, որ նրանք երկար տարիներ լավ արդյունքի են սպասում: Բայց պետք է ընդունել, որ Հայաստանի առաջնությունն այդքան էլ ուժեղ չէ ու դժվար է պայքարել ավելի ուժեղ մրցակիցների դեմ:

-Եվ վերջում խոսենք Ձեր աշխատանքի մասին, ինչո՞վ եք հիմա զբաղվում:

- Վերջին ընտրանին, որի հետ աշխատել եմ, եղել է Պապուա Նոր Գվինեան: Պայմանագիրս այդ հավաքականի հետ արդեն ավարտվել է, բայց ես այնտեղ հիանալի աշխատանք եմ կատարել ու արդյունքի հասել: Հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում լավագույն արդյունքն է ցույց տվել՝ առաջադիմելով 53 տեղով: Երկրի համար կարեւոր առաջընթաց էր: Հիմա աշխատում եմ ՈւԵՖԱ-ում:

Ֆլեմինգ Սերիցլեւի հետ զրուցել են Գոհար Նալբանդյանն ու Հասմիկ Բաբայանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am