exclusive
25961 դիտում

Արամ Ավագյան. Մենամարտերիս օրերին բաց եմ թողնում իմ մեջ եղած գազանին

Լուսանկարը` Andres Soriano-ի


Հայ բռնցքամարտիկները մեծ քայլերով առաջ են շարժվում պրոֆեսիոնալ ռինգում: Արամ Ավագյանը 1,5 տարվա ընթացքում արդեն 8 մենամարտ է անցկացրել ու նվաճել WBC International Silver գոտին:

Mediamax Sport-ին տված հարցազրույցում նա խոսել է իր ոչ հեշտ ուղու, մարտիկի բնավորության, աստղային հիվանդությունը հաղթահարելու, Հայաստանում մենամարտ անցկացնելու ու Աշխարհի չեմպիոն դառնալու նպատակի մասին:

-Պրոֆեսիոնալ ռինգում 8 մենամարտ ես անցկացրել ու արդեն տիրացել ես WBC International Silver գոտուն: Ինչպե՞ս տրվեց քեզ այդ նվաճումը:

-Մենամարտից 1,5 ամիս առաջ էի սկսել պատրաստվել, արել էի առավելագույնը, որ ոչնչում չթերանամ: Մարզչիս`Դավիթ Թորոսյանի, հետ որոշել էինք, որ սկսզբի ռաունդների ընթացքում պետք է հեռու մնալ մրցակցից ու ստիպել օդի մեջ հարվածներ կատարել, ինչի հաշվին նա կհոգներ ու կնյարդայնար, ես էլ կբացահայտեի նրան: Այդպես էլ եղավ, 7 ռաունդ շարունակ հեռու մնացի մեքսիկացի Էմանուել Լոպեսից, իսկ վերջին 3-ում իր իսկ տարածության մեջ կոտրեցի նրան, ու ի նշան հաղթանակի իմ ձեռքը բարձրացավ: Այդ հաղթանակը եւս մեկ քայլ էր դեպի իմ երազանքը՝ Աշխարհի չեմպիոնական գոտին:

Լուսանկարը` Andres Soriano-ի


-Տարբերություն կա՞ր մնացած մենամարտերիդ ու այս մեկի մեջ, երբ արդեն գոտի կար դրված կշեռքի նժարին:

-Միշտ  էլ մենամարտերիս նույն կերպ եմ տրամադրվում ու մարզվում դրանցից առաջ: Ուղղակի այս անգամ մարտավարությունս էր փոխվել, ու քանի որ գոտու համար էր պայքարն ընթանալու, անհանգստությունն էր ավելի շատ: Մարզումների ժամանակ շատ հաճախ նյարդայնանում էի, կարծում էի, որ ինչ որ բան չի ստացվում: Մարզիչն, իհարկե, գիտեր, որ ամեն ինչ նորմալ է, սակայն ինձ այդ մասին չէր ասում: Նախապատրաստական փուլում կարող ես սխալներդ ուղղել, բայց ռինգում ցանկացածը կարող է ճակատագրական լինել: Այն պահին, երբ բռնցքամարտիկը նյարդայնանում է ու էմոցիաները ցույց տալիս, նրան դժվար չէ հաղթել:

-Իսկ ինչպե՞ս ես դրա դեմ պայքարում, որ ռինգում դու էլ խոցելի չդառնաս:

-Սիրողական ռինգում ես էլ հույզերս ցույց էի տալիս, սակայն մարզիչս առաջին հերթին մեծ հոգեբան է ու օգնել է այդ ամենը անցյալում թողնել: Ամեն ռաունդից հետո նա ինձ ասում է. «Հը, ապե ո՞նց ես», դա ինձ համար չեք պատկերացնի ինչ է նշանակում: Ամենալավ բանն է, երբ քո անկյունում հանգիստ է, ու դա նաեւ քեզ է փոխանցվում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ով կարողացավ իր էմոցիաներին տիրապետել, նա էլ ռինգում թելադրողը կլինի: Հակառակորդները գնալով բարդանում ու ավելի ուժեղ են դառնում, բայց հաղթելու համար քո կանոնները պետք է թելադրես:

Լուսանկարը` Andres Soriano-ի


-Ի տարբերություն սիրողական բնռցքամարտի, երբ չգիտես ինչ մրցակից բաժին կընկնի քեզ, պրոֆեսիոնալում հստակ իմանում ես մրցակցիդ ու նրա մարտավարությունը: Որքանո՞վ է դա օգնում:

-Հաճախ է լինում, որ կշեռքին կանգնելու ժամանակ ես իմանում, որ մրցակիցը վնասվածք ունի ու չեք կարող հանդիպել: Ամեն ինչ այլ ընթացք է ստանում, ու քո մշակած պլանն էլ չի աշխատում: Լավագույն բռնցքամարտիկների պարագայում ամեն ինչ այլ է, նմանատիպ բաներ չեն պատահում, մենամարտը կարող է հետաձգվել, բայց անակնկալ կերպով մրցակիցը չի փոխվում:

-Իսկ կարո՞ղ ենք ասել, որ ամենաքիչն արդեն արել ես բռնցքամարտում, արդեն գոտի ունես:

-Գոտիներ պրոֆեսիոնալում շատ-շատ կան, մարզիչս դրանց ղաիշ է ասում, ամենալուրջը 4- են՝ WBC, WBO, IBO, IBF: Իմը հնարավորություն կտա Աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտել, բայց դա կախված է նաեւ չեմպիոնից, կտա՞ ինձ նման հնարավորություն, թե՝ չէ: Ամեն մեկը բարձունքում հայտվելուց առաջ ճանապարհ է անցնում, ոմանց համար այն երկար ու բարդ է լինում, մյուսների դեպքում՝ ավելի արագ:

Լուսանկարը` Andres Soriano-ի


Պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ կարեւոր է լավ փրոմոութերը, ինչի համար ես շնորհակալ եմ Արամ Դավթյանին ու Արթուր Գեւորգյանին, որոնց համատեղ ուժերի շնորհիվ Հայաստանի անունից կարեւոր քայլեր ենք անում: Համոզված եմ՝ դեռ մենք մեծ գոտիներ ու հաղթանակներ կպարգեւենք երկրին:

-Որքա՞ն ժամանակից ես քեզ տեսնում չեմպիոնի կոչման համար պայքարելիս:

-Դեռ շտապել պետք չէ, բայց երեւի մոտ 2 տարի կպահանջվի ինձնից, եթե ամեն ինչ պլանավորածիս պես ընթանա: Բայց հնարավոր է, որ ավելի շուտ էլ լինի:

-Իսկ դու պատրա՞ստ ես այդ ամենին՝ մեծ գումարներին, փառքին, հայտնիությանը, արդյո՞ք այն քեզ չի խանգարի կամ փոխի:

- Իմ տեսակով մարտիկ եմ ու գիտակցում եմ, թե որտեղ եմ մտել ու որքան լուրջ գործի մեջ եմ: Աստղային հիվանդություն 2014-ին ունեցել եմ, բայց կարողացել եմ այն հաղթահարել: Այդ ժամանակ ինձ շատ էին գովում, երիտասարդ էի ու մի քիչ տարվեցի այդ ամենով: Պարտությամբ պատժվեցի ու հետ գնացի, հասկացա, թե որտեղ եմ թերացել: Ամեն ինչ անում էի, լավ պարապում, սակայն բռնցքամարտից հեռացել էի, երկնքում էի սավառնում: Հնարավոր է որոշ մարզիկներ նույնիսկ պարտությունից հետո ուշքի չգան:

Լուսանկարը` Andres Soriano-ի


Եթե նորից ինձ հետ նման բան պատահի, իմ վերջը կլինի: Հղփացած ու աստղային հիվանդությամբ տառապող մարզիկը երկար ճանապարհ չի կարող անցնել: Պարզապես պետք է դասեր քաղել ու առաջ շարժվել:

-Իսկ քեզ պարտություննե՞րն են ավելի շատ սովորեցնում, թե՞ հաղթանակները:

-Կյանքի բերումով միանշանակ պարտությունները, հաղթանակի դեպքում էմոցինաերն են գերակշռում: Ցանկացած ելքից հետո էլ նայում եմ մենամարտերս, մարզչիս հետ խորհրդակցում ու հասկանամ, ինչն էր լավ, կամ ինչը չստացվեց:

-Օլիմպիական խաղերին մասնակցելը դեռ քո նպատակների՞ց է, մեկ անգամ Ռիոյում արդեն հանդես եկել ես:

-Մինչ Ռիոն ես արդեն մասնակցել էի Բաքվի Եվրոպական խաղերին: Ռիոյում իմ առաջին մեծ Օլիմպիական խաղերն էին, սակայն այդքան էլ լավ չէին կազմակերպված՝ կոռուպցիոն դաշտը շատ մեծ էր, որոշակի պատճառներով հայ մարզիկներն էլ դրա զոհը դարձան: Ես նպատակ ունեի մեդալ նվաճել, բայց չստացվեց:

ԱԻԲԱ-ի օրենքներով թույլատրվում է մասնակցել, սակայն ժամանակի մեջ տեղավորվելու բարդություն կա, ռաունդների տարբերությունը շատ է: Ես պրոֆեսիոնալին զուգահեռ սիրողականում էլ եմ մենամարտել ու վատ չի ստացվել:  Եթե կարողանամ ուղեգիր նվաճել, կցանկանամ 2020-ին Տոկիոյում մասնակցել, բայց հիմա դեռ պրոֆեսիոնալ կարիերայիս վրա եմ կենտրոնացած:

Լուսանկարը` Andres Soriano-ի


-Առաջին անգամ Հայաստանում այսպիսի լուրջ քայլերով զարգանում է  պրոֆեսիոնալ բռնցքամարտը: Ի՞նչ կտա այն մեր երկրին ու ձեզ:

-Բոլորին հայտնի են հայկական բռնցքամարտի ավանդույթները, մեր երկրին դա մեծ ճանաչում կտա ու նոր թափ կհաղորդի սպորտի զարգացմանը, ավելի շատ երիտասարդներ կսկսեն զբաղվել: Մենք էլ կուռք կդառնանք երեխաների համար ու կօգնենք նրանց էլ ավելի վստահ քայլերով առաջ շարժվել:

-Իսկ մտածե՞լ եք Հայաստանում մենամարտ անցկացնելու մասին:

-Նմանատիպ մտադրություն կա, միշտ էլ հաճելի է սեփական երկրպագուների առաջ մենամարտել, ստանալ նրանց աջակցությունը, դա շատ ոգեւորիչ կլինի: Մարզահամերգային համալիրում մենամարտելու առիթ ունեցել եմ, բոլորովին այլ էին զգացողությունները:

Եթե այդպիսի երեկո լինի, պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխված մեր բոլոր մարզիկներն էլ կմասնակցեն: Դա մեր փրոմոութերական ընկերության՝ Punch Boxing Armenia-ի ու բռնցքամարտի ֆեդերացիայի կազմակերպած շոուն կլինի, որտեղ բոլորս էլ կներկայանանք:

Լուսանկարը` Andres Soriano-ի


-3 տարի առաջ հարցազրույցի ժամանակ ասել էիր, որ բռնցքամարտն արագ շախմատ է՝ 11 րոպե տեւողությամբ: Հիմա ի՞նչ կասես:

-Կրկին շախմատ է, տարբերությունն ուղղակի ժամանակի մեջ է, կրկին պետք է մրցակցին ստիպել բացել խաղաքարտերը: Բայց պրոֆեսիոնալում ավելի շատ երաժիշտի ես նման, պետք է հանգիստ նվագես ու ճիշտ պահին չոր ակորդով ավարտես: Դա ծանր հարվածն է, որը ոչնչացնում է մրցակցին:

-Նախընտրում ես մենամարտը ժամանակից շու՞տ ավարտել, թե չշտապել:

-Երբեք չեմ ձգտում արագ ավարտել, երբ փորձում ես արագ հաղթանակի հասնել ու կենտրոնանում ես դրա վրա, չի ստացվում: Ձգված ձեռքով ես հարվածում, իսկ դա նոկաուտի չի բերում: 

-Այսքան ժամանակ անցկացրած մենամարտերում ո՞ր մրցակցիդ կառանձնացնես:

-Ինձ համար հատկապես անհարմար էր նախավերջին մենամարտիս մրցակիցը՝ ուզբեկ Բեկսուլթան Ռավշանովը: Նրանից ոչ մի հանդիպման տեսագրություն չէի կարողացել գտնել, չգիտեի ինչպիսին է, ծանոթ չէի մենամարտելու ոճին, ձախակողմյան, թե աջակողմյան կեցվածք ունի, միայն հայտնի էր, որ 5 հաղթանակ ունի գրանցած իր հաշվին:

Լուսանկարը` Andres Soriano-ի


Մենամարտի ընթացքում հասկացա, որ նրան որովայնին հասցրած հարվածքներով կկարողանամ հաղթել: Դրանք շատ նպատակային են, երբ լյարդին հարված է հասնում, օրգանիզմում ամեն ինչ խախտվում է ու դանդաղում, այդ ժամանակ էլ մրցակցին սկսում ես վերացնել: Սիրողականում որովայնին երբեք չեմ խփել, նույնիսկ հարվածելու ճիշտ ձեւը չեմ իմացել, իսկ Թորոսյանը սովորեցրեց այդ կարճ հարվածներին, որոնք բավական վտանգավոր են: Իմ նոկաուտներին էլ  հիմնականում որովայնին հարվածելու շնորհիվ եմ կարողացել հասնել:

-Եթե մի քանի բառով քեզ նկարագրես ինքդ քեզ ինչպե՞ս կբնորոշես:

-Սիրում եմ պրեսինգ անել, ճնշում գործադրել, վերջին մենամարտիս ժամանակ  խաղակցական ոճի մեջ էի: Բռնցքամարտիկը չպետք է մի մարտավարություն ունենա, մեկ ոճով երկար առաջ չես կարող գնալ, կհայտնվի մրցակից, որը կկարողանա գտնել քեզ հաղթելու ձեւը: Երբեք ոչ մեկին պետք չէ թերագնահատել, բռնցքամարտը անակնկալների մարզաձեւ է:

-Մականուն ունե՞ս, բռնցքամարռտիկներին շատ հաճախ են 2-րդ անուն տալիս:

-2 տարեկանից հայրս ինձ Բիլ է ասում, շատերն են ինձ այդպես անվանում ու նույնիկս չգիտեն, որ անունս Արամ է: Ռուսաստանում անցկացրած առաջին մենամարտերից հետո երկրպագուներն ինձ «Հայկական մեքենա» են սկսել կոչել պրեսինգիս ու անդադար հարվածելու պատճառով: Սակայն այդ անունը դեռ իմը չեմ համարում, ժամանակը ցույց կտա արդյոք այդյոք այն համապատասխանում է ինձ, թե ոչ:

Լուսանկարը` Andres Soriano-ի


-Կա՞ որեւէ երկիր, որտեղ կուզես մենամարտել, ասենք ԱՄՆ-ում, որտեղ կայանում են բռնցքամարտի ամենամեծ շոուները:

-Իհարկե, այդ նպատակով էլ մենք մեկնել էինք ԱՄՆ, որ հասկանանք ինչպես կարող ենք մենամարտերը կազմակերպել: Մոտ ժամանակներս դրանք հնարավոր կլինի կյանքի կոչել: Արթուր Գեւորգյանը Golden boy փրոմոութերական ընկերության հետ    պայմանագիր ունի, որ ԱՄՆ-ում հայ բռնցքմարտիկների համար ճանապարհ բացվի:

-Իսկ մենամարտի ժամանակ շա՞տ էներգիա ես տալիս ու հետո ինչպե՞ս ես վերականգնվում:

-Մենք սովորել ենք մենամարտերի ժամանակ չլարվել, ինչպես սկսում ենք, այդպես էլ ավարտում ենք: Ինձ համար մենամարտելը տոն է, չեմ հոգնում, գիտեմ ինչքան ճանապարհ եմ անցել այդ օրվա համար: Իմ մեջ մարզումների ամբողջ ընթացքում հավաքում եմ մեկին ու այդ գազանին որոշիչ օրը բաց թողնում: Ես վայելում եմ մենամարտի օրն ու իմ պայքարը, ինձ վրա կասկածելու առիթ չեմ ունենում, գիտեմ ինչ եմ արել մինչեւ ռինգ մտնելը՝ գլուխ չեմ պահել, չեմ թերացել, որ զիջեմ:

Երբ ի նշան հաղթանակի ձեռքս բարձրանում է, անկրկնելի ու աննկարագրելի պահ եմ ապրում: Ճանապարհը բարդ է, բայց պատրաստ եմ էլ ավելի մեծ եռանդով անցնել այն՝ կրկին բարձունքում լինելու համար: Եթե այս ամենը հեշտ լիներ, շատերը կզբաղվեին:

Լուսանկարը` Andres Soriano-ի


-Իսկ ընտանիքն ու սպորտն ինչպե՞ս ես համատեղում ու ժամանակ հատկացնում:

-Բախտս բերել է այդ առումով, որովհետեւ կինս բռնցքամարտի սիրահար է, գիտի, երբ պետք չէ ինձ նյարդայնացնել: Կարող եմ մրցումներին նախապատրաստվելիս ինչ որ բան իր սրտով չանել, սակայն նա լռում է ու հասկանում իրավիճակը: Ծնողներս էլ միշտ հետեւում են ելույթներիս, բայց ոչինչ չեն ասում, չեն գովում: Տանը բռնցքամարտից առհասարակ քիչ ենք խոսում, գովասանքներն անտեսում եմ, քանի որ դրանք կարող են խանգարել, միայն մասնագետների կարծիքներն են ինձ համար կարեւոր:

-Պրոֆեսիոնալ բռնցքամարտում անհամեմատ մեծ գումարներ են շրջանառվում: Սակայն  միայն գումարի համար մենամարտելը միանշանակ քիչ է: Ի՞նչն է քեզ մոտիվացնում:

-Ուզում եմ պատմություն կերտել, փառքի չեմ ձգտում, բայց նպատակ ունեմ իմ գործում լավագույնը լինել՝ չեմպիոնական գոտիներ նվաճել ու ուրախացնել ազգիս:

Արամ Ավագյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին