exclusive
13121 դիտում

Ռուբեն Նազարեթյան. Բիզնես Լիգան այս տարի կկազմակերպի նոր մրցաշարեր

Ռուբեն Նազարեթյանը
Ռուբեն Նազարեթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆուտզալ Բիզնես Լիգա մրցաշարը գործում է արդեն երեք տարի: Այս ընթացքում Լիգայի տարբեր մրցաշարերում մասնակցող թիմերի քանակն ավելացել է, որոշ թիմեր ընդգրկվել են Հայաստանի առաջնությունում, 4 ֆուտզալիստ էլ հրավեր է ստացել ազգային հավաքականից:

Mediamax Sport-ի զրուցակիցը ՖԲԼ-ի նախագահ Ռուբեն Նազարեթյանն է:

- Պարոն Նազարեթյան, եկեք զրույցը սկսենք B լիգայից, որտեղ այս մրցաշրջանում փոփոխություններ են լինելու: Կմանրամասնե՞ք:

- Բիզնես Լիգայի թիմերի ղեկավարների հետ մենք միշտ հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում, կարծիքները շատ կարեւոր են մեզ համար: Հերթական զրույցի ժամանակ ընկերություններից մի քանիսի ներկայացուցիչները հայտնեցին, որ շատ են ցանկանում մասնակցել մրցաշարին, բայց բավարար թվով աշխատակիցներ չունենալու պատճառով չեն կարողանում: Առաջարկեցին հնարավորություն տալ կազմերում ընդգրկել իրենց մոտ չաշխատող ընկերներին: Հիմա որոշել ենք, որ B լիգային մասնակցող սիրողական թիմերում կարող են հանդես գալ տվյալ ընկերությունում չաշխատող ֆուտբոլիստներ, ովքեր պրոֆեսիոնալ չեն ու չեն մասնակցել A լիգայի հանդիպումներին:

- Ե՞րբ կմեկնարկի այս նոր կանոնակարգով առաջնությունը:

- Մենք արդեն ընդունում ենք հայտերը, կարող եմ ասել, որ աշխուժություն կա, հետաքրքրությունն աճել է: Նշեմ, որ B լիգայի հաղթող թիմն այս անգամ խոշոր դրամական պարգեւ կստանա:

- Իսկ A եւ C լիգաներում ինչ-որ փոփոխություններ կլինե՞ն:

-Այս պահին՝ ոչ: A-ն համեմատաբար ավելի ուժեղ մրցաշար է, այստեղ խաղում են ֆուտբոլիստներ, ովքեր վերջին մեկ տարում չեն մասնակցել պրոֆեսիոնալ առաջնության: C-ում հանդես են գալիս միայն կոնկրետ ընկերություններում գրանցված աշխատողները, ովքեր ունեն տվյալ կազմակերպությունում նվազագույնը 3 ամսվա աշխատանքային պայմանագիր։

Լուսանկարը` FBL


- Այս երեք տարվա ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել Բիզնես Լիգան:

- Ունենք երեք լիգա, հիմա նաեւ 4-րդի մասին ենք մտածում: Այն կլինի ֆան-ակումբների միջեւ: Կարծում եմ, այս տարվանից մրցաշարն արդեն կյանքի կկոչվի: Լիգային մասնակցող թիմերի քանակն ավելացել է՝ դառնալով շուրջ 100: Ինձ համար անչափ կարեւոր է այն հանգամանքը, որ Բիզնես Լիգային մասնակցած 4 ֆուտբոլիստ հրավիրվել է հավաքական: 3 թիմ ունենք, որոնք այժմ արդեն մասնակցում են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնությանը:

- Սպասո՞ւմ էիք, որ նման արդյունքներ կգրանցեք:

- Ես մաքսիմալիստ եմ, եթե վստահ չլինեի գաղափարի հաջողությանը, չէի նախաձեռնի: Իհարկե, ամեն ինչ կատարյալ չէ, բայց ընթացքում թերություններն էլ կուղղենք: Շատ եմ ուրախացել, երբ նախորդ տարի Բիզնես Լիգայի հավաքականն Աշխարհի սիրողական առաջնությանը հաջող մասնակցեց ու կրկին հրավեր ստացավ կազմակերպիչների կողմից: Այս տարի էլ թիմը մեկնելու է Իրան, որտեղ մրցելու է Բրազիլիայի, Գերմանիայի եւ Հունգարիայի ուժեղ հավաքականների դեմ: Թիմն անելու է ամեն ինչ, որպեսզի հաջող հանդես գա:

- Իսկ մարզիչների պակաս կա՞ եւ կազմակերպվո՞ւմ են սեմինարներ նրանց համար:

- Այն մարզիչները, ովքեր հետաքրքրվում են ու ցանկանում են սովորել, խորհուրդներ են հարցնում, զրուցում ենք, փորձում օգտակար լինել: Բայց սրանք զուտ անհատական շփումներ են: Ցավոք, մարզիչների թիվը շատ քիչ է: Ես հորդորում եմ թիմերին, որ մարզիչ ունենան, որովհետեւ պետք է փորձենք ամեն ինչ ճիշտ կազմակերպել: Եթե թիմերի 80 տոկոսը մարզիչ ունենա, ապա անպայման նրանց համար սեմինար կկազմակերպենք: Չի բացառվում, որ այն արդեն այս ամռանը կայանա:

Լուսանկարը` FBL


- Խոսենք նաեւ մարզերից: Գյումրիում Բիզնես Լիգան բավական ակտիվ գործունեություն է տարածում: Իսկ մյուս քաղաքներում կլինե՞ն մրցաշարեր:

- Գյումրիում մրցաշարն արդեն ավանդական է դարձել: Այստեղ շատ մեծ է ֆուտզալով հետաքրքրվողների թիվը: Արթիկում եւս կազմակերպել ենք միջոցառում: Վանաձորում մոտ ժամանակներս կլինի, Սյունիքում ունենք ծրագիր: Իմ երազանքն է, որ Արցախում եւս անցկացնենք այսպիսի մրցաշար: Բանակցություններ արդեն վարում ենք, պայմաններ կան, ու խաղալու ցանկությունը մեծ է: Հույս ունեմ, որ այս տարի 2-3 նոր մրցաշարեր կլինեն:

Ռուբեն Նազարեթյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am