exclusive
35864 դիտում

Հայկ Մարտիրոսյան. ԱԱ-ում հաղթելը մանկությանս երազանքն էր

Հայկ Մարտիրոսյանը
Հայկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` wy2016.fide.com


Խանտի Մանսիյսկում կայացած Աշխարհի պատանեկան առաջնությունում փայլեցին միանգամից երկու հայ շախմատիստներ: Հայաստան ուղեւորվեցին Մ-16 ու Մ-18 տարեկանների առաջնության ոսկե մեդալները:

Այդ կարեւոր նվաճումները կերտողներից մեկը Հայկ Մարտիրոսյանն է: 11 տուր ձգված առաջնության հենց սկզբնամասից նա ստանձնեց առաջատարի դիրքն ու այն ձեռքից բաց չթողեց:

Պատանի շախմատիստը վստահ անցկացրեց առաջնության ողջ ընթացքն ու վերջում կանգնեց պատվոհարթակի առաջին աստիճանին:

Մ-16 տ. ԱԱ-ի հաղթողը Mediamax Sport-ին պատմել է չեմպիոնական զգացողությունների, դժվար պայքարի ու երազանքի իրականացման մասին:

- Առաջնությունը հիանալի անցկացրիր, առանց պարտություն կրելու: Ինչպե՞ս քեզ հաջողվեց այդքան արդյունավետ հանդես գալ:

-Առաջնությանը ես երկար ու շատ լավ էի պատրաստվել: Դա զգացվեց նաեւ խաղիս որակից: Առաջին հերթին շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ Աշոտ Անաստասյանին ու Արտաշես Մինասյանին, որոնք մինչեւ վերջին պահը կողքիս են եղել: 

Հայկ Մարտիրոսյանը Հայկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` wy2016.fide.com


- Ինչպիսի՞ն էր մրցակցությունն ԱԱ-ում ու ո՞ւմ հետ հատկապես դժվար պայքար ստացվեց:

-Ամբողջ ընթացքում շատ երկար ու համառ պայքար ծավալվեց չեմպիոնության համար: Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Տրիապիշկոն ինձ հետեւում էր: Ես պետք է ավելի վստահ գործեի, որպեսզի նա միավորներով առաջ չանցներ: Իմ խաղն ավելի լավ ու հաջող դասավորեց: Հատկապես դժվար ստացվեց 3-րդ տուրում սլովակ Վիկտոր Գազիկի հետ պարտիան: Ես սեւերով էի խաղում ու ավելի դժվար էր հաղթանակի հասնել, բայց երկար խաղալու արդյունքում կարողացա հաղթանակ կորզել: Այդ պարտիայից հետո շատ ավելի վստահ էի զգում ինձ:

- Ե՞րբ հավատացիր, որ հաղթանակը քոնն է լինելու:

-Երբ 7-րդ տուրում 7-րդ անընդմեջ հաղթանակը տարա, հասկացա, որ մոտ եմ չեմպիոն հռչակվելուն: Հետագայում ավելի վստահ պարտիաներ անցկացրի ու նվաճեցի այդքան ցանկալի կոչումը:

- Այս տարին կարելի է քեզ համար հաջողված համարել, նվաճումներիդ ավելացրիր նաեւ Աշխարհի ոսկին:

-Փոքր տարիքից երազել էի դառնալ Աշխարհի չեմպիոն: Ու այս տիտղոսը, միանշանակ, առանձնանում է նախկինում ունեցած բոլոր նվաճումներից, քանի որ երազանքս իրականացվեց:
Հայկ Մարտիրոսյանը Հայկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` wy2016.fide.com


- Քեզանից բացի նաեւ Մանուել Պետրոսյանը ոսկե մեդալակիր դարձավ: Մեր երկրին միանգամից 2 ոսկե մեդալ բերեցիք: Ի՞նչ էիք զգում այնտեղ պարգեւատրման ժամանակ:

-Ես շատ ուրախ եմ նաեւ իմ ընկերոջ՝ Մանուել Պետրոսյանի համար: Նա այս տարի հիանալի արդյունքներ է գրանցել: Նախ կարողացել է Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճել, ապա նաեւ Աշխարհում: Հազվադեպ է լինում, երբ ստացվում է մեկ տարվա ընթացքում այդպիսի կարեւոր նվաճումներ ունենալ: Մենք միասին կարողացանք մեր երկիրը առաջին հորիզոնական բարձրացնել, քանի որ ուրիշ ոչ մի երկրի չհաջողվեց 2 հաղթող ունենալ: Հպարտ եմ, որ մենք առաջինն ենք աշխարհում:

Հայկ Մարտիրոսյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին