Նոյեմբեր 12, 2025
96 դիտում

Ֆինն Գերագուսյան. Պապիկս ինձ հայերեն խոսել է սովորեցնում


Լուսանկարը` ՀՖՖ


Առաջին անգամ Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականին է միացել 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանը, որը հանդես է գալիս անգլիական «Սանդերլենդ»-ի երիտասարդական թիմի կազմում:

Ֆուտբոլիստը ՀՖՖ-ի հետ զրույցում պատմել է իր անցած ճանապարհի ու նպատակների մասին:

 

«Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 4-5 տարեկանից։ Այդ տարիքից հավատում էի, որ ֆուտբոլը դառնալու է իմ կյանքի անբաժանելի մասը։ Նույնիսկ մեկ օր առանց գնդակի չեմ անցկացրել, ընտանիքս դա տեսնում էր ու ամեն հարցում աջակցում ինձ: Ձախողման դեպքում խորհուրդ էին տալիս չընկճվել ու նորից փորձել: 

 

Ընտանիքս վստահ էր, որ ինձ մեծ ապագա է սպասում, հատկապես պապիկս մեծ ներդրում ունի իմ՝ ֆուտբոլիստ դառնալու հարցում: Պապիկս հայ է ու ինձ շատ է պատմել Հայաստանի եւ հայկական մշակույթի մասին։ Նա ինձ հայերեն խոսել է սովորեցնում: 

 

Առաջին ակումբս մեր քաղաքում՝ Դարհեմում էր, ապա 12 տարեկանում «Սանդերլենդ» տեղափոխվելու համար ստիպված էի լքել այն: Այնտեղ շատ բան եմ սովորել, կառանձնացնեմ ստեղծագործական ու վճռական խաղը, ինչպես նաեւ տարբեր հնարքները:

 

Հիանալի զգացողություններ ունեի, երբ առաջին անգամ հրավիրվեցի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական: Հնարավորություն ստացա ծանոթանալու հայկական մշակույթին, ձեռք բերել ընկերներ եւ աշխատել նոր մարզիչների հետ։

 

Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրելը մեծ պատասխանատվություն է։ Օրհներգը լսելիս ոգեշնչվում եմ ու սիրտս սկսում է արագ բաբախել։

 

Երբեմն տղաների հետ հաղորդակցվելը դժվար է, բայց նրանք ու մարզիչներն ինձ շատ են օգնում։ Ամեն ինչ կանեմ, որ շատ գոլեր խփեմ ու օգնեմ թիմին հաղթանակներ տանել: Իմ ուժեղ կողմը հասակս (1,91 մ,խմբ.) է, փորձում եմ այն օգտագործել գնդակ խլելիս ու պահելիս:

 

Խաղից առաջ խոսում եմ ընտանիքիս հետ ու երաժշտություն լսում, այդպես եմ հոգեբանորեն պատրաստվում: Ֆիզիկական տեսանկյունից շատ եմ աշխատում տեխնիկաս զարգացնելու ուղղությամբ, որպեսզի երկու ոտքով էլ կարողանամ գերազանց խաղալ: 

 

Պրոֆեսիոնալ հարձակվողը պետք է սառնասիրտ ու հանգիստ լինի, նկատի խաղընկերների սկսած գրոհն ու փորձի դրանք գոլով եզրափակել: Ըստ իս՝ այդ որակներով փայլում է Հարի Քեյնը:

 

Կցանկանայի խաղալ «Սանդերլենդ»-ի հիմնական կազմում, Անգլիայի Պրեմիեր Լիգայում մրցելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Նաեւ շատ եմ ցանկանում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»:

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին